Մեծ արոս
Մեծ արոս (արու)
Մեծ արոս (արու)
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Ենթադաս Տիպիկ թռչուններ (Neognathae)
Վերնակարգ Neoaves
Կարգ Otidiformes
Ընտանիք Արոսներ (Otididae)
Ցեղ 'Otis'
Տեսակ Մեծ արոս (O. tarda)
Միջազգային անվանում
Otis tarda
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Վտանգված տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Մեծ արոս (լատին․՝ Otis tarda), արոսների ընտանիքի թռչուն։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Բնակություն խմբագրել

Չվող է, հազվագյուտ։ ՀՀ թռչնաշխարհի ամենախոշոր ներկայացուցիչն է։ Հանդիպում է Սարդարապատի (Արմավիրի մարզ) չոր լեռնատափաստաններում։ Երբեմն պատսպարվում է ընտանի կենդանիների (խոշոր եղջերավոր անասուններ, ձիեր և այլն) հարևանությամբ։ Բնակվում է ցածրաճ, նոսր բուսականությամբ տափաստաններում, լայնատարած հարթություններում, առվույտի ցանքերում։

Արտաքին տեսք խմբագրել

Մարմնի երկարությունը 75-105 սմ է, թևերի բացվածքը՝ 190-260 սմ, կենդանի զանգվածը՝ 4-16 կգ (կախված սեռից)։ Գլուխը և վիզը մոխրագույն են, մարմնի վերին մասը՝ մոխրագույնդեղին՝ բարակ, սև գոլերով, ստորինը՝ սպիտակ։ Թևերի ծածկող փետուրներն սպիտակ են՝ բարակ սև ծայրերով, արտաքին թևերը՝ մոխրագույն։ Բնադրման շրջանում արուի գլուխն ավելի մեծ է, վիզը՝ հաստ ու երկար, այտի վրա ունի երկար, սպիտակ փետրափունջ՝ նման բեղերի, և դարչնագույն-շիկակարմիր լայն օձիք։ Հետբնադրման շրջանում արուի բեղերը բացակայում են, վիզը բարակում է։ Հիմնականում լռակյաց է, զգույշ, կազմում է ոչ մեծ երամներ, վտանգի դեպքում արագ վազում է բավական տարածություն, ապա թևերի համաչափ թափահարումներով թռչում։

 
Մեծ արոսի փետուր

Սննդառություն խմբագրել

Սնվում է կանաչ բույսերով, սերմերով, միջատներով, գորտերով, մանր կաթնասուններով։

Բնադրում խմբագրել

Բնադրում է գետնին։ Դնում է ձիթապտղականաչավուն՝ թույլ նկատելի գորշավուն պտերով 2-4 ձու։ Թխասկալում է էգը՝ 27 օր։ Համարվում է արժեքավոր որսի թռչուն։ ՀՀ տարածքում կարիք ունի անհատ, պաշտպանության։

Տարածվածություն խմբագրել

Տեսակի հիմնական մասը բնակեցնում է Իբերիան, Մարոկկոն, Թուրքիան, Հարավային և Հարավարևելյան Եվրոպան դեպի արևելք՝ մինչև Կենտրոնական Սիբիր։ Հայաստանում հանդիպում է միայն չուի շրջանում, հիմնականում՝ հանրապետության արևմուտքում[1]։

Պահպանություն խմբագրել

ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Թվաքանակի արդի վիճակը գնահատելու համար տվյալները բավարար չեն։ Բավականին կանոնավոր է հանդիպում չուի շրջանում։ 2008 թվականի տվյալներով Կենդանաբանական այգիների և ակվարիումների Եվրասիական տարածաշրջանային ասոցացիայի կենդանաբանական այգիներում պահվում են 36 առանձնյակ։

Վտանգման հիմնական գործոններից է թվաքանակի վրա բացասաբար ազդող ապօրինի որսը։

Գրանցված է CITES–ի Հավելված 2–ում, Բեռնի կոնվենցիայի Հավելված 1–ում[1]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։