«Նախաճաշելիս» (ռուս.՝ «За завтраком», կամ «Ճաշելիս»), ռուս նկարիչ Զինաիդա Սերեբրյակովայի (1884-1967) նկարը՝ ստեղծված 1914 թվականին։ Պատկանում է Տրետյակովյան պատկերասրահին (ինվենտար համարը՝ 27609): Նկարի չափսերն են 88,5 × 107 սմ։ [1]: Կտավը նկարչի երեխաների՝ ութամյա Ժենյայի, յոթամյա Շուրայի, ինչպես նաև Տանյայի (Տատիի), որի երեք տարին շուտով լրանալու է, խմբային դիմանկարն է[2][3]։ Գրականության մեջ հանդիպում է նաև «Երեխաների նախաճաշ» անվանումը[4]։

Նախաճաշելիս
տեսակգեղանկար
նկարիչԶինաիդա Սերեբրյակովա
տարի1914
բարձրություն88 սանտիմետր
լայնություն107 սանտիմետր
ժանրկենցաղային ժանր
նյություղաներկ և կտավ
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
Ծանոթագրություններ

«Նախաճաշելիս» նկարն ստեղծվել է 1914 թվականի վերջին[5]։ 1940-ական թվականներին կտավը ներառվել է հայտնի երգչուհի Լիդիա Ռուսլանովայի նկարների հավաքածուի մեջ։ 1949 թվականին Ռուսլանովան ձերբակալվել է, իսկ նրա հավաքածուի նկարները հանձնվել են Տրետյակովյան պատկերասրահին։ 1953 թվականին Ռուսլանովան ազատվել է ու վերականգնվել, իսկ նրա նկարները հետ են վերադարձվել։ 1955 թվականին «Նախաճաշելիս» կտավը ձեռք է բերել Տրետյակովյան պատկերասրահը[6]։

Արվեստագետ Վալենտինա Կնյազևան գրել է, որ «Նախաճաշելիս» («Ճաշելիս») նկարը կրում է «ամենօրյա, երկրային պոեզիան»[7]՝ նշելով, որ մանկան հոգեբանության առանձահատկությունների նուրբ ընկալումը Սերեբրյակովին հնարավորություն է տվել յուրաքանչյուր երեխային հաղորդել անհատական բնավորություն[3]։ Արվեստագետ Ալլա Ռուսակովան նկարն անվանել է նկարչուհու «առավել մտերմիկ, անկեղծ և հմայիչ գործերից մեկը»[8] և գրել է, որ մանկական դիմանկարների ոլորտում այս նկարը մնացել է «ոչ միայն գեղանկարչական, այլև մարդկային՝ մայրական աշխարհազգացության դասական օրինակ»[9]։

Պատմություն խմբագրել

Մանկական դիմանկարները նշանակալի տեղ են գրավել Զինաիդա Սերեբրյակովայի (ի ծնե՝ Լանսերե) ստեղծագործություններում։ Նկարչական գործունեության վաղ շրջանում նա բազմիցս պատկերել է գյուղացի երեխաների[3]։ 1905 թվականին Զինաիդա Լանսերեն ամուսնացել է իր ազգական Բորիս Սերեբրյակովի հետ, որն այդ ժամանակ ուսանող էր, իսկ ավելի ուշ դարձել է երկաթուղային ինժեներ[10][11]։ Այդ ամուսնությունից ծնվել է չորս երեխա. 1906 թվականին ծնվել է որդին՝ Եվգենին, 1907 թվականին՝ Ալեքսանդրը, 1912 թվականին՝ Տատյանան, իսկ 1913 թվականին՝ Եկատերինան[12]։ Սեբրեբրյակովայի սեփական երեխաներն ունենալու պահից նրանք դարձել են նրա «մշտական մոդելները»[3]։ Էտյուդներից մեկը, որը երեխաների խմբային դիմանկար է և կոչվում է «Մանկասենյակում» (թուղթ, ջրաներկ, տեմպերա, 46,4 × 55,8 սմ , այժմ Տրետյակովյան պատկերասրահում է), նկարչուհին ստեղծել է 1913 թվականին։ Այնտեղ պատկերված է բնական տեսարան մանկասենյակում. դայակն զբաղված է փոքրիկ Տատյանայով (Տատայով), իսկ տղաները՝ Եվգենին (Ժենյա) և Ալեքսանդրը (Շուրա), տարված են խաղով[13]։

 
Մանկասենյակում (թուղթ, ջրաներկ, տեմպերա, 1913, Տրետյակովյան պատկերասրահ)

1914 թվականի մայիսին և հունիսին Զինաիդա Սերեբրյակովան ուղևորություն է կատարել դեպի Հյուսիսային Իտալիա՝ այցելելով նաև Գերմանիա և Շվեյցարիա։ Վերադառնալով Նեսկուչնոեի ընտանեկան կալվածք՝ հուլիսից մինչև օգոստոս Սերեբրյակովան աշխատել է «Հունձք» նկարի էտյուդների, ինչպես նաև այս կտավի առաջին տարբերակի վրա, որը հետագայում նա ոչնչացրել է՝ թողնելով միայն մի շարք հատվածներ[5]։ Սերեբրյակովան ձմռան ամիսները, որպես կանոն, անցկացրել է Սանկտ Պետերբուրգում[8] (1914 թվականի օգոստոսին Առաջին համաշխարհային պատերազմի բռնկման պատճառով քաղաքը վերանվանվել է Պետրոգրադ)։ 1914 թվականի վերջին նա նկարել է իր երեխաների խմբային դիմանկարը՝ «Ճաշելիս» կտավը, որը հետագայում հայտնի է դարձել որպես «Նախաճաշելիս»[5]։

1940-ական թվականներին «Նախաճաշելիս» կտավը գտնվել է երգչուհի Լիդիա Ռուսլանովայի հավաքածուում։ Նրա ձերբակալությունից հետո՝ 1949 թվականին, նկարը հանձնվել է Տրետյակովյան պատկերասրահին։ 1953 թվականից՝ Ռուսլանովան ազատվելուց և վերականգնվելուց հետո, նկարը նորից դարձել է նրա սեփականությունը, մինչև որ 1955 թվականին գնվել է Տրետյակովյան պատկերասրահի կողմից[6]։ Այս պատմության որոշ մանրամասներ նկարագրվել են Տրետյակովյան պատկերասրահի գլխավոր հսկիչ Լիդիա Ռոմաշկովայի հոդվածում, որը լույս է տեսել 1998 թվականին «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթում։ Ըստ նրա՝ սկզբում «ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատից մարդիկ են եկել պատկերասրահ և հանձնել մի քանի կտավներ»՝ չասելով, թե ովքեր են եղել այդ նկարների սեփականատերը և ինչպես են դրանք իրենց ձեռքն ընկել. այն, որ դրանք Ռուսլանովայի հավաքածուի գործերից էին, պատկերասրահի աշխատակիցները շատ ավելի ուշ ենթադրեցին ըստ լուրերի։ Իսկ հետո՝ 1953 թվականին, նույն «մարմինները» հանկարծ հաղորդեցին Ռուսլանովայի վերականգնման մասին և ասացին, որ «բռնագրավված ամեն ինչ պետք է անհապաղ վերադարձվի ընտանիքին» և ջնջվի քարտագրացուցակից։ Ըստ Ռոմաշկովայի հիշողությունների՝ «Ռուսլանովան ինքն է պաշտոնապես համաձայնել մեզ [Տրետյակովյան պատկերասրահին] նվիրել իր հավաքածուի մի մասը», որում ներառված են այնպիսի նկարներ, ինչպիսիք են Իլյա Ռեպինի «17-րդ դարի մարտիկը», Ֆեոդոր Ռոկոտովի «Սպիտակ զգեստով անծանոթի դիմանկարը», Պավել Ֆեդոտովի «Անհայտ զինվորի դիմանկարը» և Զինաիդա Սերեբրյակովայի «Նախաճաշելիս» կտավը[14]։

Հետագայում «Նախաճաշելիս» նկարը ցուցադրվել է մի շարք ցուցահանդեսներում, այդ թվում՝ 1975 թվականի «Դիմանկար 19 դարի վերջից մինչև 20-րդ դարի սկզբի ռուսական գեղանկարչության մեջ» ցուցահանդեսում (Ռուսական պետական թանգարան, Լենինգրադ), 1890-1917 թվականների ռուսական գեղանկարչության ցուցահանդեսում, որն անցկացվել է 1976-1977 թվականներին Մայնի Ֆրանկֆուրտում, «Արվեստի աշխարհ» միության նկարիչների աշխատանքների ցուցահանդեսում, որը տեղի է ունեցել 1981-1982 թվականներին Նեապոլում և Թուրինում[1][15], 1992 թվականի «Երեխաները առասպելների և կյանքի մեջ» ցուցահանդեսում (Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան, Մոսկվա), ինչպես նաև 2002 թվականի «Կանացի արվեստ։ 15-20-րդ դարերի Ռուսաստանի կին-նկարիչները» (Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա) ցուցահանդեսում[1][16]։ Կտավը ցուցադրվել է Սերեբրյակովայի անհատական ցուցահանդեսներում. 1965-1966 թվականներին անցկացվել են Մոսկվայում, Կիևում և Լենինգրադում, և 1987 թվականին անցկացվել է Մոսկվայում[1][17]։ Այն եղել է նաև 2017 թվականի ապրիլ–մայիս ամիսներին Տրետյակովյան պատկերասրահի Ինժեներական մասնաշենքում անցկացված Զինաիդա Սերեբրյակովայի աշխատանքների հետահայաց ցուցահանդեսի ցուցադրանմուշներից մեկը[18]։

Նկարչուհու բոլոր երեխաներն իրենց կյանքը կապել են արվեստի հետ։ Եվգենի Սերեբրյակովան (1906-1990) ավարտել է Լենինգրադի գեղարվեստատեխնիկական բարձրագույն ինստիտուտը, աշխատել որպես ճարտարապետ և ռեստավրատոր[19]։ Ալեքսանդր Սերեբրյակովը (1907-1995) դարձել է նկարիչ, աշխատել է Ֆրանսիայում, նկարել ջրանկարային և տեմպերային բնանկարներ, նկարազարդել գրքեր[20]։ Տատյանա Սերեբրյակովան (1912-1989) ավարտել է Լենինգրադի պարի ուսումնարանը, աշխատել որպես թատերական նկարիչ[21]։ Իսկ կտավում չպատկերված Եկատերինա Սերեբրյակովան (1913-2014) նույնպես դարձել է նկարիչ. ապրել է Ֆրանսիայում, եղել Զինաիդա Սերեբրյակովայի հիմնադրամի հիմնադիր և պատվավոր նախագահ[22][23]։

Նկարագրություն խմբագրել

  Արտաքին պատկերներ
  Զինաիդա Սերեբրյակովան երեխաների հետ Նեսկուչնոեում (1914 թվական)

Նկարում պատկերված են նկարչուհու երեխաները՝ ութամյա Ժենյան, որ մտախոհ նստած է սեղանի ծայրին՝ մի բաժակ ձեռքին, յոթամյա Շուրան, որը շրջված է դեպի դիտողը, և Տանյան (Տատա), որի երեք տարին շուտով կլրանա[2][3]։ Երեխաներից յուրաքանչյուրի բնավորությունը ներկայացված է մանկական հոգեբանության նուրբ զգացումով, այն է՝ Ժենյայի երազկոտությունը, Շուրայի մարդամոտությունը, ինչպես նաև Տատայի նպատակասլացությունն ու անդադրում բնավորությունը, որը ուտելիքի սպասումով ձեռքը դրել է դատարկ ափսեի մեջ[24]։ Սեղանը ծածկված է ձյունաթույր սփռոցով, նրա վրա դրված է ճենապակյա ապուրամանը, և պատկերված են կնոջ ձեռքերը, որ ապուրը լցնում է ափսեների մեջ[2] (համաձայն Սերեբրյակովայի նկարագրության՝ նկարում երեխաները պատկերված են «տատի ձեռքի հետ, որ լցնում է ապուրը»[25]):

Ամբողջ նկարը լցված է նկարչուհու ընտանիքում տիրող մաքրության, խաղաղության և հանգստության զգացումով[26]։ Ջերմության և քնքշության մթնոլորտը փոխանցվում է կոմպոզիցիայի միջոցով, որը «միավորում է երեխաների սրտառուչ խումբը մի ամբողջության մեջ», ինչպես նաև կոլորիտի զուսպ գույներով[24]։ Նկարի կոլորիտային լուծումները կառուցված են կապույտ գույնի (պատի մի մասը և երեխաների հագուստը), դարչնագույնի տարբեր երանգների (պատի շարունակությունը և աթոռները), ինչպես նաև սպիտակի (սփռոցը և աղջկա գոգնոցը) հակադրությամբ[27]։ Կտավին արտասովորություն է հաղորդում ցածր կտրված պատերը[28], կոմպոզիցիան «իմպրեսիոնիստականորեն «կտրված է» ու կարծես ինքնաբերական», բայց «այդ ինքնաբերականությունը թվացյալ է, միայն ընդգծում է գործողության ժամանակավոր լինելը, կերպարների շրջվելու և հայացքների վայրկենականությունը»[9]։

Հատվածներ «Նախաճաշելիս» նկարից
Շուրա
Ժենյա
Տանյա (Տատա)

Արձագանքներ խմբագրել

Նկարիչ և քննադատ Ալեքսանդր Բենուան 1932 թվականին գրել է, որ «մանկական և կանացի դիմանկարներում Սերեբրյակովան մրցակից չունի»[29]։ Նկարչուհու աշխատանքներին նվիրված գրքում, որը տպագրվել է 1973 թվականին, արվեստագետ Ալեքսեյ Սավինովը նշել է, որ «ոչ պակաս, քան բնանկարում, հասուն վարպետությունն արտացոլված է նաև 10-ական թվականների Սերեբրյակովայի հետագա դիմանկարներում», որոնց թվին է պատկանում «բազմաթիվ անգամներ վերարտադրված և մանկական շատ հայտնի դիմանկարը՝ «Նախաճաշելիս»»[30]։

Արվեստագետ Իդա Հոֆմանը «Նախաճաշելիս» նկարը դասել է մանկական այնպիսի դիմանկարների շարքին, ինչպիսիք են Ալեքսանդր Գոլովինի «Աղջիկը և ճենապակին» և Նիկոլայ Ֆեշինի «Վարիա Ադորատսկայայի դիմանկարը»։ 1978 թվականին լույս տեսած գրքում Հոֆմանը նշել է այս նկարների դեկորատիվությունը, ինչպես նաև նմանատիպ մի մոտիվ՝ «երեխաները և սեղանի գունեղ նատյուրմորտը», որոնք, սակայն, նկարիչների կողմից լուծված են տարբեր կերպ։ Մասնավորապես, Սերեբրյակովայի պատկերած սեղանի կենդանի տեսարանում նատյուրմորտը նկարին հաղորդում է կոնկրետություն և անմիջականություն, «բոլոր իրերը երեխաների համար են», «նրանք դրանք պահել են իրենց ձեռքին, ուտում են դրանցից», այդ իրերն օգտագործծելիս «բացահայտվում է երեխաների խառնվածքը, բնավորությունը, տարիքային առանձնահատկությունները»[31]։

Սերեբրյակովայի մասին 1979 թվականին տպագրված մենագրության մեջ արվեստագետ Վալենտինա Կնյազևան գրել է, որ երեխաների խմբային դիմանկարը, որն ի սկզբանե հայտնի էր «Ճաշելիս» անվանումով, «ոչ միայն ընդամենը դիմանկար է, այլ դիմանկար-նկար»։ Ըստ Կնյազևայի՝ ժանրային մոտիվի ընտրությունը Սերեբրյակովային թույլ է տվել «երեխաներին ներկայացնել ակտիվ վիճակում, բացահայտել նրանց հոգեբանական տարբեր վիճակները, խուսափել «կեցվածք ընդունելուց», իսկ մանկական հոգեբանության առանձնահատկությունների նուրբ իմացությունը նկարչուհուն հնարավորություն է տվել հաղորդել երեխաներից յուրաքանչյուրի անհատական բնավորությունը[3]։ Նշելով նատյուրմորտային տարրերի ավելի մանրամասն մշակումը, քան «Հարդարվելիս» ինքնադիմանկարում (ռուս.՝ «За туалетом», 1909) և «Օ. Կ. Լանսերի դիմանկարում» (ռուս.՝ Портрете О. К. Лансере, 1910)՝ Կնյազևան գրել է, որ «Նախաճաշելիս» կտավում Սերեբրյակովան «ձգտում է ձևի կերտմանը լույսով ու ստվերով, լույսի նրբագույն երանգների փոխանցմանը, ճշգրիտ նկարի», նկարը կրում է «առօրեականի, երկրայինի պոեզիան[7]։

Արվեստագետ Ելենա-Ֆլորենս Վասյուտինսկայան գրել է, որ 1914 թվականին «կայծասփյուռ տաղանդ ունեցող նկարչուհի» Զինաիդա Սերեբրյակովայի ստեղծած «Նախաճաշելիս» նկարը կարելի է համարել «այդ ժամանակվա երջանիկ մանկության պատկերման մեծարում», որը եղել է «ոչ միայն ռուսական մանկության, այլ նաև մեծագույն երկրի երկդարյա ժամանակաշրջանի ավարտի սկիզբ»[32]։ Ըստ Վասյուտինսկայայի՝ այս կտավը «ծնողական սիրով ջերմացած երջանիկ մանկության իսկապես լիարյուն ու լիարժեք պատկեր է»[33], իսկ «կյանքի այդքան պարզամիտ անկյան վերափոխմանն իրական գանձի» զգալիորեն նպաստել է Սերեբրյակովայի արվեստի «վառ արտահայտված կանացի սկիզբը»։ Վասյուտինսկայան նշել է, որ նկարում պատկերված են «գեղեցիկ երեխաներ թռուցիկ, բայց ստույգ ուրվագծված բնավորություններով, սիրով նկարված սեղանի սպասքը, որոնց շարքում ճանաչելի է յուրաքանչյուր իր. դրանցից շատերը ներկայում էլ ապրում են մեր տներում»[32]։

Արվեստագետ Գուլնազ Ամիրովան նշել է, որ Սերեբրյակովայի մանկական դիմանկարներում, որոնց թվում է նաև «Ճաշելիս» («Նախաճաշելիս») կտավը, հստակ երևում է Ալեքսեյ Վենեցիանովի ու նրա հետնորդների գեղանկարչության ավանդույթների ազդեցությունը, որտեղ «հարմարավետ տնային ինտերիերը և նատյուրմորտը կերպարի անբաժանելի տարրերն են»[34]։ Ըստ Պավել Պավլինովի՝ «Նախաճաշելիս» խմբային դիմանկարը, որը «հիացնում է Տրետյակովյան պատկերասրահի այցելուներին», 1914-1917 թվականներին Սերեբրյակովայի ստեղծած ամենաարտասովոր դիմանկարներից մեկն է[35]։

Սերեբրյակովայի կյանքի ու ստեղծագործության մասին գրքում, որը հրատարակվել է 2008 թվականին «Նշանավոր մարդկանց կյանքը» շարքում, արվեստագետ Ալլա Ռուսակովան «Ճաշելիս» («Նախաճաշելիս») նկարն անվանել է նկարչուհու «առավել մտերմիկ, անկեղծ և հմայիչ գործերից մեկը»[8]։ Ռուսակովան գրել է, որ այս կտավը ոչ միայն լավ կատարված խմբային դիմանկար է, այլև «իսկական նկար» ինչպես կոմպոզիցիայի ու գունային լուծումների, այնպես էլ «Մանկության զարմանալիորեն անկեղծ ու անվերապահ կերպարային մարմնավորմամբ»[2]։ Ըստ Ռուսակովայի՝ մանկական դիմանկարի ոլորտում այս նկարը մնացել է «ոչ միայն գեղանկարչական, այլև մարդկային՝ մայրական աշխարհազգացողության դասական օրինակ», և այն բացել է «մի ամբողջ ուղղություն Սերեբրյակովայի հետագա ստեղծագործության մեջ»[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Каталог ГТГ, т. 5, 2005, էջ 321
  2. 2,0 2,1 2,2 2,3 А. А. Русакова, 2008, էջ 57—58
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 В. П. Князева, 1979, էջ 130
  4. А. М. Амшинская, 1985, էջ 62
  5. 5,0 5,1 5,2 А. А. Русакова, 2008, էջ 218
  6. 6,0 6,1 Каталог ГТГ, т. 5, 2005, էջ 11
  7. 7,0 7,1 В. П. Князева, 1979, էջ 131
  8. 8,0 8,1 8,2 А. А. Русакова, 2008, էջ 57
  9. 9,0 9,1 9,2 А. А. Русакова, 2008, էջ 58
  10. А. А. Русакова, 2008, էջ 217
  11. Е. Ф. Петинова, 2001, էջ 317
  12. В. П. Князева, 1979, էջ 214
  13. В. М. Бялик, 2017, էջ 15
  14. С. Е. Михеенков. «Душа-певица» (HTML). Москва, 2014, № 3 — www.moskvam.ru. Վերցված է 14.10.2018-ին.
  15. Каталог ГТГ, т. 5, 2005, էջ 444
  16. Каталог ГТГ, т. 5, 2005, էջ 446
  17. Каталог ГТГ, т. 5, 2005, էջ 429
  18. «Зинаида Серебрякова. 5 апреля — 30 июля 2017 года». Государственная Третьяковская галерея — www.tretyakovgallery.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2019 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 15-ին.
  19. «Серебряков Евгений Борисович». Бенуа — Лансере — Серебряковы — bls-collection.com. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2017 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 20-ին.
  20. «Серебряков Александр Борисович». Бенуа — Лансере — Серебряковы — bls-collection.com. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2013 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 20-ին.
  21. «Серебрякова Татьяна Борисовна». Бенуа — Лансере — Серебряковы — bls-collection.com. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2018 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 20-ին.
  22. «Серебрякова Екатерина Борисовна». Бенуа — Лансере — Серебряковы — bls-collection.com. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2018 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 20-ին.
  23. «В Париже скончалась художница Екатерина Серебрякова» (HTML). ТАСС — tass.ru. 26 августа 2014. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 20-ին.
  24. 24,0 24,1 Е. В. Ефремова, 2006, էջ 44
  25. З. Е. Серебрякова, 1987, էջ 175
  26. С. П. Останина, 2002, էջ 246
  27. С. Королёва, 2011, էջ 14
  28. В. Ф. Круглов, 2004, էջ 46
  29. А. Н. Бенуа, 1997, էջ 128
  30. А. Н. Савинов, 1973, էջ 33
  31. И. М. Гофман, 1978, էջ 90
  32. 32,0 32,1 Е. В. Васютинская, 2006, էջ 33
  33. Е. В. Васютинская, 1994
  34. Г. М. Амирова, 2011, էջ 183
  35. П. С. Павлинов, 2017, էջ 80

Գրականություն խմբագրել

  • Александрова Н. Н. Зинаида Серебрякова. — М.: Белый город, 2001. — 48 с. — (Мастера живописи). — ISBN 5-7793-0290-1
  • Амирова Г. М. Неоклассические тенденции в творчестве З. Е. Серебряковой 1910—1930-х годов // Общество. Среда. Развитие. — 2011. — № 2 (19). — С. 181—185.
  • Амшинская А. М. Зинаида Серебрякова. К 100-летию со дня рождения // Искусство. — 1985. — В. 2. — С. 58—64.
  • Бенуа А. Н. Художественные письма. 1930—1936 / И. П. Хабаров. — М.: Галарт, 1997. — 408 с. — ISBN 5-269-00919-6
  • Бялик В. М. Зинаида Серебрякова. — М.: Государственная Третьяковская галерея, 2017. — 48 с. — (Художник в Третьяковской галерее). — ISBN 978-5-89580-154-3
  • Васютинская Е. В. Два века русского детства // Юный художник. — 1994. — № 5—6.
  • Васютинская Е. В. Два века русского детства: портреты, бытовые сцены, костюм, мебель, рисунки, учебные тетради, письма, книги, игрушки. ХVIII — начало ХХ века. — М.: Индрик, 2006. — 294 с. — ISBN 5-85759-357-3
  • Гофман И. М. Головин-портретист. — Л.: Художник РСФСР, 1978. — 163 с.
  • Ефремова Е. В. Зинаида Серебрякова. — М.: Арт-Родник, 2006. — 96 с. — (Малая серия искусств). — ISBN 5-9561-0176-8
  • Князева В. П. Зинаида Евгеньевна Серебрякова. — М.: Изобразительное искусство, 1979. — 256 с.
  • Королёва С. Зинаида Евгеньевна Серебрякова. — М.: Директ-Медиа и Комсомольская правда, 2011. — 48 с. — (Великие художники, том 79). — ISBN 978-5-7475-0083-9
  • Круглов В. Ф. Зинаида Евгеньевна Серебрякова. — СПб: Художник России, 2004. — 375 с. — (Русские художники XX века). — ISBN 978-5-7370-0344-9
  • Останина С. П. Энциклопедия натюрморта. — Москва: ОЛМА-ПРЕСС, 2002. — 349 с. — ISBN 978-5-948-49020-5
  • Павлинов П. С. Зинаида Серебрякова. Мир её искусства. — М.: Слово, 2017. — 432 с. — ISBN 978-5-387-01271-6
  • Петинова, Елена Фоминична Русские художники XVIII — начала XX века. — СПб.: Аврора, 2001. — 345 с. — ISBN 978-5-7300-0714-7
  • Русакова А. А. Зинаида Серебрякова. — М.: Молодая гвардия, 2008. — 227 с. — (Жизнь замечательных людей). — ISBN 978-5-235-03108-1
  • Савинов А. Н. Зинаида Евгеньевна Серебрякова. — Л.: Художник РСФСР, 1973. — 54 с.
  • Государственная Третьяковская галерея — каталог собрания / Я. В. Брук, Л. И. Иовлева. — М.: СканРус, 2005. — Т. 5: Живопись конца XIX — начала XX века. — 560 с. — ISBN 5-93221-089-3
  • Зинаида Серебрякова: письма, современники о художнице / В. П. Князева. — М.: Изобразительное искусство, 1987. — 301 с.

Արտաքին հղումներ խմբագրել