Մեծ Պամաճ (վրաց.՝ დიდი პამაჯი), հայաբնակ գյուղ Վրաստանի Սամցխե-Ջավախքի մարզի Ախալցխայի շրջանում։ Գտնվում է Ախալցխա քաղաքից ուղիղ գծով 7,5 կմ հարավ-արևմուտք՝ հյուսիսարևելահայաց մեղմ թեքություն ունեցող սարահարթին, ծովի մակերևույթից 1150-1190 մետր բարձրության վրա։

Գյուղ
Մեծ Պամաճ
վրաց.՝ დიდი პამაჯი
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄարզՍամցխե-Ջավախք
ՀամայնքԱխալցխայի շրջան
Հիմնադրված է1830 թ.
ԲԾՄ1120 մետր
Պաշտոնական լեզուվրացերեն
Խոսվող լեզուներհայերեն
Բնակչություն405[1] մարդ (2014)
Ազգային կազմՀայեր 97,3 %
Կրոնական կազմՀայ Առաքելական Եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+995
Մեծ Պամաճ (Վրաստան)##
Մեծ Պամաճ (Վրաստան)
Մեծ Պամաճ (Սամցխե-Ջավախեթի մարզ)##
Մեծ Պամաճ (Սամցխե-Ջավախեթի մարզ)

Պատմություն

խմբագրել

Հայտնի է, որ ներկայիս բնակիչների նախնիները «...գաղթած են Արզրումի Թորթում գաւառից» 1826-1829 թվականներին։ Խնդիրն ավելի մանրամասնող մեկ այլ հաղորդման մեջ կարդում ենք. «Նոքա ևս գաղթած են Կարնի Վերն գիւղից...»։ Վերնգեղ կամ Վերին գեղ բնակավայրը գտնվել է Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառի Թորթումի գավառակում։ Գավառի նշանավոր գյուղերից է եղել, ունեցել է Սբ. Աստվածածին եկեղեցի և Մուշեղյան վարժարան։

Մինչև երկրորդ ռուս-թուրքական պատերազմը, որն սկսվել է 1828 թվականի ապրիլին և ավարտվել 1829 թվականի սեպտեմբերին, տեղաբնիկ հայերն ապրել են իրենց հայրենի գյուղում՝ զբաղվելով անասնապահությամբ, երկրագործությամբ, այգեգործությամբ, արհեստներով, մասամբ նաև առևտրով։ Պատերազմից հետո բնակիչների մի մասն արքեպիսկոպոս Կարապետ Բագրատունու առաջնորդությամբ ուղևորվել է դեպի Հարավային Կովկաս, բնակություն հաստատել Ախալցխայի շրջանում և հիմնել Մեծ Պամաճ գյուղը։

Ազգատոհմեր

խմբագրել

Ավանդաբար վկայվելով՝ մեզ է հասել Մեծ Պամաճում հաստատված 16 տոհմերի անվանացանկը․

  • Աբելենք
  • Ավոյենք
  • Գաբրիելենք
  • Գիմիշենք
  • Թաթոյենք
  • Թոսունենք
  • Թորոսենք
  • Համբարենք
  • Հաջիենք
  • Մղտեսանք
  • Սահարենք
  • Սուքիասենք
  • Տացուենք
  • Տերտերանք
  • Փոլատենք
  • Քոչոյենք։

Բնակչություն

խմբագրել

Ժողովրդագրություն

խմբագրել

1840 թվականից ի վեր առկա տվյալների համադրումը փաստում է, որ ցարդ ընդհանուր առմամբ Մեծ Պամաճ գյուղում արձանագրվել է բնակչության քանակի հարատև աճ ընդհուպ մինչև 1989 թվականը։ Մասնավորապես 1983 թվականին գյուղն ունեցել է 668 բնակիչ (204 տուն), իսկ 2007 թվականին՝ 632 բնակիչ (177 տուն)։

Վիճակագրություն

խմբագրել

Համաձայն 2002 թվականի վիճակագրական տվյալների, գյուղն ուներ 591 բնակիչ, հիմնականում հայեր (98%), որից 270 տղամարդ և 321 կին, իսկ 2014 թվականին գյուղում ապրում էր արդեն 405 մարդ, որից 183 տղամարդ և 222 կին։

Մեծ Հայրենական պատերազմ

խմբագրել

1939 թվականի սեպտեմբերի 1-ին սկսվել է Երկրորդ աշխարհամարտը։ Ֆաշիստական զորքերը, գրավելով Արևելյան Եվրոպան, 1941 թվականի հունիսի 22-ին հարձակվել են Խորհրդային Միության վրա։ Այդուհետ սկսվել է Մեծ Հայրենական պատերազմը։ Ողջ ժողովուրդը նվիրվել է հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։ Չի եղել օր, որ Ախալցխայի շրջանի գյուղերից բանակ գնացող չլինի։ Ոմանք միանգամից են մեկնել ռազմաճակատ, ոմանք էլ՝ ռազմական կարճատև ուսուցում ստանալուց հետո։ Այդ պատմական և դժվարին տարիներին Մեծ Պամաճում անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ՝ զինակոչիկներին զենքին ծանոթացնելու նպատակով։ Բանակ են զորակոչվել սկզբում բարձրագույն և թերի բարձրագույն կրթություն ունեցողները, հետո՝ տեխնիկական ու միջնակարգ։

Մեծ Հայրենական պատերազմն ավարտվել է 1945 թվականի մայիսի 9-ին։ Մեծ Պամաճից պատերազմին մասնակցել է 103 հոգի, որից 77-ը զոհվել է։ Գյուղացիների նվիրատվությամբ, ի հավերժություն մարտի դաշտում ընկած հերոսների, 1983-1985 թվականներին կառուցվել է հուշարձան-կոթող։

Հուշարձան-կոթող

խմբագրել
 
Հուշարձան-կոթող

Շրջկենտրոնից 8 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք՝ ճանապարհի ձախ կողմում, վեր է խոյանում մի գեղեցիկ կառույց։ Դա Հայրենական պատերազմում Մեծ Պամաճ գյուղի նահատակված հերոսների հուշարձան-կոթողն է։ Հուշարձանի կառուցման մտահղացումը եղել է դեռևս 80-ական թվականների սկզբից, սակայն բուն աշխատանքներն սկսվել են միայն 1983 թվականին և ավարտվել 1985-ի ապրիլին՝ տևելով ավելի քան մեկուկես տարի։ Ձգձգման պատճառ են հանդիսացել ֆինանսական դժվարությունները, պետության կողմից օգնության բացակայությունը։ Կառուցման համար պահանջվող գումարը գյուղի բնակիչների հանգանակությամբ է հավաքվել։ Շատերն աշխատել են անհատույց, յուրաքանչյուրը կատարել է իրեն հանձնարարվածը։

1985 թվականի մայիսի 9-ին` Հաղթանակի 40-ամյա տարեդարձի օրը, հանդիսավոր կերպով կատարվել է հուշարձանի բացումը։ Այդ արարողությանը, գյուղի բնակիչներից բացի, ներկա են գտնվել նաև պետական պաշտոնյաներ, զինվորական զորամասի սպաներ՝ իրենց պատվո պահակ կանգնած զինվորներով։ Զեկուցման խոսքը տրվել է գյուղխորհրդի նախագահ Գևորգյանին, իսկ բացման ժապավենը կտրելու պատվին արժանացել է Իսկուհի Գիմիշյանը, որը պատերազմում 4 որդի է կորցրել։

Հուշարձան-կոթողի բարձրությունը 10 մետր է, հողատարածությունը՝ 60 x 40 մ։ Նրա չորս կողմում 60 սմ բարձրությամբ ցանկապատ է տեղադրված։ Ամբողջ հողահատակը կանաչապատ է։ Այս հոյակերտ կոթողի ճարտարապետը Վանաձոր քաղաքի բնակիչ Բաբկեն Սարգսյանն է։

Սուրբ Խաչ եկեղեցի

խմբագրել
 
Սուրբ Խաչ, 2019թ․

Մեծ Պամաճ գյուղի Սուրբ Խաչ եկեղեցու վերաբերյալ հիշատակություն պահպանվել է Հայ Առաքելական Եկեղեցու և Վրաստանի Իմերեթիի թեմի կոնսիստորիայի արխիվային վավերագրերում։ Մասնավորապես թեմի եկեղեցիների 1837 թվականին կազմված շարժական և անշարժ կալվածքների ցուցակներում առկա է նաև սույն եկեղեցին։

Ըստ էության, բազմիցս նորոգված հին եկեղեցու տեղում նոր եկեղեցի կառուցելու աշխատանքները ձեռնարկվել են արդեն XIX դարի վերջին, սակայն 1903 թվականին ընդհատվել են նյութական սղության պատճառով։ Տակավին 1909 թ. եկեղեցին կիսաշեն էր, քանի որ այս անգամ էլ շինարարական աշխատանքներին հետևող երեցփոխ Գևորգ Խաչատրյանցն էր Գանձակ փոխադրվել։ Այնուամենայնիվ, եկեղեցու արևմտյան մուտքի դռանը քանդակված «1908 թ.»-ը համարվում է եկեղեցու կառուցման ավարտի թվականը։

Անվանափոխություն և վերանորոգություններ

խմբագրել

Սուրբ Խաչ եկեղեցին բազմիցս ենթարկվել է հիմնանորոգումների և վերաօծումների։ Ըստ այդմ, պատահական չեն եկեղեցու հաճախակի անվանափոխությունները։ 1840 թվականի արխիվային վավերագրերում հիշատակվում է Սուրբ Փրկիչ, 1841 և 1846 թվականների վավերագրերում՝ Սուրբ Ստեփանոս, իսկ 1863 թվականին՝ Սուրբ Խաչ անվանաձևերով։

Հայաստանի ազգային արխիվում պահպանվում են 1903-1911 թվականներին եկեղեցու վերանորոգման և տնտեսական ծախսերի մասին արխիվային վավերագրերը, ինչը ևս փաստում է եկեղեցու գործունեության և մատուցած հոգևոր ծառայությունների մասին։

Վերաօծում

խմբագրել

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա-ի օրհնությամբ Սուրբ Խաչ եկեղեցին 70 տարվա ընդմիջումից հետո վերաբացվել և օծվել է 1996 թվականի ապրիլի 23-ին։ Մեծ Պամաճի ժողովուրդն առաջին անգամ ներկա է գտնվել գյուղի եկեղեցու վերաօծման հոգեպարար արարողությանը և ունկնդրել սրբարար մեծ ուշադրությամբ։ Օծման արարողակարգը կատարել են Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գևորգ արք. Սերայդարյանն ու Մայր Աթոռի միաբան Բարեշնորհ Հարություն սարկավագ Փիլավչյանը։ Արարողության վերջում Սրբազան Հայրը շնորհակալություն է հայտնել Վեհափառ Հայրապետի անունից։ Իրենց հերթին շնորհակալական խոսքերով են հանդես եկել նաև մտավորականներ և պետական պաշտոնյաներ։ Օծումից հետո տեղի է ունեցել պսակադրության արարողություն։ Հավատացյալներն ուշադրությամբ հետևել են սուրբ խորհրդի կատարմանը։ Այնուհետև եկեղեցու բակում տրվել է մատաղ։ Նույն օրը հոգևորականների դասն այցելել է գյուղի դպրոց, որտեղ զրույց է անցկացվել նախ աշակերտների, ապա ուսուցիչների և դպրոցի ղեկավարության հետ։

Ճարտարապետություն

խմբագրել

Սուրբ Խաչ եկեղեցին համակ սրբատաշ քարով, ներսում անսյուն, արևմտակողմում փայտաշեն դասով, արևմտյան ճակատից բացված միակ մուտքին կից եռահարկ զանգակատնով բավականաչափ ընդարձակ (արտաքին չափերը՝ 18,80 x 11,08 մ) կառույց է։

Եկեղեցական իրեր

խմբագրել

1837 թվականին կազմվել է Մեծ Պամաճի Սուրբ Խաչ եկեղեցու շարժական գույքի ցուցակը, ըստ որի՝ այլ իրերի թվում եկեղեցում են պահվել ծիսական 7 գիրք (Ճաշոց, Ավետարան, Ձայնքաղ շարական, Ժամագիրք, Խորհրդատետր, Սիմեոնի տոնացույց, Հայսմավուրք), ինչպես նաև 479 մսխալ արժողության արծաթե, պղնձե իրեր և այլն։ Ըստ նույն ցուցակի՝ եկեղեցուն են պատկանել 1 սոմարանոց մի արտ և փոքր մի արոտավայր։ Եկեղեցու ներսում ցարդ պահպանվում են մի քանի յուղաներկ սրբապատկերներ, որոնցից մի քանիսը կրում են հակիրճ հիշատակագրություններ։

 
Մեծ Պամաճի Սուրբ Խաչ եկեղեցու խորանը

Ժամանակագրություն

խմբագրել
  • 1840 թ․ հիշատակվում է Սուրբ Փրկիչ անվամբ։
  • 1841 թ. հիշատակվում է Սուրբ Ստեփանոս անվամբ։ Նույն անվանաձևով է հիշատակված նաև 1846 և 1851 թվականների վավերագրերում։
  • 1841-1842 թվականներին հիշվում է որպես փայտաշեն կառույց։
  • 1863 թ. հիշվում է Սուրբ Խաչ փայտաշեն եկեղեցին, հետևաբար միջանկյալ նշյալ տարիների (1846-1863 թթ.) ընթացքում եկեղեցին վերաօծվել և անվանափոխվել է։
  • 1884 թ. այլ տեղեկագրում հիշվում է որպես ծխական քարաշեն եկեղեցի։

Քահանա

խմբագրել
  • 1876 թվականին գյուղում քահանայագործել են Կարապետ Տեր-Մարտիրոսյանցը և ուրարակիր Ղազարոս Ալեքսանյանը։
  • 1909-1910 թվականներին քահանան եղել է Ղազարոս Տեր-Ղազարոսյան Սիմեոնյանցը (ծնվ. 1837 թ., ձեռն. 1880 թ. հունիսի 18-ին)։

Տպագիր Ճաշոց

խմբագրել

Եկեղեցում ցարդ պահվում է 1723 թվականին Կոստանդնուպոլսում հրատարակված «Ճաշոց գիրք գեղեցկատիպ եւ վայելուչ գաղափարեցեալ մատենից հընոց թագաւորացն Հայոց» գիրքը։

Գյուղամիջյան գերեզմանատան եկեղեցի

խմբագրել

Գյուղամիջում տարածված հին գերեզմանոցում տակավին կանգուն է տեղաբնիկ հայերից ավանդված միանավ թաղածածկ եկեղեցին՝ կառուցված անմշակ քարով, կրաշաղախով։ Հորինվածքային և հատկապես կառուցողական առանձնահատկությունները բնորոշ են տարածաշրջանի XV-XVI դարերում կառուցված հուշարձաններին։ Հյուսիսային պատի մեջ պահպանված մկրտարանի խորշը վկայում է, որ նախապես եղել է ծխական եկեղեցի և միայն հավանաբար XIX դարում է վերածվել սոսկ գերեզմանատան եկեղեցու։ Արտաքին չափերն են՝ 6,18 x 4,63 մ։

Կրթություն

խմբագրել
 
Մեծ Պամաճի իննամյա դպրոցը

Կրթօջախի բացման ստույգ տարեթիվը պարզել չի հաջողվել։ Գործել է 1880-ականների սկզբներից, սակայն տնտեսական դժվարությունները հաճախ խափանումների պատճառ են դարձել։ 1891 թվականից պահպանված վկայության մեջ ականատեսը մասնավորապես նշել է. «Առաջ ունեցել են ուսումնարան, բայց իմ գնացած ժամանակը՝ չունէին»։ 1909 թվականին Բաքվի հայոց մշակութային միության դրամական օժանդակությամբ Մեծ Պամաճում կրկին դպրոց է բացվել, իսկ 1917-ին կառուցվել է դպրոցի նոր շենքը։ Այդ է վկայում դպրոցական դրամագլխի տոկոսներից դպրոցներ կառուցող հանձնաժողովին միանվագ 300 ռուբլի տրամադրելու մասին սինոդին ուղղված կաթողիկոսի՝ 1917 թվականի կարգադրությունը։

 
Դպրոցի միջանցքը

Մինչ 1917 թվականի ռուսական հեղափոխությունը գյուղում գրաճանաչ մարդիկ քիչ են եղել։ Մասնավոր տներում ցանկացողներին ուսուցանվել է կրոն ու թվաբանություն։ Այնուհետև տնային դպրոցներին փոխարինել են խորհրդային կարգի առաջին դպրոցները։ Այսպիսով, 1923 թվականին Միսակ Գալստյանի տանը հիմնադրվել է պետական տարրական դպրոց։ Ավելի ուշ՝ 1935 թվականին (որոշ տվյալներով՝ 1938 թ․), կառուցվել է գյուղի չորս սենյականոց յոթնամյա դպրոցը, իսկ բարձր դասարաններ հաճախել են հարևան Ծղալթբիլա։ 1969 թվականին կառուցվել է դպրոցի ներկայիս շենքը։ Սկզբնական շրջանում այն ութնամյա ուսուցում է տվել 128 աշակերտների (այժմ իննամյա է)։ Դպրոցի մասնաշենքը հիմնանորոգման է ենթարկվել 2008 թվականին։

Տնտեսություն

խմբագրել

1891 թվականին տրված նկարագրության համաձայն՝ «Մօտաւորապէս 150 դեսեատնից աւելի հող ունէին իրանց ձեռքը. դրանից 4 մասը պետական, 1 մասը կալւածական։ Սրանք էլ էին հողի քչութիւնից գանգատւում...: Բերքերն էին՝ ցորեն, գարի, սիմինդր ու կարտոֆիլ։ Պարապում էին և պարտէզպանութիւնով (գլխաւորապէս «ճանճուլ», խնձոր և տանձ) ու բանջարեղէնների մշակութիւնով։ Պարտէզները գիւղացիների սեփականութիւն էին. իրանց փողով էին գնել»։

1929 թվականին կազմավորվել է գյուղի առաջին կոլեկտիվ տնտեսությունը։ Սկզբնական շրջանում այն բաղկացած է եղել ընդամենը 28 հոգուց։ Մեծ Պամաճը համատարած կոլեկտիվացում է ապրել 1935 թվականին։ Կոլտնտեսության առաջին նախագահ է ընտրվել Սամվել Սամվելյանը, իսկ հաշվապահ՝ Գրիգոր Պետրոսյանը։ Տարեցների հավաստմամբ այս տարիներին գյուղը տնտեսական ու մշակութային նկատելի վերելք է ապրել։

Հաղթանակներ և նվաճումներ

խմբագրել

Դպրոցական բանավեճեր

խմբագրել

Ընտրական փուլ

խմբագրել
 
Առաջին կիսաեզրափակիչ, Սխվիլիսիի հանր․ դպրոց

2015 թվականի փետրվարին մեկնարկել է «Ճանապարհ դեպի խորհրդարան» (վրաց.՝ გზა პარლამენტისაკენ) ծրագիրը, որն աջակցում է եվրոինտեգրման, մարդու և երեխաների իրավունքների, ինչպես նաև ժողովրդավարության մասին տեղեկատվության տարածմանը։ Բացի դրանից, այն նպաստում է երեխաների մեջ բանավիճելու կարողության զարգացմանը, սովորեցնում լսել ընդդիմակցին, արտահայտել ու պաշտպանել սեփական կարծիքը։ Այս ծրագրին, նախնական քվեարկությամբ, մասնակցելու իրավունք է ստացել 16 դպրոցական թիմ Քվեմո Քարթլիի և Սամցխե-Ջավախեթիի մարզերի ոչ վրացալեզու կրթական օջախներից։ Ի թիվս այլոց, մասնակիցների թվում են եղել նաև Ախալցիխեի մունիցիպալիտետի Ծղալթբիլա, Մեծ Պամաճ, Սխվիլիսի և Սազել հայաբնակ գյուղերի հանրային դպրոցների՝ 10-ական ակտիվ աշակերտներից կազմված թիմերը։ Ապրիլի 17-ին Սխվիլիսիի հանրային դպրոցում կայացել է վերոնշյալ ծրագրի բաղկացուցիչ մաս կազմող «Դպրոցական բանավեճեր» (վրաց.՝ სასკოლო დებატები) խաղ-մրցույթի տարածաշրջանային փուլի առաջին կիսաեզրափակիչը։ Վիճակահանության միջոցով որոշվել են հետևյալ մրցակից զույգերը․ «Մեծ Պամաճ - Ծղալթբիլա», «Սխվիլիսի - Սազել»։ Մասնակիցներին տրվել է երկուական րոպե խորհելու և հինգական րոպե բանավիճելու համար։ Մրցակցությունն ավարտվել է մի դեպքում Մեծ Պամաճի, մյուս դեպքում՝ Սազելի հաղթանակով։ Վերջնախաղում ավելի ուժեղ է գտնվել Մեծ Պամաճի թիմը և նվաճել եզրափակիչ փուլին մասնակցելու ուղեգիր։ Հաջորդ օրերին կայացած խաղերում հաղթել են Գանձայի թիվ 2 հայկական, Գարդաբանիի 3-րդ և Գետայի ադրբեջանական միջնակարգ դպրոցների թիմերը։

Եզրափակիչ փուլ

խմբագրել

Civitas Georgica միջազգային ասոցիացիայի և Agora Central Europe չեխական կազմակերպության միասնական նախագծի («Վրաստանի քաղաքացիները Եվրոպայում — Վիշեգրադի երկրների փորձի փոխանակում») շնորհիվ նույն թվականի հունիսի 13-ին մայրաքաղաք Թբիլիսիում՝ Վրաստանի կրթության և գիտության նախարարության դահլիճում, անցկացվել է բանավեճերի եզրափակիչ փուլը։ Բոլոր մասնակից թիմերն էլ լավ են բանավիճել, սակայն Մեծ Պամաճն աչքի է ընկել մասնավորապես հետաքրքիր փաստարկումներով ու մեջբերումներով և համոզիչ հաղթանակ տարել։ Չեմպիոններին տրվել են նվերներ, դպրոցին՝ ժամացույց, առավել ակտիվներին՝ հուշանվեր (Մարգարյան Աննա) և ամառային ճամբարի ուղեգիր դեպի Կախեթի (Գիմիշյան Աշոտ) ու վերջապես՝ գավաթ, որն էլ գյուղին բերել է մեծ փառք ու պատիվ։ Առաջին կիսաեզրափակչից հետո Մեծ Պամաճի թիմում տեղի է ունեցել 2 փոփոխություն մասնակիցների շրջանում։ Բացի այդ, ի տարբերություն մյուսների, այս թիմում ընդգրկված սաների տարիքն ավելի փոքր է եղել՝ 6-9-րդ դասարանցիներ. Գիմիշյան Աշոտ, Գիմիշյան Արմեն, Մարգարյան Աննա, Համբարյան Արմեն, Համբարյան Արամ (Մարգարյան Էլմիրա), Մարգարյան Անդրեյ, Մարգարյան Խաչատուր, Թորոսյան Արմենուհի (Սահարյան Հասմիկ), Գաբրիելյան Ալինա, Նազարեթյան Նիկողոս (թիմի մարզիչ-ուսուցչուհի՝ Ինգա Պետրիաշվիլի, դպրոցի տնօրեն՝ Հակոբ Պոզոյան)։

Նշանավոր իրադարձություններ

խմբագրել
  • 2014 թվականին դպրոցի տնօրինության նախաձեռնությամբ նշվել է Հովհաննես Թումանյանի ծննդյան 145-ամյակը։
  • 2015 թվականին հիմնովին վերանորոգվել է մշակույթի տան (ակումբի) մասնաշենքը։
  • 2018 թվականին գյուղն ամբողջությամբ գազաֆիկացվել է։
  • 2018 թվականին լրացել է Սուրբ Խաչ եկեղեցու 110-ամյակը։
  • 2020 թվականին բարեկարգվել են գյուղի ներքին ճանապարհները։ Կառուցվել է ֆուտբոլային բարձրորակ մարզադաշտ։

Անվանի մարդիկ

խմբագրել
  • Արամ Սահարյան Արխիվացված 2022-08-15 Wayback Machine — ֆիզիկոմաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ֆիզիկոս, 2005 թվականին պարգևատրվել է ՀՀ Նախագահի մրցանակով
  • Արշավիր Թորոսյան — բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բուսաբույծ
  • Գրիգոր Համբարյան — հայ հայրենասիրական և ազգագրական երգերի կատարող, «Գանձեր» համույթի մեներգիչ
  • Հայկ Ավագյան-Խակցյան — զորահրամանատար, 1918-1920 թվականներին Ախալցխայի շրջանի դեպի Թուրքիայի սահմանը տեղաբաշխված գյուղերի ինքնապաշտպանական ջոկատների հրամանատար
  • Հովհաննես Մազմանյան — հայտնի գեղանկարիչ, խորհրդային պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ
  • Սոս (Մկրտիչ) Գիմիշյան — քաղաքական գործիչ, ֆիզիկոս, «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության հիմնադիր-նախագահ, 1995-1999 թթ. ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր
  • Սեդրակ Գիմիշյան — գործարար, «ԶԺԲԻ-ՍԱՏՈՒՐՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն տնօրեն
  • Լիլիանա Գիմիշյան — իրավաբանական գիտությունների թեկնածու, Սարատովի պետական իրավաբանական ակադեմիայի դոցենտ
  • Մարտիրոս Ղազարոսյան — գործարար, տնտեսագիտության թեկնածու, «МК-Стройцентр» ՍՊԸ-ի տնօրեն, Սարատովի մարզի Հասարակական պալատի անդամ

Պատկերասրահ

խմբագրել

1918 թվականի ինքնապաշտպանություն

խմբագրել
 
Հայկ Ավագյան-Խակցյան

1918 թվականի ինքնապաշտպանության տարիներին Հայկ Ավագյան-Խակցյանը, որպես համարձակ ու հմուտ զորահրամանատար, ստանձնել է Ախալցխայի շրջանի դեպի Թուրքիայի սահմանը տեղաբաշխված գյուղերի ինքնապաշտպանական ջոկատների միացյալ հրամանատարությունը։ Նա, իր ջոկատների կազմում ընդգրկելով պատերազմի առանձնապես մեծ փորձ չունեցող կամավորների, կարողացել է կարճ ժամանակամիջոցում դարձնել նրանց ուժեղ, մարտունակ զինվորներ։ Ամեն գյուղ ունեցել է իր պաշտպանական պահակակետը։ Մեծ Պամաճում պաշտպանական հենակետի տեղադրման և ռազմական գործողությունների ծավալման համար նպաստավոր դիրք է ընտրվել ներկայիս «Սուրբ Գևորգ» կոչվող սրբավայրի տարածքը։ Հերոսական մեծ մարտեր են մղվել «Դիբակ» կոչվող սարերում։ Գյուղից շատերն են մասնակցել, եղել են վիրավորներ և զոհեր։

Աղբյուրներ

խմբագրել
  • Դիւան Հայոց Պատմութեան, գիրք ԺԳ, Թիֆլիս, 1915, էջ 31։
  • Սամվել Կարապետյան, Ախալցխա, Երևան, 2008, էջ 252, 253-255, 257։
  • Հակոբյան Հ., Ախալցխա. Էրզրումյան գաղթից մինչև մեր օրերը, Երևան, 2002, էջ 194, 197։
  • Մուրատեանց Յ., Ախալցխայի գաւառի մի քանի հայ գիւղերը, «Մուրճ», 1895, N 2, էջ 325։
  • Մաթևոսյան Լ., Ախալցխայի հայկական դպրոցը, Երևան, 2007, էջ 124, 144։
  • Խուդոյան Ս., Արևելահայ դպրոցները 1830-1920 թվականներին, Երևան, 1987, էջ 510։
  • ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3798, թ. 125-ի շրջ.; ֆ. 56, ց. 4, գ. 1100, թ. 114-ի շրջ.:
  • Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3868, թ. 15:
  • «Մեղու Հայաստանի», 1873, N 22, էջ 3։
  • «Արձագանք», 1885, N 4, էջ 58։
  • «Էջմիածին», 1996 (Դ), էջ 108։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 26 ივლისი 2016-ին.