Մկրտիչ Բառլատյան

հայ բժիշկ

Մկրտիչ Բառլատյան (նաև՝ Փառլադյան, Փըռլադյան Մկրտիչ, Բառլատի բեյ, իսկական ազգանունը՝ Բռլանթիյան (Բրիլիանդյան, Ադամանդյան), 1823, Կ. Պոլիս - 1873, Մծբին), հայ զինվորական բժիշկ, բեյ։

Մկրտիչ Բառլատյան
Ծնվել է1823
ԾննդավայրԿ. Պոլիս, Օսմանյան կայսրություն
Մահացել է1873
Մահվան վայրՄծբին
Ազգությունհայ
ԿրթությունԿ. Պոլսի Կայսերական զինվորական բժշկական վարժարան
Մասնագիտությունբժիշկ
Կոչումկայմակամ (փոխգնդապետ)
ԱշխատավայրԿ. Պոլսի զինվորական հիվանդանոց
ՊաշտոնՕսմանյան կայսրության Բաղդադի զորագնդի զինվորական հիվանդանոցի բժշկապետ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1823 թվականին Կ. Պոլսում՝ արհեստավոր Գրիգորի ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է թաղային վարժարանում։ 1839 թվականին Վենետիկում ավարտել է միջնակարգ կրթությունը և նույն տարում վերադարձել ծննդավայր։

1841-1849 թվականներին սովորել է Կ. Պոլսի Կալաթա թաղամասի զինվորական բժշկական վարժարանում և ավարտել դեր-հազարապետ բժիշկ Մկրտիչ Գրիգոր էֆենդի անունով։ Հանդիսանում է Կ. Պոլսի Կայսերական զինվորական բժշկական վարժարանի առաջին պսակավորներից մեկը՝ Բարունակ Ֆերուհ խանի, Ստեփան Արսլանյանի, Հակոբ Հովհաննեսյանի և Գաբրիել Սևյանի հետ։ Ամուսնացած է եղել Հովհաննես Գանթարյանի դուստր Սուրբիկի հետ, սակայն զավակ չեն ունեցել։

1849 թվականին Կ. Պոլսի զինվորական հիվանդանոցում ծառայել է որպես զինվորական բժիշկ՝ կապիտանի աստիճանով։ Համարվել է օսմանյան արքունիքի պատվավոր բժիշկներից մեկը։ Հետագայում ծառայել է գավառներում գտնվող զինվորական հիվանդանոցներում։

Մկրտիչ Բառլատյանը 1864 թվականին ստացել է կայմակամի (փոխգնդապետի) զինվորական աստիճան։ 1864 թվականին նշանակվել է Օսմանյան կայսրության Բաղդադի կայազորի կայմակամ (պարետ)։

1864-1873 թվականներին եղել է Օսմանյան կայսրության Բաղդադի զորագնդի զինվորական հիվանդանոցի բժշկապետը։ 1873 թվականին ծանր հիվանդացել է և ստիպված է եղել վերադառնալ Կ. Պոլիս։ Մահացել է 1873 թվականին Բաղդադից Կ. Պոլիս վերադառնալիս՝ Մծբին (Նիսիբին) քաղաքում, հիվանդությունից՝ 50 տարեկանում։

Գրականություն խմբագրել

  • Մեզպուրեան Ա., Հայ եւ ծագումով հայ բժիշկներ, Իսթանպուլ, 1950։
  • Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։

Աղբյուրներ խմբագրել

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։