Սուրբ Խաչ վանք (Մկնատամ)

Քաշաթաղում
(Վերահղված է Մկնատամի Խաչ վանքից)

Մկնատամի խաչ վանք, Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի (Լաչինի շրջան)[1] Տանձուտ և Մոշաթաղ գյուղերի միջնամասում՝ Աղավնագետի Սթունիս վտակի ձախ ափին՝ ժայռե բլրակի վրա գտնվող սրբավայր, 13-րդ դարի կառույց։

Սուրբ Խաչ վանք
Մկնատամի Խաչ
Հիմնական տվյալներ
ԵրկիրԱրցախ Արցախ
Տեղագրությունգյուղ Վարազգոմ]
Արցախի Հանրապետություն Քաշաթաղի շրջան
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԱրցախի թեմ
Ներկա վիճակավերված
Ճարտարապետական ոճՀայկական
Առաջին հիշատակում12-13-րդ դարեր

Պատմական ակնարկ խմբագրել

Սթունիս պատմական գյուղը հիշատակվում է 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Ժամանակագրութիւն»-ի[2] հավելվածում, որ 1600 պտղաչափով հարկ է տվել Տաթևի վանքին։ Գյուղը գտնվում է թեք սարալանջին, դիմացը՝ հարավարևելյան կողմում, բազում քարանձավներ կան, որոնք ավելի հնում եղել են բնակելի, իսկ այժմ ծառայում են որպես անասնագոմ ամառանոց եկող անասնապահների համար։

Անվան ստուգաբանություն խմբագրել

Վանքի մասին պատմական տեղեկությունները բացակայում են։ Ըստ պատմագրական տվյալների, վանքի անվանումը կապված է մկնատամ կոչվող (մաշկի սնկային հիվանդություն) հիվանդության բուժման հետ[3]։

Ճարտարապետություն խմբագրել

Վարազգոմ (նախկինում՝ Ղուշչի) գյուղը գտնվում է Մերիկ գյուղից 2 կմ հարավ-արևելք՝ Աղավնագետի աջ կողմում՝ գետափից 1 կմ հեռավորությամբ, ծովի մակերևույթից 1520-1600 մ բարձրության վրա։ Այն միևնույն՝ անփոփոխ անվամբ առաջին անգամ հիշվում է Տաթևի վանքին հարկատու գյուղերի թվում (1600 պտղաչափով)։

Վարազգոմից 1 կմ հարավ-արևելք, Աղավնագետի աջակողմյան վտակ Սթունիսի ձախ ափին վեր խոյացած քարաժայռի գագաթին պահպանվում է ժողովրդական ավանդությամբ «Մկնատամի Խաչ» անվամբ հայտնի փոքրիկ եկեղեցին։ Վերջինս սրբատաշ քարով կառուցված, 12-13-րդ դարերին բնորոշ ճարտարապետական ու հորինվածքային դասական առանձնահատկություններով, միանավ, թաղածածկ շինություն է (ավելի շուտ մատուռ, քան եկեղեցի)։ Արտաքին չափերն են 4.30 մ × 3,15 մ։

Մկնատամի Խաչ սրբավայրը երկու շինությունից է կազմված՝ մատուռ-եկեղեցուց և հավանաբար գրապահոցից։ Ճարտարապետական հարդարանքի տեսակետից աչքի է ընկնում արևմուտքից բացված միակ մուտքի շրջանակը և լուսամուտի պսակը։ Տանիքը պատած է կիսաբոլորակ ծածկասալերով։ Շինանյութը կապտավուն բազալտից է։

Կառույցի արևմտյան կողմում է գտնվում միակ ցածր ու նեղ մուտքը, որն ունի քանդակազարդ շրջանակ. վերևում կամարակապ է, իսկ մի քիչ էլ վեր կա փոքրիկ պատուհան, որի պսակը նույնպես աչքի է ընկնում իր գեղեցիկ հորինվածքով։ Թաղակապ տանիքը պատված է հարթ ու մի կողմից բոլորակով ծածկասալերով, որոնց մեծ մասը, ցավոք, արդեն թափվել է։ Հյուսիսային և արևմտյան պատերի անկյունաքարերը ներքևի մասում նույնպես ընկել են։

Մատուռին կից՝ հարավային կողմում, կիսաքանդ վիճակում պահպանվել է մեկ այլ շինություն՝ արտաքին 5,15 մ × 5, 25 մ չափերով։ Կառույցի տանիքն ամբողջովին փլված է։ Ենթադրվում է, որ այն եղել է թաղակապ. այդ են հուշում արևմտյան և արևելյան կողմերի պատերը, որոնց վերին մասն անկյունաձև է։

Շինարարություն խմբագրել

Շինության կոպտատաշ քարերը միմյանց հետ ամրացվել են կրաշաղախով։ Միայն անկյունաքարերն են սրբատաշ և մուտքի բարավորը։ Ներսի կողմից պատերի մեջ խորշեր կան, և ենթադրում է, որ շինությունը ծառայել է որպես գրապահոց։ Արևմտյան պատը որոշ չափով առաջ է ընկած մատուռից և ունի պատուհան։ Մուտքը արևելյան կողմից է։ Այս հատվածը ժամանակին աստիճաններ է ունեցել։ Այժմ 3-4 մետրից հետո ուղղաձիգ ժայռն է։

Որմերի պահպանված հատվածներին արձանագրություները բացակայում են։ Մատուռին հարավից կից է քառանկյուն հատակագծով մի շինություն` կառուցված կոփածո քարերով ( ծածկը փլված է)։ Սա ներքուստ ունի բազմաթիվ խորշ-պահոցներ։ Միակ մուտքը արևելքից է։ Դատելով կառացողական առանձնահատկություններից այն, ամենայն հավանականությամբ, ծառայել է իբրև գրատուն կամ գրապահոց։ Ունի 5.25 մ × 5.15 մ արտաքին չափեր։ Թվում է՝ կառուցման ժամանակաշրջանով մոտ է կամ պարզապես ժամանակակից բուն մատուռին։ Բացի այս ամենին, Վարազգոմ գյուղից 800 մ հյուսիս-արևելք, Աղավնագետի աջ ափին պահպանվել են հին ջրաղացի մնացորդները։ Ժայռի ներքևում գտնվող քարանձավները միջնադարում հավանաբար եղել են կացարաններ։ Մատուռը պահող բլրի մոտով անցնող Սթունիս գետակի մոտով ճանապարհը չի ընդհատվում, այլ շարունակվում է դեպի արևմուտք։

Վանքի ճակատագիրը խմբագրել

Խորհրդային տարիներին վանքը միտումնավոր ավերումների, արհեստական փոփոխությունների չի ենթարկվել, չի տուժել նաև Արցախյան պատերազմների ժամանակ։ 2020 թվականին դեկտեմբերին Քաշաթաղի շրջանի ադրբեջանական վերահսկողությանը անցնելուց հետո հուշարձանի տարածքում փոփոխություններ և ավերումներ դեռ փաստագրված չեն, ադրբեջանական կողմը այն ներկայացնում է որպես աղվանական սրբարան և թվագրում 10-11-րդ դարերով։

Համանուն եկեղեցի Հայաստանում խմբագրել

Հայաստանի Դսեղ գյուղի ներկայիս բնակավայրի հյուսիսարևելյան մասում՝ գյուղի գերեզմանատան հարակից բարձունքում է գտնվում Բալա Գիքորի կամ Մկնտամի Խաչ կոչվող մատուռը։ Մատուռի երկու անուններն էլ ունեն իրենց հստակ ստուգաբանությունը։

Առաջին տարբերակով Բալա Գրիգորի մատուռ է կոչվում, քանի որ գյուղի Դդի բարձունք (հիշատակվում է Հովհաննես Թումանյանի «Մի ավանդությունում»)[4] կոչվող վայրում թաղված է եղել Դսեղի երևելիներից մեկի՝ Բալա Գիքորի հայրը։ Բալա Գիքորը հոր գերեզմանի կողքին 1902 թվականին մատուռ է կառուցել, որը ժամանակի հետ դարձել է գյուղի կարևորգույն սրբավայրերից մեկը։

Հետագայում Բալա Գիքորը հոր աճյունը տեղափոխել է մատուռի ձախ կողմը, քանի որ գերեզմանի հին տեղով մարդկանց շարժը շատ է եղել, որպեսզի հոր գերեզմանը ոտքի տակ շատ չտրորվի։

Մատուռն անվանում են նաև Մկնատամի Խաչ, քանի որ մատուռը հրաշագործ զորություն է ունեցել և բուժել մկնատամի խայթոցից առաջացած բարդությունները։ Այն կառուցված է սև որձաքարից (բազալտ), որի մշակումն այն ժամանակներում մեծ դժվարություն էր ներկայացնում։ Այն, թեպետ իր փոքր չափերին, կառուցված է ճարտարապետական յուրահատուկ լուծումներով, հատկապես աչքի է զարնվում կամարաձև տանիքը, որի կառուցումը 20-րդ դարի սկզբին հատկապես մեծ դժվարություն էր ներկայացնում։

Մատուռի կողքին Բալա Գիքորի հոր գերեզմանաքարի վրա քանդակված է հետևյալ ասույթը՝ «ՀԻՄԱՐ Է ՆԱ, ՈՎ ԱՇԽԱՏԵԼ ԳԻՏԵ, ՈՒՏԵԼ՝ ՈՉ» բառացիորեն այսպես՝ «ՀԻՄԱՐ Է ՆԱ ՈՎ ԱՇԽԱՏԻԼ ԳԻՏԵ ՈՒՏԻԼ ՎՈՉ»։ Այն դսեղցիների շրջանում դարձել է թևավոր ասույթ և փոխանցվել է սերնդեսերունդ։ Իսկ մատուռը արդեն մեկ դարից ավելի մնում է ոչ միայն Դսեղի, այլև տարածաշրջանի այլ գյուղերի համար գլխավոր սրբավայրերից մեկը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան - մկնատամ». www.nayiri.com. Վերցված է 2021 թ․ հունիսի 26-ին.
  2. Ստեփանոս Օրբելյան «Ժամանակագրութիւն»1942թ. էջ 42։
  3. Սամվել Կարապետյան «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային ադրբեջանին բռնակցված շրջաններում»։ 1999թ. էջ 138։
  4. «Մի ավանդություն — Վիքիդարան». hy.wikisource.org. Վերցված է 2021 թ․ հունիսի 26-ին.