Մուտքի և ելքի սարքեր, թվանշանային հաշվողական մեքենայի (ԹՀՄ) հիմնական հանգույցներից, որոնց օգնությամբ ծրագրավորողի յուրաքանչյուր հանձնարարական ներածվում է հիշող սարք և արդյունքն արտածվում հիշողությունից։ Մուտքի և ելքի սարքերի աշխատանքն իրականացվում է ավտոմատ, կիսաավտոմատ և ձեռքով։ Դասակարգվում են ըստ տեղեկություններ կրող նյութի տեսակի, տեղեկությունների ընթերցման կամ գրանցման սկզբունքի և այլ ֆունկցիոնալ առանձնահատկությունների։ Մուտքի սարքերից են ծակոտաժապավենային (ծակոտաժապավենից տեղեկություններն ընթերցում են վայրկյանում 3000 տող՝ նշան արագությամբ) կամ ծակոտաքարաային (ծակո֊ տաքարտից ընթերցում են վայրկյանում 2700 տող՝ նշան արագությամբ) սարքերը, որոնք ծակոտաժապավենի կամ ծակոտաքարտի մեխանիկական շոշափման կամ էլեկտրալուսային երևույթի օգնությամբ ծակոտիներինհամապատասխանեցնում են էլեկտրական ազդակները, գրաֆիկական մուտքի սարքերը, ընթերցող սարքերը, բանավոր խոսքի մուտքի սարքերը։ Մուտքի սարքերը ներածվող տվյալները վերածում են էլեկտրական ազդակների հաջորդականությունների, որոնք գրանցվում են հիշող սարքում։ Ելքի սարքերը արտածվող տվյալները ձևափոխում են էլեկտրական ազդակների ներքին լեզվից արտաքին լեզվի պայմանական նշանների, որոնք արձանագրվում են տեղեկություն կրող նյութի վրա (ծակոտաքարտ, ծակոտաժապավեն, թուղթ և այլն)։ Ելքի սարքերից են ծակոտաժապավենային (տեղեկություններն արտածում են վայրկյանում 300 տող արագությամբ) կամ ծակոտաքարտային (տեղեկություններն արտածում են րոպեում 500 քարտ արագությամբ) սարքերը (էլեկտրական ազդակները վերածում են ծակոտիների), գրաֆիկ կառուցող սարքը (գլանափաթեթի կամ գծագրոցի վրա արտածում է գծագրական պատկերներ), տառաթվանշանային (այբբենաթվանշանային) տպագրող սարքը (արտածվող տեղեկությունները էլեկտրական ազդակների լեզվից թարգմանում է թվանշանների, տառերի, կետադրական և գործողության նշաններից բաղկացած բնագրերի)։ Ծակոտաժապավենային և ծակոտաքարտային ելքի սարքերից օգտվում են այն դեպքում, երբ արտածվող տեղեկությունները պետք է օգտագործվեն մի այլ հանձնարարականի համար։ Տեղեկությունների երկկողմանի փոխանակման համար օգտագործում են գրամեքենաներ, տելետայպներ, տեղեկությունների արտապատկերման սարքեր (տառաթվանշանային և գրաֆիկական դիսպյեյ) և այլ կապի միջոցներ։ Այդ սարքերն ունեն ստեղնաշար, և յուրաքանչյուր ստեղնին համապատասխանեցված է էլեկտրական ազդակների որոշակի հաջորդականություն։ Տեղեկությունների արտապատկերման սարքերը ներածվող կամ արտածվող տեղեկություններն արձանագրում են էչեկտրոնաճառագայթային խողովակների էկրանների վրա։ Գրաֆիկական դիսպլեյն ունի մագնիսական գրչածայր, որի օգնությամբ հնարավոր է փոփոխություններ մտցնել էկրանի վրա լուսավորված գծագրի մեջ։ Երկկողմանի Մուտքի և ելքի սարքերը հարմար են կարճ հաղորդագրությունների կամ հրահանգների թելադրման համար և լայն կիրառություն ունեն ԷՀՄ-երի ժամանակի բաշխման ռեժիմում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 92