Յոհան Բալտազար Նեյման

Գերմանացի ճարտարապետ

Յոհան Բալտազար Նեյման կամ Նեյման (գերմ.՝ Johann Balthasar Neumann հունվարի 27, 1687(1687-01-27)[1][2], Խեբ, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Սրբազան Հռոմեական կայսրություն[3][4] - օգոստոսի 19, 1753(1753-08-19)[5][6][2][…], Վյուրցբուրգ, Բավարիա[7]), գերմանական բարոկկոյի և ռոկոկոյի ամենամեծ ճարտարապետներից մեկը։

Յոհան Բալտազար Նեյման
Ծնվել էհունվարի 27, 1687(1687-01-27)[1][2]
ԾննդավայրԽեբ, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Սրբազան Հռոմեական կայսրություն[3][4]
Մահացել էօգոստոսի 19, 1753(1753-08-19)[5][6][2][…] (66 տարեկան)
Վախճանի վայրՎյուրցբուրգ, Բավարիա[7]
Ուշագրավ աշխատանքներԱմառային ամրոց, Մատուռ և Սուրբ Փրկիչ բազիլիկ
 Balthasar Neumann Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Տուն, որտեղ ծնվել է Բալտազար Նեյմանը

Բալտազար Նեյմանը արհեստի առաջին քայլերը 18-րդ դարի սկզբին հավանաբար կատարել է իր կնքահոր՝ զանգի պատրաստման և մետաղի ձուլման վարպետ Բալթազար Պլացերի ղեկավարությամբ։ Գնացել է Վյուրցբուրգ՝ Սեբալդ Կոխի մոտ սովորելու, որից հետո 1711 թվականին ստացել է «զինագործի, ռազմական և կենցաղային հրարվեստի» վարպետի կոչում։

1712 թվականին Նեյմանը շարքային ծառայության է անցել Ֆրանկոնիայի հրետանու մեջ, քանի որ ինժեների կարիերան բաց էր միայն զինվորականների համար։ Այս ընթացքում նա ուսումնասիրել է բերդաշինության արվեստը։ 1714 թվականից Նեյմանը ծառայել է Վյուրցբուրգի եպիսկոպոսներին։ 1717-18 թվականներին Նեյմանը ֆրանկոնյան զորքերի հետ մեկնել է Ավստրիա և Հունգարիա, որտեղ, հավանաբար, որպես ինժեներ մասնակցել է Բելգրադի ամրացմանը։

Վիեննայում Նեյմանը ծանոթացել է Յոհան Բերնհարդ Ֆիշեր ֆոն Էրլախի և Յոհան Լուկաս ֆոն Հիլդեբրանդտի օրինակելի բարոկկո կառույցներին, որոնք ձևավորել են նրա ճարտարապետական նախասիրությունները։ Միլանում Նեյմանը ծանոթացել է Գվարինո Գվարինիի աշխատանքներին, որը հետագայում ազդել է նրա ճանաչման արժանացած տարածության հանճարեղ ընկալման վրա։

Որոշ ժամանակ Նեյմանն աշխատել է Վյուրցբուրգի ճարտարապետներ Անդրեաս Մյուլլերի և Ժոզեֆ Գրիզինգի ղեկավարությամբ, իսկ 1719 թվականին նոր արքեպիսկոպոս Յոհան Ֆիլիպ Ֆրանց ֆոն Շյոնբորնը Բալտասար Նեյմանին նշանակել է Վյուրցբուրգի արքեպիսկոպոսարանի շինարարական ծառայության պատասխանատու։ Այս կարգավիճակում՝ 1720 թվականին, Նեյմանին վստահվել է Վյուրցբուրգում նոր պալատ-նստավայրի նախագծումը։ Վյուրցբուրգի արքեպիսկոպոսը հետևել է իր մորեղբոր՝ Մայնցի կուրֆյուրստ Լոտար Ֆրանց ֆոն Շյոնբորնի առաջարկին, որը Նեյմանի ճարտարապետական տաղանդը նկատել էր դեռ 1715 թվականին։

 
Թրիերի Սուրբ Պաուլին քաղաքի բարոկկո ոճի եկեղեցի

Այս տարիներին Նեյմանի ճարտարապետական հայացքները ձևավորվել են Վյուրցբուրգի եպիսկոպոսի ծառայության մեջ գտնվող այլ ճարտարապետների հետ համագործակցությամբ, ինչպիսիք են Մաքսիմիլիան ֆոն Վելշը, Էրտալ և Ռիտեր ֆոն Գրոնեշտեյն եղբայրները, որոնց միջոցով նա ծանոթացել է վաղ ֆրանսիական դասական Մանսարի ճարտարապետությանը։ Վիեննայի ճարտարապետ Յոհան Լուկաս ֆոն Հիլդեբրանդտը որոշիչ ազդեցություն է ունեցել Նեյմանի ոճի վրա։

Պալատական նախագծի նախապատրաստման ընթացքում Նեյմանն իր գործատուի անունից մեկնել է ուսումնական շրջագայության և այցելել Մանհայմ, Բրուխսալ, Ստրասբուրգ, Նանսի և Փարիզ։ Այստեղ, ֆրանսիական արքայի առաջին ճարտարապետ Ռոբեր դե Կոտտի ազդեցության տակ, վերջապես ձևավորվել են տարածության հետ վարվելու նրա նորարարական տեսակետները։ Ֆրանսիացի ճանաչված ճարտարապետ Ջերմեն Բոֆրանի հետ միասին Նեյմանը աշխատել է Փարիզում՝ լայնածավալ սանդուղքների իր նախագծերի վրա, որոնք հետագայում նրան հայտնի են դարձրել։ 1724 թվականին Նեյմանը մայորի կոչում է ստացել։ Շնորհիվ գաղտնի խորհրդական Ֆրանց Իգնատի Շիլդի դուստր Մարիա Եվա Էնգելբերտ Շիլդի հետ ամուսնության՝ Նեյմանը դարձել է քաղաքի ամենաազդեցիկ տների և եպիսկոպոսության անդամ։

1729 թվականին Նեյմանը ստացել է փոխգնդապետի աստիճան և փոխարինել Մաքսիմիլիան ֆոն Վելշին որպես Բամբերգի շինարարական ծառայության պետ, երկրորդ եպիսկոպոսության արքեպիսկոպոս Ֆրիդրիխ Կառլ ֆոն Շոնբորնի տիրույթում։ Այնտեղ նա կառուցել է Vierzenheiligen մեծ տաճարը։ 1731 թվականին Նեյմանը ղեկավարել է Վյուրցբուրգի համալսարանի քաղաքացիական և ռազմական ճարտարապետության բաժինը, որը ստեղծվել էր հատուկ նրա համար, և 1741 թվականին ստացել է ամենաբարձր՝ գնդապետի աստիճան։

Շյոնբորն ընտանիքի կառուցապատման մոլուցքի շնորհիվ, որով փորձել են ամեն տեղ իրենց հովանավորյալներին դնել, Նեյմանը պատվերներ է ստացել Շպայերի, Կոնստանցի և Տրիերի եպիսկոպոսներից և նույնիսկ Քյոլնի կուրֆյուրստ Կլեմենս Ավագուստ I Բավարիացուց։

Իր կյանքի վերջում Նեյմանը կայսր Ֆրանց I- ի պատվերով ստեղծել է, նախագծեր Վիեննայում Հոֆբուրգի նոր սանդուղքի համար, որը համարվել է բարոկկո սանդուղքների ամենահիասքանչ նմուշներից մեկը (1747), ինչպես նաև Շտուտգարտի (1747-1749), Կարլսրուեի (1750-) բնակավայրերի մեծամասշտաբ նախագծեր (1751) և Շվետցինգենը (1752)։

Նեյմանը մահացել է 1753 թվականին՝ հրետանային գնդապետի կոչումով և արքեպիսկոպոսի շինարարական ծառայության ղեկավարի պաշտոնով։ Այլ արհեստավորների կողմից ավարտին են հասցվել Ներեսհայմում վանական եկեղեցին և Տասնչորս Սրբերի բազիլիկը։

Արվեստի գործեր խմբագրել

  • 14 սրբերի տաճարը տեղակայված է Բադ Շտաֆելշթայն կոմունային հարող անտառապատ տարածքում, այն վայրում, որտեղ, ըստ լեգենդի, Հիսուս մանուկը երկու անգամ հայտնվել է՝ 14 սրբերի ուղեկցությամբ։
  • Գոսվայնշտեյնի բազիլիկը կառուցվել է Նեյմանի կողմից 1730-1739 թվականներին՝ որպես Սուրբ Հակոբոսի ճանապարհի ուխտավորների եկեղեցի
  • Երրորդություն կաթոլիկ եկեղեցին Գայբախ Գայբախ գյուղի կենտրոնում (ներկայումս գտնվում է Ստորին Ֆրանկոնիայի Ֆոլկախ քաղաքի Կիտցինգեն շրջանի տարածքում) կառուցվել է 1740-1745 թվականներին արքեպիսկոպոս Ֆրիդրիխ Կառլ ֆոն Շոնբորնի հրամանով։
  • Ուխտագնացություն մատուռ Սբ. Նիկոլասը (Նիկոլաուսբերգ) Վյուրցբուրգի մայրուղուց վերև՝ ճարտարապետի վերջին գործն է, կառուցվել է 1747-1750 թվականներին։ Ներքին հարդարանքը Ֆեյկյումերիեի և Մատերնո Բոսիի, որմնանկարները՝ Մաթեուս Գյունտերի։
  • Կիտցինգենում գտնվող մատուռը գտնվում է Մայնի ափին `քաղաքի կենտրոնին հակառակ և առանձնանում է հարևան եկեղեցիներից` Նեյմանի աշխատանքի տանիքի առանձնահատկությամբ։

Հիշատակ խմբագրել

  • Նեյմանը պատկերված է իր կառուցած Վյուրցբուրգի նստավայրի հիմնական սանդուղքը ծածկող առաստաղի պլաֆոնին։ Ենթադրվում է, որ իր չափսերով այս պլաֆոնը առաստաղի նկարչության համաշխարհային պրակտիկայում առաջին տեղում է։
  • Նեյմանը պատկերված է 50 գերմանական թղթադրամի վրա
  • Նեյմանի անունով կոչվել է խառնարան Մերկուրիում
  • Նեյմանը պատկերված է 1961 թվականի ԳԴՀ փոստային նամականիշի վրա
  • Նեյմանի անունով են կոչվել Գերմանիայի տարբեր քաղաքների մի քանի դպրոցներ։

Մատենագիտություն խմբագրել

  • Max H. von Freeden: Balthasar Neumann. Leben und Werk. Deutscher Kunstverlag, München 1981, ISBN 3-422-00118-2
  • Wilfried Hansmann: Balthasar Neumann. DuMont, Köln 1993, ISBN 3-8321-7167-3
  • Eugen Ortner: Der Barockbaumeister Balthasar Neumann. Eine Biographie. Gondrom-Verlag, Bindlach 1989, ISBN 3-8112-0625-7
  • Bernhard Schütz: Balthasar Neumann. Herder, Freiburg/B. 1988, ISBN 3-451-20614-5
  • Bauern II:Franken: Handbuch der Historishen Stätten, Stuttgart:Kröner 2006 — ISBN 3-520-32501-2
  • Lucke, Karin: Franken/ Karin Lucke — Köln: DuMont,1992 [Richtig wandern] ISBN 3-7701-2638-6
  • Baedecker. Deutschland. Verlag Karl Baedeker.2002. ISBN 3-8297-1004-6

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհան Բալտազար Նեյման» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 178