Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիա

Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիան հիմնադրվել է 1918 թ. դեկտեմբերին։ Հիմնադիրներն են Վահան Տերյանը, Պողոս Մակինցյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Կարեն Միքայելյանը և Սուրեն Խաչատրյանը, ով նշանակվում է ստուդիայի ղեկավար։ Ստուդիայում դասավանդել են Եվգենի Վախթանգովը, ով առողջական խնդիրների պատճառով աշխատել է միայն երկու ամիս (մինչև 1919 թ. ամառ), Վալերի Բրյուսովը, Հովսեփ Օրբելին, Նիկողայոս Մառը, Ալեքսեյ Ջիվելեգովը (Ջիվելեգյան), Գեորգի Յակուլովը, Հակոբ Գյուրջյանը, Կոնստանտին Ստանիսլավսկին, Սերաֆիմա Բիրմանը, Ալեքսանդր Գեյրոտը, Գեորգի Բուրջալովը։ Դասընթացները տեղի են ունեցել նախ Հայկական գործերի կոմիսարիատի շենքում, ապա՝ Լազարյան ճեմարանում։

Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիա
Տեսակթատերախումբ և դրամատիկական դպրոց
ՂեկավարներՍուրեն Խաչատրյան, Ռուբեն Սիմոնով
ՀիմնադիրներՎահան Տերյան, Պողոս Մակինցյան, Աշոտ Հովհաննիսյան, Կարեն Միքայելյան, Սուրեն Խաչատրյան
Երկիր Ռուսաստան
Գտնվելու վայրըՄոսկվա, ՌԴ
Հիմնադրման ամսաթիվ1918 թ. դեկտեմբեր
Փակման ամսաթիվ1925 թ.(Առաջին ստուդիա)

Ստուդիայում սովորելու համար ՌԽՖՍՀ Լուսժողկոմատը 1921 թ.-ին Անդրկովկաս է ուղարկում մի հանձնաժողով՝ Սուրեն Խաչատրյանի գլխավորությամբ, որը պիտի երիտասարդներ ընտրեր ստուդիայում ուսանելու համար։ Թիֆլիսում ընդունելության քննությունների հանձնաժողովի նախագահը Հովհաննես Թումանյանն էր, իսկ հանձնաժողովի անդամները՝ Դերենիկ Դեմիրճյանը, Արուս Ոսկանյանը և Օլգա Մայսուրյանը։ Հանձնաժողովը Երևան է ժամանում 1921 թ. ամռանը և երիտասարդներ է ընտրում այդ ժամանակ Երևանում հանդես եկող Թիֆլիսի Ստեփան Շահումյանի անվան թատրոնի ներկայացումներից։ Ստուդիա են ընդունվում 23 երիտասարդ։ Մոսկվա մեկնող խմբի ղեկավար է նշանակվում Ստեփան Քափանակյանը, ով դառնում է նաև ստուդիայի ուսումնական մասի վարիչը։ Հետագայում՝ 1923 թ.-ին, Հայաստանից ստուդիա են ընդունվում նաև Թադևոս Սարյանը, Կարո Ալվարյանը, Արտաշես Հայ-Արտյանը ևյլն։

Սուրեն Խաչատրյանի հիվանդության պատճառով ստուդիայի ղեկավարությունը ստանձնում է Ռուբեն Սիմոնովը։

1924 թ.-ին ստուդիան հյուրախաղերով ժամանում է Երևան և մեծ հաջողություններ ունենում, այնուհետև վերադառնում է Մոսկվա՝ իր հետ տանելով ութ նոր ուսանողների՝ Վարդան Աճեմյան, Բաբկեն Գաբրիելյան, Աշոտ Ներսիսյան, Գեղամ Աֆրիկյան, Արտաշես Արևշատյան ևյլն։ Մոսկվա վերադառնալով՝ 1925 թ. ապրիլի 20-ին բեմադրում են «Պեպո» ներկայացումը, որով էլ ավարտվում է առաջին ստուդիայի գործունեությունը։ Նրա սաներից Արմեն Գուլակյանը, Վարդան Աճեմյանը, Սուրեն Քոչարյանը, Սարգիս Աբովյանը, Վավիկ Վարդանյանը, Մուրադ Կոստանյանը, Վարդուշ Ստեփանյանը և ուրիշներ, վերադառնում են Անդրկովկաս և աշխատանքի անցնում տարբեր թատրոններում։

1926 թ.-ի վերջերին Ռուբեն Սիմոնովը Մոսկվայում հիմնադրում է թատերական երկրորդ ստուդիան։ Նախկին սաներին միանում են Երևանից և Թիֆլիսից ժամանած երիտասարդները։ 1928 թ. մայիսին Թադևոս Սարյանի ղեկավարությամբ փոքրիկ մի խմբի հետ ժամանում է Հայաստան և ներկայացումներով հանդես գալիս Երևանում և ուրիշ քաղաքներում։ Այդ ժամանակ էլ Հայաստանի Լուսժողկոմատը որոշում է ստուդիայի խմբի հիման վրա ստեղծել Լենինականի Երկրորդ պետթատրոնը[1]։

Ստուդիայի բեմադրած ներկայացումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  1. Հայ սովետական թատրոնի պատմություն. Երևան: ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն. 1967.