Մռայլ նկարներ

Ֆրանցիսկո Գոյայի նկար

Մռայլ նկարներ (իսպ.՝ Pinturas negras, 1819-1823), իսպանացի նկարիչ Ֆրանցիսկո Գոյայի` 14 ֆրեսկոներից բաղկացած նկարաշար։ Ստեղծված է ալսեկո (իսպ.՝ al secco) տեխնիկայով (արված է պատին թաց սվաղով)։ Նկարաշարը ստեղծվել է նկարչի տան պատերի համար, որը Գոյան ձեռք է բերել 1819 թվականի փետրվարին։ Տունն ունեցել է հետաքրքիր անվանում` «Խուլի տուն», որը ստացել է նախկին տանտիրոջ ժամանակ, ով հավանաբար տառապել է խլությունից։ Ֆրեսկոները 1874 թվականից տեղափոխվել են կտավի վրա։ Ներկայումս պահվում են Մադրիդի Պրադո թանգարանում։

Սատուրնը որդուն հոշոտելիս

Նկարաշարը, որին Գոյան անուն չի տվել, կատալոգում հայտնվել է 1828 թվականին մեկ այլ նկարչի` Անտոնիո Բրուգադայի ջանքերով[1]։ Այն ներառում է հետևյալ նկարները.

1823 թվականին Գոյայի տունը պատերի նկարներով դառնում է նրա թոռան` Մարիանո Գոյայի սեփականությունը. դրանով Գոյան առաջին հերթին փորձել է պահպանել իր գույքը բացարձակ միապետության վերականգնումից և Ֆերդինանդ VII-ի կողմից սկսված ռեպրեսիաներից հետո` վախենալով ունեցվածքի բռնագրավումից։ Իրենց ստեղծումից մոտ 50 տարի անց «Մռայլ նկարները» դեռևս անծանոթ էին լայն հասարակությանը (բացառությամբ մի քանի մասնագետների, ինչպես նկարագրում է Շառլ Իրիատրեն)[2]։ 1874 թվականին Սալվադոր Մարտինես Կուբելսը ֆրանսիացի բանկիր Ֆրեդերիկ Էմիլ դ՛Էրլանգերի խնդրանքով սկսում է նկարներն անցկացնել կտավի վրա[3]։ Այս գործընթացը տևում է մի քանի տարի։ Դ՛Էրլանգերը մտադրված էր նկարները վաճառել Փարիզում կայանալիք Համաշխարհային ցուցահանդեսում, սակայն 1881 թվականին նա դրանք նվիրում է Պրադո թանգարանին, որտեղ էլ ցուցադրվում են այժմ։

«Մռայլ նկարներն» ու նրա պատմությունը խմբագրել

 
Մահակներով մենամարտ

1819 թվականի փետրվարին Գոյան ձեռք է բերում կալվածք Մանսանարես գետի ափին` Սեգովայի կամրջից ոչ հեռու, որտեղից հրաշալի տեսարան էր բացվում Սան Իսիդրո հովտի վրա։ Գոյան նախատեսում էր այնտեղ ապրել Լեոկադիա Վայսի հետ` հեռու մնալով բանսարկություններից ու իր վրա ուշադրություն չգրավելով։ Լեոկադիան հավանաբար նկարչի հետ կապի արդյունքում ունեցել էր դուստր` Ռոսարիտային։ 1819 թվականի փետրվար-նոյեմբեր ամիսների միջակայքում մինչ Գոյայի ծանր հիվանդությունը (այս մասին է վկայում «Բժիշկ Արիետան բուժում է Գոյային» նկարը, 1820) նկարիչը սկսում է նկարազարդել տան պատերը։ Անուղղակի հայտնի է, որ «Մռայլ նկարները» նկարվել է նախկինում գոյություն ունեցած նկարների վրա, որոնք Գոյան կիրառել է որպես հիմք, ինչպես օրինակ` «Մահակներով մենամարտ» նկարը։

 
Գլուխներ բնանկարում նկարը, հնարավոր է, «Մռայլ պատկերների» 15-րդ նկարն է, որ կորսվել է ավելի վաղ։ Գտնվում է Սթենլի Մոսի հավաքածուում, Նյու Յորք

Եթե նախնական նկարները իրենց անհոգ տրամադրվածությամբ նման էին նկարչի արագոնյան շրջանի աշխատանքներին, ապա կարելի է ենթադրել, որ Գոյայի` դրանք նոր գույներով ծածկելու որոշման վրա ազդեցություն են գործել հիվանդությունը և Լիբերալ եռամյակի բուռն իրադարձությունները[4]։ Բոսալը հակված է կարծելու, որ նախնական նկարները պատկանել են Գոյայի վրձնին, և նա այդ նյութերը օգտագործել է վերստին, սակայն Գլենդինինգը ենթադրում է, որ նկարները «արդեն զարդարել էին Կինտա դել Սորդոյի պատերը, երբ ձեռք էր բերվել առանձնատունը»[5]։ Ամեն դեպքում, Գոյան կարող էր իր առանձնատանը նկարների շուրջ աշխատել սկսած 1820 թվականից։ Աշխատանքների ավարտը չի կարող թվագրվել 1823 թվականից հետո, քանի որ այդ ժամանակ Գոյան տեղափոխվել է Բորդո և իր առանձնատունը թողել է իր թոռանը` Մարիանոյին` հնարավոր է, Ռիեգոյի հարձակումից հետո զգուշանալով իշխանությունների կողմից ռեպրեսիայի դրսևորումից[6]։ 1830 թվականին Մարիանո դե Գոյան իր կարողությունը փոխանցում է հորը` Խավիեր դե Գոյային։

Եղել է վարկած, որի համաձայն «Մռայլ պատկերների» հեղինակությունը վերագրվել է Խավիեր դե Գոյային` նկարչի որդուն, սակայն Բոսալը և Գլենդինինգը, ովքեր Գոյայի արվեստի մեծագույն հետազոտողներ են, ժխտել են այդ վարկածը. դժվար է պատկերացնել, որ այդպիսի արտասովոր փաստը հայտնի չլիներ ժամանակիցներին։ Նկարի տեխնիկան, վրձնահարվածների որակը, մարդկային կերպարների գրոտեսկային պատկերումը, կպչուն թեմաները, որոնք առկա են նաև նախորդ ու հաջորդ աշխատանքներում, անհիմն են դարձնում դրանց հեղինակային պատկանելությունը Խավիեր դե Գոյային։

Անտոնիո Բրուգուդան հաշվում է առաջին հարկում գտնվող յոթ և երկրորդ հարկի ութ նկարներ, սակայն Պրադո թանգարանում գտնվում են միայն 14 նկար։ Շառլ Իրիատրեն, ով կալվածք է այցելել ավելի ուշ, նույնպես նկարագրել է նկարներ, որոնք հայտնի են ներկայումս և մատնանշում է, որ պատից պոկվել է մեծ հատված։ Շատ արվեստագետներ կարծում են, որ ելնելով թեմայի ու ոճի նմանությունից` 15-րդ նկարը կարող է լինել «Գլուխներ բնանկարում» նկարը (Սթենլի Մոսի հավաքածու, Նյու Յորք)[7]։

Եվս մեկ չլուծված հարց է համարվում «Երկու ծերունեներ ապուր են ուտում» նկարի գտնվելու սկզբնական վայրը։ Հայտնի չէ այն մասին, թե նկարը եղել է առաջի՞ն, թե՞ երկրորդ հարկում։ Առանց այս հանգամանքը պարզելու` նկարների տեղակայությունը Կինտո դել Սորդոյում հետևյալ պատկերն է ունեցել[8].

 
«Մռայլ նկարների»` Կինտա դել Սորդոյում գտնվելու նախնական սխեմա
  • Առաջին հարկ։ Եղել է ուղղանկյուն մեծ սենյակ։ Երկար պատերին կարճ պատերի հարևանությամբ եղել է երկուական պատուհան։ Այստեղ կախված են եղել երկու մեծ նկարներ` «Փառատոն Սան Իսիդրոյում» նկարը աջից, եթե դիտարկենք մուտքի դռան կողմից, և «Վհուկների խրախճանք» նկարը ձախից։ Հեռավոր կարճ պատին` մուտքի դիմացի կենտրոնական մասում, գտնվել է մեծ պատուհան, իսկ աջ կողմում` «Հուդիթ և Օլոֆերն», ձախից` «Սատուրնը որդուն հոշոտելիս» նկարները։ Դռան մոտ եղել է «Լեոկադիա Սորելա» և «Երկու ծերունիներ» կամ «Ծերունին ու քահանան» նկարները «Հուդիթի» դիմաց։
  • Երկրորդ հարկ։ Սենյակն ունեցել է այն նույն չափերը, ինչ առաջին հարկինը, սակայն երկար պատերին եղել է մեկական պատուհան կենտրոնում, որոնցից յուրաքանչյուրը աջից և ձախից շրջապատված է եղել մեկ նկարով։ Աջ կողմում` մուտքի մոտ, գտնվել է «Ասմոդեյ» կամ «Ֆանտաստիկ տեսարաններ» նկարը, իսկ մուտքից քիչ հեռու` «Ուխտագնացություն Սան Իսիդրո» նկարը։ Ձախ կողմում գտնվել են համապատասխանաբար «Ատրոպոս» կամ «Ճակատագիր» և «Մահակներով մենամարտ» նկարները։ Հեռավոր կարճ պատին եղել են «Ծիծաղող կանայք» նկարը աջից և «Կարդացող տղամարդիկ» նկարը ձախից։ Մուտքին մոտակա պատին գտնվել է «Շունը», իսկ ձախ կողմում` ևս մեկ նկար, որը ենթադրաբար «Գլուխներ բնանկարի մեջ» նկարն է եղել։

Կինտո դել Սորդոյում նկարների դիրքն ու վիճակը հայտնի են` շնորհիվ լուսանկարների, որ կատարել է նշանավոր լուսանկարիչ Ժան Լորանը 1874 թվականին։ Լուսանկարները պատվիրել էր տան սեփականատերերից մեկը (Ռուդոլֆո Կումոնը կամ բարոն դ՛Էրլանգերը), որպեսզի արվեստի այդ գործերի պատկերները պահպանվեն սերունդների համար, քանի որ դրանց գոյությունը վտանգված էր այդ շրջանում անշարժ գույքի ակտիվ չարաշահումների պատճառով։ Այդ առթիվ արվեստագետներ Կրուսադա Վիլյամիլը և Շառլ Իրիատրեն մտավախություն են ունեցել, որ «Մռայլ նկարները» շատ կարճ ժամանակում կոչնչանան[9]։ Այս լուսանկարների շնորհիվ մենք իմանում ենք, որ նկարները, ինչպես և դռները, պատուհաններն ու քիվերը, շրջանակված են եղել գիպսով։ Պատերը, ինչպես այն ժամանակներում դա ընդունված էր պալատներում ու բուրժուաների տներում, սոսնձված են եղել Ֆերդինանդ VII-ի հիմնադրած Թագավորական պաստառի ֆաբրիկայի արտադրանքով, որը պատկերել է մրգեր ու բույսեր, իսկ երկրորդ հարկում` երկրաչափական զարդապատկեր։ Բացի այդ, լուսանկարներում հաստատված է պատկերների վիճակը մինչ դրանց տեղափոխումը կտավի վրա, օրինակ` մենք կարող ենք լուսանկարներում տեսնել, որ «Վհուկների խրախճանքի» աջ հատվածը չի պահպանվել մեր օրերում։

 
«Վհուկների խրախճանքը» պատկերի լուսանկարը (1874), լուսանկարիչ` Ժան Լորան
 
«Վհուկների խրախճանքը». ներկա վիճակ

Մեկնաբանություններ խմբագրել

 
Այս նկարում պատկերված տեսարանը կարող է ներկայացնել քաղաքական ընդհատակյա հավաքներից մեկը, որոնք տեղի են ունեցել Լիբերալ եռամյակի տարիներին:

Սկսած 1820 թվականից, երբ Գոյան անդրադառնում է «Փոթորիկ և գրոհ» ուղղության ոճին, որի ոճով էլ ստեղծվել է «Մռայլ նկարներ» շարքը, նկարչի ժամանակակիցների շրջանում հետաքրքրություն է արթնանում Գոյայի աշխատանքների նկատմամբ։ Գեղարվեստական այս ուղղության սկզբունքները մշակվել են Էդմոնդ Բյորկի կողմից և արտահայտվել «Փիլիսոփայական հետազոտություն մեր օրերում գերագույնի ու սքանչելիի գաղափարների ծագման վերաբերյալ» ստեղծագործության մեջ (1757)։ Այդ սկզբունքները մեծ տարածում են գտել ամբողջ Եվրոպայում 18-րդ դարի երկրորդ կեսին։ Ռոմանտիզմի տարածումը հանգեցրեց նրան, որ հասարակությունը նկարչի գործերում սկսեց գնահատել դրանց յուրօրինակությունը այլ արվեստագետների գործերի համեմատությամբ։ Արվեստի այնպիսի գիտակներ, ինչպիսին է, օրինակ, Ֆելիպե դե Գևարան, գրել են, որ ժամանակակից հասարակության ճաշակի համար նախընտրելի են մելանխոլիկ, մռայլ ստեղծագործություններ, «վախի ու արցունքի» լիարժեք դրսևորումներ[5]

Արվեստագետների շրջանում տարածված է այն կարծիքը, որ «Մռայլ նկարներ» շարքը Գոյան ստեղծել է` գտնվելով հոգեբանական ու սոցիալական ճնշման տակ։ Կարևոր գործոններից մեկը նկարչի ֆիզիկական ուժի անկումն էր, ինչը նա չէր կարող չզգալ` ապրելով Լեոկադիա Վայսի հետ` մի կնոջ, ով իրենից բավական երիտասարդ էր, և 1819 թվականին ծանր հիվանդություն կրելով, երբ նկարիչը գտնվում էր կյանքի ու մահվան սահմանագծին։ Այս ամենն իր ազդեցությունն է թողնում ստեղծագործությունների գունային ու թեմատիկ երանգների վրա։

Մյուս կողմից, Գոյան այդ նկարները ստեղծել է 1820-ական թվականներին (ինչի մասին, իմիջիայլոց, չկա վավերագրական ոչ մի հաստատում), երբ արդեն ապաքինվել էր ծանր հիվանդությունից։ Կրոնական տարբեր տեսարանների (ուխտագնացություն, ինկվիզիցիա) կամ քաղաքացիական անկարգությունների (օրինակ` «Մահակներով մենամարտ» նկարը կամ «Կարդացող տղամարդիկ» նկարում հավաքի կամ դավադրության պատկերումը. քաղաքական մեկնաբանություն է առկա նաև «Սատուրնը որդուն հոշոտելիս» նկարում, այսինքն` պետությունը խժռում է իր հպատակներին) սատիրական պատկերումը համընկնում է Իսպանիայում քաղաքական անկայունությանը այն բանից հետո, երբ Ռիեգոյի գլխավորությամբ զինվորականները թագավորից պահանջում են 1812 թվականի Սահմանադրության պահպանում։ 1820-1823 թվականների շրջանը ժամանակագրական առումով համընկնում է աշխատանքների ավարտի հետ։ Ամենայն հավանականությամբ, նկարների թեման ու գունապնակը հնարավոր են եղել քաղաքական գրաքննության բացակայության արդյունքում բացարձակ միապետության վերականգնումից հետո։ Մյուս կողմից, «Մռայլ նկարների» շատ կերպարներ (մենամարտողներ, քահանաներ, ինկվիզիտորներ) ներկայացնում են հին կարգը, որ գոյություն է ունեցել մինչև Ֆրանսիական մեծ հեղափոխության իդեալների իրականացումը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Առաջարկվել են նկարների անվանման մի քանի տարբերակներ։ Վաղ տարբերակների անուններն առաջարկել է Անտոնիո Բրուգադեն և արդեն ի հայտ են եկել Գոյայի մահից հետո:
      Գոյայի մահից հետո Անտոնիո Բրուգադան հաշվառել է նրա աշխատանքները և այդ նկարաշարի ամեն նկարին անվանման իր տարբերակն է առաջարկել։ Դրանք որոշ դեպքերում ավելի ուշ ճշգրտվել կամ փոփոխվել են արվեստագետների կողմից։
     
  2. Charles Yriarte, Goya, sa vie, son oeuvre (1867).
  3. Cfr. Valeriano Bozal (2005), dsg. 2, c. 247:
      Սալվադոր Մարտինես Կուբելսը (1842—1914, ով Պրադո թանգարանի ռեստավրատորներից է և Սան Ֆերնանդոյի Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, նկարները կտավի վրա է փոխադրել բարոն Ֆրեդերիկ Էմիլ դ’Էրլանգերի (1832—1911) պատվերով, ով 1873 թվականին գնել էր կալվածքը։ Մարտինես Կուբելսը աշխատանքը կատարել է իր եղբայրների` Էնրիկեի ու Ֆրանցիսկո Վալերիանոյի օգնությամբ)։  
  4. Valeriano Bozal (2005), vol. 2, сс. 248—249.
  5. 5,0 5,1 Glendinning (1993), с. 116.
  6. Arnaiz (1996), с. 19.
  7. Головы в пейзаже с комментариями. Արխիվացված 2015-09-23 Wayback Machine(իսպ.)
  8. Реконструкции можно найти на веб-сайтах artarchive.com Արխիվացված 2009-01-01 Wayback Machine и theartwolf.com
  9. María del Carmen Torrecillas Fernández, «Las pinturas de la Quinta del Sordo fotografiadas por J. Laurent», Boletín del Museo del Prado, том XIII, выпуск 31, 1992, с. 57 и далее.

Գրականություն խմբագրել

  • ARNAIZ, José Manuel, Las pinturas negras de Goya, Madrid, Antiqvaria, 1996. ISBN 978-84-86508-45-6
  • BENITO OTERINO, Agustín, La luz en la quinta del sordo: estudio de las formas y cotidianidad, Madrid, Universidad Complutense, 2002. Edición digital ISBN 84-669-1890-6
  • BOZAL, Valeriano, Francisco Goya, vida y obra, (2 vols.) Madrid, Tf., 2005. ISBN 84-96209-39-3.
  • —, «Pinturas negras» de Goya, Tf. Editores, Madrid, Tf., 1997. ISBN 84-89162-75-1
  • GLENDINNING, Nigel, «The Strange Traslation of Goya’s Black Paintings», The Burlingon Magazine, CXVII, 868, 1975.
  • —, The Interpretation of Goya’s Black Paintings, London, Queen Mary College, 1977.
  • —, Goya y sus críticos, Madrid, Taurus, 1982.
  • —, «Goya’s Country House in Madrid. The Quinta del Sordo», Apollo, CXXIII, 288, 1986.
  • —, Francisco de Goya, Madrid, Cuadernos de Historia 16 (col. «El arte y sus creadores», nº 30), 1993. D.L. 34276-1993
  • HAGEN, Rose-Marie y Rainer Hagen, Francisco de Goya, Colonia, Taschen, 2003. ISBN 3-8228-2296-5.
  • YRIARTE, Charles, Goya, sa vie, son oeuvre, París, Henri Plon, 1867; trad. al español por Enrique Canfranc y Lourdes Lachén, Goya, Zaragoza, Departamento de Educación y Cultura, 1997. ISBN 84-7753-644-9.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մռայլ նկարներ» հոդվածին։