Միխայիլ Աստաֆև

Ռուսական բանակի գեներալ-լեյտենանտ

Միխայիլ Իվանի Աստաֆև (ռուս.՝ Михаил Иванович Астафьев), (1821-1884), ռուս զինվորական, բանակի գեներալ-լեյտենանտ, Երևանի նահանգապետ 1864-1868 թվականներին[1], ում անունով 1869-1920 թվականներին կոչվել է ներկայիս Աբովյան փողոցը։

Միխայիլ Աստաֆև
Դիմանկար
Ծնվել է1821
ԾննդավայրԿալուգայի մարզ
Մահացել է1884
Մահվան վայրՕրենբուրգ, Ռուսական կայսրություն
Կրոնուղղափառություն

Կենսագրությունը

խմբագրել

Միխայիլ Իվանի Աստաֆյևը ծնվել է Կալուգայի մարզում 1821 թվականին՝ ազնվականի ընտանիքում[1]։ Նախնական կրթությունը ստացել է Ազնվական գնդի 20-րդ հրետանային բրիգադում, որն ավարտել է 1840 թվականին[2]։ 1840 թվականի հուլիսի 22-ին ստացել է ենթասպայի կոչում[2]։ 1842-1844 թվականներին սովորել է Կայսերական ռազմական Ակադեմիայում ու գերազանց առաջադիմության համար 1844 թվականի դեկտեմբերի 22-ին նրան շնորհվել է կրթսեր պորուչիկի կոչում[3]։ 1845 թվականի հունվարի 31-ին Աստաֆևը ուղարկվում է Օրենբուրգի առանձին կորպուս, սակայն կարճ ժամանակ անց՝ 1846 թվականի մարտի 6-ին ստանալով պորուչիկի կոչում՝ մեկնում է ծառայելու Կովկասյան առանձին կորպուսի կազմում։ 1849 թվականի ապրիլի 3-ին մեկնում է ծառայության Հյուսիսային ու Լեռնային Դաղստանի հրամանատարության ներքո՝ Կասպիական շրջան[1]։

1846-1859 թվականներին նրա հրամանատարներն են եղել իշխաններ Բեբուտով, Արգուտինսկի-Դոլգորուկովը, Օրբելիանին, կոմս Եվդոկիմովը, գեներալ-մայոր Բրիտտերը, իշխան Բարյատինսկին։

1849 թվականին ստացել է շտաբս-կապիտանի կոչում, սարեցիների դեմ պայքարում ցուցաբերած արության համար 1852 թվականին ստացել է կապիտանի, իսկ 1857 թվականին՝ գնդապետի կոչում[3]։ Այս տարիներին նա ստացել է մի շարք շքանշաններ ու ոսկե դաշույն «Արիության համար» մակագրությամբ։ Դարձել է Լեզգիական ռազմական միավորման շտաբի պետ։

1860 թվականին եղել է Մենգրելական գրենադերական գնդի հրամանատար[3]։

1864 թվականի մարտի 25-ից 1868 թվականի սեպտեմբերի 9 եղել է Երևանի նահանգապետ[1]։

1868 թվականին նշանակվում է Կովկասում Պետական գույքի ու անտառների տնտեսության վարչության պետ[4]։ Իր գործունեության համար 1869 թվականին Երևանի ամենաերկար՝ Կրեպոստնայա փողոցը (ներկայիս Աբովյան փողոցը) անվանափոխվել է իր պատվին։

Հետագա տարիներին եղել է Կովկասում ու Անդրկովկասում գյուղատնտեսական ու արդյունաբերական հարցերով կառավարչի պաշտոնում, ինչպես Կովկասի փոխարքային կից Գլխավոր խորհրդի անդամ։ 1871 թվականին եղել է Մոսկվայի պոլիտեխնիական ցուցահանդեսին Կովկասի մասնակցության կոմիտեի նախագահ[2]։

1876 թվականի հոկտեմբերի 28-ին, գեներալ-մայորի կոչումով նա թույլ առողջության պատճառով հրաժարական է տալիս ու դադարեցնում է ծառայությունը[3]։ Սակայն 1878 թվականի փետրվարի 16-ին Աստաֆյևին կրկին վերադարձնում են ծառայության ու նշանակում Օրենբուրգի նահանգապետ, իսկ նույն թվականի հուլիսի 1-ին Օրենբուրգի կազակական բանակի հրամանատար[2]։ Զբաղվել է ռազմական, ինչպես նաև քաղաքացիական հարցերով, նշանավորվել է իր գործունեությունը 1879 թվականի հրդեհների դեմ պայքարի ու 1880-1882 թվականի բերքի ոչնչացման տարիներին։ Հիշվել է նրա գործունեությունը կրթության ոլորտում[4]։ Այս պաշտոնը նա զբաղեցնում է մինչև 1884 թվականի մայիսի 1-ը։ Վերջին տարիներին նա աշխատում էր առավոտյան 6-ից մինչ ուշ երեկո։ 1884 թվականի հունիսի 9-ին Միխայիլ Աստաֆևը մահանում է՝ մինչ այդ ստացած կաթվածի արդյունքում[3]։ Թաղված է տեղի Կանացի վանքի գերեղմանատան դամբարանում՝ տեղի գլխավոր եկեղեցու մոտ[3]։

Անձնական կյանքը

խմբագրել

Ամուսնացել է քաղաքացիական խորհրդական Իվան Դռեյերի այրի Սոֆիա Պավլովնա հետ։ Երեխաները` Միխայիլ (ծնվ․ 1866) ու Լյուբով (ծնվ․ 1871), ու կնոջ 6 երեխաները առաջին ամուսնությունից։ Կինն ու առաջին ամուսնությունից երեխաները դավանել են լյութերականություն, իսկ Աստաֆևն ու իր երկու երեխաները ուղղափառություն[1]։

Աստաֆևին պատկանել է մոտ 2000 դեստյատին (մոտ 2180 հեկտար) հող Անդրկովկասում[1]։

Պարգևներ ու շքանշաններ

խմբագրել
  • Սուրբ Աննա (1-ին աստիճան)
  • Սուրբ Ստանիսլավ (1-ին աստիճան)
  • Սուրբ Վլադիմիր (3-րդ աստիճան՝ շքանշանի վերևում դաշույններով)
  • Սուրբ Վլադիմիր (4-րդ աստիճան՝ ժապավենակապով)
  • Սուրբ Աննա (2-րդ աստիճան՝ ձևավորված կայսերական թագով)
  • Սուրբ Աննա (2-րդ աստիճան)
  • Սուրբ Աննա (3-րդ աստիճան՝ ժապավենակապով)
  • Պարսկական առյուծի ու արև շքանշան (1-ին աստիճան)
  • Ոսկե դաշույն՝ «արիության համար» գրառումով
  • 1853-1856 թվականների պատերազմի բռոզնե մեդալ
  • Չեչնիայի ու Դաղստանի գրավման աստծաթե մեդալ
  • Խաչ՝ Կովկասում ծառայության համար
  • Նիկոլաևվյան ակադեմիայի գլխավոր շտաբում դասընթացների ավարտական ակադեմիական նշան[1]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Գլխավոր շտաբի ծաղայողական ցուցակ՝ գեներալ-մայոր Աստաֆյև. 1876.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Астафьев, Михаил Иванович. «http://regiment.ru». Regiment.ru. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 6-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Биография генерал-майора Астафьева Михаила Ивановича». Оренбургское казачье войско. Վերցված է 2020 թ․ մարտի 6-ին.
  4. 4,0 4,1 «OrenWiki - Астафьев Михаил Иванович». oren-wiki.com. Վերցված է 2020 թ․ մարտի 9-ին.