Նաբաթեա
Նաբաթեա կամ Նաբաթեական թագավորություն (արաբ․՝ مملكة الأنباط, մամլաքաթ ալ-անբատ՝ Նաբատեացիների թագավորություն), հելլենիստական դարաշրջանի արաբական պետություն Հորդանանի թագավորության տարածքում (մ.թ.ա. 3-րդ դարի վերջ - մ.թ. 106)։ Գտնվում էր Հյուսիսային Արաբիայում՝ Եգիպտոսի և Պաղեստինի հարևանությամբ։ Այն ստեղծվել էր մ.թ.ա. 2-րդ դարում։ Այն ընկած էր Սինայի և Արաբական թերակղզիների հատման տարածքում, ներառում էր Հիջազը։ Հյուսիսում սահմանակցում էր Հուդայի, իսկ արևմուտքում՝ Եգիպտոսի Պտղոմեոսյան թագավորություններին։
Մայրաքաղաքը Պետրան էր (այժմ՝ Հորդանան)՝ հելլենիստական ոճի ժայռափոր տաճարներով և բնակելի շենքերով, խոշոր քաղաքներ էին Բոսրան (այժմ՝ Սիրիա), Մադաին Սալեհը (այժմ՝ Սաուդյան Արաբիա), Նիցանան (այժմ՝ Իսրայել)։
Մինչև մ.թ.ա. 3-րդ դարը նաբատեացիները հիմնականում զբաղվել են քոչվոր անասնապահությամբ, 2-1-ին դարերում նաև՝ երկրագործությամբ։ Մ.թ.ա. 2-րդ դարի կեսին Նաբաթեան իր տիրապետությունն է հաստատել Հյուսիսային Հիջազում՝ Եգիպտոսից զավթելով Ամպելոնա նավահանգիստը (Կարմիր ծովի ափին), որտեղ խաչվում էին Հնդկաստանից և Արաբական թերակղզու հարավից Միջերկրականի ավազանը տանող առևտրական ուղիները, ինչի շնորհիվ Պետրան դարձել է առևտրական կենտրոն։
Նաբաթեայի հայտնի առաջին թագավորը Հարիթաթ I-ն է (թագավորել է մ.թ.ա. 169 թվականից)։ Նաբաթեան հզորության է հասել Հարիթաթ III-ի (մ.թ.ա. 87-62) օրոք, ով պարտության է մատնել Սելևկյաններին, մ.թ.ա. 85 թվականին գրավել է Դամասկոսը՝ Ասորիքի հարավային շրջանների հետ, մ.թ.ա. մոտ 84 թվականին հաղթել հրեական զորքին։ Մ.թ.ա. 73-72 թվականներին դաշնակցել է Փյունիկիայի հարավում հաստատված Սելևկյան թագուհի Կլեոպատրա-Սելենեին՝ ընդդեմ Տիգրան Բ Մեծի։ Դամասկոսի մոտ հայկական բանակից պարտվելուց հետո Հարիթաթ III-ը զիջել է Դամասկոսը Տիգրան Բ Մեծին և ընդունել նրա գերիշխանությունը (մ.թ.ա. 72-69)։
Մ.թ.ա. 64 թվականին Ասորիքում հռոմեական տիրապետության հաստատումից հետո Նաբաթեան դարձել է Հռոմից կախյալ թագավորություն։ Մ․թ․ 106 թվականին կայսր Տրայանոսը վերացրել է Նաբաթեայի թագավորությունը և դարձրել հռոմեական «Արաբիա» պրովինցիա։
Պատկերասրահ
խմբագրել-
Ավդաթ, Իսրայել
-
Բոսրա, Սիրիա
-
Մադաին Սալեհ, Սաուդյան Արաբիա
-
Շիվտա, Իսրայել
-
Պետրա, Հորդանան
Գրականություն
խմբագրել- Шифман И․ Ш․, Набатейское государство и его культура, М, 1976․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 138)։ |