Նեգատոր հայց (լատ․ negatorius — մերժողական, ժխտողական), քաղաքացիական դատավարությունում գույքի տնօրինման և օգտագործման իրավունքի խախտումը վերացնելու սեփականատիրոջ հայցային պահանջը։ Նեգատոր հայցով դատարան դիմած քաղաքացին տիրապետման իրավունքը պահպանում է, բայց զրկվում է գույքն իր ցանկությամբ օգտագործելու կամ տնօրինելու հնարավորությունից։ Նեգատոր հայցի դեպքում իրավախախտման պրոցեսը ոչ թե ավարտվել, այլ շարունակվում է։ Ըստ որում մեղքի առկայությունը իրավախախտողի գործողություններում պարտադիր չէ։ Նեգատոր հայցի համար վաղեմություն չի կիրառվում։ Այն բավարարելու դեպքում ժողդատարանն իր որոշմամբ իրավախախտում կատարած անձին պարտավորեցնում է դադարեցնել կամ վերացնել իրավախախտումը, ինչպես նաև հատուցել իրավախախտման հետևանքով պատճառած վնասները։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 213