Նեպտունիզմ, 18-րդ դարի վերջում, 19-րդ դարի սկզբում տարածված ուսմունք ջրից նստվածք տալու միջոցով ապարների (այդ թվում՝ հրային) ծագման մասին։ Երևան է եկել երկրաբանության որպես գիտություն ձևավորվելու ընթացքում, երբ այն տակավին գտնվում էր կրոնի և «համաշխարհային ջրհեղեղի» մասին պատկերացումների ազդեցության ներքո։ Նեպտունիզմի առավել հայտնի կողմնակիցներն էին․ Գերմանիայում՝ Աբրահամ Գոտլոբ Վեռներրը, Ֆրանսիայում՝ Ա․ Դելյուկը, Մեծ Բրիտանիայում՝ Ռ․ Կիրվանը։ Նեպտունիստներն առաջ էին քաշում գաղափարներ ամբողջ Երկիրը ծածկող նախնական Համաշխարհային օվկիանոսի և «համաշխարհային ջրհեղեղի» ջրերից ապարների առաջացման մասին։ Հիմք ընդունելով այդ՝ նրանք ապարների շերտադրման տեղական կարգը տարածում էին բոլոր մայրցամաքների վրա։ Ապարներն ստորաբաժանում էին երկու խմբի, «սկզբնային»՝ առաջացած «Նախաստեղծ համաշխարհային» օվկիանոսի ջրերից (գրանիտ, գնեյսներ, իյուրեղային թերթաքարեր), և դրանց տակ տեղադրված «ֆլյոցային» կամ շերտավոր (կրաքար՝ բրածո մնացորդներով, քարածուխ, գիպս, քարաղ) ապարներ, որոնք նեպտունիզմի ջատագովների զգալի մասն ընդունում էր որպես բիբլիական ջրհեղեղի «մեխանիկական» նստվածքներ։ 19-րդ դարի քսանական թվականներից, երբ ապացուցվեց բազալտի հրաբխային ծագումը և մշակվեցին գիտական պատկերացումներ հրային ու նստվածքային ապարների մասին, նեպտունիզմ կորցրեց իր նշանակությունը։

Աբրահամ Գոտլոբ Վեռները, նեպտունիզմի հիմնադիրը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 236