Յուսուֆ Իդրիս ( արաբ․՝ يوسف إدريس‎‎, մայիսի 19, 1927(1927-05-19)[1][2][3], Ֆաքուս, Շարկիա, Եգիպտոս - օգոստոսի 1, 1991(1991-08-01)[4][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), եգիպտացի արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, կինոսցենարիստ։

Յուսուֆ Իդրիս
արաբ․՝ يوسف إدريس‎‎
Դիմանկար
Ծնվել էմայիսի 19, 1927(1927-05-19)[1][2][3]
ԾննդավայրՖաքուս, Շարկիա, Եգիպտոս
Մահացել էօգոստոսի 1, 1991(1991-08-01)[4][2][3][…] (64 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Եգիպտոս
Ազգությունարաբ
ԿրթությունԿահիրեի համալսարան
ԵրկերAl-Farāfīr? և A House of Flesh?
Մասնագիտությունբժիշկ-գրող, վիպասան, դրամատուրգ և գրող
Պարգևներ և
մրցանակներ
 Yusuf Idris Վիքիպահեստում

Կյանք և գրական գործունեություն խմբագրել

Կրթություն և գրական առաջին քայլեր խմբագրել

Յուսուֆ Իդրիսը ծնվել է 1927 թվականինի մայիսի 19-ին Նեղոսի դելտայում գտնվող Շարկիյյա մուհաֆազայի Բայրում գյուղում՝ գյուղի կառավարիչ Իդրիս Ալիի ընտանիքում։ Տարրական կրթություն ստացել է գյուղական դպրոցում, իսկ միջնակարգ դպրոց հաճախել է Դամյեթ քաղաքում։ Դպրոցական հասակում Իդրիսը շատ էր կարդում։ 1945 թ. նա ընդունվում է Կահիրեի համալսարանի բժշկական ֆակուլտետ։ Ուսանողության տարիներին մասնակցում է ուսանողական մարքսիստական խմբակի գործունեությանը։ Մասնակցում է նաև բժշկական ֆակուլտետում գործող գրական խմբակին։ Ավարտելով համալսարանը՝ նշանակվում է բժիշկ-ինտերն Կահիրեի Կասր ալ-Այնի պետական հիվանդանոցում։ 50-ականների սկզբին գործուն մասնակցություն է ունենում Եգիպտոսում գործող խաղաղության կողմնակիցների շարժման գործունեությանը։ 1953 թ. որպես եգիպտական պատվիրակության քարտուղար մեկնում է Վիեննա` մասնակցելու խաղաղության կողմնակիցների կոնգրեսին։ Կոնգրեսի ավարտից հետո այցելում է Հունգարիա, Չեխոսլովակիա և ԳԴՀ։ Սա նրա առաջին այցելությունն էր Եվրոպա։ Վերադառնալով Կահիրե` Իդրիսը իր տեղը Կասր ալ-Այնիում գտնում է զբաղված և աշխատանքի է անցնում Կահիրեի քաղաքապետարանի առողջապահության բաժնում։ 1950 թ. ապրիլի 4-ին «Ռոզ ալ-Յուսուֆ» ամսագրում լույս է տեսնում Իդրիսի առաջին պատմվածքը՝ «Լեռան անեծքը» վերնագրով, պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Ամենաէժան գիշերները», լույս է տեսնում 1954 թ.։ Այս ժողովածուն անդրադարձնում է նրա խոր մտահոգությունը հրատապ խնդիրներով, որոնց նա՝ որպես բժիշկ, ամեն օր ականատես էր լինում՝ պայքարելով հիվանդությունների, անտարբերության և չքավորության դեմ[6]։

1950-ական թվականներին խմբագրել

1954 թվականի օգոստոսին՝ այն նույն ամսին, երբ լույս է տեսնում Յուսուֆ Իդրիսի առաջին գիրքը, գրողը ձերբակալվում է՝ մեղադրվելով կոմունիստական գործունեության մեջ։ Սա առաջին դեպքը չէր, որ Յուսուֆ Իդրիսը ձերբակալվում էր իր քաղաքական հայացքների համար։ Առաջին անգամ նա ձերբակալվել էր 1949 թ.` երկու ամսով, ապա` 1952 թ.` երեք ամսով, սակայն այս անգամ նա ձերբակալվում է «Ազատ սպաների» իշխանության օրոք, որոնց իշխանության գալը նա մեծ ոգևորությամբ էր դիմավորել։ Նա բանտում մնում է տասներեք ամիս։ Այս շրջանում եգիպտական մամուլում բուռն քննարկումներ էին տեղի ունենում ավագ սերնդի և երիտասարդ գրողների միջև հասարակական կյանքում գրողի ունեցած դերի և գեղարվեստական գրականության նշանակության մասին։ Այս բանավեճը թափանցում է նաև բանտի պատերից ներս, որտեղ մեծ քանակությամբ գրական և հասարակական գործիչներ էին հայտնվել քաղաքական մեղադրանքներով։ Այստեղ Իդրիսը տարաձայնություններ է ունենում իր կոմունիստ ընկերների հետ և հեռանում է կուսակցությունից։
Բանտից դուրս գալուց անմիջապես հետո Իդրիսը հրատարակում է «Ֆարհաթի հանրապետությունը» («Ջումհուրիյյաթ Ֆարհաթ», 1956) ժողովածուն, որում ընդգրկված էին չորս ստեղծագործություններ՝ «Ֆարհաթի հանրապետությունը», «Սիրո պատմություն» («Կիսսաթ հուբբ»), «Ռամադան» և «Թափորը» («Ատ-Տաբուր»)։ Այս ժողովածուի համար նախաբան է գրում «արաբական գրականության նահապետ» Տահա Հուսեյնը։ Ընդհանրապես, 1956-1960 թթ. Իդրիսի ստեղծագործական կյանքում ամենաբեղուն տարիներն էին։ Մեկը մյուսի ետևից լույս են տեսնում Իդրիսի նոր գրքերը՝ պատմվածքների ժողովածուներ («Այնպես չէ՞» («Ա լեյսա քազալիքա», 1957), «Հերոսը» («Ալ-Բատալ», 1957), «Պատվի հարց» («Հադիսաթ շարաֆ», 1958), «Աշխարհի վերջը» («Ախիր ադ-դունյա», 1959)), վիպակներ («Մեղքը» («Ալ-Հարամ», 1958), «Արատը» («Ալ-Իբ», 1960)), հոդվածներ, պիեսներ («Ջումհուրիյյաթ Ֆարհաթ» (1957), «Բամբակի արքան» («Մալիք ալ-կուտն», 1957), «Դժվար պահը» («Ալ-Լահզա ալ-հարջա», 1958))։ 1959 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում «Ալ-Գումհուրիյյա» թերթում հատվածաբար հրատարակվում է «Ճերմակ աղջիկը» («Ալ-Բեյդա») վեպը։

Հրաժեշտ բժշկական գործունեության խմբագրել

Կապերը խզելով կոմունիստների հետ՝ Իդրիսը չէր կարողանում հարթել իր հարաբերությունները պաշտոնական շրջանակների հետ։ Ունենալով նախկին կոմունիստի և «ձախ» հայացքներ կրողի համբավ՝ նա չէր վայելում նրանց վստահությունը։ 1957 թ. Իդրիսը թողնում է Կահիրեի քաղաքապետարանի առողջապահության բաժնի վարիչի պաշտոնը և աշխատանքի է անցնում Իսլամական կոնգրեսում։ Այս կազմակերպության նպատակն էր աջակցել տարբեր երկրների մուսուլմանների միջև հասարակական և մշակութային կապերի ամրապնդմանը։ Կոնգրեսում աշխատելով մեկ տարուց էլ քիչ՝ նա աշխատանքի է անցնում «Աշ-Շաաբ» թերթի խմբագրությունում, որը դրանից ոչ շատ անց միավորվեց «Ալ-Գումհուրիյյա» թերթի հետ։ Յուրաքանչյուր շաբաթ Իդրիսը պետք է գրական կամ հասարակական-քաղաքական թեմայով հոդված գրեր «Օրագիր» («Յաումիյյաթ») բաժնի համար։ Այսպիսով, Իդրիսը վերջնականապես հրաժեշտ է տալիս բժշկական գործունեությանը։ Դրանից հետո նա մի քանի անգամ փորձում է վերադառնալ բժշկի աշխատանքին, նույնիսկ մասնավոր կաբինետ է բացում, սակայն հնարավոր չի լինում համատեղել բժշկական գործունեությունը գրականության և լրագրության հետ։

1960-ական թվականներին խմբագրել

Այս տարիներին Յուսուֆ Իդրիսը շատ է ճամփորդում, համարյա ամեն տարի այցելում է արտասահման։ Անցած դարի 60-ական թթ. ընթացքում նա լինում է Արևմտյան և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներում։ 1964 թ. նա ժամանում է Խորհրդային Միություն։ 1966 թ. նրան հրավիրում են ԱՄՆ, որտեղ նա դասախոսություններ էր կարդում ժամանակակից եգիպտական գրականության վերաբերյալ մի շարք ամերիկյան համալսարաններում։ 60-ական թթ. նա այցելում է համարյա բոլոր արաբական երկրները։ 1965 թ. վերջին Բեյրութի «Հիվար» ամսագիրը, որը հրատարակվում էր, այսպես կոչված, Ազատ մշակույթի միջազգային կազմակերպության կողմից, Իդրիսին շնորհեց գրական մրցանակ 10.000 լիբանանյան լիրայի չափով։ Քանի որ արաբական հասարակայնության շրջանակներում լայնորեն հայտնի էր, որ կազմակերպությունը ֆինանսավորվում է ԿՀՎ-ի օրգանների կողմից, այդ տեղեկությունը մեծ աղմուկ բարձրացրեց Եգիպտոսում։ Մի քանի օր անց Իդրիսը հայտարարում է մրցանակից իր հրաժարվելու մասին, ինչն ընդունվում է մեծ գոհունակությամբ։ 1966 թ. հունվարին Յուսուֆ Իդրիսը պարգևատրվում է Հանրապետության շքանշանով։ «Ճերմակ աղջիկը» վեպից հետո Իդրիսի ստեղծագործության վրա ակնհայտ էր ֆրոյդիզմի և էքզիստենցիալիզմի ազդեցությունը, իր գեղարվեստական երկերում հեղինակը փորձում է հետազոտել մարդկային անհատականության «խորքերը», անհատի ենթագիտակցությունը, նրա հոգեբանության և վարքի կենսաբանական հիմքերը։ 1962 թ. գարնանը Յուսուֆ Իդրիսը՝ որպես «Ալ-Գումհուրիյյա» թերթի թղթակից, մեկնում է նոր անկախացած Ալժիր։ Ալժիրից վերադառնալու ճանապարհին նա երկու շաբաթ անց է կացնում Իսպանիայում, ինչի արդյունքում հայտնվում է «Մարդիկ և ցլեր» («Ռիգալ վա սիռան», 1964) գիրքը, որում գրողը շարունակում է դատապարտել մարդու բռնության կենդանական բնազդը։ 1965 թ. հոկտեմբերին լույս է տեսնում «Ցավի լեզուն» («Լուղաթ ալ-այ-այ», բառացի՝ «Այ-այ լեզուն») ժողովածուն։ 1964 թ. լույս է տեսնում «Ֆարֆուրները» («Ալ-Ֆարաֆիր»), իսկ 1966 թ.` «Երկրային կատակերգություն» («Ալ-Մահզալա ալ-արդիյյա») պիեսները։ Միացյալ Նահանգներից Իդրիսը վերադառնում է 1967 թ. սկզբին և նշանակվում է Պետական սեկտորի դրամատիկական թատրոնների կազմակերպության տնօրեն։ Այս կազմակերպությունը միավորում էր հինգ թատրոններ, սակայն 1967 թ. հոկտեմբերին նա հեռանում է այդ պաշտոնից և վերադառնում «Ալ-Գումհուրիյյա» թերթի խմբագրություն։
1967 թ. Եգիպտոսի պարտությունը Իսրայելի դեմ պատերազմում ցնցում է բոլորին։ Իշխող վարչակազմից դժգոհությունը մտավորականության մեջ ավելի է խորանում։ 1968 թ. Իդրիսը գրում է «Զոլավորները» («Ալ-Մուխատտիտին») պիեսը, որի բեմականացումն արգելվում է գրաքննության կողմից։ Մշտական նյարդային լարվածությունը, հանգստացնող դեղերի չարաշահումը հանգեցնում են նրան, որ Իդրիսի առողջությունը կտրուկ կերպով վատանում է, գրողը կախվածության մեջ է ընկնում թմրանյութերից։ 1968 թ. Իդրիսը բուժվելու նպատակով մեկնում է Խորհրդային Միություն և այնտեղ ավելի քան երեք ամիս անց է կացնում հիվանդանոցում։ Վերջապես, 1969 թ. սեպտեմբերին լույս է տեսնում Իդրիսի նոր «Կոչնակները» («Ան-Նադդահա») ժողովածուն։ Այս ժողովածուում, ավելի քան որևէ այլ ստեղծագործության մեջ, Իդրիսը իր կերպարները բացահայտելիս դիմում է հոգեվերլուծության օգնությանը, հեղինակը ձգտում է ցուցադրել կենսաբանական բնազդի անհաղթահարելիությունը։

1970-ական թթ. խմբագրել

1971 թ. հունվարին «Ալ-Ահրամում» լույս են տեսնում Իդրիսի «Մայրցամաքի հայտնագործությունը» («Իքթիշաֆ ալ-կառռա») ընդհանուր վերնագրով երեք հոդվածները, որոնցում նա կիսվում է իր տպավորություններով Հարավ-արևելյան Ասիայի երկրներ կատարած իր երկամսյա ճամփորդության մասին։ Նույն ամսին Ազգային թատրոնում տեղի է ունենում Իդրիսի նոր պիեսի՝ «Երրորդ սեռը» («Ալ-Ջինս աս-սալիս») պրեմիերան, որը հաջողություն չի ունենում հանդիսատեսի մոտ։ Իդրիսը դրանում մեղադրում է բեմադրողին, որը «խեղաթյուրել է հեղինակի մտահղացումը», և արգելում է նկարահանել ներկայացման հեռուստատեսային տարբերակը[7]։ 1971 թ. ամռանը Իդրիսի առողջությունը կրկին վատանում է։ Նա փորձում է ինքնասպանություն գործել։ Կառավարությունը պետության հաշվին Իդրիսին բուժման է ուղարկում Լոնդոն։ Բուժումը պետք է շարունակվեր մեկ տարի, սակայն գրողը ինն ամիս անց վերադառնում է Կահիրե։ Սրանից հետո Իդրիսի մոտ ստեղծագործական ճգնաժամ է սկսվում. մինչև 1979 թ. լույս չի տեսնում նրա պատմվածքների ոչ մի նոր ժողովածու, չի բեմադրվում ոչ մի նոր պիես, միայն «Ալ-Ահրամում» պարբերաբար հայտնվում են նրա հոդվածները և հրապարակախոսական էսսեները։ Իդրիսի հրապարակախոսության հիմնական թեմաներն են եգիպտացիների ազգային բնավորությունը, դրա առանձնահատկությունները և դրանց ազդեցությունը Եգիպտոսի պատմական ճակատագրի վրա[8]։

1980-ական թթ. խմբագրել

1980-ական թթ. սկզբին նորից սկսում են հրատարակվել Իդրիսի նոր ժողովածուները, վիպակները և պիեսները։ 1980 թ. լույս են տեսնում «Նյու Յորք 80» վեպը, «Ես գոյության օրենքի տիրակալն եմ» («Անա սուլտան կանուն ալ-վուջուդ») ժողովածուն, 1982 թ. վերջապես բեմադրվում է «Զոլավորները» պիեսը։ Նույն թվականին Իդրիսը գրում և հրատարակում է «Խեղկատակը» («Ալ-Բահլավան»)։ 1987 թ. Իդրիսը հրատարակում է «Ամենաառնական տղամարդը» («Աբու ռիջալ», բառացի՝ «Տղամարդկանց հայրը») պատմվածքը, որում ժամանակակից արաբական գրականության մեջ առաջին անգամ անդրադառնում է լատենտ հոմոսեքսուալության խնդրին[9]։ 1988 թ., երբ Նագիբ Մահֆուզը Նոբելյան մրցանակ է ստանում, Իդրիսը բողոքում է, քանի որ ակնկալվում էր, որ այն պետք է շնորհվի իրեն։ Ըստ Իդրիսի՝ շվեդական ակադեմիան մերժել էր իր թեկնածությունը իր հակաիսրայելական հայացքների պատճառով[10]։

Յուսուֆ Իդրիսի մահը խմբագրել

Յուսուֆ Իդրիսը մահացել է վաթսունչորս տարեկանում սրտի կաթվածից Լոնդոնում, որտեղ բուժվում էր Նյարդային հիվանդությունների ազգային հոսպիտալում։

Ընտանիք խմբագրել

Յուսուֆ Իդրիսն ամուսնացել է 1957 թ. Ռագաա ար-Ռիֆաիի հետ[11]։ 1962 թ. ծնվում է նրա ավագ որդին՝ Սամիհը, 1964 թ.` Բահան, 1973 թ.` դուստրը՝ Նեսման[12], ով ևս զբաղվում է գրական գործունեությամբ[13]։

Հիմնական ստեղծագործությունները խմբագրել

Ընդհանուր նկարագիր խմբագրել

1950 թ. ապրիլի 4ին «Ռոզ ալ-Յուսուֆ» ամսագրում լույս է տեսնում Իդրիսի առաջին պատմվածքը՝ «Լեռան անեծքը» («Լանհաթ ալ-Ջաբալ») վերնագրով, պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Ամենաէժան գիշերները» («Առխաս լայալի», լույս է տեսնում 1954 թ.։ Այն բարձր գնահատական ստացավ ժամակակիցների կողմից հասարակ մարդու նկատմամբ սիրո և ժամանակակից լեզվի համար։ Իդրիսը չի ստացել հատուկ բանասիրական կրթություն և սիստեմատիկորեն չի ուսումնասիրել ոչ արաբական և ոչ էլ եվրոպական գրականությունը, սակայն նա դրսևորեց ինքնատիպ տաղանդ իր խոսքերով միայն։ Դառնալով գրող՝ նա սկսեց պարբերաբար կարդալ, նրա վրա մեծ ազդեցություն թողեցին Տ.Հուսեյնի «Օրեր» և «Շահրիզադայի երազներ» գործերը, Դոստոևսկու «Կարամազով եղբայրները», Գոգոլի և Չեխովի գործերը։ Ինքն իրեն համարում էր «չեխովական», ընդունելով նրա արտահայտչամիջոցները իր առաջին նովելներում, միևնույն ժամանակ նշելով, որ ինքը գրում է որպես Իդրիս։ 1957 թ.ին լույս տեսվ 5 նովելներից բաղկացած ժողովածու՝«Հերոսը», նույն թվին նաև «Այդպես չէ?» ժողովածուն, կազմված « Երկու քաղաք» վեպից և 12 պատմվածքներից։ 1959 թի մայիսին լույս տեսավ նրա «Մեղքը» կարճ վեպը, որը պատմում է բատրակների կյանքի դրամատիկ պահերի մասին, որն հետո էկրանավորվեց։ «Ալ-Ջումհուրիյա»թերթում տպագրվեց «Ճերմակ աղջիկը» («Ալ-Բեյդա») պատմվածքը, իսկ 1961 թ. լույս տեսավ «Աշխարհի վերջը» նովելների ժողովածուն։

1958 թ.Իդրիսն աշխատանքի է անցնում «Աշ-Շաբ» թերթի խմբագրությունում, որը դրանից ոչ շատ անց միավորվեց «Ալ-Ջումհուրիյա» թերթի հետ։ Այսպիսով Իդրիսը վերջնականապես հրաժեշտ է տալիս բժշկական գործունեությանը։ 1962 թ. «Սև զինվորը» ժողովածուի կենտրոնական պատմվածքում պատկերվում է նախկին կալանավորի և բանտապահի հոգեկան քայքայումն ու անկումը, այս գործողությունները զարգանում են միապետական ռեժիմի ժամանակ, երբ դահիճն ավելի մեծ բարոյահոգեբանական անկում է ապրում քան իր զոհը։ «Ցավի լեզուն» (1965) ժողովածուի մեջ Իդրիսը շոշափում է Եգիպտոսի հետհեղափոխական իրավիճակը։ Նրա պատմվածքներն ապրում են զարգացում, յուրաքանչյուր նոր պատմվածքում կենսական ու սոցիալական երևույթների վերլուծությունը դառնում է ավելի գիտակցական, առանձին դեպքերի մեկնաբանությունից նա անցնում է դիտարկումների և փաստերի ավելի լայն սոցիալական և հոգևոր վերլուծության՝կապված ժողովրդի անցյալի ու ներկայի հետ՝ փորձելով գտնել դրա օրինաչափությունը։

1967 թ. նա նշանակվում է Պետական սեկտորի դրամատիկակն թատրոնների կազմակերպության տնօրեն։ Այս կազմակերպությունը միավորում էր հինգ թատրոններ։ Իդրիսը ոգևորությոմբ ձեռնամուխ է լինում նոր աշխատանքին, ծրագրում է բեմադրել Շեքսպիրի «Համլետը», Բրեխտի, Պիրանդելլոյի, ինչպես նաև եգիպտացի հեղինակների պիեսներ, սակայն 1967 թ. հոկտեմբերին նա հեռանում է կազմակերպության ղեկավարի պաշտոնից։

1969 թ. Իդրիսն աշխատանքի է անցնում «Ալ-Ահրամ»թերթի խմբագրությունում,որի գրական հավելվածում 1970 թ. ընթացքում լույս են տեսնում նրա նոր պատմվածքները։ 1980-ական թթ. Սկզբին նորից սկսում են հրատարակվել Իդրիսի նոր ժողովածուները և պիեսները. 1980 թ. լույս են տեսնում «Նյու Յորք 80» վեպը, «Ես սուլթանն եմ,գոյության օրենքը» («Անա սուլտան կանուն ալ-վուջուդ») ժողովածուն, 1982 թ. «Սպանիր նրան» («Ուկթուլհա»), «Նրա մայրը» («Ումմուհու») ժողովածուները։

1988 թ., երբ Նագիբ Մահֆուզը Նոբելյան մրցանակ էր ստանում, Իդրիսը բողոքում է, քանի որ ակնկալում էր, որ այն պետք է շնորհվի իրեն։ Ըստ Իդրիսի՝ շվեդական ակադեմիան մերժել է իր թեկանծությունը իր հակաիսրայելական հայացքների պատճառով։ Յ.Իդրիսը մահացել է 64 տարեկանում սրտի կաթվածից Լոնդոնում, որտեղ բուժվում էր Նյարդային հիվանդությունների ազգային հոսպիտալում։

Իդրիսն իր առանձնահատուկ տեղն ունի արաբական թատրոնի և դրամատուրգիայի մեջ։ Թատրոնն արդեն այս տարիներին դարձել էր արտահայտման ամենահզոր միջոցներից մեկը եգիպտական հասարակության մեջ։ Այսօր արդեն վստահաբար կարելի է ասել, որ արաբական, մասնավորապես եգիպտական դրամատուրգիայի պատմության մեջ Յուսուֆ Իդրիսը Թաուֆիկ ալ-Հաքիմից հետո հանդիսանում է երկրորդ խոշորագույն թատերագիրը։

Դրամատուրգիայում Իդրիսն իր փորձերը կատարել է դեռ դպրոցական տարիներին՝ պիեսներ գրելով դպրացական ներկայացումների համար։ Սակայն լրջորեն դրամատուրգիայով նա սկսում է զբաղվել միայն 1956 թ., երբ պիեսի է վերածում «Ֆարհաթի հանրապետությունը»պատմվածքը,որի մեջ մտավ նաև «Մի սիրո պատմություն»պատմվածքը, որը պատմություն էր եգիպտացիների զինված պայքարի մասին անգլիացիների դեմ։ Ընդհանուր առմամբ Իդրիսը հրատարակել է 8 պիեսներ` արդեն նշված «Ֆարհաթի հանրապետությունը» և «Բամաբակի արքան», որոնք լույս են տեսնում մեկ ընդհանուր հրատարակությամբ («Ջումհուրիյաթ Ֆարհաթ վա Մալիք ալ-Կուտն» 1956), «Դժվար պահը», «Ֆարֆուրներ», «Երկրային կատակերգություն», «Զոլավորները», որը գրել է 1968 թ., սակայն այն արգելվոմ է գրաքննության կողմից և ներկայացվում է միայն 1982 թ., «Երրորդ սեռը» և «Խեղկատակը»։

«Ֆարհաթի հանրապետությունը»պատմվածքը պիեսի վերածելը մեծ խնդիր չէր,քանի որ այն հենց սկզբից իր մեջ թատերական տարրեր էր պարունակում։Պիեսի բովանդակությունը հիմնված է գլխավոր հերոս ավագ ոստիկան Ֆարհաթի երազանքների վրա մի այնպիսի հանրապետության մասին,որը կլուծի իր և բոլոր մարդկանց խնդիրները։ Հաջորդ պիեսը`«Բամբակի արքան», որը, իչնպես և «Ֆարհաթի հանրապետությունը», կազմված է ընդամնեը մեկ գործողությունից, պատմում է հողագործի և հողատիոջ միջև սկսված պայքարի մասին հողագործի ստացված եկամուռշտների բաշխման շուրջ։ 1958 թ. Իդրիսը գրում է «Դժվար պահը» 3 գործողությունից կազմաված պիեսը, որը նվիրված էր Պորտ-Սաիդի պաշտպանությանը 1956 թ.անգլո-ֆրանս-իսրայելական եռակի ագրեսիայի ժամանակ։ Սրան հաջորդում է 7 տարի փնտրտուքների շրջանը, որից հետո նա 1964 թ. ապրիլին հանդիսատեսի դատին է հանձնում իր նոր «Ալ-Ֆարաֆիր» («Ֆարֆուրները») պիեսը, որում փորձում է մարմնավորել իր փնտրտուքների արդյունքում փեռք բերած պատկերացումները եգիպտական և ընդհանրապես արաբական թատրոնի ձևի և բովանդակության մասին։ Նա առաջ է քաշում «թամասրուհի»`«թատերայնացման» դրույթը։ «Դեպի եգիպտական թատրոն» հոդվածաշարում նա բավականին կտրուկ բնորոշումներ է տալիս իր ժամանակի եգիպտական թատրոնին և դրամատուրգիային՝մերժելով դրանց արաբական բնույթը և դրանք համարելով եվրոպական իրողություն, եվրոպական թատրոնի և դրամատուրգիայի դրսևորումներ։ այստեղ նա առաջ է քաշում եգիպտական «ազգային»թատրոնի իր ծրագիրը։ Եգիպտական «ազգային»թատրոնի գլխավոր առանձացնող որակը,ըստ նրա,պետք է հանդիսանար «հանդիաստեսի թատերայնացումը»։ «Ալ-Ֆարաֆիրն», ըստ էության, արդեն «թատերայնացման» գործնական ուղեցույց է։ Այն գոնե թվացյալ հնարավորություններ է ընձեռնում Իդրիսի «թատերայնացման» տեսության գործնական կրիառման համար։ Հերոսները՝Սիդն ու Ֆարֆուրը իրենց հարցերի պատասխանը ստանալու, իրենց օգնելու համար դիմում են հանդիաստեսին։

«Ալ-Ֆարաֆիրում»շոշափվող խնդիրները հետագա զարգացում են ստանում 1966 թ.գրված «Երկրային կատակերգություն»չորս գործողությունից կազմված պիեսում։Պիեսի հիմքում դրված է «Ցավի լեզուն» ժողովածուի «Բանականության սահմաններից վեր» («Ֆաուկա հուդուդ ալ-ակլ») պատմվածքը։ Իդրիսի դրամատուրգիայի բնորոշ գծերից է դրանցում դիտակետի առկայությունը։ Հեղինակը հատուկ կերպաևներ է ներմուծում պիեսների մեջ, որոնց միջոցով դիտարկում և հանդիաստեսին ու ընթերցողին հնարավորություն է տալիս դիտարկելու ներկայացվող իրավիճակները։

Նախորդ դարի 60-ական թթ.սկսած Իդրիսի աշխարհայացքի վրա զգալի է էքզիստենցիալիստական մտածողության ազդեցությունը։ «Ֆարֆուրներ» և «Երկրային կատակերգություն» պիեսներում ևս նա շարունակում է զարգացնել այդ շրջանի իր ստեղծագործությանը բնորոշ կյանքի իմաստի էքզիստենցիալիստական որոնումները և այն որոնումների հետ կապված՝զարգացնում է սոցիալական անարդարության և բռնության դատապարտումը՝ միաժամանակ փորձելով գտնել այդ երևույթների ակունքները՝ինչպես մարդկային էության խորքերում, այնպես էլ շրջակա աշխարհի՝մարդուն պարտադրված հանգամանքներում։ Կյանքի իմաստի որոնումը երկու պիեսնորում էլ կենտրոնական նշանակություն ունի և ամրագրված դրանցում կոնկրետ բանաձևով.«Ապրելուց ավելի կարևոր է իմանալ,թե ինչու ենք ապրում»։

Յուսուֆ Իդրիսն իր վիպակներում և պատմվածքներում հեղինակային խոսքը վարում է խիստ պարզեցված գրական արաբերենով, իսկ դրանց հերոսները խոսում են տեղական բարբառով։ Թեև Իդրիսն անընդհատ նշում է, որ թատրոնի գլխավոր նպատակը զվարճացնելն է, սակայն նրա դրամատուրգիան հեռու է զուտ զվարճալի լինելուց։ Չնայած հեղինակը դրանք հիմանականում անվանում է կատակերգություններ, շոշափվող թեմաների, գործողությունների զարգացման տեսանկյունից, դասական թատրոնի համատեքստում դրանք թերևս հեռու են կատակերգություններ լինելուց։ Թերևս ավելի ճիշտ կլինի դրանք տրագիկոմեդիաներ կոչել։

Իհարկե, չի կարելի ժխտել, որ եգիպտական գրականության մեջ «Ալ-Ֆարաֆիրը» նորույթ էր թե ձևով, թե բովանդակությամբ և հսկայական ազդեցություն գործեց եգիպտական թատրոնի և դրամատուրգիայի հետագա զարգացման վրա։ Ինչ վերաբերում է «թամասրուհին» կամ հանդիսատեսի «թատերայնացմանը», այն այսօր այս կամ այն ձևով լայնորեն կիրառվում է ամբողջ աշխարհում։

Կարճ պատմվածքների ժողովածուներ խմբագրել

  • Ամենաէժան գիշերները (أرخص ليالى)
  • Ֆարհաթի հանրապետությունը (جمهورية فرحات)
  • Այնպես չէ՞ (أليس كذلك؟)
  • Հերոսը (البطل),
  • Պատվի հարց (حادثة شرف)
  • Աշխարհի վերջը (آخر الدنيا)
  • Ցավի լեզուն (لغة الآى آى)
  • Կոչնակները (النداهة)
  • Մսից տուն (بيت من لحم)
  • Ես գոյության օրենքի սուլթանն եմ (أنا سلطان قانون الوجود)

Վիպակներ խմբագրել

  • Մեղքը (الحرام)
  • Արատը (العيب)
  • Ճերմակ աղջիկը (البيضاء)
  • Նյու Յորք 80 (نيويورك 80)

Պիեսներ խմբագրել

  • Ֆարհաթի հանրապետությունը և Բամբակի արքան (ملك القطن وجمهورية فرحات)
  • Դժվար պահը (اللحظة الحرجة)
  • Ֆարֆուրները (الفرافير)
  • Երկրային կատակերգությունը (المهزلة الأرضية)
  • Զոլավորները (المخططين)
  • Երրորդ սեռը (الجنس الثالث)
  • Ծաղրածուն (البهلوان)

Հոդվածներ խմբագրել

  • Դեպի արաբական թատրոն (نحو مسرح عربى)
  • Մայրցամաքի հայտնագործությունը (إكتشاف قارة)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Идрис Юсуф // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Babelio (ֆր.) — 2007.
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. https://web.archive.org/web/20240408020548/https://aucpress.com/mahfouz-medal/
  6. Mona N. Mikhail. Studies in the Short Fiction of Mahfous and Idris, p. 27.
  7. Кирпиченко. Юсуф Идрис, стр. 197:
  8. Кирпиченко. Юсуф Идрис, стр. 200:
  9. A different leader of men: Yusuf Idris against Arab concepts of male homosexuality.
  10. Yusuf Idris of Egypt, Playwright, Dies at 64
  11. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 28-ին.
  12. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 28-ին.
  13. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 28-ին.

Աղբյուրներ խմբագրել

  1. В. Н. Кирпиченко, Юсуф Идрис, Москва։ Наука, 1980.
  2. Rudnicka-Kassem, Dorota. (1993). Egiptian Drama and Social Change. A Study of Thematic and Artistic Development in Yusuf Idris’s Plays. Cracow-Monreal։ Jagiellonian University Printing House.
  3. Mikhail N. Mona. (1992). Studies in the Short Fiction of Mahfous and Idris. London- New York։ New York University Press.
  4. Kurpershoek P. M. ( 1981). The Short Stories of Yusuf Idris։ A Modern Egiptian Auther. Leiden։ Brill Academic Publishers.
  5. Allen, Roger. (1992). Critical perspectives on Yusuf Idris. Washington, D. C.։ Three Continents Press.
  6. http://www.enotes.com/yusuf-idris-essays/idris-yusuf

Արտաքին հղումներ խմբագրել

  1. Յուսուֆ Իդրիս, Ուղտային հեծելազորը (թարգմ. Ռ. Մանուկյան)(չաշխատող հղում)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուսուֆ Իդրիս» հոդվածին։