Նախանվագը կամ նախաբանը երաժշտական ստեղծագործության կամ նրա որևէ մասի ներածական բաժինն է, որը կանխազգալ է տալիս դրանց բնույթը կամ հակադրության սկզբունքով ցայտուն դարձնում դրանց սկսվելը։ Պարզագույն դեպքերում (օրինակ, դասական ռոմանսներում ու երգերում) բաղկացած է լինում կատարողին և ունկնդրողին «տրամադրող» ներածական (հաճախ՝ միայն ներդաշնակային) մի ֆրազից։ Ավելի նշանակալի դեպքերում պարունակում է ինքնուրույն ցայտուն թեմա, որ ստեղծագործության (կամ՝ նրա մասի) հետագա շարադրման մեջ ևս հանդես գալով, մասնակցում է զարգացման ընդհանուր պրոցեսին (օրինակ, Չայկովսկու չորրորդ սիմֆոնիայի առաջին մասում)։ Երբեմն նախանվագը ավարտված պիես է հաջորդող հիմնական հատվածի թեմայով կամ դրանից անկախ (օրինակ, Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերայի նախանվագ, որ կոչվում է նաև պրեչյուդ, և գործողությունների միջև կատարվող նախանվագները, որ կոչվում են «անտրակտ»)։ Խոշոր ստեղծագործության ընդհանուր գաղափարը կամ կոնցեպցիան ամփոփ վերարտադրող նախանվագը կոչվում է նաև նախերգանք (օրինակ, Ռիխարդ Վագների «Լոհենգրին» օպերայում)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 157