Նազենի Ղարիբյան դը Վարդավան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղարիբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նազենի Հենրիկի Ղարիբյան (սեպտեմբերի 30, 1965, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արվեստաբան, հրապարակախոս։ Սորբոնի համալսարանի բարձրագույն կրթության դպրոցի արվեստի պատմության դոկտոր (2005 )։ 2019 թվականի հունվարի 14-ից ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող[3]։
Նազենի Ղարիբյան դը Վարդավան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 30, 1965 (58 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան և Ֆրանսիա[1][2] |
Մասնագիտություն | արվեստագետ և հրապարակախոս |
Հաստատություն(ներ) | Ազգ, Առավոտ, Երևանի պետական համալսարան, Հայկական ժամանակ, Հայաստանում ֆրանսիական համալսարան, Մատենադարան, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա, Գևորգյան Հոգևոր Ճեմարան և Հայաստանի մշակույթի նախարարություն |
Ալմա մատեր | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ և Փարիզի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն |
Ամուսին(ներ) | Քրիստիան Թյութունջյան |
Կենսագրություն խմբագրել
Նազենի Ղարիբյան դը Վարդավանը ծնվել է 1965 թվականին Երևանում։ 1988 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի արվեստաբանական բաժինը։ Սիրարփի Տեր-Ներսեսյան հիմնադրամի հրավերով մեկնել է Փարիզ, որտեղ սովորել է արվեստաբանական, պատմա-բանասիրական և լեզվական ուղղություններով։ 1989-1996 թվականներին դասավանդել է (ընդհատումներով) նույն ինստիտուտում։ 1991-1993 թվականներին սովորել է Սորբոնի համալսարանի Բարձրագույն կրթության դպրոցում, ստացել խորացված հետազոտությունների վկայագիր (DEA):
Աշխատանքային գործունեություն խմբագրել
1993-1999 թվականներին աշխատել է հայաստանյան մամուլում («Ազգ», «Մոլորակ», «Նոր ուղի», «Առավոտ» թերթեր), Ռազմավարական և ազգային հետազոտությունների, Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոններում, դասավանդել ԵՊՀ-ում (Եգիպտագիտության հայկական կենտրոն[4]), 1989 թվականին՝ Սորբոնի համալսարանում[5]։ 2003-2005 թվականներին եղել է SAIS հրատարակչության (Փարիզ-Լոնդոն) գիտական մատենաշարի պատասխանատու, 2006-2010 թվականներին՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի հեղինակ-հրապարակախոս, 2006-2007 թվականներին՝ «Հայաստանի լույսերը» խորագրով ցուցահանդեսի ղեկավարի (Ֆրանսիա, Կլյունի թանգարան), 2008-2011 թվականներին՝ ԵՊՀ Եգիպտագիտության կենտրոնի տնօրենի տեղակալ, համեմատական հետազոտությունների ծրագրի ղեկավար, ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հայ արվեստի պատմության ամբիոնի» դասախոս, 2009-2010 թվականներին՝ «Դավթի Խաչ» մասնավոր մատուռի (Մուղնի) հեղինակ-ճարտարապետ։ 2011-2012 թվականներին դասասվանդելել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի Հայ մշակույթի ամբիոնում, 2012 թվականին եղել է «Հարցուպատասխան» քաղաքակրթական հանդեսի հիմնադիր-խմբագիր, 2012 թվականին՝ Մատենադարանի ավագ գիտաշխատող, 2012 թվականին՝ ՀԳՊԱ Արվեստագիտության և հումանիտար գիտությունների ամբիոնի դոցենտ, դասավանդել է «Համեմատական արվեստաբանություն», «Վերածննդի արվեստի առանձնահատկությունները», «Հետազոտության հիմունքներ և ստեղծագործության վերլուծություն», «Հետազոտության գործնական դասընթաց», «Հայագիտության ներածություն» առարկաները, 2013-2014 թվականներին՝ ՀԳՊԱ Արվեստի պատմության և տեսության ամբիոնի վարիչի տեղակալ, 2014 -2018 թվականներին՝ ՀԳՊԱ հետազոտական կենտրոնի հիմնադիր տնօրեն։ 2014-2017 թվականներին մասնակցել է «Տեմպուս» միջազգային ծրագրի շրջանակում «Վերիտաս» բուհական կրթության երրորդ՝ հետազոտական աստիճանի բարեփոխման նախագծի աշխատանքներին՝ կերպարվեստի և արվեստաբանության գծով։ 2014 թվականին «Քրիստոնեական արվեստի աստվածաբանություն» և «Հետազոտության մեթոդներ» առարկաներն է դասավանդել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում «Քրիստոնեական արվեստի աստվածաբանություն» և «Հետազոտության մեթոդներ»։ 2015 թվականին Իտալիայի Լիվորնո բնակավայրում կազմակերպել է «Հայաստան. Եղեռնից մինչև մշակութային Վերածնունդ» խորագրով ցուցահանդեսը։ 2016-2018 թվականներին սեմինարների և դասախոսությունների շարքով հանդդես է եկել Բոլոնիայի, Վենետիկի, Լուվեյնի, Վիտերբոյի համալսարաններում։
2018 թվականի մայիսի 29-ին նշանակվել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ[6]։ 2019 թվականի հունվարի 14-ին ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես դրվել են մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանի վրա[7]։
Գրքեր խմբագրել
Առաջարկել է եկեղեցիների տիպաբանական ուսումնասիրության նոր գիտական մեթոդ[5]։ Հեղինակ է «Գաղափարախոսության բյուրեղացման ուղին բյուզանդական և խորհրդային կայսրությունների օրինակով» (1995), «Քրիստոնեական տաճարի ծնունդը և Հայաստանի առաջին եկեղեցիները» (ֆրանսերեն, 2009 թվական), «Հայեցի ապրումներ. 5/1900-2010 թթ. հայ քանդակային ընտրանի» (ալբոմ, 2010 թվական), «Երեւանի Գեղարվեստի պետական ակադեմիա 70» (համահեղինակությամբ, 2015 թվական), «Ոսկանյան Աստվածաշնչի պատկերագրությունը եվրոպական արվեստի զուգահեռներով» (հայերեն-անգլերեն, Համահեղինակությամբ, 2018 թվական) գրքերի[8]։
Անդամակցություն խմբագրել
- Հայկական ուսումնասիրությունների միջազգային ընկերության (AIEA) ղեկավար կոմիտեի անդամ,
- Մատենադարան Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ,
- Բոլոնիայի համալսարանի «Պատմության, մշակույթի և քաղաքակրթությունների ֆակուլտետի» խմբագրական խորհրդի անդամ,
- Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի գիտական խորհրդի անդամ և «Գեղարվեստի ակադեմիայի Տարեգրքի» գլխավոր խմբագիր։
Ընտանիք խմբագրել
2003 թվականի հունիսի 30-ին Նազենի Ղարիբյանն ամուսնացել է Քրիստիան Թյութունջյան դը Վարդավանի հետ[9][10]։ 2016 թվականի մայիսի 6-ին դատարանի վճռով բաժանվել է ամուսնուց[9]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Նազենի Ղարիբյանը հաստատեց՝ ունի երկքաղաքացիություն, սակայն իրեն համարում է ՀՀ քաղաքացի
- ↑ Ֆրանսահայերի արյունն արդեն կապո՞ւյտ է. Նազենի Ղարիբյան
- ↑ «Օպերային թատրոնը նոր տնօրեն ունի (լրացված)». Երկիր Մեդիա (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 31-ին.
- ↑ «Եգիպտագիտության հայկական կենտրոն». ysu.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ 5,0 5,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ «Վարչապետի որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov». www.e-gov.am. Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Վարչապետի որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov». www.e-gov.am. Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Եկեղեցի և արդիականություն. Նազենի Ղարիբյան | :Բուն TV». boon.am. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ 9,0 9,1 Երևան քաղաքի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանի կողմից 06.05.2016 թվականին հրապարակված վճիռ, ԵԱՔԴ/2966/02/14։
- ↑ «Մշակույթի նորանշանակ փոխնախարար Նազենի Ղարիբյանի կենսագրությունը» (արխիվացված)։