Միջուկային էնէրգետիկա, էներգետիկայի ճյուղ, որն օգտագործում է միջուկային էներգիան։ Միջուկային էներգետիկայի հիմքը ատոմային էլեկտրակայանն է (ԱԷԿ)։ Տեխնիկայի ոչ մի բնագավառ այնքան արագ չի զարգանում, ինչպես միջուկային էներգետիկան։ Աշխարհի զարգացած երկրներում գործող ԱԷԿ-ների 250 ռեակտորային տեղակայանքների ընդհանուր հզորությունն անցնում է 200մլն կվտ-ից։ ԱԷԿ-ների հիմնական էներգիա արտադրող հանգույցը միջուկային ռեակտորն է, որտեղ էներգիայի անջատումը կատարվում է ծանր տարրերի միջուկների տրոհման հաշվին։ Միջուկային ռեակտորում անջատված ջերմային էներգիայի փոխակերպումը էլեկտրականի սկզբունքորեն չի տարբերվում սովորական ջերմային էլեկտրակայաններում իրականացվող եղանակներից։ Միջուկային էներգիայի զարգացման սկզբնական շրջանում առաջին հերթին լայն տարածում ստացան ջրով (որպես դանդաղեցուցիչ և ջերմատար) աշխատող ռեակտորները (իրանային և կանալային)։

Կատենոմի ատոմակայանի հովացման աշտարակները (Ֆրանսիա)

Միջուկային էներգետիկայի զարգացման առաջընթացում առավել հեռանկարային են արագ նեյտրոններով գործող ռեակտորները[փա՞ստ], որոնցում հնարավոր է օգտագործել բնության մեջ համեմատաբար շատ տարածված Ս-238 վառելիքը, և այն էլ մեծ արդյունավետությամբ, միաժամանակ ստեղծելով արհեստական միջուկային վառելիք՝ Pu239։ Միջուկային էներգետիկան որոշակի կիրառություն ունի տնտեսության տարբեր բնագավառներում։

Միջուկային էներգետիկան որոշակի կիրառում ունի նաև տիեզերական թռիչքային ապարատներում։ Միջուկային էներգետիկայի զարգացման առավել կատարյալ աստիճանը միջուկային կառավարվող ռեակցիայի հիման վրա ջերմամիջուկային տեղակայանքների ստեղծումն է։ Այստեղ, ի տարբերություն սովորական ԱԷԿ-ներում ընթացող ծանր միջուկների տրոհման ռեակցիայի, իրականացվում է թեթև տարրերի (ջրածնի ծանր իզոտոպների՝ դեյտերիումի D և տրիտիումի T) սինթեզի ռեակցիան, որի ընթացքում անջատվում է հսկայական քանակի էներգիա։ Ջերմամիջուկային կառավարվող սինթեզի (ռեակցիայի) արդյունաբերական մասշտաբներով յուրացումը ահռելի դժվարություն ներկայացնող գիտատեխնիկական խնդիր է, որի լուծումը մարդկությանը կտա էներգիայի անսպառ աղբյուր։

Միջուկային էներգետիկայի վերաբերյալ կարծիքները տարբերվում են։ Համաշխարհային միջուկային ասոցիացիան և միջուկային էներգիայի բնապահպանները, պնդում են, որ միջուկային էներգիան անվտանգ, կայուն էներգիայի աղբյուր է, որը նվազեցնում է ածխածնի արտանետումները։ Միջուկային էներգետիկային դեմ արտահայտվողներն իրենց հերթին գտնում են, որ միջուկային էներգիան բազմաթիվ սպառնալիքներ է ներկայացնում մարդկանց և շրջակա միջավայրի համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 599