Միկրոմերիա թփային

բույսերի տեսակ
Միկրոմերիա թփային
Micromeria fruticosa Inflorescen 2012-11-25 SierraMadrona.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Շրթնազգիներ
Տեսակ Միկրոմերիա թփային
Լատիներեն անվանում
Micromeria fruticosa


Միկրոմերիա թփային (լատ.՝ Micromeria fruticosa), շրթնազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

ՆկարագրությունԽմբագրել

8-15 սմ բարձրությամբ, բարակ և ուղիղ չճյուղավորված ճյուղերով, կիսաթփիկ բույս է։ Տերևները համարյա նստադիր են, մանր, ձվաձև-երկարավուն և եզրից շրջված։ Ծաղկաբույլը փուխր է և կազմված կարճ, կոթունավոր, 1-5 ծաղիկներից բաղկացած կիսահովանոցներից։ 13-15 ջղերով բաժակը նեղ խողովակաձև է և բութ ատամներով։ Պսակը երկշուրթ, նուրբ մանուշակագույն է։ Պսակի ներսում իրար մոտեցած առէջները գտնվում են վերին շուրթի տակ։ Պտուղը կազմված է 4 մասերից՝ էլիպսաձև էրեմներից[1]։

ՏարածվածությունԽմբագրել

Հայաստանում հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Վեդի և Խոսրով գետերի ավազաններ, Երախի լեռնաշղթա)։ Ընդհանուր արեալն ընդգրկում է Հայաստանը, Ղրիմը, միջերկրածովյան ավազանի արևելյան մասը և Հյուսիսարևելյան Թուրքիան[1]։

ԷկոլոգիաԽմբագրել

Աճում է լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1000-1800 մ բարձրությունների վրա, ինչպես նաև ֆրիգանոիդ բուսականության մեջ՝ ժայռոտ տեղերում, քարաթափվածքների վրա և ժայռաճեղքերին։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիսին[1]։

ՊահպանությունԽմբագրել

Խոցելի տեսակ է։ Կովկասում հայտնի է միայն Հայաստանում։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Տեսակի համաշխարհային մասշտաբով շատ լայն տարածման պատճառով կատեգորիան իջեցվել է մեկ աստիճանով։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք։ Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6