Մոսկվայի պայթյուններ (1977)

1977 թվականի Մոսկվայի պայթյուններ (հայտնի նաև որպես «Մետրոյի գործ»), 1977 թվականի հունվարի 8-ին Մոսկվայում տեղի ունեցած պայթյունների շարք։ Պայթյունների արդյունքում զոհվել է յոթ և վիրավորվել երեսունյոթ մարդ։ Չնայած ոչ ոք չի ստանձնել պատասխանատվությունը, խորհրդային ԿԳԲ-ն ձերբակալել և փակ գաղտնի դատավարությունից 5 օր անց գնդակահարվել են երեք հայ երիտասարդներ՝ Ազգային միացյալ կուսակցության հիմնադիր Ստեփան Զատիկյանի գլխավորությամբ։ Ըստ որոշ խորհրդային այլախոհների՝ առնվազն Զատիկյանն ալիբի ուներ, իսկ օրինակ Անդրեյ Սախարովը չի բացառել, որ պայթյունները հենց ԿԳԲ-ն է կազմակերպել։ Մինչ այժմ գործը համարվում է ամբողջությամբ չբացահայտված[1]։

Մոսկվայի պայթյուններ
Տեսակահաբեկչական ակտ
Երկիր ԽՍՀՄ
Գրոհի վայր Մոսկվայի մետրոպոլիտեն
Նպարեղենի խանութներ
ՏեղադրանքՄոսկվայի մետրոպոլիտեն
Տարեթիվհունվարի 8, 1977
Գրոհի միջոցՌմբակոծություն
Զոհվածներ7 մարդ
Վիրավորներ37
ԿազմակերպիչներԱզգային միացյալ կուսակցություն կամ ՊԱԿ (վիճարկելի)
ԿասկածյալՍտեփան Զատիկյան
Հակոբ Ստեփանյան
Զավեն Բաղդասարյան

1979 թվականի փետրվարին Մոսկվայի հելսինկյան խումբը հանդես է եկել Զատիկյանի դատավարության վերաբերյալ անվստահություն և անհամաձայնություն հայտնող հայտարարությամբ[2]։

Պայթյունները

խմբագրել

1977 թ. հունվարի 8-ին, տեղի ժամանակով 17:33-ին, ընդհանուր երեք պայթուցիկներից առաջինը պայթում է Մոսկվայի մետրոպոլիտենի Իզմայլովսկայա կայարանից դեպի Պերվոմայսկի կայարան ընթացող մարդաշատ գնացքի վագոններից մեկում[3]։ Երկրորդ պայթուցիկը տեղադրվել էր ԿԳԲ-ի գրասենյակին մոտ տեղակայված նպարեղենի խանութում և պայթում է ժամը 18:05-ին։ Հինգ րոպե անց գործարկված երրորդ պայթուցիկը տեղադրվել էր կոմունիստական կուսակցության գրասենյակի մոտակայքում[3] գտնվող մեկ այլ նպարեղենի խանութում։ 1977 թվականի փետրվարի 8-ին խորհրդային իշախանություններին պատկանող «իզվեստիյա» թերթում նշվում է, որ պայթյունների հետևանքով զոհվել է 7 և վիրավորվել 37 մարդ[3]։

Հետաքննություն

խմբագրել

Կատարվածից ինն ամիս անց՝ 1977 թ. հոկտեմբերի 28-ին պայթյունն իրականացնելու կասկածանքով՝ Մոսկվա-Երևան գնացքում՝ Հայաստանի և Վրաստանի սահմանագծին ձերբակալվում են Հակոբ Ստեփանյանը և Զավեն Բաղդասարյանը, իսկ նոյեմբերի 2-ին՝ Երևանում ձերբակալվում է Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ) համահիմնադիր անդամ Ստեփան Զատիկյանը։ Վերջինիս էլ խորհրդային իշխանությունները որոշում են ներկայացնել որպես պայթյունների կազմակերպիչ։ Մինչ այդ, Զատիկյանը գաղափարակիցներ Հայկազ Խաչատրյանի և Շահեն Հարությունյանի հետ ընդհատակյա քաղաքական գործունեություն ծավալելու մեղադրանքով 1969 թ. ՀԽՍՀ քրեական օրենսգրքի 65.1 և 67 կետերով (հակախորհրդային ագիտացիա, մասնակցություն հակախորհրդային կազմակերպությանը)[4] դատապարտվել էր չորս տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի կալանավայրում։ Պատիժը կրելու տարիներին բարձր ակտիվություն և ըմբոստ վարքագիծ ցուցաբերելու համար Զատիկյանի ռեժիմն ավելի է խստացվում, և նա տեղափոխվում է Վլադիմիրի բանտ (ռուս.՝ Владимирский централ)։ Ազատ արձակվելուց հետո Զատիկյանը շարունակում է ընդհատակյա գործունեությամբ զբաղվել։

Պայթյուններից անմիջապես հետո արևմտյան մամուլում հրապարակվում է ԽՍՀՄ պետանվտանգության կոմիտեի (ՊԱԿ) հետ անմիջական առնչություններ ունեցող խորհրդային լրագրող Վիկտոր Լուիի հեղինակած հոդվածը, որտեղ խորհրդային պաշտոնական աղբյուրներին հղում անելով, Լուին պնդում է, որ պայթյունին առնչություններ ունեն այլխախոհ-իրավապաշտպանները։ «Այլախոհ-իրավապաշտպան» ձևակերպման հեղինակը հենց Լուին էր։ 1977 թվականի հունվարի 11-ին արտասահմանյան լրատվամիջոցներից տեղեկանալով մոսկովյան ահաբեկչության մասին, խորհրդային ակադեմիկոս, քաղաքական գործիչ և հայտնի այլախոհ Անդրեյ Սախարովը, համոզված լինելով, որ խորհրդային իշխանություններն այլախոհներին որպես ահաբեկիչներ կներկայացնեն, հաջօրդ օրը՝ հունվարի 12-ին հրապարակում է «Դիմում համաշխարհային հանրությանը» հոդվածը, որտեղ մասնավորապես նշում է.

  Ես չեմ կարողանում փարատել այն կասկածները, որ մոսկովյան մետրոյի պայթյունը և մարդկանց ողբերգական մահը պատժիչ մարմինների նոր և վերջին տարիների ամենավտանգավոր սադրանքն է։ Հատկապես այս կասկածները և սրանց հետ կապված վախը, որ սադրանքը կարող է բերել երկրի ներքին եղանակի փոփոխության, այս հոդվածը գրելու պատճառ հանդիսացան։ Ես շատ ուրախ կլինեի, եթե իմ այս կասկածները սխալ դուրս գային...  

Հունվարի 14-ին Մոսկովյան հելսինկյան խումբը դիմում է հրապարակում, որին նաև միացել էին բազմաթիվ իրավապաշտպան ու այլախոհական կազմակերպություններ, որտեղ ասվում էր․ «Այլախոհները, որպես իրենց նպատակների իրականացման միջոց, բացարձակապես մերժում են բռնությունը և բռնության կոչերը։ Այլախոհներն ահաբեկչությանը վերաբերվում են վրդովմունքով ու գարշանքով»։

Չնայած բազմաթիվ այլախոհների կատարած դիմումների առատությանը, «Ընթացիկ օրերի խրոնիկան»[6] տեղեկություններ է հրապարակում այն մասին, որ պայթյունների հետ կապված՝ առանց հիմնավոր կասկածների հարցաքննվում են կալանավայրերում գտնվող, ինչպես նաև ազատ արձակված բազմաթիվ այլախոհներ։ Յուրաքանչյուրից պահանջվում էր ապացուցել, որ պայթյունների հետ առնչություն չունի։ Այլախոհներին ուղղված «հարցաթերթիկներում» եղել է կետ, որում փորձ է կատարվել ԱՄԿ-ն կապել Հելսինկյան խմբի հետ[7][8]։

Մետրոյի գործով Ստեփան Զատիկյանի, Զավեն Բաղդասարյանի և Հակոբ Ստեփանյանի կալանավորված լինելու մասին առաջին տեղեկատվությունը տարածում է Հայաստանի հելսինկյան խումբը (ՀՀԽ)։ «Ընթացիկ իրադարձությունների խրոնիկան» իր 48-րդ թողարկման մեջ նշում է. «Երևան։ Ինչպես 1997 թ. նոյեմբերի 28-ին հաղորդում է Հայաստանի հելսինկյան խումբը, նոյեմբերի սկզբին Մոսկվայի Կուրսկյան կայարանում պայթյուն կազմակերպելու փորձի համար ձերբակալվել են Հակոբ Ստեփանյանը, Զավեն Բաղդասարյանը և Ստեփան Զատիկյանը (Զատիկյանը մի քանի տարի առաջ մասնակցել է ազգային շարժմանը. տես նաև՝ Խր. 15, 27)։ Ձերբակալվածները գտնվում են երևանյան ՊԱԿ-ում։ Երևան են ժամանել Մոսկվայի ՊԱԿ-ի աշխատակիցները։ Ընթանում են խուզարկություններ և հարցաքննություններ։ Զատիկյանի մասին, մասնավորապես հարցրել են Ռ․ Նազարյանի գործով դեկտեմբերին ընթացող հարցաքննությունների ժամանակ (տես՝ «Ճնշումներ «Հելսինկի» խմբերի»)»[9]։

Զատիկյանի ձերբակալությամբ ամրապնդվում էր էր խորհրդային իշախանությունների այն վարկածը, որ պայթյունի թիկունքում կանգնած են այլախոհները։ Իշխանությունները զրոյական հետաքրքրություն են ցուցաբերում Զատիկյանի ունեցած այն ապացույցներին, ըստ որոնց՝ ինքը պայթյունների հետ կապ չունի։ Այդ տարիներին թե՛ խորհրդային հասարակության և թե՛ այլախոհական շրջանակներում հիմնավոր կասկածներ էին հնչում, որ Զատիկյանին արհեստականորեն են կապում մոսկովյան ահաբեկչության հետ, որպեսզի այդ կերպ ապացուցեն այլախոհ-իրավապաշտպանների ունեցած կապը կամ առնչությությունները դրան։ Զատիկյանի անմեղության մասին խոսակցությունները որոշակիորեն հիմնավորվում էին նաև այն հանգամանքով, որ նախաքննությունը և հատկապես դատաքննությունն անցնում են հույժ գաղտնիության պայմաններում[4][10]։ Դատավարության օրվա մասին չեն տեղեկացվել անգամ ամբաստանյալների հարազատները և ներկա չեն եղել։

Գաղտնիության պայմաններում, 1979 թվականի հունվարի 24-ին հրապարակվում է մահապատժի մասին դատավճիռը և հապշտապ, դատավճռի կայացումից 5 օր անց՝ 1979 թվականի հունվարի 29-ի դատավճիռն ի կատար է ածվում։ Կասկածների տեղիք է տալիս նաև դատավճռի իրականացման շտապողականությունը։

1979 թվականի նոյեմբերի 30-ին, դեռևս տեղյակ չլինելով մահապատժի կատարման մասին, Անդրեյ Սախարովը ԽՄԿԿ գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևին ուղղված նամակում պահանջում է հրաժարվել դատավճռից՝ մինչև նոր դատաքննության իրականացումը։ Սախարովը գրում է.

  Հիմնավոր փաստեր կան անհանգստանալու համար, որ այս գործում առկա է դատական սխալ կամ միտումնավոր կեղծիք։ Մետրոյի պայթյունի ժամանակ Զատիկյանը չի գտնվել Մոսկվայում, բազմաթիվ վկաներ կարող են հաստատել նրա ալիբին. քննությունը ոչ մի շահագրգռվածություն չի ցուցաբերել պարզելու համար այս և այլ կարևոր հանգամանքներ։ Առանց անգամ չնչին անհրաժեշտության՝ դատաքննությունն ամբողջությամբ փակ ու գաղտնի է եղել։ Նույնիսկ հարազատները դրա կայացման ոչինչ չեն իմացել։ Նման դատաքննությունը, երբ ամբողջությամբ խախտված է հրապարակայնության սկզբունքը, չի կարող ճշմարտությունը պարզել...  

Ավելի ուշ դատավարության հրապարակայնության սկզբունքների խախտման մասին հայտարարություն է տարածում Մոսկվայի հելսինկյան խումբը.

  Հասկանալ հնարավոր չէ, թե ինչու՞ պետք եղավ նման մեղադրանքով դատավարությունը կազմակերպել բացարձակ գաղտնի… Չէ՞ որ մետրոյի պայթյունը համընդհանուր բողոք առաջարկեց, և մեղադրյալների մեղքի համոզիչ ապացույցը, եթե միայն մեղադրող ունի նման ապացույցներ, կնպաստեր հանցագործների համընդհանուր դատապարտմանը։ Հրապարակայնության բացակայությունը և գաղտնիության ողջ մթնոլորտը մեղադրանքի հիմնավորվածության, դատավարության օբյեկտիվության նկատմամբ կասկածների հիմք են տալիս[11]։  

Որպես կանոն, և՛ Մոսկովյան հելսինկյան խմբի, և՛ կատարվածի թեմայով հանդես եկած այլ իրավապաշտպանական խմբերի ու այլախոհների հայտարարությունները վերաբերել դատաքննության գաղտնիությանը, և ոչ ոք հստակ ու միանշանակ հայտարարություն չի արել մեղադրյալների անմեղության մասին։ Բոլորը պահանջում էին դատավարությունը կազմակերպել արդար կերպով և հրապարակայնորեն, որպեսզի հասարակությունը համոզվեր, որ դատարանի առջև կանգնած են իրական մեղավորները։ Ըստ բողոքողների, խորհրդային իշխանությունների կողմից գերգաղտնի դատավարություն կազմակերպելու և դատավիճռը հապշտապ կերպով ի կատար ածելու հանգամանքը կարող էին վկայել այն մասին, որ կամ մեղադրյալները բացարձակապես անմեղ մարդիկ են եղել, կամ՝ դատարանը նրանց մեղքը լիարժեք ապացուցող համոզիչ ու բավարար ապացույցներ չի ունեցել։

Ըստ Սերգեյ Գրիգորյանցի՝ պայթյունները Յուրի Անդրոպովի ու Ֆիլիպ Բոբկովի ձեռքի գործն էին[12]։

Տես նաև

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Հարությունյան Վ., «Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում», ««Վան Արյան»», 2014 — 428 էջ, ISBN 978-9939-70-089-2։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Meeting the demands of reason; by prof. Jay Bergman, Cornell University Press, ISBN 0801447313, 2009, p. 256
  2. «Заявление по поводу казни Степана Затикяна и двух других неназванных лиц, Moscow Helsinki Group». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 9-ին.
  3. 3,0 3,1 3,2 Ստեպանով, Ալեքսեյ (2004 թ․ հունվարի 31). «Бомба в московском метро». "Волжская Коммуна" №18. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2009 թ. հունվարի 11-ին.
  4. 4,0 4,1 Ալավերդյան, Դավիթ (2013 թ․ հունվարի 20). «Դիսիդենտական Հայաստան. Ստեփան Զատիկյան». «Մեդիամաքս».
  5. «Տեղեկություն նախագիծ մասին»(ռուս.)
  6. «"ХРОНИКА ТЕКУЩИХ СОБЫТИЙ"». old.memo.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 22-ին.
  7. «Мемориал. Информационный бюллетень». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 4-ին.
  8. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 4-ին.
  9. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 4-ին.
  10. Медведев Р. А. Юрий Андропов и Андрей Сахаров // Вестник Российской академии наук. — 1999. — Т. 69. — № 1. — С. 72—80.
  11. ՄՀԽ արխիվ(ռուս.)
  12. «Взрыв в московском метро 1977 г. (из книги «Полвека советской перестройки»). Сергей Григорьянц. 2016». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել