Մկրտիչ Ենգիբարյանի տուն
Մկրտիչ Ենգիբարյանի տուն, բնակելի տուն Երևանում։ Գտնվում է Փավստոս Բուզանդի 4 հասցեում։ Կառուցվել է 1898 թվականին, ճարտարապետ Բորիս Մեհրաբյանի կողմից։ Պատկանում էր քաղաքային խորհրդի պատգամավոր, վաճառական Մկրտիչ Ենգիբարյանին, որը 1894 թվականից զբաղվում էր Պարսկաստանից և Թուրքիայից նավթի արտահանմամբ։ 1920-ական թվականներին այստեղ է տեղավորվել Հայաստանի կենտրոնական վիճակագրական վարչությունը[2]։
Տեսակ | մշակութային արժեք և բնակելի տուն |
---|---|
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Երևան և Կենտրոն վարչական շրջան |
Հասցե | Փավստոս Բուզանդի փող. 4[1] |
Հիմնադրված է | 1907 |
Ճարտարապետ | Բորիս Մեհրաբյան |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Նկարագրություն
խմբագրելՇենքը միահարկ է, ունի նկուղ։ Զուգաչափ հատակագծային հորինվածքն ուղղանկյուն է, երկայնակի հիմնապատով բաժանված է երկշարք սենյակների (ճակատի երկարությունը 34,6 մետր, սենյակների չափերը՝ 25,16 քառակուսի մետր և այլն)։ Կառույցի կենտրոնական առանցքում դեպի բակը տանող միջանցիկ մուտքն է, իսկ եզրերին՝ երկու շքամուտք։ Տարածքի խորքն են ձգվում երկու կարճ թև, որոնք հատակագծին տալիս են Ս տառի տեսք։ Բակի ճակատի երկարությամբ բաց սրահներ են (2,7 մետր խորությամբ)։ Պատերը տուֆակերտ են, միդիս շարվածքով։ Հատակագծային կազմության համանմանությամբ փողոցի կողմից, հարավ-արևմտյան ճակատի կառուցվածքը զուգաչափ է և ունի երեք առանցք։ Կենտրոնական առանցքը ելուստներով է և մուտքի կամարային կիսարշրջանաձև ճակատամասով, որն ամրացած է կիսասյուներով։ Կողային շքամուտքերը ձևավորված են համանման։ Դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ են փայտե բարձրաքանդակ դռները։ Շենքի ճակատը երկար է և բարձր, և այդ հարաբերակցությունը շեշտում է շենքի հորիզոնական ձգվածությունը[2]։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ 2,0 2,1 Հուշարձան, Տարեգիրք Գ, «Հուշարձան» 2005, էջ 198-199, ISBN 978-99930-865-2-5
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մկրտիչ Ենգիբարյանի տուն կատեգորիայում։ |