Մոսկովյան ծրագիր

Հայաստանի ազատագրության ծրագիր

Հայաստանի ազատագրության Մոսկովյան ծրագիր, ստեղծվել է 1701 թվականին Իսրայել Օրու կողմից։ Այն գրվել է Ռուսաստանի Մոսկվա քաղաքում, որի անունից էլ ստացել է իր անվանումը։ Ըստ ծրագրի՝ առաջարկվում էր ստեղծել 25 հազարանոց բանակ, որից 15 հազարը լինելու էր հետևակ, իսկ 10 հազարը՝ հեծյալ, որոնց օժանդակելու էին հայոց ապստամբ ուժերը։ Միացյալ ուժերը ազատագրելու էին Արևելյան Հայաստանը, որի կենտրոն էր դառնալու Երևանը։ Ռազմական գործողություններին մասնակցելու էր նաև Վրաստանը։ Ծրագրվում էր պատերազմը ավարտել 20 օրում։

Իսրայել Օրին և Պետրոս I

Ծրագիրը մնաց թղթի վրա, քանի որ Պետրոս I-ը զբաղված էր Հյուսիսային պատերազմով։

Նախապատմություն խմբագրել

Էջմիածնի ժողով խմբագրել

1677 թվականին Հակոբ Ջուղայեցու կողմից հրավիրվում է Էջմիածնի գաղտնի ժողովը, որի արդյունքում որոշվում է կազմել պատվիրակություն և մեկնել Եվրոպա, որպեսզի եվրոպական երկրների հետ բանակցեն Արևելյան Հայաստանի ազատագրության հետ կապված հարցրի շուրջ։ 1678 թվականին կազմավորված պատվիրակությունը մեկնում է Կոստանդնուպոլիս, որպեսզի այնտեղից անցնի Եվրոպա։ Այստեղ 1679 թվականին բանակցություններ են սկսվում Հակոբ Ջուղայեցու և Ռեչ Պոսպոլիտայի թագավոր Յան Սոբեսկու միջև։ Սակայն 1680 թվականին մահանում է հայոց կաթողիկոս Հակոբ Ջուղայեցին և հայկական պատվիրակությունը վերադառնում է Հայաստան[1]։

Օրու շրջագայություն խմբագրել

Իսրայել Օրին Կոստանդնուպոլիս մեկնած պատվիրակության անդամներից էր, որը, սակայն, չվերադարձավ Հայաստան, այլ Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսից անցնում է Վենետիկ, 1683 թվականին՝ Փարիզ, իսկ 1690-ական թվականներին՝ Դյուսելդորֆ։ Այստեղ Իսրայել Օրին հաստատվում է Պֆալց եկրամասում, այս երկրամասի անունից էլ հետագայում Հայաստանի ազատագրման նախագիծը ստացավ «Պֆալցյան» անվանումը։ Իսրայել Օրին Դյուսելդորֆում հանդիպում և բանակցում է կայսերընտիր իշխան Հովհան Վիլհելմի հետ, ներկայացնում նրան Հայատանի իրավիճակը։ Պֆալցի իշխանը նրան առաջարկում է վերադառնալ Հայաստան, որպեսզի ծանոթանա այնտեղ տիրող իրավիճակին, քանի որ Իսրայել Օրին այնտեղից վաղուց էր հեռացել, և դրությունը կարող էր շրջադարձային փոխված լինել[1]։

Անգեղակոթի ժողով խմբագրել

Մեր ներկայացուցիչ Մինաս վարդապետին Իսրայել Օրու հետ ձեզ մոտ ենք ուղարկում, որոնք լիովին տեղյակ են մեր վիճակին։ Նրանց հետ ընդունած ձեր բոլոր որոշումները մեզ համար ընդունելի են... Եվ թող զորություն լինի ձեզ, որ հաղթենք մեր թշնամիներին, ինչպես հաղթեցինք շատերին, որպեսզի մեզ համար լույս ծագի ձեր տերությունից։ Կխնդրենք և կաղաչենք, որ աստծո ողորմությամբ ազատագրեք մեր խեղճ ազգին, որը ենթակա է տարբեր պատահարների... Խնդրում ենք ձեր բարի կամքով ընդառաջեք մեզ և լինեք պարծանք մեր ազգի համար, քանի որ որևէ տեղից ոչ մի հույս չունենք... Մեր որոշումն է, որ մեր իշխաններով ու պարոններով հնազանդվենք ձեր մեծ թագավորությանը

- Հայ մելիքների գրած նամակը Պետրոս I-ին

Ի վերջո Իսրայել Օրին 1699 թվականին մեկնում է Հայաստան և հայ իշխանների մասնակցությամբ ապրիլի 9-ին[2] Անգեղակոթում գաղտնի ժողով գումարում։ Ժողովում հայ մելիքները հավանություն են տալիս Իսրայել Օրու ծրագրին, ըստ որի պետք էր գաղտնի զորք հավաքագրվել, որն անցնելու էր Ռուսաստանի տարածքով և ազատագրեր Հայաստանի երկու հատվածները՝ Արևմտյան և Արևելյան։ Այս ամենից հետո Հայաստանը պետք է հռչակեր իր անկախությունը, իսկ հայոց թագավոր պետք է հռչակվեր Հովհան Վիլհելմը։ Հայ մելիքներն իրենց ստորագրությամբ և կնիքներով հաստատեցին իրենց համաձայնությունը Իսրայել Օրու ծրագրին և նամակներ գրեցին Հռոմի պապին, Ռուսաստանի ցարին և Հովնան Վիլհեմին։

 
Իսրայել Օրին և Հովհան Վիլհելմը

Իսրայել Օրուն վերադարձի ճանապարհին ուղեցկում էր Մինաս վարդապետ Տիգրանյանը[1][3]։

Պֆալցյան ծրագիր խմբագրել

1699 թվականի սեպտեմբերին Իսրայել Օրին և նրան ուղեկցող Մինաս վարդապետ Տիգրանյանը մեկնեցին Դյուսելդորֆ։ Սակայն հայ բանագնացի ընդունելությունը անմիջապես տեղի չունեցավ, քանի որ իշխան Վիլհելմը հիվանդացել էր։ Այս անգործության ժամանակամիջոցը Իսրայել Օրին օգտագործեց իր ծրագիրը ավելի կատարելագործելու և վերջնական տեսքի բերելու համար, ինչը նա մեծ հմտությամբ գլուխ բերեց, քանի որ ծանոթ էր ժամանակի աշխարհքաղաքական դրությանը։ Պֆալցյան նախագիծը առաջինն էր հայոց պատմության մեջ, որը Հայաստանի ազատագրությունը դրեց գործնական հողի վրա[4]։

Սակայն այն մնաց թղթի վրա, քանի որ Ավստրիայի կայսր Լեապոլդ I-ը հրաժարվեց օգնություն տրամադրել։ Հասկանալով, որ Հայաստանի ազատագրման համար լավագույն դաշնակիցը կարող էր լինել Ռուսաստանը՝ Իսրայել Օրին անցավ Ռուսաստան։

Օրին Ռուսաստանում խմբագրել

Իսրայել Օրին, հասկանալով, որ Ռուսաստանը ցանկություն կունենա ամրապնդել իր դիրքերը Անդրկովկասում, բանակցություններ սկսեց նրա հետ։ Ռուսաստանը ցանկանում էր ամրապնդվել Ազովի և Սև ծովերի, ինչպես նաև Կասպից ծովի ափերին, քանի որ դա նրանց առջև կբացեր նոր ու հարմարավետ ուղիներ։ Սակայն Ռուսաստանը նույն պահին զբաղված էր Շվեդիայի դեմ մղվող Հյուսիսային պատերազմով (1700-1721 թվականներ), ինչը Ռուսաստանին թույլ կտար ամրապնդվել Բալթիկ ծովի ափերին, որը հետագայում՝ 1721 թվականին, հաղթանակով ավարտեց Ռուսաստանի երիտասարդ ցարը՝ Պետրոս I-ը։

Հենց այս պատերազմի ժամանակ՝ 1701 թվականի հուլիսի 7-ին, Իսրայել Օրին և նրա ուղեկիցները հասան Մոսկվա։ Օրին ուներ Ավստրիայի կայսեր և Պֆալցի կուրֆյուրստի կողմից տրված հանձնարարականները, իսկ Լեհաստանի թագավոր Ավգուստ II-ը նրան տվել էր անցագիր։ Այս ամենի պատճառով Իսրայել Օրին պատշաճ ընդունելության և մեծարանքի արժանացավ։ Ստացավ նաև սեփական բնակարան և պահակախումբ։

Իսրայել Օրին Ռուսաստանի վարչապետի՝ Գոլովինի հետ հանդիպեց հուլիսի 11-ին, որի ժամանակ Իսրայել Օրին կրճատ նկարագրեց իր այցելության նպատակները, իսկ 3 օր անց՝ հուլիսի 14-ին, նա իր գրավոր զեկույցները ներկայացրեց Ռուսաստանի արքա Պետրոս I-ին։ Այս զեկույցների մեջ Իսրայել Օրին ներկայացրել էր հայ ժողովրդի ազատագրական սպասումները եղբայրական ռուս ժողովրդից։ Այս ամենը հետաքրքրեց Պետրոս I-ին և նա պահանջեց ստեղծել մի մանրամասն ծրագիր, որը նրան ներկայացվեց հուլիսի 25-ին։ Հետագայում ծրագիրը հայտնի դարձավ Մոսկովյան անունով[5]։

Ծրագրի բովանդակություն խմբագրել

Մոսկովյան ծրագիրը իր մեջ ներառում է 18 կետ։ Ըստ ծրագրի՝ պետք է կազմվի 25 հազաանոց զորք, որի 15 հազարը հետևակ, իսկ 10 հազարը հեծելազոր։ Այն պետք է համալրված լինի թնդանոթներով և պետք է սկսի արշավանքը նույն թվականի հոկտեմբերի սկզբին։ Բանակը բաժանվելու էր 2 մասի, որի մի մասը Արևելյան Հայաստան էր տեղափոխվելու ցամաքային ճանապարհով, իսկ մյուսը՝ Կասպից ծովով։ Իջնելով Նիզովայի նավահանգստում՝ ռուսական զորքը շարժվելու էր 4 ուղղություններով՝ Գանձակ, Լոռի, Կապան և Նախիջևան։ Ռուսական բանակին էր միանալու 100 հազարանոց հայկական ուժերը։ Հարվածի հիմնական ուղղությունը լինելու էր Երևանը, որն էլ հռչակվելու էր հայոց պետականության կենտրոն։ Նախատեսվում էր Արևելյան Հայաստանը ազատագրել 20 օրում։

Ռազմական ամբողջ ծախսերը հոգալու էին հայերը։ Հայկական կողմը պետք է հոգար նաև զորքի պարենային հարցերը և հաղորդակցության միջոցները։ Իսրայել Օրին նախագծի մեջ մեծ տեղ է հատկացրե նաև Հայաստանի տնտեսական բարուստ կյանքի, օգտակար հանածոներով հարուստ ընդերքի նկարագրությանը, ինչով փորձել է շահագրգռել ռուսաց ցարին։

Որպես Հայաստանի դաշնակից, Իսրայել Օրին տեսնում էր նաև Վրաստանին։ Երկու երկրներում ծավալվող ազգային-ազատագրական շարժումների համար Ռուսաստանը ընդամենը հանդես էր գալու որպես երաշխավոր, իսկ հիմնական գործը անելու էին հայերը և վրացիները։ Իսկ եթե Օսմանյան Թուրքիան օժանդակություն ցուցաբերեր պարսիներին, սպասվում էր եվրոպական երկրների միջամտություն։ Հատկանշական է, որ, ի տարբերություն Պֆալցյան ծրագրի, այս ծրագրում խոսք չի գնում հայերի դանափոխության վերաբերյալ, քանի որ Ռուսաստանը բնավ շահագրգռված չէր այդ թեմայով։ Ծրագրին կցված էր նաև Հայաստանի և հարևան երկրների ձեռանկար քարտեզները, որոնք ներկայացվել էին ռազմական գործիչներին՝ գործի վերաբերյալ ավելի լավ պատկերացում կազմելու և ճանապարհներին ավելի լավ ծանոթանալու համար[5]։

Բանակցություններ խմբագրել

Իսրայել Օրու հետ միաժամանակ Մոսկվայում էր գտնվում նաև վրաց գահազուրկ արքա Արշիլ II-ը, որը Օրուն հավաստիցանում էր, որ եթե ռուսական փոքրիկ մի զորամաս մտնի Վրաստան, ապա վրաց ժողովուրդը նույնպես կապստամբի օտար լծի դեմ։

Ի վերջո ծրագիրն ու քարտեզները մեծ հետաքրքրություն առաջացրին Պետրոս I-ի մոտ, որի հետևանքով Պետրոս I-ը ցանկացավ ինքը անձամբ զրուցել Օրու հետ և քննարկել ծրագիրը։ Հանդիպելով Իսրայել Օրուն՝ Պետրոս I-ը հասկացավ, որ գործ ունի բանիմաց մարդու հետ։ Ռուսաստանի ցարը ցանկանում էր ամրապնդվել իր տերությա հարավային սահմաններին և մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում Կասպից ծովի ափերի հանդեպ։ Դա պայմանավորված էր այդ շրջանների կարևորությամբ և տնտեսական մեծ ակտիվությամբ։ Այս պլանները իրագործելու համար, անշուշտ, օգտակար կարող էին ինել հայերը։ Ռուսաստանի ցարը ընդառաջեց Իսրայել Օրուն և ասաց, որ Հյուսիսային պատերազմի ավարտից հետո կիրագործի այն։ 1702 թվականի մարտին Պետրոս I-ը հատուկ գրություն է հանձնում Օրուն, ըստ որի՝ իրավունք վերապահվեց Օրուն իր ծրագրի մասին հայտնել մելիքներին և հոգևոր առաջնորդներին։

1702 թվականին Օրին Հայաստան է ուղարկում մոսկվայաբնակ մի զորականի՝ կապիտան Միրոն Վասիլևին, որը նամակներ է տանում Հայաստան և հանձնում մելիքներին, Գանձասարի և Էջմիածնի կաթողիկոսներին։ Հոգևորական դասը անորոշ և խուսափողական պատասխաններ է տալիս, իսկ մելիքները անպատասխան են թողնում Օրու նամակը։ Այս ամենը կարող էր խափանել Օրու պլանները, սակայն պարզ էր, որ հայերի այսպիսի կեցվածքը պարսկական իշխանություններից զգուշավորության հետևանք էր։

Անելանելի դրությունից դուրս գալու համար Իսրայել Օրին և Մինաս վարդապետ Տիգրանյանը դիմում են մի խորամանկ քայլի։ Նրանց մոտ կային դատարկ թղթեր, որոնց տակ հայ մելիքների ստորագրություններն էին։ Օգտագործելով այս թղթերը՝ նրանք կազում են մի կեղծ դիմում, որը թվագրվում էր 1703 թվականի մայիսի 7-ով և ուղղված էր Պետրոս I-ին։ Այստեղ հայ մելիքները հաստատում էին իրենց քաղաքական կողմնորոշումը Ռուսաստանի հանդեպ և նշում․

  Հավատում ենք, որ Զեզնով է լինելու հայերի ազատագրումը
- Հատված Պետրոս I-ին ուղղված կեղծ նամակից
 

Քանի որ Հյուսիսային պատերազմը ձգձգվում էր, Իսրայել Օրին այս ժամանակը օգտագործում է նոր և ավելի մանրամասն քարտեզներ կազմելու, ռուսական բանակին և ռազմարվեստին ծանոթանալու համար։ Հակառակորդի դրությանը քաջածանոթ լինելու համար Իսրայել Օրին առաջարկում է կազմել մի մեծ պատվիրակություն, որին ցարը անմիջապես հավանություն տվեց։ Դեսպանությունը մեկնելու էր Սպահան, որտեղ ներկայանալու էր պարսից շահին՝ Հուսեյին I-ին և նրան հայտներ Ռուսաստանի բարեկամության մասին։ Սակայն պատվիրակության գլխավոր նպատակը ոչ թե բարեկամական կոչեր անելն էր, այլ հետախուզական գործունեություն ծավալելը և տեղի հայերի ու վրացիներին ոգևորելը։ Կասկածներ չհարուցելու համար Օրին առաջարկեց նաև իրեն շնորհել գնդապետի աստիճան, որը անմիջապես կատարվեց։

Սական Իսրայել Օրին անմիջապես չմեկնեց Պարսկաստան, այլ 1704-1706 թվականներին մեկնեց Եվրոպա և հանդիպեց Հովհան Վիլհելմի, Ավստրայի կայսրի, Հռոմի պապ Կղեմես XI-ին։ Վերջինիցս ստացավ հավատարմագիր և նամակ, որը հասցեագրված էր շահին։ Օրին իր և հայ առևտրականների միջոցներով Ամստերդամում գնեց նաև զենք, որը Արխանգելսկի վրայով տեղափոխվեց Աստրախան՝ այնտեղից Հայաստան ուղարկվելու մտադրությամբ։ 1706 թվականին Օրին արդեն գտնվում էր Մոսկվայում, իսկ 1707 թվականի կեսերին դեսպանությունը արդեն ճանապարհ է ընկնում Պարսկաստան[5]։

Դեսպանությունը Պարսկաստանում խմբագրել

 
Իրանի շահնշահ սուլթան Հուսեյն (1694-1722 թվականներ)

1709 թվականի հուլիսին դեսպանությունը արդեն Սպահանում էր։ Դեսպանության այցը ստացավ միջազգային հնչեղություն և մեծ հետաքրքրություն ստեղծեց ինչպես Պարսկաստանում, այնպես էլ ամբողջ Անդրկովկասում։ Ֆրանսիական լրտեսները, որոնք Պարսկաստանում ծպտվել էին որպես կաթոլիկության քարոզով զբաղվող միսիոներներ, ամբողջ ներուժը գործադրում էին տապալելու այս դեսպանության գործուեությունը։ Հենց նրանց ջանքերով էլ հայտնի դարձավ, որ դեսպանության ղեկավարը՝ Իսրայել Օրին, հայ է։ Այս լուրը ապշեցնող տպավորություն թողեց։

Ի վերջո Իսրայել Օրին հանդիսավոր ընդունելության արժանացավ շահի կողմից։ Շահը դրական արձագանքեց պապի խնդրանքին՝ մեղմացնել քրիստոնեաների դեմ հալածանքնեը, իսկ հայ-ռուսական մերձեցման հանդեպ իր անբարյացկամությունը արտահայտեց իր նամակում, որը ուղղված էր ռուսաց ցարին։ Ավարտելով իր դեսպանական առաքելությունները՝ Իսրայել Օրին 1709 թվականի օգոստոսի կեսերին վերադարձավ Սպահանից, երկու տարի մնաց Անդրկովկասում, որի ընթացքում նա եռանդուն գործուեություն էր ծավալել հայ քաղաքական ուժերին համախմբելու նպատակով։ Նա հանդիպել էր Ամենայն Հայոց կաթողիկոս Աղեքսանդր Ա Ջուղայեցու և Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի հետ։ Նա հանդիպումներ ունեցավ նաև Սյունիքի ու Արցախի մելիքների, վրաց հասարակական գործիչների հետ։ Ռուսաստան վերադառնալու ճանապարհին Իսրայել Օրուն է միանում նաև Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը։

1711 թվականի ամռանը պատվիրակությունը Կասպից ծովի վրայով նավարկեց դեպի Աստրախան և տեղ հասավ 1711 թվականի օգոստոսի սկզբին։ Իրայել Օրին շտապում էր հասնել Մոսկվա, սակայն օգոստոսի վերջին տեղի ունեցավ անսպասելին։ Իսրայել Օրին կասկածելի հանգամանքներում հանկարծամահ եղավ։ Նա Եսայի Հասան-Ջալալյանի ձեռքով թաղվեց Աստրախանի հայկական եկեղեցու բակում, որն էլ ձեռնունայն վերադարձավ Արցախ։ Պետրոս I-ը Իսրայել Օրու մահվան մասին իմացավ 1711 թվականի նոյեմբերի 7-ին Կազանի նահանգապետ Ապրակսինի՝ ցարին ուղղված նամակից[5]։

Տես նաև խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Հայոց պատմություն։ Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը:/Երևան 2012 թ.., էջ 213-220

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Իսրայել Օրի». www.encyclopedia.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  2. Պետրոս Հովհաննիսյան «ՀԱՅ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԸ (15-րդ դարի կես-18-րդ դարի վերջ)». Երևան: «ԵՊՀ» հրատարակչություն. 2010. էջ 27.
  3. Պետրոս Հովհաննիսյան «ՀԱՅ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԸ (15-րդ դարի կես-18-րդ դարի վերջ)». Երևան: «ԵՊՀ» հրատարակչություն. 2010. էջ 29.
  4. «Հայաստանի ազատագրության Պֆալցյան ծրագիրը». www.armin.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Հայաստանի ազատագրության Մոսկովյան ծրագիրը». www.armin.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2019-13-10-ին.