Մինաս Ժերայս (Minas Gerais), նահանգ Բրազիլիայի հարավ-արևելքում։ Տարածությունը 582, 6 հզ կմ2 է, բնակչությունը՝ 15,5 միլիոն (2007)։ Վարչական կենտրոնը՝ Բելու Հորիզոնտի։ Տնտեսապես զարգացած և խիտ բնակեցված նահանգներից է։ Տնտեսության հիմքը լեռնահանքային արդյունաբերությունն է, սև և գունավոր մետալուրգիան։
Մինաս Ժերայսում է կենտրոնացած երկրի ոսկու և ալմաստի հանույթի 80—90%-ը, երկաթի հանքաքարի, բոքսիտների և գրաֆիտի հանույթի մոտ 100%-ը։ Արտադրվում է պողպատի մոտ 40% -ը, մետաղական ցինկի 50% -ը, ալյումինի ավելի քան 60%-ը, երկաթի հալվածքի 75% -ը, նիկելի 100%-ը։ Զարգացած է մետաղամշակման և մեքենաշինական, նավթաքիմիական, ցեմենտի, տեքստիլ ու սննդի արդյունաբերությունը։ Մշակում են սուրճ, շաքարեղեգ, ծխախոտ, ցիտրուսային, հատիկային և այլ կուլտուրաներ։ Զբաղվում են նաև անասնապահությամբ։