Մինարեթների կառուցման արգելքի հանրաքվե Շվեյցարիայում

Մինարեթների կառուցման արգելքի հանրաքվե Շվեյցարիիայում, հանրաքվե, որը տեղի է ունեցել 2009 թվականի նոյեմբերին Շվեյցարիայում։ Հանրաքվեի է դրված եղել Շվեյցարիայի ողջ տարածքում մզկիթներին կից մինարեթների կառուցման արգելքի հարցը։ Արդյունքում հանրաքվեին մասնակցած բնակչության 57.5%-ը կողմ է քվեարկել մինարեթների կառուցման արգելքին[1]։ Շվեյցարիայի 20 կանտոններից միայն երեքում է հաղթանակ տարել «ոչ»-ի թևը, իսկ կանտոններից մեկում էլ՝ մասամբ[2], որոնց մեծ մասը ֆրանսախոս են։

Մինարեթների կառուցման արգելքի հանրաքվե
Ամսաթիվ2009
Արդյունքներ
Քվեներ %
Այո 1,535,010 57,51%
Ոչ 1,134,440 42,49%
Այլ %
Ընդհանուր քվեներ 2,709,287 100.00%
Արդյունքներն ըստ canton
2009 թվականի նոյեմբերին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները ըստ կանտոնների։ Կարմիրով նշված են դեմ քվեարկողները, կանաչով՝ կողմ քվեարկողները։

Հանրաքվեի գաղափարը ի հայտ է եկել 2007 թվականի մայիսի 1-ին, երբ աջ կենտրոնամետ մի խումբ քաղաքական գործիչներ, որոնց մեծ մասը Շվեյցարիայի ժողովրդական կուսակցության և Դաշնային դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ էին, ստեղծեցին «Էգերկինգեր կոմիտեն»։ Կոմիտեի նախաձեռնությամբ առաջ քաշվեց երկրի ողջ տարածքում մինարեթների կառուցման արգելքի մասին նախագիծը։ Ընդ որում, կոմիտեն առաջարկում էր սահմանադրորեն արգելել մինարեթների կառուցումը։ Նախաձեռնության հիմք հանդիսացավ Վանգեն բեի Օլթենում թուրքական մշակութային ասոցիացիայի կողմից քաղաքային մզկիթին կից մինարեթի կառուցումը։

Շվեյցարիայի կառավարությունը առաջարկել է չեղարկել այս նախաձեռնությունը, քանի որ կարող է հակասել երկրի սահմանադրության որոշ դրույթների[3]։ Սակայն, երբ ամփոփվել են հանրաքվեի արդյունքները, շվեյցարական կառավարությունը հայտարարել է, որ նախաձեռնությունը համապատասխանում է սահմանադրության բոլոր դրույթներին[4]։

2009 թվականի նոյեմբեր ամսվա դրությամբ, Շվեյցարիայում եղել է չորս մինարեթ, որոնք կառուցված են եղել Ցյուրիխի, Ժնևի, Վինտերտուրի և Վանգեն բեի Օլթենի մզկիթներին կից։ Այս մինարեթները չեն ընկել արգելքի տակ, քանի որ կառուցվել էին մինչև հանրաքվեի օրը։

Նախորդող իրադարձություններ խմբագրել

Իրավական բանավեճեր խմբագրել

 
Ցյուրիխի Ահմադդիյա մզկիթը, որը կառուցվել է 1963 թվականին, Շվեյցարիայի ամենահին մինարեթով մզկիթն է:

Շվեյցարիայում մինարեթների կառուցման մասին հակասությունները սկսվել են 2005 թվականին երկրի հյուսիսային հատվածի փոքրիկ քաղաքներից մեկում։ Քննարկումները սկսեցին այն ժամանակ, երբ Վանգեն բեի Օլթենի թուրքական մշակութային ասոցիացիան դիմեց տեղական իշխանություններին՝ ստանալու թույլտվություն կառուցել 6 մետր բարձրություն ունեցող մինարեթ, որը կառուցվելու էր Իսլամական համայնքային կենտրոնին կից։ Կառուցման նախագիծը մեծ դժգոհություններ առաջացրեց բնակիչների մոտ, որոնք ստեղծեցին աշխատանքային խումբ, որը պետք է պայքարեր մինարեթի կառուցման դեմ։ Ըստ խմբի ներկայացուցիչների, մինարեթի կառուցումը ունի ոչ թե կրոնական, այլ քաղաքական նշանակություն և չպետք է թույլ տալ Շվեյցարիայի հնարավոր իսլամացմանը։ Թուրքական ասոցիացիան հայտարարեց, որ քաղաքապետարանի քաղաքային շինարարության բաժինը ապօրինաբար հետաձգում է կառուցման թույլտվության մասին որոշման տրամադրումը։ Նրանք հավատացած էին, որ ընդդիմադիր խմբի գործիչներին ուղղորդում են կրոնական որոշակի կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Քաղաքային շինարարության և նախագծման կոմիտեն մերժել է ասոցիացիայի դիմումը։ Ասոցիացիան դատարանում բողոքարկել է որոշումը։ Վերջինս ետ է ուղարկել որոշումը՝ վերանայման նպատակով։ Որպես արդյունք, բնակիչները, ովքեր հանդիսանում էին նաև ընդդիմադիր խմբի անդամներ և Վանգենի կոմունայի ներկայացուցիչները հայց են ներկայացրել Սոլոթհարն կանտոնի վարչական դատարան, սակայն նրանց հայցը մերժվել է։ Վեց մետր բարձրություն ունեցող մինարեթի շինարարությունը ավարտվել է 2009 թվականի հուլիսին[5]։

Հանրային նախաձեռնության առաջին քայլերը խմբագրել

2006- 2008 թվականներին Շվեյցարիայի ժողովրդական կուսակցությունը և Դաշնային դեմոկրատական կուսակցությունը սկսեցին համայնքային նախաեռնություններ՝ ընդդեմ մինարեթների կառուցման։ Սակայն նախաձեռնությունները հակասահմանադրական ճանաչվեցին կանտոնների խորհրդարանների կողմից, այդ իսկ պատճառով չդրվեցին քննարկման[6]։

Հանրաքվե խմբագրել

2007 թվականին, ի պատասխան վերը նշված իրադարձությունների, Էգերկինգեր կոմիտեն սկսեց հանրային նախաձեռնություն ընդդեմ մինարեթների կառուցման։ Կոմիտեն առաջարկեց փոփոխություններ մտցնել Շվեյցարիայի դաշնային սահմանադրության 72-րդ հոդվածում, որտեղ պետք է նշվեր, որ Շվեյցարիայում արգելվում է մինարեթներ կառուցել[7]։ Շվեյցարիայում դաշնային հանրային նախաձեռնությունները կենտրոնական օրենսդրական փոփոխության հիմք չեն հանդիսանում, այլ կարող են փոփոխությունների հիմք հանդիսանալ միայն դաշնային սահմանադրության համար։ Բացի այդ, դաշնային նախաձեռնությունները պետք է համապատասխանեն նաև միջազգային իրավունքի դրույթներին[8]։ Հանրային նախաձեռնության հեղինակները ունեին 18 ամիս, որպեսզի ստանային առնվազն 100, 000 ստորագրություն[9]։ Եթե նրանց հաջողվեր, ապա հարցը կդրվեր համադաշնային հանրաքվեի։ Յուրաքանչյուր տարի դաշնային կամ կանտոնային նախաձեռնությամբ տարբեր հարցեր դրվում են հանրաքվեի Շվեյցարիայում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Minaret result seen as "turning point". Արխիվացված 2012-06-30 archive.today swissinfo, 29 November 2009. Accessed 29 November 2009
  2. Swiss Approve Constitutional Ban on Mosque Minarets. FoxNews, Retrieved November 30, 2009
  3. Bundesrat: Minarett-Initiative widerspricht Verfassung Արխիվացված 2012-03-02 Wayback Machine, DRS, 15 October 2009.
  4. "Swiss Voters Back Ban on Minarets," BBC News, Nov. 29, 2009
  5. Media Information of the Federal Supreme Court(չաշխատող հղում)
  6. Dailytalk Forum für Politik und Gesellschaft
  7. «Website of the initiative committee». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 21-ին.
  8. «Message relatif à l'initiative populaire "contre la construction de minarets"» (PDF). Swiss Federal Chancellery. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 30-ին.
  9. «Official website of the Swiss government, explanation of popular initiatives». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 10-ին.