Ներդաշնակություն (երաժշտություն)


Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ներդաշնակություն (այլ կիրառումներ)

Ներդաշնակություն, հարմոնիա, երաժշտական արտահայտչամիջոց, որ միավորում է լադային ակորդների, ինչպես և ամբողջական լադա-տոնայնությունների տրամաբանված հաջորդականությունից գոյացող դինամիկան ու երանգավորությունը։ Դինամիկայի աղբյուրը ակորդների՝ լադում ունեցած տարբեր բնույթն է (կոչվում է լադա-հարմոնիկ ֆունկցիա), տոնիկայի կոնսոնանս ակորդը արտահայտում է կայունություն (տոնիկային ֆունկցիա), լադի բոլոր մյուս կոնսոնանս և դիսոնանս ակորդները լադա-հարմոնիկ ձգտողականության հիման վրա առաջ են բերում անկայունություն (սուբդոմինանտային, դոմինանտային և փոփոխական ֆունկցիաներ) և ըստ այնմ՝ հաջորդականությունը շարունակելու պահանջ։ Ակորդների օպտիմալ դարսվածքը քառաձայնն է (բխում է ձայնաբանական նախադրյալներից, ինչպես և երգչախմբում երգչական ձայների հիմնական տեսակների հարաբերությունից), հաջորդականությունը կարգավորվում է մեկ ակորդի տոներից մյուսի տոներին օրինաչափ անցումներով։ Ներդաշնակման դեր են կատարում (բարձր մակարդակի վրա) երաժշտական երկի գլխավոր և կողմնակի (սուբդոմինանտային և դոմինանտային) լադա-տոնայնությունները և դրանց հաջորդականությունը, որ կարգավորվում է մոդուլացման նորմերով։

Մաժոր, մինոր, մեծացրած և փոքրացրած եռահնչյունները դո մաժորում

Դինամիկա առաջ բերող այլ միջոցներ խմբագրել

 
Դո մաժոր եռահնչյուն

Դինամիկա առաջ բերող միջոցներ են նաև՝ ոչակորդային (տվյալ ակորդի հետ հնչող, բայց նրա նորմատիվ կազմի մեջ չմտնող) հնչյունները, ալտերացիան, սեքվենցիան, ներդաշնակային տարբերակումը, ձայնառությունը և այլն։ Գունեղության աղբյուրներն են՝ ակորդների բնական երանգավորությունը (կոչվում Է ֆոնիզմ, կախված է նրանց տոնային կազմից և տոների փոխդասավորվածությունից) է ապա՝ նույն լադային ալտերացիան (օրինակ, «նեապոլյան» կոչվող ակորդները), ոչակորդային տոների առանձնահատուկ կիրառումը (օրինակ, «տրիտոանյան» ակորդը Վագների «Տրիստան և Իզոլդա» օպերայի սկզբում), ակորդների և տոնայնությունների հաջորդականության յուրատեսակությունը (օրինակ, «շուբերտյան հարմոնիան», Լիստի և Ռիմսկի-Կորսակովի երկերում մաժոր կամ մինոր եռահնչյունների տերցիային շարքերը, որոնցից գոյացել են ամբողջատոն և տոն-կիսատոն գամմաները) և այլն։ Երաժշտական երկում ներդաշնակությունն իր դինամիկայով ու գունեղությամբ գործում է արտահայտչական այլ միջոցների (մեղեդի, ռիթմ, մետր և այլն) հետ համատեղ, գործուն մասնակցություն ունի նաև ձևակառուցման մեջ։

Ներդաշնակությունը պրոֆեսիոնալ ստեղծագործության պատմական զարգացման ընթացքում խմբագրել

Պրոֆեսիոնալ ստեղծագործության պատմական զարգացման ընթացքում ներդաշնակությունը ևս երկարատև ու նշանակալից զարգացում է ապրել։ Լիովին կատարյալ է Յոհան Սեբաստիան Բախի, Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի և վիեննական դասականների երկերում՝ մաժոր և մինոր լադերի արտահայտչական հնարավորությունները լայնորեն երևան բերող, խրոմատիզմն ու մոդուլացումը լիարժեք օգտագործող, ֆունկցիոնալ առումով հստակ և ռացիոնալ կազմակերպված ներդաշնակությունը (18-րդ դար, 19-րդ դարի 1-ին քառորդ)։ Հետագա զարգացումը կապված է եղել մաժորա-մինոր միավորված համակարգի, ալտերացիայի առատացման և ոչակորդային հնչյունների ավելի ազատ կիրառման միջոցով ներդաշնակության դինամիկական ու գունային ֆունկցիաների մեծացման (19-րդ դար, ռոմանտիկներ), ապա՝ ներդաշնակության բոլոր տարրերը գերազանցապես գունային նպատակներին ենթարկելու (19-րդ դարի վերջ, 20-րդ դարի սկիզբ, իմպրեսիոնիստներ) հետ։ Ներդաշնակության ամեն մի նոր ոճ գոյանում է հնի ընդերքում, և դրանք սովորաբար գոյակցում են։ Ժողովրդական ոճ օգտագործող մշակույթներում (ռուսական, նորվեգական, հունգարական և այլն) դասական ներդաշնակությունը այս կամ այն չափով անդրադարձրել է նաև ժողովրդական երաժշտության լադային առանձնահատկությունները։ Խոշորագույն կոմպոզիտորների ներդաշնակությանը հատուկ են նաև անհատական ոճական գծեր։ 20-րդ դարի մոդեռնիստական երաժշտության մեջ տեղի է ունեցել դիսոնանսի նոր մեկնաբանում (դիսոնանսը որպես գեղագիտորեն ինքնակա կատեգորիա՝ անկախ կոնսոնանսից), լադի ապակենտրոնացում, գոյացել են 12 «հավասարազոր» ասաիճանանոց համակարգեր, բարդացված հնչյունազուգորդումներ։ Այս բոլորի հետեանքով փոխվել է ներդաշնակության բուն արտահայտության կերպը։ Միաժամանակ առաջ են եկել դասական ոճերին, մասնավորապես միջնադարյան լադերի «մոդալ» հարմոնիային նորովի դիմելու երեույթներ (նեոկլասիցիզմ

Ներդաշնակությունը խորհրդային երաժշտական ստեղծագործություններում խմբագրել

Խորհրդային երաժշտական ստեղծագործությունը, որին հատուկ է արտահայտչամիջոցների, դրանց թվում և ներդաշնակության շարունակական թարմացման ձգտումը, ժամանակակից ներդաշնակության համընդհանուր նվաճումները ծառայեցնում է ռեալիստական գեղարվեստական կերպարներ կերտելու խնդրին, ներդաշնակության մեջ լայնորեն իրացնում բազմազգ ժողովուրդների ազգային երաժշտական մտածելակերպից բխող օրինաչափություններ։

Ներդաշնակությունը հայ դասականների ստեղծագործություններում խմբագրել

 
Կոմիտասը ԽՍՀՄ–ի 1969 թվականի նամականիշի վրա։

Հայ դասական ներդաշնակությունը ձևավորվել ու զարգացել է այն ոճով, որի հատկանիշներն են՝ մաժորա-մինոր համակարգի ներդաշնակությունը և հայ ժողովրդական երաժշտության լադերի առանձնահատկությունների օրգանական սինթեզը և անմիջականորեն այդ լադերի հատկանիշներից բխող ներդաշնակային ինքնատիպությունը (օրինակ, ժողովրդական երաժշտության լադային հատկանիշներ երևան բերող յուրատեսակ ակորդներն ու հաջորդականությունները Կոմիտասի երկերում)։ Անհատական գրելաձևի միջոցով արտահայտվող ազգային հատկանիշներ առկա են նաև հայ կոմպոզիտորների ներդաշնակության մեջ։

Կոմպոզիտորներ,ովքեր օգտագործել են ներդաշնակությունն իրենց ստեղծագործություններում խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 243