Մոլլա Փանահ Վագիհ (ադրբ.՝ Molla Pənah Vaqif) (1717[1][2][3], Յուխարի Սալահլի, Ղարաբաղի կուսակալություն, Սեֆյան Պարսկաստան - 1797[1][2][3], Շուշի, Ղարաբաղի խանություն), ադրբեջանցի բանաստեղծ և պետական գործիչ։ Եղել է ուսուցիչ (որի համար էլ կոչվել է «մոլլա»), ապա վեզիր (արտաքին գործերի մինիստր)՝ Ղարաբաղի կառավարչի մոտ։ Վիագիհ մասնակցությամբ պաշտպանական դաշինք է կնքվել Ղարաբաղի, Վրաստանի, Թալիշի և Երևանի խանությունների միջև՝ ընդդեմ Իրանի։ Վագիհն նախաձեռնել է Ռուսաստանի հետ բանակցությունները, որոնց նպատակն էր ստանալ ռուսների աջակցությունը։ 1797 թվականին Ղարաբաղի իշխանությունը զավթել է Մուհամեդ բեկ Զևանշիրը, որի հրամանով Վագիհը սպանվել է իր որդու՝ բանաստեղծ Ալի բեկի հետ։

Մոլլա Փանահ Վագիհ
ադրբ.՝ ملاپناه واقف
Դիմանկար
Ծնվել է1717[1][2][3]
ԾննդավայրՅուխարի Սալահլի, Ղարաբաղի կուսակալություն, Սեֆյան Պարսկաստան
Մահացել է1797[1][2][3]
Մահվան վայրՇուշի, Ղարաբաղի խանություն
ԳերեզմանՎագիֆի դամբարան
Քաղաքացիություն Սեֆյան Պարսկաստան և Ղարաբաղի խանություն
Մասնագիտությունբանաստեղծ, գրող և Վեզիր
Զբաղեցրած պաշտոններՎեզիր
 Molla Panah Vagif Վիքիպահեստում

Ստեղծագործություններ խմբագրել

Վագիհի ստեղծագործությունները ձեռագիր վիճակում չեն պահպանվել, հետագայում հավաքվել են ըստ առանձին գրառումների կամ երգիչների կատարումների։ Առաջին ժողովածուն հրատարակվել է 1856 թվականին, Թեմիր խան-Շուրայում (այժմ՝ Բույնակսկ)՝ Մ․ Ցու․ Ներսեսովի կողմից։ Համեմատաբար լիակատար ժողովածուն տպագրվել է 1945 թվականին։ Վագիհը նոր էջ է բացել ադրբեջանական պոեզիայում, այն մերձեցրել ժողովրդին։ Նրա քնարերգությունը կենսախինդ է․ նա ձգտում է ձախորդությունները հաղթահարել բանականության ուժով, փիլիսոփայական իմաստ է գտնում նույնիսկ վշտի մեջ, մարդուն տրված գերագույն պարգևն այս աշխարհում համարում է երկրային, գրեթե հեթանոսական սերը։ Վագիհը ստեղծել է իրական գեղեցկուհիների կերպարներ («Մանուշակ», «Երկու գեղեցկուհու եմ ես գովերգում» և այլն)։ Վերջին տարիներին Վագիհի գործերում կայունացել է միջնադարյան արևելյան քնարերգությանը բնորոշ «բախտի փոփոխականության» մոտիվը, մարդն անզոր է ճակատագրի հանդեպ։ Փիլիսոփայական քնարերգությունը տոգորվել է դառնությամբ («Ով կատարյալ է՝ նրան բաժին են ընկնում ձախորդությունները») և հեգնանքով՝ կեղծիքի ու չարության աշխարհի նկատմամբ («Ես արդարություն որոնեցի, բայց արդարություն չկա ու չկա»)։ Վիդադիի՝ ավագ ժամանակակցի ու մտերմի հետ Վագիհն ադրբեջանական պոեզիայում հաստատել է աշուղական գոշմա (ղոշմա) ձևը, որն ավելի մոտ է ժողովրդական չափածո ստեղծագործությանը, միաժամանակ խիստ դասական ձևերով գրված իր գազելներով ու մուխամմազներով նա տուրք է տվել Ֆիզուլիի բանաստեղծական դպրոցին։ Վագիհի կյանքը գեղարվեստորեն մարմնավորել է Սամեդ Վուրղունը «Վագիֆ» չափածո դրամայում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Faceted Application of Subject Terminology
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 NUKAT — 2002.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 222  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոլլա Փանահ Վագիհ» հոդվածին։