Մեկնություն, վերլուծական բացատրություն կամ մեկնաբանություն։ Սկզբնավորվել է Հին Հունաստանում, երբ փիլիսոփաները մեկնել են կրոնական առասպելները և դրանց մեջ տեսել խորին մտքեր։ Փիլոն Եբրայեցին և այլ հեղինակներ այլաբանորեն են բացատրել Հին կտակարանը, Սուրբ գրքի պարզ խոսքերը մեկնելիս որոնել ենթադրական գաղափարներ, կանխասություններ կամ գրքի բովանդակությունը համապատասխանեցրել ժամանակակից ըմբռնումներին ու հայացքներին։ Այսպիսով ստեղծվել է Մեկնությունը, և առաջացել մեկնողական գրականությունը։ Սահակ Պարթևն ու Եզնիկ Կողբացին թարգմանել են Սուրբ գրքի շատ Մեկնություններ։ Մեկնել են նաև գիտական գրքեր, գեղարվեստական ստեղծագործություններ (Դիոնիսիոս Թրակացի՝ «Քերականական արվեստ», Արիստոտել՝ «Կատեգորիաներ», Գրիգոր Նարեկացի՝ «Մատյան ողբերգության» և այլն)։

Հովսեփը մեկնում է Փարավոնի երազը

Հայ գիտնականները նույնպես գրել են Մեկնություններ (Եղիշե՝ «Արարածոց մեկնություն», Ստեփանոմ Սյունեցի՝ «Ավետարանի մեկնություն» և այլն)։ VII—VIII դարերից հետո հաճախ որևէ երկ մեկնելիս քաղվածաբար օգտագործել են եկեղեցու ավելի հեղինակավոր ներկայացուցիչների Մեկնությունները (Վարդան Արևելցի, Գևորգ Սկևռացի և այլն)։ Հայ գրականությունը հարուստ է թարգմանական և սեփական Մեկնություններով, որոնց մեջ մտնում են նաև լուծմունքների և հարց ու պատասխանի ձևով գրված բացատրությունները։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 442