Նահապետ Ապտալյան
Նահապետ Ապտալյան (1844, Կյուրին, Սիվասի մարզ, Թուրքիա - 1895, Կյուրին), հայ բժիշկ։
Ծնվել է | 1844 |
---|---|
Ծննդավայր | Կյուրին, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1895 |
Մահվան վայր | Կյուրին, Օսմանյան կայսրություն |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Ազգություն | հայ |
Դավանանք | քրիստոնեություն |
Կրթություն | Նյու Յորքի բժշկական քոլեջ |
Մասնագիտություն | բժիշկ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1844 թվականին Սեբաստիայի նահանգի Սեբաստիայի գավառի Կյուրինի գավառակի կենտրոն Կյուրին քաղաքում։ Սովորել է ամերիկացի միսիոներների Մարզվանի Անատոլիա քոլեջում, որի ուսանողները, բացի մի քանի հույնից, հայեր էին։ Բարձր առաջադիմությամբ աչքի ընկնելով՝ շահել է քոլեջի ամերիկացի տնօրենի համակրանքը և նրա հոգածությամբ մեկնել ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահանգի Հարթֆորդ քաղաքի աստվածաբանական դպրոցում ուսանելու, որը ևս ավարտել է բարձր առաջադիմությամբ։ 1877 թվականին Հարթֆորդում քարոզիչ է ձեռնադրվել և ամերիկյան քաղաքացիություն ստացել։ Այս տարիներին սովորել է Նյու Յորքի բժշկական քոլեջում և հմտացել վիրաբուժության ճյուղի մեջ։ 1879 թվականին ավարտելով բժշկական կրթությունը՝ վերադարձել է Թուրքիա։ 1882 թվականին Բրուսայի նահանգի Նիկոմիդիայի գավառակի կենտրոն Նիկոմիդիա (Իզմիթ) քաղաքում ամուսնացել է օրիորդ Հայկանուշ Բեյազյանի հետ, այնուհետև կրկին մեկնել ԱՄՆ և իր մոտ հրավիրել կնոջը։ 1884 թվականին Կյուրին քաղաքի կառավարչության մասնավոր հրավերով վերադարձել է Թուրքիա և հաստատվել իր ծննդավայրում։ 1884-1895 թվականներին Ամերիկյան Պորտի միսիոներ և կառավարական բժիշկ է աշխատել Կյուրինում։
Սպանություն
խմբագրել1895 թվականին մի օր թուրքերը հարձակվել են Կյուրինի հայկական տների, այդ թվում՝ իրենց լավ ծանոթ բժիշկ Նահապետ Ապտալյանի տան վրա։ Բժշկի կինը զավակների հետ փախել ու ապաստանել է հայոց եկեղեցում։ Բժշկին նախօրոք, վիրաբուժական գործողություն կատարելու պատրվակով, հրավիրել են կառավարչատուն, որտեղ նրա մտերիմ թուրք ժանդարմն սպանել է նրան թունավոր գնդակով՝ 51 տարեկանում։ Այդ ահավոր օրերից հետո տիկին Հայկանուշը մեկնելով Կոստանդնուպոլիս՝ ԱՄՆ-ի հյուպատոսի միջոցով բողոք է հղել Թուրքիայի կառավարությանը՝ ԱՄՆ քաղաքացի ամուսնու սպանության համար և հաջողացրել հատուցում ստանալ։ Հետագայում տիկին Հայկանուշ Ապտալյանը զավակների հետ տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ նրա դուստրը՝ Զապել Ապտալյանը ստացել է բժշկական կրթություն։
Աղբյուրներ
խմբագրել- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։
Գրականություն
խմբագրել- Պատմագիրք Կիւրինի, պատասխանատու խմբագիր՝ Պետրոս Մինասեան, Պէյրութ, 1974, 823 էջ։