Նավշիքան հողմերի հովտից
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Նավշիքան հողմերի հովտից (ճապ.՝ 風の谷のナウシカ, Քազենո թանինո Նաուշիքա), Հայաո Միյաձակիի համանուն մանգայի հիման վրա 1984 թվականին լույս տեսած հետ-ապոկալիպտիկ արկածային անիմե է։
Նավշիքան հողմերի հովտից 風の谷のナウシカ | |
---|---|
Ժանր | արկածային, ֆանտաստիկա, դրամա, հետ-ապոկալիպտիկա |
Երկիր | Ճապոնիա |
Թվական | 1984 |
Լեզու | ճապոներեն |
Ռեժիսոր | Հայաո Միյաձակի |
Պրոդյուսեր | Իսաո Տաքահատա[1][2] |
Սցենարիստ(ներ) | Հայաո Միյաձակի[1][2] և Կազունորի Իտո[2] |
Երաժշտություն | Ձյո Հիսաիսի[2] |
Մոնտաժ | Նաոկի Կանեկո[2], անհայտ[2] և Shoji Sakai? |
Տևողություն | 117 րոպե[2] |
Կայք | Պաշտոնական կայքէջ |
Անիմեն պատմում է Հողմերի հովտի երիտասարդ արքայադստեր՝ Շիմամոթո-Նավշիքայի պատմությունը։ Նա ներքաշվում է Տոլմեքիայի հետ պատերազմի մեջ։ Տոլմեքիան թագավորություն է, որ փորձում է հնագույն զենքի միջոցով ոչնչացնել մուտանտ միջատների ջունգլին։ Ու Նավշիքան պիտի կանգնեցնի նրանց։
Ֆիլմը Ճապոնիայում է հայտնվել 1984 թվականի մարտի 11-ին։ Համարվում է, որ այն Գիբլի ստուդիայի առաջնեկն է, քանի որ ստեղծվել է մինչև ստուդիայի բացումը։
Սյուժե
խմբագրելՀազար տարի է անցել մարդկային քաղաքակրթությունը ոչնչացրած Յոթօրյա Կրակից։ Ստեղծվել է մուտացված միջատներով տոքսիկ ջունգլին, ուր մարդկանց համար ամեն ինչ մահացու է։ Հողմերի հովիտը եզակի բնակավայրերից է։ Տեղի բնակիչներն հավատում են, որ «կապույտ հագած ու ոսկով շրջապատված» զինվորը մի օր կվերամիավորի իրենց ու բնությանը։
Նավշիքաան, Հողմերի հովտի ճարպիկ, ուրախ ու խաղաղասեր արքայադուստրը, ընկերացել է Տոքսիկ Ջունգլիի հետ։ Նա հաճախ է այնտեղ լինում այնտեղ, հետազոտում տարածքը, շփվում միջատների, նույնիսկ հսկայական Օմի հետ, փորձում հասկանալ Տոքսիկ Ջունգլիին ու անգամ գտնել մարդկանց ու աշխարհի հնարավոր փրկությունը։
Մի գիշեր, թրի վարպետ Յուպա-սամայի ջունգլի այցելության ժամանակ, Տոլմեքիայից մի ինքնաթիռ վթարի է ենթարկվում։ Նավշիքան փորձում է փրկել ուղևորին` Պեջիտի վիրավոր արքայադուստր Լասթելին։ Մահանալուց առաջ նա խնդրում է Նավշիքաային ոչնչացնել բեռը` Յոթօրյա Կրակի պատճառ դարձած կենսաքիմիական զենքը։
Մինչ ինքնաթիռի վթարի ենթարկվելը, Ջունգլիի բնակիչ միջատները հարձակվել էին նրա վրա։ Շուտով փլատակներից ճողոպրում է վիրավոր միջատ ու փորձում հարձակվել հովտի բնակիչների վրա, բայց Նավշիքաան նրա հախից գալիս է ու ճանապարհում գյուղից։
Հաճորդ առավոտյան Տոլմեքիացիները, արքայադուստր Քուշանայի ու սպա Քուրոթովայի առաջնորդությամբ, ստրկացնում են Հովիտը, վերցնում Հսկա Մարտիկի սաղմն ու սպանում Նավշիքաայի հորը։ Քուշանան ուզում է «աճեցնել» Հսկայական Մարտիկին ու վառել տոքսիկ ջունգլիները, անկախ նրանից, որ դա ճակատագրական հետևանքներ կունենա։
Հոր մահը արթնացնում է Նավշիքաա-հրեշին, ու նա հասցնում է մի քանի Տոլմեքեցի զինվոր սպանել մինչև Յուպայի ժամանումը։
Քուշանան հայտարարում է, որ որոշել է հինգ պատանդների ու Նավշիքաայի հետ Պետիջե մեկնել։ Մինչ մեկնումը, Նավշիքաայի սեսնեյը հայտնաբերում է արքայադստեր տոքսիկ ջունգլիների այգինմ որտեղ Նավշիքաայի շնորհիվ շատ բույսեր արդեն թունավոր չեն։ Այդուամենայնիվ, ջունգլիի հողը երկար ժամանակ մարդու պատճառով ոչնչանում է։
Քուշանան ու իր համախոհներն այդպես էլ մտածածը չեն իրականցնում, որովհետև Պեջիտեյի ճարպիկ բնակիչը սպանվելուց առաջ հասցնում է ինքնաթիռի թևը կոտրել։ Նրանք էլ են վթարի են ենթարկվում ու վայր իջնում ջունգլիում, անմիջապես Օմի մոտ, ում հետ Նավշիքաան լավ հարաբերությոնների մեջ էր։
Հողմերի Հովտի արքայադուստրը փորձում է փրկել Էսբելին` Պեջիտեի օդաչուին, ու Լասթելի երկվորյակ եղբայրներին, բայց վերջիններն արդեն խեղդվել էին ավազներում ու կնքել իրենց մահկանացուն ոչ-տոքսիկ հողում։ Նավշիքաան հասկանում է, որ բույսերը մաքրում են հողն ու մաքուր ջուր արտադրում։
Նավշիքաան ու Էսբելը վերադառնում են Պեջիտե, բայց միջատներն այն էլ են ոչնչացրել։ Իրենց կյանք հետագա ներխուժումները կանխատեսելով, փրկվածները գերում են Նավշիքաային, իսկ Էսբելին նոկաուտում են։ Ավելի ուշ, Էսբելի և վերջինիս մոր օգնությամբ, Նավշիքաային հաջողվում է պլաներով փախնել։ Ճանապարհին նա հանդիպում է Պեջիտեյի թիմին, ովքեր փորձում էին վիրավորված Օմի ձագուկի հետ հովիտ վերադառնալ։ Տոլմաքիանցիները տանկերը դեմքով դեպի Նավշիքաան են շրջում, հետո նրանց դեմ դուրս են հանում Հսկա մարտիկին, բայց տանկերը շատ թույլ են դուրս գալիս ու ժամանակից շուտ հասունացած մարտիկը քայքայվում է։
Նավշիքաան ազատում է Օմի ձագուկին, ու ձագուկը սկսում է վստահել նրան։ Րոպեներ անց արքայադստեր վարդագույն զգեստի վրա Օմի կապույտ արյունը կկաթի, ու հագուստն ամբողջովին կապույտ կդառնա։
Շուտով նրանք փորձում են դիմակայել ամբոխին, բայց երկար չեն պահում իրենց դիրքերը։ Այնուամենայնիվ, ամբոխը շուտով հանգստանում է, իսկ Օմն իր ոսկե բեղիկներով բուժում է Նավշիքաային։ Նավշիքաան արթնանում է ու միանգամից սկսում է պարել, իսկ շուրջն Օմերն են իրենց ոսկե բեղերով։ Այսպիսով, Նավշիքաան «կապույտ հագած ու ոսկով շրջապատված» զինվորն է։
Վերջում կաճի նոր ծառ, ինչը կնշանակի, որ աշխարհը փրկության հույս ունի։
Ստեղծման պատմությունը
խմբագրելՄանգա
խմբագրելԱնիմեն ստեղծվել է Հայաո Միյաձակիի համանուն մանգայի հիման վրա։ Մանգան հեղինակից խլել է մոտ 12 տարի՝ չհաշված ընդմիջումները, որոնք պահանջվել են Գիբլի ստուդիայի այլ անիմեների վրա աշխատելու համար։ Շարքը հրատարակվել է Թոկումա Շոտենի Animage ամսագրում։ Առաջին գլուխն հրատարակվել է 1982 թվականի փետրվարին, վերջինը՝ 1994 թվականի մարտին։ Միյաձակին հարմարեցրել է իր աշխատանքը ֆիլմի համար, որովհետև անիմեն ստեղծելու ժամանակ պատրաստ էին միայն առաջին 16 գլուխները։ Մանգան շարունակեց հրատարակվել մինչև 1995 թվականի հունվարի 5-ը՝ վերջին՝ 17-րդ գրքի հրատարակմամբ։
Ամեն ինչ սկսվեց 80-ականների սկզբին, երբ Animage ամսագրի աշխատողները հանդիպեցին Միյաձակիի հետ՝ նրա մասին հոդված գրելու նպատակով։ Երիտասարդ ռեժիսորը նրանց ցույց տվեց մի շարք նկարներ, որոնց մեծ մասը հենց ֆիլմի նախագծերն էին։ Տոշիո Սուձուկին՝ Animage-ի հիմնադիրներից մեկը (և Գիբլի ստուդիայի ապագա նախագահը), միանգամից հետաքրքրվեց դրանցով։ Նա առաջարկեց Միյաձակիին մուլտիպլիկացիոն ստուդիաների աջակցությունը՝ իր նախագծերն իրականացնելու համար։
Առաջին մուլտիպլիկացիոն նախագիծը ներկայացվեց Տոկումա Շոտենին 1981 թ.-ի հուլիսին։ Այդ նախագիծը, որ շատ նման էր «Լապուտա Երկնային դղյակ»-ին, որտեղ ռոբոտները կառավարում են երկնքով սավառնող ամրոցը, ցավոք սրտի, մերժվեց։ Դրանից հետո Միյաձակին սցենար է գրում Յարայի՝ Հողմերի հովտի թագուհու և ավազե թրթուրների մասին։ Սակայն այս գործն էլ շատ նմանություններ ուներ Ֆրենկ Հերբերտի «Դյունա»-ի հետ, ինչի պատճառով կրկին մերժվեց։ Հենց Յարան հետագայում նախատիպ հանդիսացավ Նավշիքաայի համար։
Քանի որ մուլտիպլիկացիոն ֆիլմերի համար մոտ ապագայում ոչ մի հեռանկար չկար, Animage-ը առաջարկեց Միյաձակիին իրենց համար մի մանգա գրել։ Ռեժիսորը համաձայնեց, բայց պայմաններով.
1. Նա ամբողջությամբ ազատ էր պատմության համար թեմա ընտրելու հարցում։ 2. Մուլտիպլիկացիայի ոլորտում աշխատանք գտնելու դեպքում նա դադարացնելու էր մանգայի վրա կատարող աշխատանքները։ 3. Մանգան հիմք չէր հանդիսանա մուլտիպլիկացիոն նախագծի համար։
Animage-ի 1981 թվականի դեկտեմբերյան համարում ընթերցողները կարդացին, որ 2 ամսից հրատարակվելու է «Նավշիքան հողմերի հովտից» վերնագրով մանգայի առաջին գլուխը։ Հայտարարության մեջ տեղ էր գտել Նավշիքայի առաջին նկարը, որն առաջ երբեք չէր ցուցադրվել։ Այդ նկարում նա հրացան ուներ, հագուստը ծաղիկներով էր պատված, իսկ ուսից զինամթերքով տոպրակ էր կախված. դրանք բոլորն անհետացան այն ժամանակ, երբ սկսվեց մանգայի հրատարակությունը՝ էլ չասած կանաչ աչքերի ու հովարի բացակայության մասին։
Հայտարարության մեջ Միյաձակին ասում էր, որ առաջին հատվածը դեռ ավարտված չէ, այդ պատճառով չի կարելի ասել, թե իրադարձություններն ինչ շրջադարձ կունենան, բայց ինքը զգում է, որ Animage-ը վտանգավոր գործ է ձեռնարկել։ Միյաձակին խոստովանում էր, որ մի ժամանակ ինքը ցանկանում էր մանգակա դառնալ, և այդ մղումը նրան հասցրել է մի տեսակ հիասթափության, բայց այս անգամ նա որոշել է մի պատմություն հորինել, որի առաջ քաշած խնդիրներն իսկապես իրեն կհուզեն։
«Նավշիքաա»-ի ստեղծումն ի սկզբանե եղել է պարզապես ժամանակավոր աշխատանք։ Նրա խոսքերով՝ ինքը գրում էր մանգա, որովհետև աշխատանք չուներ, և պատրաստ է դրանից հրաժարվել, եթե աշխատանք գտնի անիմացիայի ոլորտում։ Ճակատագրի հեգնանքով հենց «Նավշիքա»-ի հիման վրա ֆիլմ նկարահանելու համար ռեժիսորն առաջին անգամ դադար տվեց մանգան գրելու գործում։ Դրանից հետո նա շարունակում էր աշխատել մանգայի վրա երկարաժամկետ դադարներով, որոնց ժամանակ նա նկարահանում էր իր լիամետրաժ ֆիլմերը։ Մի անգամ Միյաձակին անգամ ջնջեց մի քանի գլուխ հրատարակելուց անմիջապես առաջ, որովհետև գոհ չէր դրանցից։ Ամսագիրը այդ ժամանակ ստիպված եղավ տեղադրել միայն այդ գլուխների ամփոփ տարբերակը։
Ահա այսպես, ծրագրված 13 տարիների փոխարեն Միյաձակին կատարեց միայն գործի կեսը։ Հետագայում նա խոստովանեց, որ այդ մանգան իր համար ծանր բեռ էր, և լավ կլիներ, եթե հնարավորություն ունենար աշխատել միանգամից 2 ֆիլմերի վրա։ Ավելին, ռեժիսորը հորինում էր սյուժեն նկարելու ընթացքում. դա նրա համար էլ մի զարմանալի աշխատանք էր, երբ նա ամեն պահի կարող էր ամեն ինչ թողնել, երբ գրում էր՝ չմտածելով արդյունքի մասին։ Միգուցե հենց այդ պատճառով, որ նա այդ մանգային չափից լուրջ չէր վերաբերվում, այն այդպիսի հաջողություն ունեցավ։
Այնուամենայնիվ, տարիների ընթացքում Միյաձակիի մանգան չմոռացվեց և չկորսվեց պատմության հորձանուտում։ Դրա պատճառներից մեկն այն էր, որ մանգան անիմեից բավականին տարբերվում է։ Մանգան կարդալիս մենք հնարավորություն ենք ստանում զարգացնել այն գաղափարներն ու մտքերը, որ Միյաձակին չկարողացավ տեղավորել ֆիլմի շրջանակներում։
59 գլուխների ստեղծման ամբողջ շրջանում Ճապոնիայում տարբեր իրադարձություններ տեղի ունեցան, որոնցից մի քանիսի, ինչպիսիք են պատերազմը Հարավսլավիայում, սովետական բլոկի քանդվելը կամ պատերազմը Պարսից ծոցում մեծապես ազդեցին թե' Միյաձակիի, թե' մանգայի սյուժեի վրա։ Մանգայի ավարտը համընկնում է հեղինակի կյանքի շրջադարձային դեպքի հետ. նա ամբողջովին հրաժարվեց մարքսիստական գաղափարներից։ Նրա խոսքերով՝ հենց Նավշիքաայի վրա տարած աշխատանքի պատճառով էլ հասկացավ, որ սխալ էր։
Այդ պատճառով, երբ Միյաձակին համեմատում էր մանգան ծանր բեռի հետ, միգուցե դա ավելին էր, քան պարզապես հոգեբանական բեռը։ Նավշիքաան անձնական տառապանքի արդյունք է, որ արտացոլում է հեղինակի մտավոր և էմոցիոնալ ծանրաբեռնվածությունը, նրա մտքի զարգացումը։
Այլ ստեղծագործությունների ազդեցությունը
խմբագրելՆավշիքայի կերպարի և նրա աշխարհի ստեղծման ակունքները գնում են հեղինակի մանկություն։ Փոքր տարիքում Միյաձակին կարդում է ճապոնական ազգային մի հեքիաթ արքայադստեր մասին, ով սիրում էր միջատներին (Mushi Mezuru Himegimi)։ Շատ տարիներ անց հունական դիցաբանական բառարանը թերթելիս նա հանդիպում է փյունիկյան արքայադուստր Նավշիքայի անվանը, ում փրկում է Ոդիսևսը։ Այդ բարի, նրբազգաց և կենսուրախ աղջկա կերպարը միաձուլվում է ճապոնացի հերոսուհու հետ, ով դառնալու էր Միյաձակիի փոքրիկ թագավորության արքայադուստրը։
Էկոհամակարգը, որը ռեժիսորն այդքան սիրում էր և ուսումնասիրում մեծ նպատակասլացությամբ և կրքով, հիմնված է գիտական և պատմական աշխատությունների վրա, որոնք երիտասարդ Միյաձակին փնտրում և ուսումնասիրում էր երկար տարիներ շարունակ։ Այս կերպ նաև Հողմերի Հովտի թագավորությունը, նրա քաղաքական և սոցիալական կառուցվածքը վերցված են տարբեր աշխատություններից։ Դրանցից մի քանիսը, որ մեծ ազդեցություն են ունեցել Նավշիքայի ստեղծման վրա, Սասկե Նակաոյի «Բուսաբուծության և անասնապահության ծագումը», Պոլ Կարելի «Բարբարոսսա օպերացիան», Ակիրա Միյավակիի «Բույսերը և մարդիկ», Հուլիոս Կեսարի «Գալլերի պատերազմը» և այլ ստեղծագործություններ են։
Այսպիսով, «Նավշիքան հողմերի հովտից» ավելի ակտիվ սկսեց անդրադառնալ աշխարհի և շրջակա միջավայրի պաշտպանությանը, քան դրա ստեղծման համար ոգեշնչում հանդիսացած հունական և ճապոնական մի շարք ստեղծագործությունները։
Շրջակա միջավայրի պաշտպանությանն անդրադարձող նմանատիպ ստեղծագործություններ են նաև Բրայան Օլդիսսի «Ջերմոցը» (1962) և Ֆրենկ Հերբերտի «Դյունան» (1965), որոնք Միյաձակին կարդացել և որոնցից մեծապես ազդվել է։ Եթե վերցնենք «Ջերմոցն» ու «Նավշիքաան», ապա դրանք 2 տարբեր պատմություններ են, սակայն զուգահեռներն ակնհայտ են։ Երկուսն էլ նկարագրում են երկրի մասին, որն ապագայում գրավում են կյանքի էկզոտիկ ձևերով բնակեցված հսկայական անտառները, և որտեղ մարդկության գոյությունը, թվում է, ժամանակավոր վրիպակ է։ Երկու ստեղծագործություններում էլ խոսքն անկեղծությունների մասին է, որ մարդկանց առաջ բացում են երկրի վրա ապրող գիտակից արարածները («Ջերմոցում» դա Մորելն է, իսկ «Նավշիքա»-ում՝ Օմյուն)։ Համաձայն Միյաձակիի աշխարհընկալման՝ այս անկեղծությունների բովանդակությունն այնքան էական չէ, որքան այն հնարավորությունները, որ դրանք տալիս են։ Մորելն ինքը կործանարար կերպար էր, բայց նրա ուսմունքը և փիլիսոփայությունը հիմնարար են Գրենի վերջնական վիճակի համար. մի ազատասեր հերոսի, ով իր բախտն իր ձեռքն է վերցնում։ Նավշիքայի ոտքի կանգնելը ոչ պակաս աղդեցիկ էր. Օմյուի հետ նրա ընդհանրությունը դարձնում է նրան գիտական հետազոտությունների «մանվածք» և հոգևոր մեսիա։
Նավշիքան նման է նաև «Դյունա»-ին, որովհետև երկուսն էլ երևակայական մեսիաներ են, չնայած, Նավշիքան, ի տարբերություն Փոլ Աթրեյդի, երբեք չի ընդունում իր կարգավիճակը։ Կարելի է նաև նմանություն գտնել Էբերի ավազե թրթուրների և Օմյուի ահռելի միջատների միջև, որոնք երկուսն էլ պատմության կարևոր և հրեշային կերպարներն են։ Այս տեսակետը հաստատել է հենց ինքը՝ Միյաձակին. Նա նշել է, որ մասնակիորեն «Օմյու» անունը վերցրել է «Դյունա»-ի «ավազային թրթուրներ» բառակապակցության ճապոնական տարբերակից՝ «Սանդո Վաամո (կամ Ուոմու)»։
Աշխարհակառուցումը
խմբագրելԱպագայի աշխարհը
խմբագրելՄիյաձակիի ստեղծած աշխարհը մանրակրկտորեն մտածված և գծագրված է։ Ռեժիսորը հորինել է նոր` հետապոկալիպտիկ Երկիր։ Մի կողմից` այն մեր իմացած Երկրի բեկորների վրա ստեղծված աշխարհ է, որտեղ պահպանվել է անցյալը, որը հիմնվել է անցյալի վրա։ Մյուս կողմից` ձևավորվել է ամբողջապես մի նոր էկոհամակարգ. նոր հողը, օդը և ջուրը ծնել են ուրիշ կենդանական և բուսական աշխարհ։ Ընդ որում Միյաձակիին հաջողվել է նկարել հենց համակարգը` միասնությունը, որ բաղկացած է փողկապակցված մասնիկներից, որտեղ բույսերը մաքրում են հողն ու ջուրը, իսկ միջատները պաշտպանում են բույսերին արտաքին վտանգներից։
Այս արտասովոր աշխարհն ուսումնասիրելիս մենք տեսնում ենք, որ այն ճշմարտանման մի վայր է, ուր ամեն մի տեսակ զբաղեցնում է իր որոշակի տեղը։ Իսկ արդյոք այս համակարգում մարդկությունն ունի՞ իր տեղը. սա մեծ հարց է։ Մարդը` հին աշխարհի մի բեկորը, ստիպված է հարմարվել նոր պայմաններին։ Մարդկությունը կորցրել է քաղաքակրթության գրեթե բոլոր նվաճումները. նրա կենսակերպը հիշեցնում է վաղ միջնադարը։ Սակայն մարդկանց այնուամենայնիվ հաջողվել է պահպանել ինչ-որ բան. անցյալից մնացել են բարձր տեխնոլոգիաների նմուշներ, ինչպիսիք են, օրինակ, ինքնաթիռները, տանկերը, շարժիչները, հակագազները։ Սրանք մի տեսակ օտարոտի են թվում նոր աշխարհի ֆանտաստիկ համայնապատկերի վրա։
Միյաձակիի այս անիմեն փորձում է հասկանալ, թե արդյոք մարդիկ իրավունք ունե՞ն ապրելու մի աշխարհում, որը հենց իրենք են գրեթե ոչնչացրել։ Իսկ ավելի ճիշտ` ընդունակ կլինի՞ Երկիրը ներելու մարդկանց այն չարիքը, որ իրեն են պատճառել։
Հայաո Միյաձակիի համար Երկիրը միայն մարդկանց ապրելու վայրը չէ։ Դա կենդանի օրգանիզմ է` իր օրենքներով և օրինաչափություններով։ Երբեմն դրա ներսում տեղի ունեցող գործընթացներն այնքան երկարատև ու բարդ են, որ մարդու համար հեշտ չէ դրանք նկատելը։ Մարդիկ տեսնում են առանձին գործընթացների արդյունքները` այսբերգի գագաթը, այդ պատճառով էլ սխալ են դրանք մեկնաբանում։ Միյաձակին փորձում է իր հանդիսատեսին հասցնել այն գաղափարը, որ հարկավոր չէ գլուխը կոտրելով շտապել ուղղել և նվաճել Երկիրը։ Մեր մոլորակը ինքնին շատ իմաստուն է։ Այն կարող է ինքն իրեն բուժել մարդկանց կողմից ստացած վերքերից։ Բայց դա հարյուրավոր տարիներ է տևում։ Մարդկանց համար դա գրեթե հավերժություն է։ Պատկերը, որ տեսնում է Նավշիքաան ամայության տակ, ապշեցնում է իր ահռելի չափսերով. ծառերն աշխատում են հսկայական զտիչների պես, հանում են թույնը գետնի տակից։ Դանդաղ մեռնելով` ծառերը փոշիանում են` քայլ առ քայլ գոյացնելով բերքատու հողի նոր շերտ։ Եվ այսպես րոպե առ րոպե, տարեց տարի, դար առ դար։ Միայն այն մտքից, թե որքան ժամանակ է հարկավոր մոլորակին, որ այսպես` փոքրիկ ավազահատիկներով, մարդկանց կյանքի համար պիտանի նոր շերտ ստեղծի, շունչդ սկսում է կտրվել։
Հին աշխարի կորստյան մասին պատմելիս Միյաձակին չափազանց ժլատ է։ Պատահական չէ, որ Յոթօրյա Կրակը անիմեի իրադարձություններից մի ամբողջ հազարամյակ հեռու է։ Այլևս չի կարելի գտնել մեղավորներին կամ ուղղել սխալները։ Միայն լեգենդներում են պահպանվել այդ աղետի մասին առանձին տեղեկություններ։
Մարդիկ կեղտոտել են հողն ու ջուրը, ապա օգտագործել քիմիական զենք` մարդանման տիտանների, որոնք գրեթե ոչնչացրել են քաղաքակրթությունը։ Խոսքը առանձին երկրի կամ ժողովրդի մասին չէ, չկա քաղաքական ակնարկ, մեղադրանքներ կամ մեղավորների մերկացում։ Եղածի համար պատասխանատվությունը ամբողջ մարդկային ցեղի վրա է։ Մանգայում Միյաձակին բարձրանում է ժամանակի կեղտից և նայում խնդրին գլոբալ կերպով։
Հերոսները
խմբագրել«Նավշիքաան հողմերի հովտից» մանգայում Բնությունն ու Քաղաքակրթությունը ներկայացվում են 2 ժողովուրդների տեսքով` Հողմերի հովտի բնակիչների և տոլմեքիացիների։
Տոլմեքիացիները երկաթագոլորշու քաղաքակրթության ներկայացուցիչներն են։ Նրանք ապրում են անցյալով` չփորձելով հասկանալ, թե ինչպիսին է այս նոր աշխարհը, ամբողջ ուժերով ձգտելով վերականգնել կործանված քաղաքակրթությունը։ Նրանք չեն հասկանում բնությունը և չեն ցանկանում ականջ դնել Նավշիքաայի խոսքերին։ Տոլմեքիացիները վստահ են, որ բավական է այրել անմշակ տարածքները, և մարդկությունը կվերականգնի իր երբեմնի հզորությունը։ Նրանց կարծիքով` չկա անտառ, չկան խնդիրներ։
Բնականաբար, տոլմեքիացիները անշահախնդիր չեն իրենց գործում։ Բարեկեցության իրենց հնարավորությունը կստանան միայն նրանք, ովքեր կմիանան Տոլմեքիական կայսրությանը։ Ահա այսպիսի խորամանկ փրկող-նվաճողներ։
Հողմերի հովտի բնակիչները Բնության արարածներն են։ Նրանք մարդիկ են, որ հարմարվել են փոխվող աշխարհին և ապրում են համեմատական ներդաշնակության մեջ դրա հետ։ Նրանց հիմնական զբաղմունքը հողագործությունն է, իսկ դա նշանակում է, որ նրանք ստիպված են հարմարվել բնությանը, սովորել նրան հասկանալ։ Զարմանալի չէ, որ հենց այս ժողովրդի մեջ էլ ծնվում է Նավշիքաան` մարդու և Բնության միջնորդը։
Կարծես ամեն բան պարզ է` ահա չարը, ահա բարին։ Կարծես մնում է միայն չարերին տեղը դնել և փրկել ծառերը։ Բայց Միյաձակին Միյաձակի չէր լինի, եթե այդքան հասարակ լիներ։
Նախ` Քաղաքակրթության ներկայացուցիչներն էլ որոշակի կարեկցանքի կարիք ունեն։ Հողմերի հովտի բնակիչները լավ էլ ապրում են իրենց բարեբեր հողերի վրա, որը պաշտպանված է անտառով ու ծովով։ Իսկ այ տոլմեքիանցիները և մյուս քաղաք-պետությունների բնակիչները ամեն կողմից անմշակ տարածքներով են շրջապատված։ Նրանց առաջ գոյատևելու խնդիրն է կանգնած։ Սովը, մահվանը մոտ լինելը, մշտական վտանգը նրանց մեջ վախ են արթնացնում, որն էլ իր հերթին ստիպում է նրանց ագրեսիվ դառնալ։
Դրանից բացի` Միյաձակին մի շատ հետաքրքիր քայլ է անում. նա երկու աշխարհայացքների հակամարտություն է ներքաշում երրորդ կողմին` պեջիտեցիներին։ Մի կողմից` նրանք տոլմեքիացիների հարձակման զոհերն են։ Սակայն մյուս կողմից` նրանք այդքան էլ չեն տարբերվում իրենց ստրկացնողներից։ Հենց նրանք են դուրս փորել վերջին տիտանին։ Ձգտելով հաղթել տոլմեքիանցիներին` նրանք չեն ափսոսում ո'չ Հողմերի հովիտը, ո'չ անգամ իրենց հայրենի քաղաքը։ Նրանք ծեծել են սեփական արքայազնին, ստրկացրել են և քիչ էր մնում սպանեին Նավշիքաային։ Կատարելով գրեթե նույնն, ինչ տոլմեքիացիները` Պեջիտեի բնակիչներն արդարացնում են իրենց բարի նպատակներով։
Որպես պեջիտեցիների խիղճ հանդես են գալիս կանայք։ Նրանց արքայադուստրը կյանքի վերջին րոպեներին մտածում է միայն նրա մասին, որ ոչնչացնի տիտանին։ Պեջիտի կանայք վտանգում են իրենց կյանքը, որպեսզի ազատեն Նավշիքաային, և ներում են հայցում նրանից այն ամենի համար, ինչ արել է իրենց ժողովուրդը։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նավշիքան հողմերի հովտից» հոդվածին։ |