Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մեսրոպավան (այլ կիրառումներ)

Մեսրոպավան կամ Մասրևան[1] (այժմ կոչվում է՝ ադրբ.՝ Nəsirvaz - Նասիրվազ), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Օրդուբադի շրջանում։

Գյուղ
Մեսրոպավան/Նասիրվազ
ադրբ.՝ Nəsirvaz
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Ինքնավար ՀանրապետությունՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՇրջանՕրդուբադի շրջան
ԲԾՄ1942 մետր
Պաշտոնական լեզուադրբեջաներեն
Բնակչություն154 մարդ (2010)
Ազգային կազմադրբեջանցիներ
Կրոնական կազմշիա իսլամ
Ժամային գոտիUTC+4
Մեսրոպավան (Ադրբեջան)##
Մեսրոպավան (Ադրբեջան)

Անվանում խմբագրել

Գյուղի անվանումը կապված է հայկական գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի հետ, որը երկար տարիներ բնակվել է այս գյուղում[2]։

Պատմություն խմբագրել

Մեսրոպավանը շրջապատված է բազմաթիվ լեռներով՝ Տապանասար (Նավասար), Կռնակոչ և այլն։ Տապանասարի վրա հայտնաբերվել են ժայռապատկերներ, որոնք շատ նման են Սյունիքի, Գեղամա լեռների ժայռապատկերներին։ Կռնակոչ լեռան ստորոտում է գտնվում Մաշտոցի բնական անձավը։ Անձավում, ըստ հին ավանդության, մինչև քրիստոնեական վանքի կառուցումը շուրջ 17 տարի իր աշակերտների հետ բնակվել է Մեսրոպ Մաշտոցը[2]։

1989 թվականին տեղի ուենցած ազգամիջյան իրադարձություններից հետո գյուղը հայաթափվել է։ Հայ ընտանիքներից շատերը բնակություն են հաստատել Ուկրաինայի Լվով քաղաքում[2]։

Հուշարձաններ խմբագրել

Մեսրոպավանը հայտնի է իր հնագիտական, ճարտարապետական հուշարձաններով։ Գյուղը շրջապատված է հին բերդերով, հին շինությունների ավերակներով, 9-15-րդ դարերի և հետագա շրջանների տապանաքարերով, խաչքարերով[2]։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ (կամ Մեսրոպ Մաշտոց) վանք խմբագրել

Ըստ ավանդության՝ կառուցվել է 456 թվականին գյուղի արևմտյան թաղամասում։ Ճարտարապետը անհայտ է, պատվիրատուն, մեկենասը Գողթնի Շաբիթ իշխանն է։ Մեսրոպ Մաշտոց վանքի հորինվածքը քառամույթ գմբեթակիր բազիլիկ է, շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ քար։ Ըստ վանքում առկա արձանագրությունների՝ վերանորոգվել է 15-րդ և 17-րդ դարերում, վերջին անգամ վերանորոգվել է 19-րդ դարում։ Վանքի մուտքը արևմտյան ճակատում է։ Վանքի աբսիդը կիսաշրջանաձև է։ Գմբեթը քարաշեն է, ութանիստ։ Որմնանկարներ, պատկերաքանդակներ և  զարդաքանդակներ չունի։ Հուշարձանն ունեցել է հյուսիսային ճակատին կցված սեղանատուն։ Վանական համալիրի միակ կանգուն մնացած շինությունը եկեղեցին է, որի վիճակը կիսախաթար է. քանդված է գմբեթի և եկեղեցու ծածկի մի մասը, կից գտնվող շինությունները, ունի ճաքեր։

Գերեզմանատուն խմբագրել

Կառուցվել է 15-20-րդ դարերին։ Տեղակայված է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կամ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հյուսիսային կողմում։ Ունի 300 - 320 տապանաքար՝ հարթ, խաչքարեր, քառանկյունի, խոյաձև, որոնցից 40-42-ը արձանագիր են։ Հին տապանաքարերը մեծ մասամբ կիսով չափ թաղված են հողի մեջ, արձանագրությունների մի մասը քայքայված է։

Զանգ

Զանգը կառուցվել է 1894 թվականին. կախված է եղել եկեղեցու մոտ գտնվող ծառից։ Ձուլվել է Սլոբոդսկ քաղաքում։ Զանգի ներքևի մասում շրջանաձև արձանագրություններ կան։ Զանգի միջին մասում երկու սրբապատկերներ կան։

Սուրբ Նշան մատուռ խմբագրել

Տեղակայված է Մեսրոպ ավանից 18-19 կմ հարավ-արևելք, բարձրաբերձ լեռնագագաթներից մեկի կատարին։ Ունի միանավ դահլիճի հորինվածք։ Կառուցվել է լեռնային ճեղքված քարից։ Մատուռը վերանորոգվել է 17-րդ և 20-րդ դարերում։ Մուտքը՝ արևմուտքից է, աբսիդը՝ կիսաշրջանաձև։ Շրջակայքում կան 16-17-րդ դարերի երկու խաչքար։ Ներկայումս ավերված է։

Սուրբ Գայանե մատուռ խմբագրել

Կառուցվել է 17-րդ դարում գյուղի հյուսիսային կողմում՝ Զառնապետի ձորալանջին։ Ունի միանավ դահլիճի հորինվածք։ Կառուցվել է  կիսամշակ և անմշակ որձաքարից։ Վերանորոգվել է 19-րդ դարում։ Մատուռի մուտքը արևմուտքից է, աբսիդը՝ կիսաշրջանաձև։ Շրջակայքում կան մի քանի անզարդ խաչքարեր։ Մատուռն այժմ կիսականգուն է։

Սուրբ Աստվածածին մատուռ խմբագրել

Կառուցվել է 14-15-րդ դարերում գյուղի հյուսիսարևելյան թաղամասում։ Ունի միանավ դահլիճի հորինվածք։ Կառուցվել է կիսամշակ որձաքարից։ Վերանորոգվել է 17-րդ և 20-րդ դարերում։ Մատուռի մուտքը՝ արևմուտքից է, աբսիդը՝ կիսաշրջանաձև։ Շրջակայքում ունեցել է պարիսպ։ Ներկայումս ավերված է։

Սուրբ Հռիփսիմե Սրբատեղ խմբագրել

Կառուցվել է 15-16-րդ դարերում Սուրբ Գր. Լուսավորիչ կամ Մեսրոպ Մաշտոց եկեղեցուց 70-80 մ արևելք։ Շրջակայքում կան 16-17-րդ դարերի երկու վիմագիր խաչքարեր։ Ներկայումս ավերված է։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Նախիջևանի ԻՍՍՀ բնակավայրերը
  2. 2,0 2,1 2,2 2,3 Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 76-77 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 62  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 183