Նեոտեկտոնիկա (նեո և տեկտոնիկա), նորագույն տեկտոնիկա, գեոտեկտոնիկայի բաժին, որն ուսումնասիրում է երկրակեղևի նորագույն դեֆորմացիաները և տեղաշարժերը։ Վերջիններն առավելապես կենտրոնացած են օվկիանոսներից ցամաքազանգվածներին անցնող շրջաններում, ներօվկիանոսային լեռնաշղթաներում, ալպիական տիպի լեռնաշղթաների ստորոտներում, ռիֆտային հովիտների և ներքին ծովերի եզրամասերում։ Նեոտեկտոնական դեֆորմացիոն ստրուկտուրաներն արտահայտված են առավելապես խզվածքների, օվալաձև ու կամարաձև բարձրացումների և իջեցումևերի, ռիֆտերի ու ֆլեքսուրաների, իսկ նստվածքային շերտախմբերով լցված ճկվածքներում՝ նաև ծալքավոր ստրուկտուրաների ձևով։ Նեոտեկտոնական պրոցեսների անմիջական կամ ածանցյալ արտահայտություններ են երկրաշարժերը, հրաբուխները, լիթոսֆերայի բլոկների տեղաշարժերը, հանքայնացման որոշ երևույթները։ Տավրոս-Կովկասյան մարզումն նրա շրջակայքում նեոտեկտոնական շարժումների առավել ակտիվ դրսևորման մարզեր են Եգեյան, Սև և Կասպից ծովերի ավազանները, Առաջավոր Ասիայի կենտրոնական խզվածքի զոնան և նրան հարող օվալային իջվածքները։ Նեոտեկտոնական շարժումներն ընդգրկում են նաև այն բոլոր ալպինատիպ լեռնաշղթաները, որոնք դրսևորում են ծանրության ուժի պակաս (Բուգե ռեդուկցիայով)։ Այդ շարժումները արտահայտվում են նշված լեռնաշղթաների դիֆերենցիալ բարձրացումներով։ Հայկական հրաբխային բարձրավանդակը վերջին 10 միլիոն տարի ժամանակաշրջանում բարձրացել է մոտ 2000 մ, իսկ վերջին 1 միլիոն տարիների ընթացքում՝ մոտ 200 մ։ Նեոտեկտոնական հետազոտությունների մեջ լայնորեն օգտագործում են գեոմորֆոլոգիական, գեոդեզիական, ռադիոաստղաբաշխական, ստրուկտուրային, երկրաբանական, հիդրոերկրաբանական մեթոդներ։ Այդ ուսումնասիրությունների հիման վրա կազմվում են նեոտեկտոնական քարտեզներ, որոնք արտացոլում են մասնավորապես երկրակեղևի ակտիվ դեֆորմացիաների շրջանները, դեֆորմացիաների զարգացման արագությունը, գրադիենաները։ Նեոտեկտոնական քարտեզները օգտագործում են ինժեներական կառուցվածքների կայունության երկրաբանական պայմանները գնահատելու, հակասեյսմիկ միջոցառումների և ջրամատակարարման հարցերի լուծման հետ կապված նախագծերի մշակման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 231 CC-BY-SA-icon-80x15.png