Նախահայերեն, հայերենի ներկայացրած վիճակը հնդեվրոպական նախալեզվից անջատվելուց հետո՝ գրեթե մինչև հայ էթնիկական լեզվի կազմավորման ավարտումը։ Հայերենը նախապես հնդեվրոպական մի բարբառ էր՝ որոշակի արևելյան հատկանիշներով։ Մինչև գրավոր դառնալն այն անցել է պատմական զարգացման երկարատև ուղի, շփումներ ունեցել տարբեր լեզուների հետ, եղել է փոխատուի և փոխառուի դերում, նրա հորինվածքում տեղ են գտել հնդեվրոպական ու այլ լեզուների ենթաշերտային նստվածքներ։ Այս շրջանում հայերենի կառուցվածքի (ու գործառությունների) մեջ տեղի են ունեցել տարաբնույթ փոփոխություններ. կատարվել են տեղաշարժեր հնչյունական համակարգում (ձայնավորական, ձայնորդային, բաղաձայնական), բառապաշարի մեջ, քերականական կառույցներում։ Հայերենին բնորոշ են բաղաձայնների ինքնատիպ, օրինաչափ տեղաշարժերը։ Արդեն գրի առնվելու նախօրյակին էթնիկական հայերենն իր բնական էվոլյուցիայով ու բանավոր մշակությամբ հասել էր բարձր մակարդակի և առաջնակարգ տեղ ուներ ժամանակի առավել զարգացած լեզուների շարքում։ Նախահայերենի օրինաչափությունները բացահայտվում են ներքին ու արտաքին վերականգնումներով (ներքին վերականգնումների մեթոդով ու պատմահամեմատական մեթոդով)։ Նախահայերենն ընկած էր հին հայերենի, նրա գրական ու խոսակցական տարբերակների հիմքում։

Գրականություն խմբագրել

  • Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1987։