Մոնղոլա-օխոտական գեոսինկլինալային համակարգ

Մոնղոլա-օխոտական գեոսինկլինալային համակարգ , Ուրալա-Մոնղոլական ծալքավոր գեոսինկլինալային գոտու ծալքավոր համակարգերից, ձգվում է ավելի քան 2000 կմ հս-արլ․ Մոնղոլիայից մինչե Օխոտի ծովի արևմտյան ափերը։ Այդ տերիտորիան առաջին անգամ առանձնացրել է Ա․ Ե․ Ֆերսմանը, 1926 թ.-ին, որպես երկրաքիմիական զոնա և կոչել Մոնղոլա-Օխոտական գոտի։ Հյուսիսում Մոնղոլա-օխոտական գեոսինկլինալային համակարգը սահմանափակված է Մոնղոլա-Օխոտական խորքային խզվածքներով, իսկ հարավում՝ Բուրեյական զանգվածով և Հարավ-Գոբիական խզվածքների համակարգով։ Մոնղոլա-օխոտական գեոսինկլինալային համակարգի կազմության մեջ առանձնացվում են գեոսինկլինալային զարգացման ռիֆեյի, ստորին և միջին պալեոզոյան փուլերը։ Վերին պալեոզոյում և ստորին տրիասում համարյա ամբողջ տերիտորիան գտնվել է լեռնակազմական փուլում, որն ուղեկցվել է գրանիտոիդային հսկայական զանգվածների ներդրումով, էվգեոսինկլինալային ճկվածքները պերմում պահպանվել են միայն արևելյան, Մոնղոլա-օխոտական գեոսինկլինալային համակարգի և ավելի երիտասարդ Սիխոտեալինի գեոսինկլինալային համակարգի միակցման զոնայում։ Մոնղոլա-օխոտական գեոսինկլինալային համակարգի մեզոզոյան կառուցվածքները հետազոտողների մի մասը վերագրում է գեոսինկլինալների կարգին, մյուսները՝ գրանիտոիդային ակտիվացման կառուցվածքներին։ Նրանց համար բնորոշ են ծովային և ցամաքային մոլասանման և ածխաբեր նստվածքները, որոնք զուգակցվում են վերերկրյա հրաբխայնության (անդեզիտային ֆորմացիա) լայն զարգացման և հրաբխա-պլուտոնիկ ֆորմացիայի կոմագմատիկ գրանիտոիդների ներդրման հետ։ Մեզոզոյի մագմատիզմի հետ կապված են կապար-ցինկային հանքանյութերի, ոսկու, անագի, վոլֆրամի, ֆլյուորիտի և այլ հանքավայրեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 713