Միջազգային արժեք, համաշխարհային տնտեսության մեջ ապրանքի արտադրության վրա կատարվող աշխատանքի հասարակայնորեն անհրաժեշտ ծախսեր։

Յուրաքանչյուր երկիր ունի աշխատանքի արտադրողականության և լարունության ազգային որոշակի մակարդակ, հետևաբար նաև տվյալ ապրանքի արտադրության վրա կատարվող աշխատանքի հասարակայնորեն անհրաժեշտ ծախսերի որոշակի մեծություն, որով որոշվում է դրա ազգային արժեքը։ Համաշխարհային շուկայում ապրանքների փոխանակությունը կատարվում է հասարակայնորեն անհրաժեշտ համաշխարհային միջին ծախսերի՝ միջազգային արժեքի (իսկ հետագայում՝ միջազգային արտադրության գնի) հիման վրա։

Միջազգային արժեքն առաջանում է տարերայնորեն, աշխատանքի հասարակական զարգացած բաժանման և կապիտալիստական համաշխարհային առևտրում ընթացող մրցապայքարի հետևանքով, ապրանքների ազգային տարբեր արժեքների և արտադրության գների հիման վրա։ Այն որոշվում է արտադրության համաշխարհային հասարակայնորեն նորմալ պայմաններում ապրանքների արտադրության համար պահանջվող հասարակայնորեն անհրաժեշտ աշխատաժամանակով։ Վերջինը կախված է աշխատանքի համաշխարհային միջին լարունության մակարդակից, որը չափվում է աշխարհում աշխատանքի միջին միավորով, և աշխատանքի համաշխարհային միջին արտադրողականությունից, որն ազգային մակարդակների միջինն է։ Հասարակայնորեն անհրաժեշտ համաշխարհային միջին աշխատաժամանակի կազմավորման հիմքը հիմնականում խոշոր մատակարար երկրում տվյալ ապրանքի արտադրության պայմաններն են։ Տնտեսական առավել սերտ կապեր ունեցող երկրների միջև կատարվող փոխանակության մեջ մեծ դեր խաղացող ապրանքատեսակների համար կարող է ձևավորվել տարածաշրջանային արժեք, որը միջազգային արժեքի մի տեսակն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 568