Մոսկովյան բանվորական միություն

կազմակերպություն

Մոսկովյան բանվորական միություն, Մոսկվայի պրոլետարիատի առաջին սոցիալ-դեմոկրատական կազմակերպությունը, որը Պետերբուրգի «Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միությանը» հետևելով՝ խմբակներում մարքսիզմի պրոպագանդայից անցավ պրոլետարական զանգվածների ագիտացիային։ Հիմնադրվել է 1894 թվականին։ Սոցիալ-դեմոկրատական խմբակներ Մոսկվայում ստեղծվել էին 1889—1890 թվականին։ 1893 թվականի սեպտեմբերին ձևավորվեց մարքսիստական խումբ՝ «վեցյակը» (Ա․ Վինոկուրով, Պ․ Վինոկուրովա, Ա․ Լյադով, Ս․ Միցկևիչ, Ե․ Սպոնտի և Ա․ Պրոկոֆև), իսկ 1894 թվականի ապրիլին կազմավորվեց Կենտրոնական բանվորական խմբակը։ Այն ուներ անլեգալ և լեգալ գրականության գրադարան և մարտական դրամարկղ՝ ձերբակալված ընկերներին օգնելու, տպագրական սարքավորում ու գրականություն գնելու և գործադուլավորներին նյութական աջակցություն ցույց տալու համար։ Կենտրոնական բանվորական խմբակը տնօրինում էր անլեգալ գրականության հրապարակումը, ղեկավարում գոյություն ունեցող խմբակների գործունեությունը, ստեղծում նորերը։ 1894 թվականի աշնանը կազմավորվեց կանանց սոցիալ-դեմոկրատական խմբակը (Ս․ Մուրալովա, Ա․ Սմիռնովա, Պ․ Մոկրոուսովա-Կարպուզի, Վինոկուրովա են)՝ աշխատավորուհիների շրջանում պրոպագանդա ծավալելու համար։ Կենտրոնական խմբակի հետ համագործակցում էին Ա․ Ռյազանովի և այլ մտավորականների մարքսիստական խմբակները։ 1895 թվականի ապրիլի 30-ին (մայիսի 12-ին) անցկացվեց առաջին անլեգալ մայովկան, որին մասնակցեցին 35 ձեռնարկությունների մոտ 300 բանվորներ։ Այդտեղ Մոսկովյան սոցիալ-դեմոկրատական կազմակերպությունն ընդունեց «Բանվորական միություն» անվանումը։ 1896 թվականի ամռանը ստեղծվեց Մոսկովյան բանվորական միության Կենտկոմ՝ 10—12 անդամով։ Տարբեր ժամանակներ միությունը ղեկավարել են Միցկևիչը, Վինոկուրովը, Լյադովը, Մ․ Վլադիմիրսկին, Վ․ Վորովսկին, Ի․ Գուբրովինսկին, Դ․ Ուլյանովը և ուրիշներ։ Նրա ակտիվ գործիչներն են եղել Ա․ ՈւլյանովաԵլիզարովան, Մ․ Ելիզարովը, Վ․ ԲոնչԲրուեիչը, Զ․ Լիտվին-Սեդոյը, Լ․ Ռադինը, Զ․ Լավրովը, Օ․ Վասիլեը են։ Վ․ Ի․ Լենինը, լինելով Մոսկվայում, բազմիցս հանդիպել է տեղի սոցիալ-դեմոկրատների հետ։ Մոսկովյան բանվորական միության անդամների ընդհանուր թիվը հասնում էր 2000-ի։ Այն սերտ կապերի մեջ էր Պետերբուրգի «Պայքարի միության» և արդյունաբերական 15 կենտրոնների սոցիալ-դեմոկրատական կազմակերպությունների հետ։ Նրա օգնությամբ աճեց և ամրապնդվեց ԻվանովոՎոզնեսենսկի «Բանվորական միությունը»։ 1895—1897 թվականի ձերբակալությունները դժվարացրին միության աշխատանքը, բայց այն շարունակում էր գործել։ 1898 թվականի սկզբին Մոսկովյան բանվորական միությունը վերանվանվեց «Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միություն»։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 25