Նախնադարյան հասարակությունը Հայկական լեռնաշխարհում
Նախնադարյան հասարակությունը Հայկական լեռնաշխարհում Հայկական լեռնաշխարհը նախամարդու օրրաններից է. գիտնականներն այն անվանել են «Հայկական միջանցք»։ Նախնադարյան հասարակության պատմությունն ընդգրկում է նախամարդու տարածումից մինչև վաղ դասակարգային հասարակության ձևավորման ժամանակաշրջանը (մոտ 2 միլիոն տարի առաջ - մեր թվարկությունից առաջ 4-րդ հազարամյակի վերջ), որը գրեթե համապատասխանում է քարի դարաշրջանին։ Վերջինս հնագիտական պարբերացմամբ բաժանվում է փուլերի՝ հին քարի դարի (պալեոլիթ)՝ ստորին, միջին և վերին ենթափուլերով, միջին քարի դարի (մեզոլիթ), նոր քարի դարի (նեոլիթ) և պղնձի-քարի դարի (էնեոլիթ)։
Քարի դար | |
---|---|
Հին քարի դար (Պալեոլիթ) | |
Ստորին պալեոլիթ (մոտ 2,6 միլիոն - 100 հզ տարի առաջ) | |
Միջին պալեոլիթ (300 - 30 հզ տարի առաջ) | |
Վերին պալեոլիթ (50 - 10 հզ տարի առաջ) | |
Միջին քարի դար (Մեզոլիթ) | |
Էպիպալեոլիթ (20 - 10 հզ տարի առաջ) | |
Սուբնեոլիթ (12 - 9,5 հզ տարի առաջ) | |
Նոր քարի դար (Նեոոլիթ) | |
Վաղ նեոլիթ (9,5 - 8,5 հզ տարի առաջ) | |
Ուշ նեոլիթ (8,5 - 7,5 հզ տարի առաջ) | |
Քարի դարի պորտալ |
Հին քարի դար (պալեոլիթ)
խմբագրելՍտորին հինքարեդարյան (մոտ 2 միլիոն-մոտ 100 հազար տարի առաջ) մշակույթը բնորոշվում է քարե գործիքների պատրաստման շելյան և աշելյան տեխնիկայով։ Հատկապես աչքի են ընկնում Արզնիում և Արտին լեռան մերձակայքում հայտնաբերված աշխատանքի գործիքները։ Վերջինիս կայաններից և Որվանի (Ազոխ) քարայրում (այժմ՝ ԼՂՀ Հադրութի շրջանում) հայտնաբերված նախամարդու գործունեության մնացորդներն ունեն շուրջ 700-հազարամյա հնություն։ Պեղածոները բազալտից են ու վանակատից (օբսիդիան)։ Հայկական լեռնաշխարհն Առաջավոր Ասիայում եղել է վանակատի արտահանման կենտրոն։
Միջին հին քարի դարից (մ.թ.ա. մոտ 100.000-40.000 տարի առաջ) հայտնի է ավելի քան 150 հուշարձան, հետազոտվել են Ապարանի գոգավորության, Արամուսի, Արզնիի, Արտենիի, Հատիսի, Դաշտադեմի և այլ հնավայրեր։ Մարդիկ ապրել են ոչ մեծ (մինչև 20 հոգի) խմբերով՝ համայնքներով։
Վերին հին քարի դարի (մ.թ.ա. մոտ 40.000-14.000 տարի առաջ) սկզբին նախամարդը նմանվել է ժամանակակից մարդուն, հանդես է եկել բանական մարդը (լատին․՝ Homo sapiens)։ Այդ շրջանի շուրջ 60 հուշարձանների մեծ մասը լեռնաշխարհի հյուսիս-արևելք, հարավ և հարավ-արևմուտք կողմերում է (Եփրատի ու Տիգրիսի ավազաններ, Կորդվաց աշխարհ և այլուր)։ Մարդկանց հիմնական զբաղմունքը որսորդությունն էր, ավելի ուշ՝ նաև ձկնորսությունը։
Մեզ են հասել քարանձավային (գծանկարներ քարայրերի պատերին) և փոքր չափերի (արձանիկներ, առարկաներին փորագրված ու ներկանյութով պատված զարդեր, պատկերաքանդակներ) արվեստների նմուշներ։ Այդ շրջանի Հայաստանի մշակույթն ընդհանրություններ ունի Մերձավոր Արևելքի վերին հինքարեդարյան մշակույթի հետ և Միջերկրականի ափամերձ երկրների (Լևանտ) ու Զագրոսի հուշարձանների հետ միավորվել է այսպես կոչված առաջավորասիական մշակութային գոտու մեջ։
Միջին քարի դար (մեզոլիթ)
խմբագրելՄիջին քարի դարը (մ.թ.ա. 12.000- 10.000 տարի առաջ) հին քարի դարից նոր քարի դարին անցման ժամանակահատվածն է։ Մարդու կյանքի համար նպաստավոր գրեթե բոլոր վայրերում ապրել է նեանդերթալյան մարդը, որը գործածել է մուստիերյան տեխնիկայով մշակված քարե գործիքներ, ապրել է գերազանցապես քարայրերում (ուսումնասիրված են «Երևան 1», Լուսակերտի և այլ քարանձավներ)։ Նեանդերթալյան մարդու ներքին ծնոտի հատված է հայտնաբերվել Որվանի համար մեկ քարայրում։ Մուստիերյան շրջանում առանձնացել են ձմեռային (նական) բնակավայրերը և ամառային որսորդական ճամբարները։
Մեզանից 14 հազար տարի առաջ համաշխարհային հետսառցային տաքացումով Երկրագնդի Վաղ աշելյան ժամանակաշրջանի վանակատե (օբսիդիան) ձեռքի օվալաձև հատիչներ (1-1,5 միլիոն տարի առաջ) Միջին աշելյան ժամանակաշրջանի քարե հատիչ (Կուրթան, 0,5-0,7 միլիոն տարի առաջ) Վիշապաքար (Գեղամա լեռներ, մ.թ.ա. 1200, այժմ՝ Սարդարապատի թանգարանի բակում) բնակլիմայական պայմանները փոփոխվել են։ Տնտեսության մեջ հիմնականը հավաքչությունն ու որսորդությունն էին, զենքը՝ նետն ու աղեղը (կիրառվում էր հին քարի դարի վերջից)։ Ձկնորսությունը դարձել է սննդի հայթայթման հիմնական ձևերից։ Սկսվել են վայրի կենդանիների ընտելացումն ու հացազգի բույսերի մշակումը։ Հայկական լեռնաշխարհը եղել է մշակովի բույսերի տարածման համաշխարհային կենտրոն։ Հասարակության մեջ զգալի է դարձել ընտանիքի դերը։ Արագացել է համայնքների ավելի մեծ կազմավորումների՝ ցեղերի մեջ միավորման գործընթացը, կտրուկ մեծացել է բնակչության թիվը։
Նոր քարի դար (նեոլիթ)
խմբագրելՆոր քարի դարում (մ.թ.ա. 10.000- 5.500 տարի առաջ)՝ մ.թ.ա. 8-րդ հազարամյակի վերջերից, մեր հայրենիքի և Առաջավոր Ասիայի մյուս շրջաններում արդեն եղել են կայացած երկրագործ, հասարակություններ և առաջին նստակյաց բնակատեղիները։ Մ.թ.ա. 10-8-րդ հազարամյակներում Հայկական լեռնաշխարհում սկզբնավորվել են քաղաքակրթության անցման նախադրյալները։ 1990-ական թվականների 1-ին կեսին Սասնո ջուր գետի արևմտյան ափի հնավայրից հայտնաբերված գտածոները վկայում են, որ Հայկական (Արևելյան) Տավրոսի հյուսիսային շրջանների նոր քարի դարի մշակույթը տեղական արմատներ ունի։ Ուրֆայում (Եդեսիա), Աղձնիք ու Ծոփք նահանգներում մի շարք հուշարձաններ ձևավորվել են տեղական մշակութային ավանդույթների հենքի վրա։ Եդեսիայի մոտակա Պորտաբլուր հնավայրի արևելյան հատվածի վաղ շերտերում պեղվել է 1000 մ² տարածքով հրապարակ, իսկ հարևանությամբ՝ «սալե կոթողների տունը» և «զանգերի տունը»։ Ավելի ուշ շուրջ 120 մ² տարածք սալարկվել է թրծած աղյուսով՝ ձևավորելով բոսորագույն մի նոր հրապարակ։
Հասարակության կյանքում մեծ տեղ են ունեցել հավատալիքներն ու ծեսերը՝ կապված «նախնիների պաշտամունքի» և «ցլի պաշտամունքի» հետ։ Պորտաբլուրում բացվել են Երկիր մոլորակի ցայժմ հայտնի ամենահին տաճարները։ Մինչև 4 մ բարձրությամբ քանդակազարդ կոթողներով «սրբազան շինություն» է պեղվել այսպես կոչված «առյուծների տուն» հուշարձանում։ Քարակոթողների զգալի մասն ունի 3-6 մ բարձրություն, ամենամեծը՝ 9 մ բարձրությամբ, կշռում է ավելի քան 50 տոննա։ Կոթողները քանդակազարդված են մարդու, թռչնամարդու, կրիայի, առյուծի և այլ պատկերներով։
Պորտաբլուրում հայտնաբերվել են զգալի քանակությամբ մալաքիտ և լազուրիտ։ Փաստագրվել են նաև պատրաստի իրեր, որոնք երբևիցե հայտնաբերված հնագույն մետաղե գտածոներից են։ Այս իրերը (մեծ մասամբ՝ զարդեր) պատրաստվել են սառը կռման եղանակով։ Նորքարեդարյան հիմնական մշակաբույսերը՝ ոլոռ, սիսեռ, ոսպ, միահատիկ ցորեն, նույնպես վերոհիշյալ տարածքում են ընտելացվել։
Պղնձի-քարի դար (էնեոլիթ)
խմբագրելՎանա լճի ափամերձ գոտու և Խարբերդի հովտի հուշարձանները վկայում են, որ այդ շրջանները մ.թ.ա. 5500-4000 թվականին ունեցել են պղնձի-քարեդարյան ինքնատիպ մշակույթ։ Նեոլիթ-էնեոլիթյան բնակատեղիները (Վերին Խաթունարխ, Ծաղկունք, Մասիս բլուր, Ադաբլուր, Թեղուտ) տեղաբաշխված են հարթավայրում։ Առատաշեն բլուր-բնակատեղիի (Արարատյան դաշտ) ստորին շերտերը վերաբերում են նոր քարի դարին, իսկ վերին շերտին հատկանշական է պղնձի-քարի դարին բնորոշ խեցեղենը։ Նույն շրջանում ինքնատիպ հնագիտական համալիր է ձևավորվել Կուրի միջին հոսանքներում, որ հայտնի է «Շուլավերի մշակույթ» անունով։ Դարաշրջանի տարբեր ժամանակահատվածներին բնորոշ գտածոներ են հայտնաբերվել Արարատյան դաշտի Թեղուտ, Վայոց ձորի Արենի և Սյունիքի Ներքին Գոդեձոր հնավայրերում (վերջինս թվագրվում է մ.թ.ա. 5-րդ հազարամյակի վերջին քառորդով)։ Նույն հազարամյակի վերջերից ընդլայնվել է մետաղե իրերի տեսականին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |