Մինչքեմբրի ժամանակաշրջան
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Մինչքեմբրի, երկրակեղևի հնագույն հաստվածքները և նրանց առաջացմանը համապատասխանող ժամանակաշրջանը, որը կազմում է Երկրի երկրաբանական պատմության մոտ 6/7 մասը։ Մինչքեմբրիի երկրաբանական պատմությունը երկար ժամանակ մնում էր անիմանալի, չնայած այդ հասակի ապարներում վաղուց հայտնաբերվել էին կյանքի տարբեր հետքեր։ Միայն XX դ․ 30-ական թվականներին մինչքեմբրիի շերտագրության և ժամանակագրության ուսումնասիրության մեջ սկսեցին օգտագործել ռադիոմետրիկ մեթոդներ, ինչպես նաև փորձեր արվեցին համադրել մինչքեմբրիի նստվածքային հաստվածքները ըստ ստրոմատոլիտների (հին ջրիմուռների)։ Մինչքեմբրիի տևողությունը, արդի տվյալներով, որոշվում է մեզ հայտնի ամենահնագույն (մոտ 3500 մլն տարի հասակ ունեցող) երկրբ․ գոյացումների առաջացման ժամանակից մինչև քեմբրիի ժամանակաշրջանի սկիզբը (մոտ 570 մլն տարի առաջ), այսինքն՝ կազմում է ավելի քան 2900 մլն տարի։ XIX դարի երկրորդ կեսում ընդհանուր պատմաերկրաբանական տվյալների, ապարների մետամորֆիզմի աստիճանի և այլ հատկանիշների հիման վրա Հյուսիսային Ամերիկայում առաջարկվեց մինչքեմբրիի ստորաբաժանումը արխեյի կամ արխեոզոյի (անջատել է Ջ․ Դանան՝ 1872-ին) և պրոտերոզոյի (առանձնացրել է Է․ Էմոնսը՝ 1888 թվականին)։ Դրանց միջև եղած սահմանը, արդի պատկերացումներով, համընկնում է ծալքավորության և գրանիտացման խոշոր փուլի հետ, որը տեղի է ունեցել 2600–3000 մլն տարի առաջ։ Պրոտերոզոյը սովորաբար բաժանվում է ստորինի, միջինի և վերինի։ Վերին պրոտերոզոյը հաճախ զատում են «ռիֆեյ» («ինֆրաքեմբրի», «սինիյ») անվանումով և ստորաբաժանումով չորս մասի ըստ օրգանական մնացորդների կազմի։ Ռիֆեյի վերին ստորաբաժանումը, որն ավելի վաղ վերագրվում էր պրոտերոզոյից պալեոզոյին անցման շերտերին, առանձնացվում է «վենդ» («յուդոմի», «էոքեմբրի») անունով։
Մինչքեմբրիի նստվածքները տարածված են բոլոր մայր ցամաքների հին պլատֆորմների սահմաններում։ Վաղ մինչքեմբրիի զգալիորեն մետամորֆացված առաջացումները կազմում են հին պլատֆորմների հիմքը և մերկանում դրանց բյուրեղային վահանների (Բալթիական, Ալդանյան, Կանադական) շրջանում։ Ապարների շերտերում եղած ընդհատումների ու աններդաշնակությունների և մետամորֆիզմի աստիճանի կտրուկ փոփոխությունների հիման վրա մինչքեմբրիում բացահայտված են բարձր տեկտոնամագմատիկ ակտիվության մի շարք փուլեր։ Մինչքեմբրիի նստվածքներում բացակայում է կմախքային ֆաունան, որը հիմք է ծառայում ֆաներոզոյի շերտագրական սանդղակի կազմման համար։ Այնուամենայնիվ օրգ․ կյանքի զանազան հետքերը բավական շատ են։ Ստրոմատոլիտները և օնկոլիտները հաջողությամբ օգտագործվում են առանձին ռեգիոնների սահմաններում վերին պրոտերոզոյի նստվածքային հաստվածքների համադրման և նույնիսկ միջմայրցամաքային համահարաբերակցման համար։ Առավել հարուստ և բազմազան է վենդի կենդանական աշխարհը, որը մանրամասն ուսումնասիրվել է Ավստրալիայում և Հարավային Աֆրիկայում արված պեղումների օգնությամբ։ Հայտնաբերված բոլոր ձևերը զուրկ են կարծր կմախքային մասերից, և նրանց դրոշմները կարող են պահպանվել միայն բացառիկ դեպքերում։ ՍՍՀՄ–ում վաղ մինչքեմբրիի նստվածքները մեծ տարածում ունեն։ Ամենից լավ նրանք ուսումնասիրված են Բալթիական վահանում և Արևելյան Սիբիրում։ Վերին մինչքեմբրիի ապարները տարածված են Ուրալում և Տիմանում։ Միջին Ասիայի, Ղազախստանի, Հեռավոր Արևելքի ծալքավոր համակարգերում նույնպես հայտնի են մինչքեմբրիի նստվածքներ։ Հայաստանի տարածքում մինչքեմբրիի ապարևերը (ամֆիբոլիտներ, բյուրեղային թերթաքարեր, ֆիլիտներ, պորֆիրոիդներ) մերկանում են հիմնականում Ծաղկունյաց լեռնաշղթայի առանցքային գոտում՝ Արզական, Բջնի, Ապարան և Հալավար բնակավայրերի միջև ընկած 500 կմ² տարածության վրա։ Մինչքեմբրին շատ հարուստ է օգտակար հանածոներով։ Նրա հետ են կապված երկաթի համաշխարհային պաշարների 70%-ը, մանգանի հանքաքարի 63%–ը, կոբալտի 93%–ը, ուրանի և ոսկու 66%-ը և այլն։ Մինչքեմբրիի պեգմատիտները կարևոր աղբյուր են փայլարների (մուսկովիտ), խեցեգործական հումքի և հազվագյուտ մետաղների ստացման համար։ Մինչքեմբրիի ամենավերին գոյացումներին են հարում նավթի հնագույն հանքավայրեր (ՌՍՖՍՀ Իրկուտսկի մարզ)։ Հայաստանում մինչքեմբրիի ապարների հետ են կապված երկաթի, տիտանի, հազվագյուտ մետաղների, ոսկու, ինչպես նաև դոլոմիտի, մարմարի, գրաֆիտի, տուրմալինի և տալկի մի շարք հանքավայրեր ու երևակումներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 561)։ |