Միջազգային Ոսկի կանոնի կիրակին

Միջազգային Ոսկի կանոնի կիրակին (անգլ.՝ International Golden Rule Sunday. A Handbook), 1926 թվականին Նյու Յորքում Չ.Վիքրին տպած ձեռնարկն է։

Միջազգային Ոսկի կանոնի կիրակին
International Golden Rule Sunday
ՀեղինակՉ.Վիքրի
ԹեմաՀայոց ցեղասպանություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Էջեր479
Հրատարակման վայրՆյու Յորք, ԱՄՆ
Հրատարակման տարեթիվ1926

Պատմություն խմբագրել

Չ. Վիքրին (1876-1966) Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեի հոգաբարձուների խորհրդի անդամ էր։ 1923 թվականին վերադառնում է Մերձավոր Արևելք կատարած իր այցից և, խիստ ազդված լինելով որբանոցների և գաղթականների ճամբարների խղճուկ տեսարաններից, բնորոշում է տարածաշրջանը որպես «մահվան կողմից հետապնդվող երկիր»։ Վիքրին առաջ է քաշում «Ոսկի կանոնի» կիրակի կազմակերպելու գաղափարը, որը շատ կարճ ժամանակում դառնում է նպաստամատույց կոմիտեի ամենաարդյունավետ նախաձեռնություններից մեկը։

Բովանդակություն խմբագրել

Գրքում ներկայացված են Մերձավոր Արևելքի նպաստամատույցի նախաձեռնած «Ոսկի կանոնի» կիրակի կոչվող միջոցառումների իրականացման ձևերը։ Դրանք ներառում էին ինչպես հսկայածավալ քարոզչական աշխատանքը, որ տարվում էր թերթերի, գովազդային պաստառների միջոցով, հայտնի քաղաքական գործիչների և այլ երևելիների մասնակցությամբ ողջ ԱՄՆ-ում, այնպես էլ հետագայում ավելի քան 54 երկրներում, «Ոսկի կանոնի» ճաշկերույթների, թեյախմությունների կազմակերպումը հայտնի հյուրանոցներում, տարբեր հասարակական վայրերում, դպրոցներում և եկեղեցիներում։ Գրքում ընդգրկված են այս քարոզչական հնարքները ներկայացնող պաստառների, գրքույկների լուսանկարներ, ինչպես նաև տարբեր քաղաքներում՝ Երուսաղեմում, Ժնևում, Նյու Յորքում, Սթոքհոլմում կազմակերպված «Ոսկի կանոնի» ճաշկերույթների ժամանակ արված բացառիկ լուսանկարներ։ Այդ ճաշկերույթներին մասնակցում էին մի քանի տասնյակ երկրների ներկայացուցիչներ, կրոնական համայնքների առաջնորդներ և այլ հյուրեր։ Որպես Մերձավոր Արևելքի նպաստամատույցի անդամ՝ Վիքրին ներկայացրել է կոմիտեի կազմավորումն ու գործունեությունը։ Նա մանրամասն անդրադարձել է ԱՄՆ նախագահների և պետքարտուղարների համագործակցությանը «Ոսկի կանոնի» կիրակիի միջոցառումներին, որոնց հետագայում մասնակցել են նաև այլ երկրների ղեկավար մարմիններ՝ ընդհուպ մինչև Ճապոնիայի արքայազնը[1]։

Քաղվածքներ գրքից խմբագրել

  ...Մենք պետք է փրկենք Մերձավոր Արևելքի երեխաներին ֆիզիկական ոչնչացումից, հակառակ դեպքում մեր կրոնական համոզմունքները և Ոսկի կանոնները դատարկաբանություն են։ Առանց մեր օգնության նրանք կմահանան։  
  Երեխաներից շատերը այսօր կենդանի չէին լինի, եթե չլիներ ամերիկյան մարդասիրությունը։ Նրանք իրենց սեղանին սնունդ չէին ունենա և նրանց մեծ մասը կմահանար մեկ ամսում, եթե Ոսկի կանոնը ձախողվեր  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Նյութեր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից