Նագիբ Մահֆուզը (արաբ․՝ نجيب محفوظ‎‎, դեկտեմբերի 11, 1911(1911-12-11)[1][2][3][…], Կահիրե, Եգիպտոս[4] - օգոստոսի 30, 2006(2006-08-30)[5][1][2][…], Ալ-Գիզա, Եգիպտոս), եգիպտացի գրող։ Առաջին արաբ գրողն է, որ գրականության բնագավառում արժանացել է Նոբելյան մրցանակի (1988 թ.)։ Նագիբ Մահֆուզն ու Թաուֆիկ ալ-Հաքիմը համարվում են արաբական գրականության ժամանակակից առաջին հեղինակները, որ անդրադարձել են էքզիստենցիալիստական թեմաների[15]։ Իր գրական գործունեության ավելի քան յոթանասուն տարիների ընթացքում հրատարակել է 34 վեպ, ավելի քան 350 պատմվածք, բազմաթիվ ֆիլմերի սցենարներ և հինգ պիեսներ։ Նրա բազմաթիվ ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են եգիպտական ու արտասահմանյան ֆիլմեր։

Նագիբ Մահֆուզ
արաբ․՝ نجيب محفوظ‎‎
Ծննդյան անունարաբ․՝ نجيب محفوظ عبد العزيز إبراهيم أحمد الباشا‎‎
Ծնվել էդեկտեմբերի 11, 1911(1911-12-11)[1][2][3][…]
ԾննդավայրԿահիրե, Եգիպտոս[4]
Վախճանվել էօգոստոսի 30, 2006(2006-08-30)[5][1][2][…] (94 տարեկան)
Վախճանի վայրԱլ-Գիզա, Եգիպտոս
ԳերեզմանԿահիրե
Մասնագիտությունվիպասան, սցենարիստ, թարգմանիչ, դրամատուրգ, գրող, մտավորական, լրագրող, վիպասան և ինքնակենսագիր
Ազգությունարաբ
Քաղաքացիություն Եգիպտոսի խեդիվատ,  Եգիպտական սուլթանություն,  Եգիպտոսի թագավորություն,  Եգիպտոսի Հանրապետություն,  Արաբական Միացյալ Հանրապետություն և  Եգիպտոս
ԿրթությունԿահիրեի համալսարան
Ժանրերպատմվածք
Ուշագրավ աշխատանքներՀարգելի պարոն, Ռադուբիս, Միրամար, ալ-Միդակ նրբանցք, Մեր թաղի երեխաները, Գողը և շները, ալ-Սուլասիա, Արաբական գիշերներ և օրեր, Քեոփսի իմաստնությունը, Առաջնորդի մահվան օրը, Ուղի, Մուրացկան, Հարաֆիշ, Իբն Ֆատումայի ճամփորդությունը, Adrift on the Nile?, Dreams of departure?, Mirrors (novel)?, The Beginning and the End?, Karnak Café?, Stories from Our Neighbourhood?, Wedding Song?, Autumn Quail?, Akhenaten, Dweller in Truth? և The Mirage?
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
Պարգևներ
ԱմուսինAtiyatullah Ibrahim?[10]
 Naguib Mahfouz Վիքիպահեստում

Մահֆուզի «Ռադոբիս» վեպը թարգմանվել է հայերեն և հրատարակվել 2015 թվականին։

Կենսագրություն

խմբագրել

Նագիբ Մահֆուզը ծնվել է 1911 թվականի դեկտեմբերի 11-ին[16] Կահիրեում՝ պետական պաշտոնյայի ընտանիքում։ Նրան կոչել են ի պատիվ եգիպտացի հայտնի բժիշկ, եգիպտական մանկաբարձության և գինեկոլոգիայի հիմնադիր Նագիբ Փաշա Մահֆուզի, որ ներկա է եղել ապագա գրողի ծնունդին։ Մահֆուզը եղել է իր ընտանիքի ամենակրտսեր՝ յոթերորդ երեխան և ունեցել է չորս ավագ եղբայր և երկու ավագ քույր։ Սակայն նրա քույրերն ու եղբայրները բավական մեծ են եղել իրենից, և մանկության տարիներին իսկական ջերմ ու վստահությամբ լի հարաբերություններ նրանց միջև չեն եղել։ Մահֆուզն իր ծնողների մասին քիչ է պատմել։ Հայտնի է, որ հայրը եղել է քաղաքացիական ծառայող՝ հաշվետար կամ հաշվապահ, սակայն բավական վաղ հեռացել է պաշտոնից, որպեսզի վարի իր առևտրական ընկերոջ գործերը։ Մահֆուզն իր հորը նկարագրել է որպես հին հայացքների տեր մարդ, իսկ գրողի մանկության ընկերներից մեկը նրա հորը հիշում է որպես շատ խիստ մարդ։ Մահֆուզի մայրը՝ Ֆաթիման, եղել է ալ-Ազհարի շեյխ Մուստաֆա Քաշեեշայի դուստրը, ու թեև ինքը գրագետ չի եղել, Մահֆուզին տարել է այցելության այնպիսի վայրեր, ինչպիսիք են Եգիպտական թանգարանն ու Եգիպտական բուրգերը[17]։ Մահֆուզի ընտանիքի անդամները եղել են բարեպաշտ մուսուլմաններ, և նա ստացել է խիստ իսլամական դաստիարակություն։

Մահֆուզը ծնվել է հին Կահիրեի կենտրոնում՝ ալ-Ջամալաիյյա թաղամասում, որտեղ ընտանիքն ապրել է մինչև 1924 թվականը, ինչից հետո տեղափոխվել է Կահիրեի նոր արվարձան՝ ալ-Աբասիյյա։ Ալ-Ջամալաիյյայում անցկացրած մանկությունը Մահֆուզի համար մշտապես եղել է ոգեշնչման աղբյուր. այնտեղ են ծավալվում հեղինակի շատ վեպերի, գործողությունները, ինչպիսիք են՝ «Միդագ նրբանցք» (անգլ.՝ Midaq Alley, որի հիման վրա նկարահանվել է մեքսիկական «Հրաշքների նրբանցք» ֆիլմը) և «Կահիրեական եռագրություն», որում նա ներկայացրել է այդ վայրերը ամենայն մանրամասնությամբ։ Հեղինակի ավելի ուշ շրջանի ստեղծագործություններում ևս («Մեր փողոցի երեխաները», «Շատրվան և գերեզման» (Fountain and Tomb), «Հարաֆիշների էպոպեա» և այլն) ալ-Ջամալաիյյայի մթնոլորտը հեղինակի արձակը հագեցնում է այնպիսի դետալներով, կերպարներով ու բնավորություններով, որոնք նրա հիշողության մեջ դաջվել են մանկությունից։

  Ինձ թվում է, որ գրողը պետք է կապված լինի որոշակի վայրի կամ որոշակի առարկայի հետ, որ ունենա հենարան, որը ելակետ կծառայի նրա զգացմունքների համար։
- Մահֆուզ Նագիբ
 

Մահֆուզի մանկության վայրերի առանձնահատկությունն այն էր, որ մեկ շրջանում կողք կողք ապրում էին տարբեր կատեգորիաների մարդիկ՝ ծայրահեղ աղքատներից մինչև հարուստներ։ Դրա շնորհիվ Մահֆուզը հնարավորություն է ունեցել տեսնել եգիպտական հասարակության ինքնատիպ մոդելը, ինչը չէր կարող չազդել նրա վրա և չարտացոլվել նրա ստեղծագործության մեջ։

Ալ-Ջամալիյյայից է սկիզբ առնում նաև Մահֆուզի ազգայնականությունը (հետագայում նրա վրա քաղաքական լուրջ ազդեցություն է գործել նաև Սալամա Մուսայի սոցիալիզմը)։ Յոթ տարեկանում նա ականատես է եղել իր հայրենակիցների զանգվածային ելույթներին ընդդեմ անգլիական պրոտեկտորատի 1919 թվականի Եգիպտական հեղափոխության ընթացքում։ Նա պատուհանից հաճախ է տեսել, թե ինչպես են բրիտանացի զինվորները կրակել ապստամբների՝ տղամարդկանց ու կանանց վրա։ Մահֆուզի հայրը ևս եղել է կատարվող փոփոխությունների մոլի կողմնակից։ Քամիլ Մուստաֆայի, Մուհամադ Ֆարիդի, Սաադ Զագլուլի անունները համարվել են սուրբ Մահֆուզների տանը, իսկ երկրի թշնամիները՝ հոր անձնական թշնամիներ[18]։ Վաղ տարիքում Մահֆուզը շատ է կարդացել, և նրա վրա ազդեցություն են գործել Հաֆիզ Նաջիբը, Տահա Հուսեյնը և ֆաբիանական մտավորական Սալամա Մուսան[19]։

Ալ-Աբասիյյայում Մահֆուզը վերապրել է իր առաջին սերը, ինչը եղել է նրա կյանքի ամենավառ ապրումներից մեկը և նույնպես արտացոլվել է իր ստեղծագործության մեջ։ Սակայն աղջիկը տարիքով մեծ է եղել նրանից և պատկանել է հասարակության այլ շրջանակի, այդ պատճառով էլ հարաբերությունները զարգացում չեն ունեցել։

Թագավոր Ֆուադ I-ի համալսարանում (ներկայում՝ Կահիրեի համալսարան) Նագիբ Մահֆուզը սովորել է փիլիսոփայություն և գրականություն։ Միջնակարգ կրթություն ստանալու ընթացքում նա բարձր առաջադիմություն է ցուցաբերել մաթեմատիկայում ու բնական գիտությունների ոլորտում և սկզբում մտածել է դառնալ բժիշկ կամ ինժեներ։ Սակայն հետագայում տարվել է փիլիսոփայությամբ և ընդունվել փիլիսոփայության ֆակուլտետ, չնայած դա արժանացել է հոր դժգոհությանը։ 1934 թվականին Նագիբ Մահֆուզն ավարտել է փիլիսոփայության[20] ֆակուլտտեը։ Դրանից հետո նա սկսել է նախապատրաստվել արվեստի մագիստրոսի աստիճանի համար՝ միևնույն ժամանակ պարբերական հրատարակություններում ակտիվորեն տպագրվելով հոդվածներ փիլիսոփայական ու հոգեբանական թեմաներով։

Բակալավրի աստիճան ստանալուց հետո Նագիբ Մահֆուզն աշխատել է որպես պետական ծառայող՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ մինչև 1971 թվականին թոշակի անցնելը։ Սկզբում նա որպես աշխատել է Կահիրեի համալսարանում, 1938 թվականին տեղափոխվել վակուֆների նախարարություն։ 1950-ական թվականներին եղել է գրաքննության հարցերով տնօրեն Արվեստների բյուրոյում, Կինոյի աջակցման ֆոնդի տնօրեն, ապա խորհրդական մշակույթի նախարարությունում[21]։

1988 թվականին Նագիբ Մահֆուզն արժանացել է Նոբելյան մրցանակի՝ դառնալով միակ արաբ գրողը, որ արժանացել է նման պատվի։ Սակայն նա դժվարացել է մեկնել Շվեդիա տարիքի պատճառով և ներկա չի եղել մրցանակաբաշխության արարողությանը։

Եգիպտական չափանիշներով Նագիբ Մահֆուզը եղել է լիբերալ հեղինակ, և նրա գրքերը դժգոհության տեղքի են տվել իսլամիստների շրջանում։ 1994 թվականին գրողի վրա հարձակվել են և լուրջ վնասվածք հասցրել դանակով[22]։ Դրանից հետո Մահֆուզի առողջությունը վատացել է, սակայն նա շարունակել է ստեղծագործել։

2006 թվականի հուլիսին Մահֆուզը ստացել է գլխի վնասված ընկնելու արդյունքում և տեղափոխվել հիվանդանոց՝ այնտեղ մնալով մինչև իր մահը։ Իր մահվան պահին Մահֆուզը եղել է ամենածեր կենդանի գրականության Նոբելյան մրցանակակիրը և երրորդն ըստ տարիքի մրցանակի պատմության մեջ՝ զիջելով միայն Բերտրան Ռասելին ու Հալդոր Կիլյան Լաքսնեսին։ Իր մահվան պահին Մահֆուզը եղել է միակ գրողը, որ ստեղծագործել է արաբերեն և արժանացել Նոբելյան մրցանակի։ Կյանքի վերջին տարիներին նա գրեթե կուրացել էր ու թեև շարունակում էր ստեղծագործել, սակայն նրա համար դժվար էր ձեռքում պահել գրիչը կամ մատիտը։ Մահվանից առաջ նա տառապել է արյունահոսող խոցից, ունեցել է երիկամների խնդիր և սրտային անբավարարություն։ Մահֆուզը մահացել է 2006 թվականի օգոստոսի 30-ին[23]։ 2006 թվականի օգոստոսի 31-ին տեղի է ունեցել Նագիբ Մահֆուզի հուղարկավորությունը զինվորական պատիվներով Կահիրեի Նասր Սիթի շրջանի Ալ-Ռաշդան մզկիթում։

Անձնական կյանք

խմբագրել

Նագիբ Մահֆուզը չի ամուսնացել մինչև 43 տարեկանը, որովհետև հավատում էր, որ ամուսնությունն իր բազմաթիվ սահմանափակումներով կխոչընդոտի իր ստեղծագործական գործունեությանը[19]։ «Ես վախենում էի ամուսնությունից... մանավանդ երբ ես տեսնում էի, թե որքան զբաղված են իմ եղբայրներն ու քույրերը սոցիալական իրադարձություններով դա պատճառով։ Այս մեկը գնում է այցելության մարդկանց, մյուսը հրավիրում է մարդկանց։ Ինձ մոտ ստեղծվել էր տպավորություն, թե ամուսնական կյանքը կզբաղեցնի իմ ողջ ժամանակը։ Ես տեսնեում էի, թե ինչպես եմ խորտակվում այցելությունների ու խնջույքների մեջ։ Չկա ազատություն»[24]։

Այնուամենայնիվ, 1954 թվականին Նագիբ Մահֆուզն ամուսնացել է ղպտի ուղղափառ Աթիյատալահ Իբրահիմի հետ, որ Ալեքսանդրիայից էր[25]։ Նրանք ունեցել են երկու դուստր՝ Ֆաթիման ու Ումմ Կալթումը։ Գրողը խուսափել է իր անձնական կյանքի մասին խոսելուց՝ մտածելով, ինչպես ինքն է արտահայտվել, թե դա կարող է դառնալ «հիմար նյութ ամսագրերում ու ռադիոհաղորդումներում»[26]։

Ստեղծագործություն

խմբագրել

Նագիբ Մահֆուզի առաջին ստեղծագործությունները, որոնցում ռեալիստորեն պատկերված են ազգային ավանդական արժեքները, «Ալ-Մաջալա ալ-ջադիդա» ամսագրում հրատարակել է նրա խմբագիրը՝ եգիպտացի հայտնի լրագրող Սալամա Մուսան։ Վերջինս ազդեցություն է գործել երիտասարդ Մահֆուզի վրա, և երբ վերջինս սկսել է գրել, ասել է. «Դու ունես ներուժ, բայց դեռ չես զարգացրել այն»[27]։

Նավելների առաջին ժողովածուն՝ «Խելագարության շշունջը», հրատարակվել է 1938 թվականին[16]։ Դրան հետևել են մի շարք պատմավեպեր, որ գրվել են ռոմանտիկական յուրաձևությամբ և նվիրված են փարավոնների տիրապետության ժամանակներին («Քեոփսի իմաստնությունը», «Ռադոբիս», «Թեբեի պայքարը»)։

Եվրոպայում Մահֆուզի արձակը ճանաչում է ստացել 1950-ական թվականների վերջին՝ այն բանից հետո, երբ հրատարակվել է նրա «կահիրեական եռագրությունը» («Բեյն ալ Կասրեյն», «Կասր աշ Շոուկ» և «աս Սուքարիյա»)։ Պատկերելով Կահիրեում բնակվող ընտանիքի երեք սերունդների կյանքը՝ հեղինակը ներկայացնում է Եգիպտոսի պատմության սոցիալական ու քաղաքական դեպքերը։

1960-ական թվականներին տեղի են ունենում փոփոխություններ Մահֆուզի ստեղծագործության մեջ։ Նա հակում է ցուցաբերում դեպի փոքր արձակը (պատմվածք) և մեծ տեղ է թողնում խորհրդանիշին։ Մշտական տագնապ ու տառապանքի զգացումը, որի պատճառը հասարակության էվոլյուցիան էր, որտեղ մարդն իրեն զգում է ավելի միայնակ ու լքված, հնչում է այնպիսի ստեղծագործություններում, ինչպիսիք են՝ «Գողն ու շները» (1961), «Աստծո աշխարհը» (1963), «Լորն ու աշունը» (1964), «Ուղին» (1964), «Մուրացկանը» (1965), «Շաղակրատանք Նեղոսի վրա» (1966), «Սև կատվի պանդոկը» (1968), «Մեղրամիս» (1971)։

Ընդհանուր առմամբ Մահֆուզը գրել է շուրջ հինգ տասնյակ վեպեր և վիպակներ, հարյուրից ավելի պատմվածքներ։

Հեղինակի վերջին գիրքը հրատարակվել է 2005 թվականին. դա եղել է մահվանից հետո սկսվող կյանքին նվիրված պատմվածքների ժողովածուն, որ վերնագրված է «Յոթերորդ երկինք»։

1988 թվականին Նագիբ Մահֆուզն արժանացել է Գրականության Նոբելյան մրցանակի «արաբական պատմվածքի ռեալիզմի ու երանգների հարստության համար, որը նշանակություն ունի ամբողջ մարդկության համար»։ Նրա վեպերի կեսից ավելին էկրանավորվել է։ Այդ ֆիլմերը ժողովրդականություն են վայելում արաբական աշխարհում։ Կահիրեի Մուհանդիսին թաղամասում Նագիբ Մահֆուզի կենդանության օրոք տեղադրվել է նրա բրոնզե հուշարձանը։

Քննադատների շրջանում ընդունված է Մահֆուզի ստեղծագործությունը բաժանել չորս մեծ շրջանների։ Առաջինը պատմական, ռոմանտիկական արձակի շրջանն է, երկրորդը՝ ռեալիզմի ու նատուրալիզմի, երրորդ շրջանին քննադատները վերագրում են Մահֆուզի աշխատանքները մոդեռնիզմի ու էքսպերիմենտալ գրականության ժանրերում, իսկ չորրորդ շրջանում ընդգծում են գրողի կողմից ավանդական ձևերի օգտագործման միտումները, և այդ շրջանում էլ նրա կողմից ստեղծվել են այսպես կոչված «էպիզոդիկ վեպերը» (անգլ.՝ episodic novel)։ Սակայն այդ բաժանումը պայմանական է, քանի որ Մահֆուզի ստեղծագործությունները միշտ ձգտել են հաղթահարել ցանկացած սահմանափակում, նրա ստեղծագործության էսթետիկան չափազանց անկանխատեսելի է, որպեսզի հնարավորություն լինի ստեղծելու գրողի ստեղծագործական ուղու միարժեք ժամանակագրություն։ Որպես օրինակ կարելի է բերել «Կահիրեական եռագրությունը», որն ավանդաբար համարվում է գրողի ստեղծագործության մեջ ռեալիզմի շրջանի գագաթնակետը։ Սակայն ավելի ուշադիր հայացքը թույլ է տալիս նկատել նրանում մոդեռնիզմի տարրեր՝ հակվածությունը դեպի իր ներաշխարհը, ապրումակցելու ունակությունը, որը հաճախ հասցված է առավելագույնի, և այդ ամենն արտահայտված է վառ, հագեցած արձակում, ինչը խոսում է այն մասին, որ Մահֆուզի ստեղծագործության գնահատման ցանկացած փորձի դեպքում պետք է ցուցաբերել զգուշություն[28]։

Հիմնական կերպարներ

խմբագրել

Նագիբ Մահֆուզի ստեղծագործությունը հասկանալու համար պետք է իմանալ այն հիմնական կերպարները, որոնք կարող են անմիջականորեն հանդես գալ նրա ստեղծագործություններում, կարող են նկարագրվել դետալային ստույգությամբ, ինչպես նաև կարող են հանդես գալ միջնորդավորված կերպով՝ ավելի խորը իմաստ հաղորդելով գրվածին, եթե հայտնի է, թե ինչն է ծառայել որպես հենակետ այս կամ այն կեպարի, սյուժեի կամ որոշակի հանգամանքների դետալների համար։ Այդ բազաին կերպարների մեծ մասը վերաբերում են Մահֆուզի մանկությանը, որ անցել է ալ-Ջամալիյյա թաղամասում։ Առաջին հերթին հենց այդ վայրը կարևոր դեր ունի հեղինակի ստեղծագործության վերլուծության համար։ Այսպես կոչված «հարան» (hara)՝ այն թաղամասը կամ փողոցը, որտեղ ապրում էին աղքատները, Մահֆուզի մանկության տարիներին ներկայացրել է դասակարգերի ու սոցիալական խավերի յուրօրինակ խառնուրդ։ Թաղամասում ծաղկում էր ապրում քրեական խմբավորումների գործունեությունը, և գրողի մանկությունից եկող կերպարներից մեկն էլ փողոցային ավազակն է (futuwwasԴերվիշների ապաստաններից (takiyya) «փչում» էր միստիկա ու խորհրդավորություն, փողոցային բնապատկերը լրացնում էին քաղաքի հին դարպասների վրայի մռայլ կամարը (qabw), խմելու ջրի հնամենի շատրվանը (sabil), քաղաքային գերեզմանատունը (qarafa)։ Գրողն ընդունել է այն հատուկ ազդեցությունը, որ իր վրա թողել է «հարայի» աշխարհը (the hara world)[29]։

  Ինչն իսկապես հուզում և ստիպում է ինձ ստեղծագործել, «հարայի» աշխարհն է։ Դա իմ ամենասիրելի աշխարհն է։
- Նագիբ Մահֆուզ
 

Այդ կերպարի առավել վառ ազդեցությունը զգալի է նրա գրողի վաղ աշխատանքներում և ուշ շրջանի ստեղծագործություններում (1970-ական թվականների կեսերից)։ Եթե սկզբում «հարայի» կերպարը այն նյութն էր, որից նա կառուցում էր իր ստեղծագործությունները, ապա ավելի ուշ այդ նյութը դարձել է գրողի կարոտը երիտասարդ տարիների հանդեպ։

Փողոցային քրեական հեղինակության (futuwwas) կերպարը վառ արտահայտություն է գտել «Մեր փողոցի երեխաները» և «Հարաֆիշների էպոպեա» վեպերում։ Հեղինակն իդեալականացնում է ավազակի կերպարը, ինչպիսին նա իրեն երևացել է մանկության տարիներին։ Գրողի համար նա ոչ թե սովորական հանցագործ է, այլ ուժեղ անձնավորություն, որի նպատակն է պաշտպանել «իր» տարածքը ուրիշ ավազակներից։ «Հարայի» տարածքի նմանատիպ բաժանումը ազդեցության գոտիների հանգեցրել է հակամարտող խմբավորումների միջև հաճախակի բախումների, սակայն նույնիսկ այդպիսի վեճերը Մահֆուզի համար ունեն ռոմանտիկական գրավչություն։ Քրեական առաջնորդները հետագայում ակտիվորեն մասնակցել են ունեցել անգլիական պրոտեկտորատի դեմ ուղղված ակցիաներին, եղել են Վաֆդ կուսակցության կողմնակից, ինչը նույնպես չէր կարող չնշել հեղինակը, որ գրավված էր այդ հակասական կերպարով[30]։

Եգիպտացի գրողի ստեղծագործական համակարգում կարևոր տեղ է զբաղեցնում նաև ալ-Աբասիյյա շրջանը, ուր նրա ընտանիքը տեղափոխվել է 1924 թվականին։ Ի տարբերություն աղմկալից ու բազմամարդ ալ-Ջամալիյյայի՝ նոր շրջանը ներառում է բուսականությամբ ծածկված անսահման դաշտեր, որտեղ յուրաքանչյուր տուն ուներ իր այգին, և որտեղ տիրում էր լռությունը։ Ալ-Աբասիյա «հարայի» հետ միասին այն դարձել է երկրորդ նշանակալի վայրը Մահֆուզի համար, որի նա տվել է «կհալա» (khala') անվանումը, որ նշանակում է «դատարկություն», «պարապուտ»։ Մեծ հաշվով՝ գրողի վեպերում գործողությունները կատարվում են երկու տիպի վայրերում՝ «հարայում» և «կհալայում»։ Մյուս բոլոր վայրերը ծառայում են միայն սյուժեին ծավալայնություն հաղորդելուն, այն թելերին հետևելու համար, որ անխուսափելիորեն տանում են դեպի այն գլխավոր վայրերը, որտեղ ծավալվում են որոշիչ իրադարձությունները։

Մահֆուզի ստեղծագործական մեկնաբանության մեջ «կհալայի» աշխարհը դարձել է դաժանության աշխարհ։ Սպանությունները, հանցագործների պատերազմները, արյունալի վիճաբանությունների շնորհիվ «կհալան» դարձել է մի վայր, որտեղ ի հայտ են գալիս մարդկային կրքերը, սակայն, թվում է, միայն նրա համար, որ ընդգծեն մարդու ներքին միայնությունը անապատային բնապատկերների ֆոնի վրա։ Սակայն հենց «կհալայի» աշխարհի ստեղծման մեջ է Մահֆուզը բացահայտել կերպարների բացահայտման իր ուշագրավ անմիօրինակությունը։ Նա միաժամանակ այդ աշխարհը դարձրել է ապաստան մարդու համար՝ աշխարհի բոլո դաժանություններից և իրեն ճանաչելու փորձերից փախչելու համար։ Հնարավոր է, որ դա զգացմունքների այն ինտենսիվության հետևանք է, որ հատուկ է Մահֆուզին, երբ մտքի ու սրտի աշխատանքը ոչ պակաս ազդեցիկ են մարդու հոգու համար, քան դաժան իրականությունը, որ լի է ողբերգությամբ։ Եվ «կհալայի» աշխարհը սոսկ ծառայում է որպես մի վայր, որտեղ ուժերը կարող են սանձազերծվել, որտեղ նրանց թույլատրվում է ինքնադրսևորվել, և եթե շրջապատող աշխարհը, զգալով ազատություն, դիմում է բռնության, ապա հեղինակը ձգտում է ճանաչել ինքն իրեն և որոնում իր կոչումն այս տիեզերքում։

Եթե «հարայի» աշխարհը Մահֆուզի կյանքի վերջին տարիներին դարձել է նոստալգիայի աղբյուր, ապա «կհալայի» աշխարհը առաջացրել է կորստի զգացում, երբ հասկանալի է դառնում, որ արդեն ոչինչ հնարավոր չէ վերադարձնել, որ կյանքն անցել է, և անցյալում են մնացել բոլոր ընկերներն ու այն ամենը, ինչ սիրել է մարդը։ Դա հատկապես վառ է արտահայտվել «Qushtumur» (1988) վեպում և «Half a Day» պատմվածքում[31]։

«Միրամար» վեպ

խմբագրել

«Միրամար» վեպը Մահֆուզը գրել է 1967 թվականին, իսկ 1978 թվականին այն թարգմանվել է անգլերեն։ Վեպի գործողությունները կատարվում են Ալեքսանդրիայում, որը մեկ անգամ չէ, որ դարձել է գրական ստեղծագործությունների գործողությունների ծավալման վայր և, ընդհանրացվելով, նաև հանդես է եկել որպես կերպար։ Լինելով կոսմոպոլիտ քաղաք՝ Ալեքսանդրիան մշտապես գրավել է հեղինակների ուշադրությունը հնարավոր սյուժեների ու գործող անձանց հարստությամբ։ Սակայն միայն բնիկ եգիպտացիներին է հաջողվել պատկերել քաղաքը առանց եվրոպական մտածողության կաղապարներով աղավաղելու։ Անգլիացի գրող Լորենս Դարելը՝ «Ալեքսանդրիական քառերգության» (անգլ.՝ The Alexandria Quartet) հեղինակը, ինչպես նաև հույն բանաստեղծ Կոնստանտինոս Կավաֆիսը, որ այդ քաղաքում է անցկացրել իր կյանքի մեծ մասը, չեն կարողացել պատշաճ խորությամբ ներկայացնել Արևելքի կյանքը։ Նրանց ստեղծագործությունները պատկերում են արաբական աշխարհը եվրոպացի դիտորդի տեսանկյունից, որն ընդունակ է թեկուզ նրբատեսությամբ, բայց միայն օգտագործել արաբական աշխարհի կյանքի մթնոլորտն ու կերպարները և օգտագործել միայն Արևմուտքի մարդու տեսանկյունից, ոչ թե ներկայացնել նրանք ներքուստ, այսինքն՝ այնպիսին, ինչպիսին նրանց տեսնում է տեղաբնիկը։

Մահֆուզը, օգտագործելով, թվում է, նույն հնարները, ինչ Դարելը, ստեղծում է Ալեքսանդրիայի ուրիշ կերպար։ Կապված չլինելով եվրոպական մշակույթի կաղապարների հետ՝ նա Ալեքսանդրիան ներկայացնում է արաբական պատմության շրջանակներում։ Նրա համար քաղաքն ասես լինի Կատր էլ Նադա արքայադուստրը՝ սուլթան Ահմեդ իբն Տուլունի դուստրը։ Վեպի գործողությունները ծավալվում են «Միրամար» պանսիոնատում, իսկ սյուժեի հիմնական բախումը կազմում են այնտեղ մնացողների միջև հարաբերությունները, որոնցում կարևոր դեր է կատարում երիտասարդ աղախին Զուխրան, որի բարեհաճության համար էլ մղվում է հիմնական պայքարը։ Զուխրան, որ ծնունդով աղքատ Բուխեյրայից է, քաղաքի ևս մեկ կերպար է արքայադստեր հետ հավասար, երիտասարդությամբ ու էներգիայով լի քաղաքի։ Ի վերջո, Ալեքսանդրիան Մահֆուզի վեպում հենց Եգիպտոսն է իր կյանքի հետգաղութային շրջանում։ Նրանց առաջ է մղում լավատեսությունը, ի տարբերություն, օրինակ, մադամ Մարիանայի՝ պանսիոնատի տիրուհու։ Նրա կերպարը կապող օղակ է եվրոպացիների ստեղծագործության հետ։ Մարիանան չափազանց ընկղմված է անցյալի մեջ, որը նրան թվում է հրաշալի, այն կապում է նրան այն ժամանակների հետ, երբ քաղաքում կային շատ արտասահմանցիներ։

Իր կառուցվածքով «Միրամար» վեպը նման է Կուրոսավայի «Ռասյոմոն» ֆիլմին (1950)։ Մահֆուզը պատմությունը ներկայացնում է չորս տարբեր մարդկանց աչքով։ Նրան հաջողվում է ստեղծել իր ժամանակակիցների կյանքի ծավալային պատկերը[32]։

Հիմնական ստեղծագործությունները

խմբագրել
  • Ճակատագրի խաղը («Քեոփսի իմաստությունը», 1939 թվական, عبث الأقدار)
  • Ռադոբիս (1943 թվական, رادوبيس)
  • Թեբեի պայքարը (1944 թվական, كفاح طيبة)
  • Նոր Կահիրե (1945 թվական, القاهرة الجديدة)
  • Խան ալ-Խալիլի (1946 թվական, خان الخليلي)
  • Միդակ նրբանցքը (1947 թվական, زقاق المدق)
  • Միրաժ (1948 թվական, السراب)
  • Սկիզբ և վերջ (1949 թվական, بداية ونهاية)
  • Բեյն ալ-Կասրեյն (Կահիրյան եռագրության 1-ին մասը, 1956 թվական, بين القصرين)
  • Կասր աշ-Շաուկ (Կահիրյան եռագրության 2-րդ մասը, 1957 թվական, قصر الشوق)
  • Աս-Սուքքարիյյա (Կահիրյան եռագրության 3-րդ մասը, 1957 թվական, السكرية)
  • Մեր փողոցի տղաները (1959 թվական, أولاد حارتنا)
  • Գողը և շները (1961 թվական, اللص والكلاب)
  • Լորը և աշունը (1962 թվական, السمان والخريف)
  • Ուղին (1964 թվական, الطريق)
  • Մուրացկանը (1965 թվական, الشحاذ)
  • Շաղակրատանք Նեղոսի վրա (1966 թվական, ثرثرة فوق النيل)
  • Միրամար (1967 թվական, ميرامار)
  • Հայելիներ (1972 թվական, المرايا)
  • Սեր անձրևի տակ (1973 թվական, الحب تحت المطر)
  • Ալ-Քարնաք (1974 թվական, الكرنك)
  • Մեր թաղի պատմությունները (1975 թվական, حكايات حارتنا)
  • Հարգարժան պարոն (1975 թվական, حضرة المحترم)
  • Սիրո շրջան (1980 թվական, عصر الحب)
  • Հազար ու մի գիշերվա գիշերները (1982 թվական, ليالي ألف ليلة)
  • Մնում է մի ժամ (1982 թվական, الباقي من الزمن ساعة)
  • Գահի առաջ (1983 թվական, أمام العرش)
  • Իբն Ֆատումայի ճամփորդությունը (1983 թվական, رحلة ابن فطومة)
  • Ճշմարտության մեջ ապրողը (1985 թվական, العائش في الحقيقة)
  • Առաջնորդի սպանության օրը (1985 թվական, يوم مقتل الزعيم)
  • Առավոտվա և իրիկունվա զրույցը (1987 թվական, حديث الصباح والمساء)

Պատմվածքների ժողովածուներ

խմբագրել
  • Խելագարության շշունջը (1938 թ., همس الجنون)
  • Ալլահի աշխարհը (1962 թ., دنيا الله)
  • Ծածկի տակ (1969 թ., تحت المظلة)
  • Մեղրամիս (1971 թ., شهر العسل)
  • Ոճիրը (1973 թ., الجريمة)
  • Սերը բուրգի բարձունքին (1979 թ., الحب فوق هضبة الهرم)
  • Սատանան քարոզում է (1979 թ., الشيطان يعظ)
  • Ապաքինման շրջանի երազները (2004 թ., أحلام فترة النقاهة)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Махфуз Нагиб // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 http://news.bbc.co.uk/1/hi/world/middle_east/5297470.stm
  6. https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1988/
  7. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  8. https://www.siv.archives-nationales.culture.gouv.fr/siv/rechercheconsultation/consultation/ir/pdfIR.action?irId=FRAN_IR_026438
  9. https://cu.edu.eg/page.php?pg=contentFront/SubSectionData.php&SubSectionId=244
  10. https://honna.elwatannews.com/news/details/2030254/%D8%A3%D8%AE%D9%81%D9%89-%D8%B2%D9%88%D8%A7%D8%AC%D9%87-%D9%85%D9%86%D9%87%D8%A7--%D9%84%D9%85%D8%AF%D8%A9-10-%D8%B3%D9%86%D9%88%D8%A7%D8%AA-%D9%81%D9%8A-%D8%B0%D9%83%D8%B1%D9%89-%D8%B1%D8%AD%D9%8A%D9%84%D9%87-%D9%85%D9%86-%D9%87%D9%8A-%D8%B2%D9%88%D8%AC%D8%A9-%D9%86%D8%AC%D9%8A%D8%A8-%D9%85%D8%AD%D9%81%D9%88%D8%B8
  11. 11,0 11,1 https://www.alquds.co.uk/%EF%BB%BF%D8%B7%D9%87-%D8%AD%D8%B3%D9%8A%D9%86-%D9%88%D9%86%D8%AC%D9%8A%D8%A8-%D9%85%D8%AD%D9%81%D9%88%D8%B8-%D8%A7%D9%84%D8%A3%D8%B3%D8%AA%D8%A7%D8%B0-%D9%88%D8%A7%D9%84%D8%AA%D9%84%D9%85%D9%8A/
  12. 12,0 12,1 https://almanassa.com/stories/3979
  13. 13,0 13,1 https://www.alquds.co.uk/%EF%BB%BF%D9%85%D8%A7-%D8%A8%D9%8A%D9%86-%D9%8A%D9%82%D8%B8%D8%A9-%D9%81%D9%8A%D9%86%D9%8A%D8%AC%D8%A7%D9%86-%D9%88%D8%A3%D9%88%D9%84%D8%A7%D8%AF-%D8%AD%D8%A7%D8%B1%D8%AA%D9%86%D8%A7/
  14. 14,0 14,1 https://m.youm7.com/amp/2016/8/30/%D8%A8%D8%A7%D9%84%D8%A3%D8%B3%D9%85%D8%A7%D8%A1-%D9%84%D9%88-%D8%B9%D8%A7%D9%8A%D8%B2-%D8%AA%D9%83%D9%88%D9%86-%D8%B2%D9%89-%D9%86%D8%AC%D9%8A%D8%A8-%D9%85%D8%AD%D9%81%D9%88%D8%B8-%D8%A7%D9%82%D8%B1%D8%A3-%D9%84%D9%87%D8%A4%D9%84%D8%A7%D8%A1/2864179
  15. Haim Gordon. «Naguib Mahfouz's Egypt: Existential Themes in His Writings». doi:10.1336/0313268762 (inactive 2017 թ․ օգոստոսի 13). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ DOI inactive as of 2017 (link)
  16. 16,0 16,1 Махфуз Нагиб / Н. К. Коцарев // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  17. Rasheed El-Enany (1993 թ․ հունիսի 25). Naguib Mahfouz: The Pursuit of Meaning. Psychology Press. ISBN 978-0-415-07395-0. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 25-ին.
  18. Naguib Mahfouz: The Pursuit of Meaning. Rasheed El-Enany. Routledge, 17 дек. 2003 г. — Всего страниц: 288, стр.1-7
  19. 19,0 19,1 Charlotte El Shabrawy (Summer 1992). «Naguib Mahfouz, The Art of Fiction No. 129». The Paris Review. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 25-ին.
  20. «Naguib Mahfouz on his English publisher's website». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 6-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  21. Tore Frängsmyr; Sture Allén (1993). Nobel Lectures: Literature, 1981-1990. World Scientific. էջ 121. ISBN 978-981-02-1177-6. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 26-ին.
  22. «President pays tribute to Mahfouz». BBC News. 2006 թ․ օգոստոսի 30.
  23. Robert D. McFadden (2006 թ․ օգոստոսի 30). «Naguib Mahfouz, Chronicler of Arab Lives, Dies at 94». New York Times. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 25-ին.
  24. El Shabrawy, Charlotte. «Naguib Mahfouz, The Art of Fiction No. 129». The Paris Review. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 24-ին.
  25. El-Enany, Rasheed. "Naguib Mahfouz: His Life and Times". Cairo:AUC Press, 2007. p 172
  26. «Naguib Mahfouz (1911–2006)». The American University in Cairo Press. AUC Press. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 26-ին.
  27. Лауреаты Нобелевской премии по литературе — Н. Махфуз. Интервью The Paris Review, № 123, 1992]
  28. Naguib Mahfouz: The Pursuit of Meaning. Rasheed El-Enany. Routledge, 17 дек. 2003 г. — Всего страниц: 288, стр.xi-xii
  29. Naguib Mahfouz: The Pursuit of Meaning. Rasheed El-Enany. Routledge, 17 дек. 2003 г. — Всего страниц: 288, стр.2
  30. Naguib Mahfouz: The Pursuit of Meaning. Rasheed El-Enany. Routledge, 17 дек. 2003 г. — Всего страниц: 288, стр.3
  31. Naguib Mahfouz: The Pursuit of Meaning. Rasheed El-Enany. Routledge, 17 дек. 2003 г. — Всего страниц: 288, стр.8-10
  32. Атлас литературы. 500 лет литературы: от Данте до Солженицына. — М.: Олма-Пресс, 2005. — 352 с. — С. 291. — ISBN 5-224-04844-3

Գրականություն

խմբագրել
  • Кирпиченко В. Н. Нагиб Махфуз  - эмир арабского романа.  - М.։ Наука. Изд. фирма «Вост. лит.», 1992.  - 301 с. ISBN 5020174580

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նագիբ Մահֆուզ» հոդվածին։