Բացել գլխավոր ցանկը
Մեծ կարմիր բիծ («Վոյաջեր-1»-ի լուսանկար)

Մեծ կարմիր բիծ, մթնոլորտային ամենամեծ պտտահողմը Արեգակնային համակարգում: Այն բարձր ճնշման մշտական գոտի է, որ Յուպիտեր մոլորակում անտիցիկլոնային փոթորիկ է ստեղծում: Բիծը դիտարկման մի քանի դարերի ընթացքում փոփոխվել է չափերով ու գույնով: Մեծ կարմիր բիծը շարժվում է մոլորակի հասարակածին զուգահեռ, իսկ նրա ներսում գազը պտտվում է ժամացույցի սլաքին հակառակ ուղղությամբ երկրային 6 օրերի ընթացքում: Բծի երկարությունը 40.000 կմ է (որոշ տվյալներով` 50.000), իսկ լայնությունը` 13.000 կմ: Բծի ներսում քամու արագությունը գերազանցում է 500 կմ/ժ-ը:

Բովանդակություն

Դիտարկման պատմությունԽմբագրել

Մեծ կարմիր բիծը բացահայտվել է աստղագետ Ջովանի Կասինիի կողմից 1665 թվականին: Ռոբերտ Հուկի` 1665 թվականին արված գրառումներում, հնարավոր է, նույնպես ներկայացված է բիծը, սակայն Մեծ կարմիր բիծը հայտնաբերվել է 1830 թվականից հետո և լավ ուսումնասիրվել միայն 1879 թվականին վառ արտահատվելուց հետո: Այս երևույթը 187 տարի անընդհատ դիտարկվել է` սկսած 1830 թվականից: 1665-1713 թվականների նախկին դիտարկումները համարվել են նույն փոթորիկը: Եթե դա ճիշտ է, ապա այն գոյություն ունի արդեն ավելի քան 350 տարի:

ԿառուցվածքԽմբագրել

 
Մեծ կարմիր բծի և Երկիր մոլորակի չափերի համամասնություն

Մինչ «Վոյաջերների» թռիչքը շատ աստղագետներ ենթադրում էին, որ բիծն ունի պինդ կառուցվածք:

Մեծ կարմիր բիծը հսկա փոթորիկ է` 24-40 հազար կմ երկարությամբ և 12-14 հազար կմ լայնությամբ (այն չափերով զգալիորեն գերազանցում է Երկրին): Բծի չափերն անընդհատ փոփոխվում են, ընդ որում փոքրանալու ընդհանուր միտում է նկատվում[1]: 100 տարի առաջ այն գրեթե երկու անգամ մեծ էր և զգալիորեն ավելի պայծառ: Չնայած դրան` այն դեռևս մթնոլորտային ամենամեծ պտտահողմն է Արեգակնային համակարգում:

Բիծը մոտավորապես գտնվում է հարավային լայնության 22°-ում և շարժվում է մոլորակի հասարակածին զուգահեռ: Բծի ներսում քամու արագությունը գերազանցում է 500 կմ/ժ-ը, իսկ նրա ներսում գազը պտտվում է ժամացույցի սլաքին հակառակ ուղղությամբ երկրային 6 օրերի ընթացքում:

Բծի ամպերի վերին շերտը գտնվում է շրջակա ամպերից մոտ 8 կմ բարձր: Բծի ջերմաստիճանը ավելի ցածր է տվյալ հատվածներից և կազմում է մոտ −160 °C, սակայն բծի կենտրոնական մասը մի քանի աստիճանով տաք է շրջագծի հատվածներից[2]:

Բծի կարմիր գույնը դեռևս միանշանակ բացատրություն չի ստացել: Հնարավոր է, որ դա պայմանավորված է քիմիական միացություններով, այդ թվում` ֆոսֆորով:

 
Մեծ կարմիր բծի անիմացիոն պատկերը

Բացի մեծ կարմիր բծից` Յուպիտերում կան չափերով ավելի փոքր այլ բիծ-փոթորիկներ: Դրանք կարող են լինել սպիտակ, շագանակագույն ու կարմիր և գոյություն ունենալ տասնյակ տարիներ: Յուպիտերի մթնոլորտում բծեր հայտնաբերվել են ինչպես հյուսիսային, այնպես էլ հարավային կիսագնդերում, սակայն, չգիտես ինչու, ավելի կայուն են և ավելի երկար ժամանակ գոյատևում են հարավային կիսագնդի բծերը:

Ամենայն հավանականությամբ, Յուպիտերի մթնոլորտային հոսանքների արագությունների տարբերության հետևանքով մոլորակում հաճախ բախվում են փոթորիկներ: Դրանցից մեկը տեղի է ունեցել 1975 թվականին, որի արդյունքում Մեծ կարմիր բիծը խամրել է մի քանի տարի: 2006 թվականի հուլիսին ենթադրվում էր, որ կբախվեն մեծ կարմիր բիծն ու Oval BA հսկա կարմիր գոյացությունը, սակայն դա տեղի չունեցավ: Oval BA-ն ձևավորվել էր 1998-2000 թվականների միջակայքում ավելի փոքր սպիտակ երեք օվալների միավորումով, որոնք դիտարկվել էին վերջին 60 տարիների ընթացքում: Մթնոլորտային նոր գոյացությունը սկզբում սպիտակավուն էր և տեսանելի դաշտում, սակայն 2006 թվականի փետրվարին ստանում է կարմրա-շագանակագույն երանգ` կոչվելով Փոքր կարմիր բիծ[3]: 2008 թվականի հունիս-հուլիս ամիսներին Հաբլ աստղադիտակով դիտարկվել է Մեծ կամիր բծի կողմից կարմիր գույնի ոչ մեծ բծի կլանումը[4]:

Վարկածներից մեկի համաձայն` մինչ փոթորիկը մթնոլորտի վերին շերտերի հետ գտնվում է նույն բարձրության վրա, այն սպիտակ է, սակայն երբ հզորությունը մեծանում է, պտտահողմը բարձրանում է ամպերի ընդհանուր շերտից, որտեղ Արևի ճառագայթումը քիմիական մակարդակում փոխում է գույնը` նրան հաղորդելով կարմրություն:

Հսկայական բիծ-փոթորիկները բնորոշ են ոչ միայն Յուպիտերին, այլև գազային այլ մոլորակների: Մասնավորապես հայտնի է Նեպտունի Մեծ մութ հետքը:

ՄեխանիկաԽմբագրել

 
Մեծ կարմիր բծի շարժման գունավոր անիմացիան

Քանի որ Յուպիտերի մթնոլորտը կազմող տաք գազերը ցածր հատվածներից բարձրանում են վեր, առաջանում են պտտահողմեր: Երբ սառչելով դրանք հետ են վերադառնում, Կորիոլիսի ուժի հետևանքով պտտաձև շարժում է առաջանում այն հատվածում, որը կարող է ունենալ մի քամի կիլոմետր տրամագիծ: Այդ պտտահողմերը կարող են երկար տևողություն ունենալ, քանի որ շփումն ապահովելու պինդ մակերևույթ չկա, և պտտահողմի վրա ամպերի սառը վարնաշերտերը թույլ են տալիս խուսափել ոչ մեծ ճառագայթումից: Արդեն ձևավորված լինելով` այդպիսի պտտահողմերը կարող են ազատ տեղաշարժվել մթնոլորտում: Ենթադրվում է, որ այս մեխանիզմն էլ ձևավորել է Մեծ կարմիր բիծը: Այս տեսության համաձայն` հարևան շատ պտտահողմեր կլանվում են և ձուլվում բծին` ավելացնելով փոթորկի էներգիան և նպաստելով նրա հարատևմանը:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Большое красное пятно на Юпитере замедлило своё сжатие
  2. Астрономы измерили температуру Большого красного пятна на Юпитере // РИА «Новости», 17.03.10г.
  3. A. F. Cheng, A. A. Simon-Miller, H. A. Weaver, K. H. Baines, G. S. Orton, P. A. Yanamandra-Fisher, O. Mousis, E. Pantin, L. Vanzi, L. N. Fletcher, J. R. Spencer, S. A. Stern, J. T. Clarke, M. J. Mutchler, and K. S. Noll. Changing Characteristics of Jupiter's Little Red Spot(անգլ.) // The Astronomical Journal, 135:2446—2452. — 2008 June.
  4. Заметка «Юпитерианские пятнашки»

Տես նաևԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել