Միջաձիգ հաստոց՝ մետաղահատ հաստոց՝ արտաքին և ներքին մակերևույթները միջաձգիչով մշակելու համար։ Տարբերում են ընդհանուր և հատուկ նշանակման հորիզոնական (կիրառվում են գլխավորապես ներքին միջաձգման համար), ուղղաձիգ (ցանկացած միջաձիգ աշխատանքների համար) միջաձիգ հաստոցներ, պտտվող սկավառակային միջաձգիչով ատամնամիջաձիգ հաստոցներ (գլանական և կոնական ատամնանիվների ատամների պարուրակման համար)։ Միջաձիգ հաստոցի հիմնական պարամետրերն են․ քարշի ուժը (սահնակի զարգացրած), որը որոշ միջաձիգ հաստոցների մոտ հասնում է 100 մն, և սահնակի ընթացքի երկարությունը՝ մինչև 2 մ։ Ընդհանուր նշանակման հաստոցների միջաձգման արագությունը 15—20 մ/ր է, հատուկ հաստոցներինը՝ մինչև 90 մ/ր, անընդհատ գործողության հաստոցներինը՝ 1, 5—5 մ/ր։ Հաստոցների հաղորդակը սովորաբար հիդրավլիկական է, բարձրարագային հաստոցներինը՝ էլեկտրամեխանիկական։ Միջաձիգ հաստոցները կիրառվում են զանգվածային և խոշոր-սերիական արտադրությունում, ապահովում են մեծ ճշգրտություն (1—2 դասի), մշակված մակերևույթների փոքր խորդուբորդություն (մինչև 8—10 դասի)։ Միջաձիգ հաստոցների զարգացումն ընթանում է նախապատրաստուկի տեղադրման և պատրաստի դետալը հաստոցի վրայից վերցնելու գործողությունների, գործիքը նախապատրաստուկին մոտեցնելու շարժումների և կապիչին ամրացնելու ու սկզբնական դիրքին վերադարձնելու ավտոմատացման ուղղությամբ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 583