Մեծ Բրիտանիան Առաջին համաշխարհային պատերազմում

Առաջին աշխարհամարտում Մեծ Բրիտանիան Անտանտ ռազմա-քաղաքական միության անդամ էր։ Անընդմեջ զարգանալով՝ երկիրը հասավ իր գլխավոր նպատակին՝ պարտության մատնելով Կենտրոնական տերությունների (Գերմանական կայսրություն, Ավստրո-Հունգարիա, Օսմանյան կայսրություն և Բուլղարական թագավորություն) միությանը։ Պատերազմի ընթացքում բրիտանական զինված ուժերը էապես վերակազմվեցին, օրինակ, ստեղծվեցին Թագավորական ռազմաօդային ուժերը, զորքի թիվը աճեց։ Երկրի պատմության մեջ առաջին անգամ հարկադրաբար զորահավաք եղավ[2]։ Թշնամուն պարտության մատնելու համար հարկ եղավ էական զոհողությունների գնալ։ Աշխատուժի կրճատման և սննդամթերքի պակասը կանխելու համար կառավարությունը մշակեց մի շարք օրենքներ, ինչպիսին էր օրինակ Թագավորության պաշտպանության մասին օրենքը, որով թագավորությանը տրվում էր իր քաղաքացիների անվտանգությունը ապահովելու լրացուցիչ լիազորություններ։ Մեծ Բրիտանիայում «բիզնես՝ ինչպես միշտ»[3] նախնական քաղաքականությունից և Հերբերտ Հենրի Ասկվիտի[4] կաբինետի մինչպատերազմյան ստատուս քվոյից ստիպված եղան հրաժարվել՝ հօգուտ վարչապետ Դեյվիդ Լլոյդ Ջորջի` տոտալ պատերազմի ռեժիմի (պետությունն իրավունք ստացավ միջամտել հասարակական կյանքի բոլոր ոլորտներ)[5], ինչն առաջին անգամն էր Բիրտանիայի տարածքում։ Բրիտանական քաղաքներն առաջին անգամ դարձան հրետանակոծության թիրախներ։ Հասարակության մեջ մարտական ոգին բարձր մակարդակի վրա էր, մեծ մասամբ շնորհիվ զանգվածային լրատվության միջոցների. պատերազմական ժամանակահատվածում թերթերը ծաղկում էին ապրում[6]։ Հաջողությամբ էին իրականացվում կառավարական պրոպագանդաները շնորհիվ այնպիսի լրագրողների, ինչպիսին էր Չարլզ Մաստերմանը և թերթի հրատարակիչների, ինչպիսին էր լորդ Բիվերբրուկը։ Աշխատուժի ժողովրդագրական փոփոխություններին հարմարվելու ճանապարհով ռազմական ոլորտի հետ կապված արդյունաբերությունները սկսեցին աճել և արտադրությունը սկսեց աճել ավելի մեծ քանակությամբ մարդկանց վարձու աշխատանքի վերցնելու հաշվին[7]։ Բացի այդ, սկսվեց կանանց աշխատուժի զանգվածային կիրառում, ինչը հարկադրեց պառլամենտին 1918 թվականին օրենք ընդունել, որով զգալի թվով կանանց տրվեց ձայնի իրավունք[8]։

history of the United Kingdom of Great Britain and Ireland?

The Times «Մեծ Բրիտանիան պատերազմում է»
Թվական 1914 օգոստոս 4 - 1918 նոյեմբերի 11
Վայր Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Պատճառ Որպես Անտանտի անդամ ի պաշտպանություն Ֆրանսիայի` Գերմանիայի Բելգիա ներխուժումը դիմակայելը
Արդյունք Գերմանիայի կապիտուլյացիա
Առաջին համաշխարհային պատերազմի ավարտ
Հրամանատարներ
ֆելդմարշալՋոն Ֆրենչ
ֆելդմարշալ
Դուգլաս Հեյգ
նավատորմի ադմիրալ Ջոն Ջելիկո
Ուիլիամ Ռոբերտսոն
Ջորջ V
Լլոյդ Ջորջ
Հենրի Ասկվիտ
Ուինսթոն Չերչիլ
Ռազմական կորուստներ
673,375 զոհված եւ անհետ կորած
1.643.469 վիրավոր
քաղաքացիական զոհեր. 16,829[1]
Բրիտանական քարոզչական պաստառ.
«Կայսրությունը տղամարդկանց կարիք ունի!
Ավստրալիա, Կանադա, Հնդկաստան, Նոր Զելանդիա
Բոլորդ արձագանքեք կոչին:
Ստանալով երիտասարդ առյուծների օգնությունը՝ ծեր առյուծը մարտահրավեր է նետում իր թշնամիներին
Ծառայության անցեք այսօր:»

Պատերազմի ժամանակ բրիտանական թագավորական ընտանիքը Ջորջ V գլխավորությամբ խզեց կապերը իր գերմանական բարեկամների հետ և իր արքայատոհմի՝ Սաքս-Կոբուրգ-Գոթյան գերմանական անունը վերանվանեց Վինզորյան։ Պատերազմի ընթացքում նկատվող խնդիրներն արգելք հանդիսացան Ռուսաստանում իրենց ազգականների այդ թվում և Նիկոլայ II փրկության համար։ Մթերքի պակասի և 1918 թ. երկրում տարածված «իսպանկա» համաճարակի պատճառով աճեց մահացության թիվը[9]։ Մարդկային կորուստները անցնում էին 850 000 հոգին[10]։ Նաև համարվում է, որ պատերազմն արագացրել է Կանադայում և Ավստրալիայում ազգային ինքնագիտակցության աճը, ինչն, ի վերջո ավարտվել է Բրիտանական կայսրության անկմամբ։ Եվ Կանադան և Ավստրալիան այդ ժամանակ արդեն նախընտրում էին մարտական գոտիներում կիրառել ազգային խորհրդանիշներ։ Այնուամենայնիվ, աշխարհագրական տեսանկյունից կայսրությունը ծաղկման գագաթնակետին հասավ խաղաղ պայմանագրերի կնքման արդյունքում[11]։

Կառավարություն խմբագրել

 
Մեծ Բրիտանիայի վարչապետ Հերբերտ Հենրի Ասկվիտ
(մոտ 1915 թվական)

Մեծ Բրիտանիան, որը կառավարում էր վարչապետ Հերբերտ Հենրի Ասկվիտը Լիբերալ կուսակցությունից, պատերազմի մեջ մտավ 1914 թվականի օգոստոսի 4-ին, երեկոյան ժամը 11-ին։ Գերամանական զորքին դեպի Ֆրանսիա ազատ ճանապարհ տրամադրելու Բելգիային ուղղված գերմանական պահանջներին ի պատասխան և բրիտանական վերջնագրի սպառվելուց հետո Ասկվիտը պատերազմ հայտարարեց Գերմանական կայսրությանը[12]։ Պատերազմ հայտարարարելու պատճառները բարդ էին։ 1839 թվականի Լոնդոնյան պայմանագրի շրջանակում Միացյալ թագավորությունը Բելգիայի վրա հարձակման դեպքում հանդես էր գալիս այդ երկրի չեզոքության և անկախության երաշխավոր, չնայած, արտաքին գործերի նախարարությունը գտնում էր, որ այդ պարտավորությունները կարող էին չիրականացվել։ Մյուս պատճառը Ֆրանսիայի հանդեպ «բարոյական պարտքն էր». երկու երկրների միջև լայնամասշտաբ գաղտնի խորհրդակցություններ էին իրականացվել դեռևս 1905 թվականից, չնայած, որ Ասկվիտի կաբինետի անդամների մեծ մասը դրա մասին տեղյակ չէին ընդհուպ մինչև 1911 թվականը։ Պատերազմի անխուսափելիության մասին ապացույցների բացակայության պատճառով կառավարական կաբինետի ներսում տարաձայնություններ էին առաջացել նույնիսկ հուլիսի 31-ին[12]։ Մինչև պատերազմի սկիզբը Մեծ Բրիտանիայի կառավարության քաղաքական կուրսը մասնավոր բիզնեսի մեջ չմիջամտելն էր, որը ձևակերպվել էր ղեկավար կուսակցության կողմից և ինչը համապատասխանում էր կառավարական չմիջամտության սկզբունքների կողմնակից լիբերալների պատմական դիրքին[4]։ 1914 թվականին նոյեմբերին Ուինսթոն Չերչիլի կողմից բնութագրված որպես «բիզնես՝ ինչպես միշտ» քաղաքականությունը պատերազմի ժամանակ ստիպված էին փոխել[4]։ 1915 թվականի մայիսին Ասկվիտի կաբինետը հրետանային արկերի արտադրման ճգնաժամի և Դարդանելում Գալիպոլիի մարտի ձախողված սկզբի պատճառով ստիպված էր հրաժարական տալ[13]։ Կողմ չլինելով ժամանակից շուտ ընտրություններին, Ասկվիտը մայիսի 25-ին դժկամորեն համաձայնվեց ձևավորել նոր՝ լիբերալ և պահպանողական կուսակցություններից կազմված կոալիցիոն կառավարություն[13]։

 
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Լլոյդ Ջորջ
(մոտ 1920 թվական)

Այդ կոալիցիան իշխանության ղեկին մնաց մինչև 1916 թվականը, երբ պահպանողականները հիասթափվեցին Ասկվիտի հետ համագործակցությունից և լիբերալների բռնած դիրքից, հատկապես Սոմի ճակատամարտից հետո։ Կառավարությունն անկում ապրեց էնդրյու Բոնար Լոուի (պահպանողականների առաջնորդի), սըր Էդվարդ Կարսոնի (Օլստերյան յունոնսիտների առաջնորդի) և Դեյվիդ Լլոյդ Ջորջի (այդ ժամանակ դեռ կառավարության ռազմական նախարարի) քաղաքական մանևրների արդյունքում։ Լոուն իր կուսակցությունից դուրս բավական աջակցություն չստացավ նոր կոալիցիա կազմելու համար[13]։ Մյուս կողմից լիբերալ Լլոյդ Ջորջն, ավելի շատ աջակիցներ ունենալով, կարողացավ ձևավորել նոր կոալիցիոն ղեկավարություն։ Վարչապետ դառնալով՝ Լլոյդ Ջորջը նախարարնրի կաբինետ հավաքեց, որտեղ պահպանողականների ներկայացուցիչները թվով ավելի շատ էին քան լիբերալները[13]։ Իր գոյության առաջին 235 օրվա ընթացքում ռազմական ժամանակահատվածի այդ կաբինետը 200 անգամ նիստեր է կազմակերպել[5]։ Չնայած, ի տարբերություն Ասկվիտի կաբինետի, այս կաբինետի նախարարների թիվը զգալիորեն ավելի քիչ էր, սակայն այն այնպես էր կազմակերպված, որ իր վրա կրի պատերազմի ընթացքի ողջ պատասխանատվությունը[5]։ Այս կաբինետի գոյությունը փաստում էր կառավարության քաղաքականության անցումը տոտալ պատերազմի, որի ներսում յուրաքանչյուր տղամարդ, կին և երեխա պետք է կատարեին իրենց դերը՝ ճակատին օգնելու համար։ Ավելին՝ Թագավորության պաշտպանության մասին օրենքով որոշվեց, որ ռազմա-տնտեսական գործունեության բոլոր լծակները կենտրոնացվեն կառավարության վերահսկողության տակ[5]։ Լլոյդ Ջորջի կառավարության հաջողությունը կապված էր ընտրություններ իրականացնելու չկամության և այլակարծության փաստացի բացակայության հետ[13]։ Պատերազմից հետո, 1918 թվականի ժողովրդական ներկայացուցչության մասին օրենքը ձայնի իրավունք տվեց հասարակության ավելի լայն շերտի՝ 21 տարեկանից բարձր, ամուսնացած բոլոր տղամարդկանց և 30 տարեկանից բարձր, ամուսնացած բոլոր կանանց[14]։ Վերջին հաշվով, դա նպաստեց լիբերալների անկմանն ու լեյբորիստական կուսակցության ծաղկմանը 1920-ական թվականներին[14]։ Դա ակնհայտ դարձավ 1918 թվականի համընդհանուր ընտրություններին, որի ընթացքում լեյբորիստների` 1910 թվականի դրությամբ 6,4% կազմող հեղինակությունը հասավ ավելի քան 20%-ի՝ լիբերալների՝ կոալիցիոն կառավարության գորունեության շարունակման կողմնակիցների և հակառակորդների ձայների բաժանման հաշվին[15]։

Միապետություն խմբագրել

 
Իր գերմանական տիտղոսներն «ավլող» Ջորջ V արքան
(ծաղրանկար 1917 թվականի «Պանչ» ամսագրից)

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Բրիտանական թագավորական ընտանիքի առաջ լուրջ խնդիր էր առաջացել՝ կապված պատերազմում Մեծ Բրիտանիայի գլխավոր թշնամի Գերմանական կայսրության ղեկավար արքայատոհմի հետ արյունակցական կապերի հետ։ Մինչև պատերազմը, բրիտանական արքայատոհմը հայտնի էր Սաքս-Կոբուրգ- Գոթյան անվանումով։ 1910 թվականին հոր՝ Էդուարդ VII մահից հետո գահին նստեց և ամբողջ պատերազմի ընթացքում կառավարեց Ջորջ V: Նրա զարմիկը Գերմանիայի կայզեր Վիլհելմ II, ով բրիտանական հանրության մեջ պատերազմի ողջ սարսափի մարմնացումն էր։ Պատերազմի ժամանակ Հերբերտ Ուելսը թագավորական ընտանիքին ներկայացրել է որպես «օտար և արքունիքը չոգևորող», որին Ջորջ V պատասխանել է.

  Ես կարող եմ չոգևորել, բայց թող անիծված լինեմ ես, եթե օտար եմ[16]  

: Հայրենասիրությամբ լցված հպատակներին դեմ չգնալով՝ 1917 թվականի հուլիսի 17-ին Ջորջ V հատուկ օրենք մշակեց, որով բրիտանական արքայատոհմը վերանվանվեց Վինզորյան։ Նա այդ ժամանակ Բրիտանիայի տարածքում բնակվող թագուհի Վիկտորիայի բոլոր ժառանգների ազգանունները վերանվանեց Վինզոր, բացառությամբ այն կանանց, ովքեր ամուսնացած էին այլ ազգանուն կրող մարդկանց հետ[17]։ Թագավորն ու նրա բարեկամները հրաժարվեցին գերմանական տիտղոսներից և ընդունեցին անգլիական ազգանուններ։ Ռուսաստանում իրադարձությունների զարգացումն ավելացրեց բրիտանական միապետության խնդիրները։ Նիկոլայ II ցարը և Ջորջ V բարեկամներ էին՝ նրանց մայրերը քույրեր էին և երկու միապետները դեմքով նման էին միմյանց։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո, երբ Նիկոլայ II հրաժարվեց գահից, բրիտանական կառավարությունը պատրաստ էր ցարին և նրա ընտանիքին ապաստան տալ։ Սակայն հասարակության ապրելու պայմանների վատթարացման և հեղափոխության՝ բրիտանական կղզիներ հնարավոր ներթափանցման մտքից սարսափելով, Ջորջ V եզրահանգեց, որ Մեծ Բրիտանիայիում Ռոմանովների ներկայությունը բացասականորեն կընկալվի հանրության կողմից[18]։ Թագավորի անձնական քարտուղար լորդ Սթամֆորդհեմի փաստաթղթերն ապացուցում են, որ Ջորջ V դեմ էր Ռոմանովներին ապաստան տալու գաղափարին, իսկ վարչապետ Լլոյդ Ջորջը խորհուրդ էր տալիս անել դա[19]։ Պատերազմի սկզբում, ապագա էդուարդ VIII, այն ժամանակ դեռ Ուելսի արքայազնը, հասել էր պատերազմին մասնակցելու համար պահանջվող մինիմալ տարիքին և տենչում էր մեկնել ռազմաճակատ[20][21]։ Նա ծառայության անցավ 1914 թվականի հունիսին գվարդիական նռնականետների գնդում։ Չնայած, Էդուարդը ցանկանում էր ճակատ մեկնել, պետական ռազմական քարտուղար լորդ Կիտչեները հրաժարվեց նրան այնտեղ ուղարկել, պատճառաբանելով, որ արքայազնի գերի ընկնելու դեպքում թագավորությունը մեծ կորուստ կկրի[22]։ Չնայած դրան, Էդուարդը իր աչքով տեսել էր խրամատային պատերազմը և փորձում էր հայտնվել ճակատում այնքան, ինչքան հնարավոր էր։ Դրա համար նրան 1916 թվականին շնորհեցին Ռազմական խաչ շքանշան։ Էդուարդի, թող և փոքր դերը պատերազմում նրան հայտնի դարձրեց առաջին աշխարհամարտի վետերանների շարքում[23][24]։ Արքայազն Ալբերտը, այդ ժամանակ դեռ Յորքի հերցոգ, իսկ հետո արդեն թագավոր Ջորջ VI, 1913 թվականի սեպտեմբերի 15-ին թագավորական նավատորմում անցավ ծառայության որպես միչման, և մեկ տարի անց սկսվեց առաջին աշխարհամարտը։ Նրա մասնակցությունը պատերազմում շատ կարճ տևեց՝ կապված առողջության հետ[25]։ Թագավորի միակ դուստրը՝ Մարիա Վինզորը, մոր հետ միասին այցելում էր հոսպիտալներ՝ օգնություն ցուցաբերելով բրիտանացի զինառայողներին և նրանց ընտանիքներին օգնելու աջակցման նախագծերին։ Այդպիսի նախագծերից էր օրինակ արքայադստեր ստեղծած «Ամանորյա նվերների ֆոնդը», որի շրջանակում 1914 թվականի ամանորին բրիտանացի բոլոր զինվորներին և մատրոսներին նվերներ ուղարկվեցին։ Դա արժեցավ մոտ 162 000 ֆունտ ստերլինգ[26]։ 1918 թվականին նա ավարտեց բուժքույրերի դասընթացները և սկսեց աշխատել «Գրեյդ Օրմոնդ Սթրիթ» հիվանդանոցում։

Թագավորության պաշտպանության մասին օրենք խմբագրել

Պատերազմի առաջին իսկ օրերին՝ 1914 թվականի օգոստոսի 8-ին, ընդունվեց Թագավորության պաշտպանության մասին օրենքը[27], բայց հետագա ամիսների ընթացքում նրա դրությունը ավելի ընգրկուն դարձավ[28]։ Օրենքը բրիտանական կառավարությանը ավելի լայն լիազորություններ շնորհեց[28], օրինակ, ռազմական կարիքների համար անհրաժեշտ հողերի և շինությունների բռնագրավում[29]։ Պատերազմի ժամանակ Բրիտանիայի քաղաքացիներին արգելվում էր առանց պատճառի գտնվել երկաթուղային կամուրջների տակ, ռազմական նշանակության շենքերի լուսանկարումն ու նկարելը[30], վայրի կենդանիների կերակրումը, ռազմական և ռազմածովային թեմաների քննարկումները[30]։ Նաև մտցվեց բրիտանական ամառային ժամանակ[31]։

Հակագերմանական տրամադրություններ խմբագրել

 
Հակագերմանական քարոզչության օրինակ:
Բրիտանական պաստառում նշված է.
«Մեկ անգամ գերմանացի՝ ընդմիշտ գերմանացի!
Հիշիր!
Յուրաքանչյուր աշխատանքի տեղավորված գերմանացին՝ մեկ գործազուրկ բրիտանացի է:
Գնված ցանկացած գերմանական ապրանք՝ չվաճառված բրիտանական ապրանք է»

1911 թվականի մարդահամարի համաձայն Մեծ Բրիտանիայում բնակվում էր մոտ 53 323 գերմանացի[32]։ Նրանց մեծամասնությունը՝ ավելի քան 27 հազար մարդ բնակվում էր մայրաքաղաքում և նրա մերձակայքում[33]։ Հակամարտության խորացմանը զուգահեռ փոխվում էր նաև բրիտանացիների վերաբերմունքը տեղի գերմանացիների նկատմամբ[34]։ Այդպիսի տրամադրությունները խորացվում էին պետական քարոզների ազդեցության շնորհիվ։ 1914 թվականի օգոստոսի 5-ին, պատերազմ հայտարարելուց մեկ օր հետո, օրենք ընդունվեց, որով օտարերկրացիներին արգելվում էր մուտք գործել և լքել երկիրը։ Այդ ժամանակահատվածում Բրիտանիայի տարածքում գտնվող բոլոր գերմանացիները պետք է անհապաղ հաշվառվեին ոստիկանական բաժանմունքներում[35]։ Բրիտանական օրենսդիր համակարգն ակտիվորեն վարում էր գերմանացիների տեղահանման և ներճամբարման քաղաքականություն։ Պատերազմի առաջին ամիսներին գործողությունների կոնկրետ նախագիծ մշակված չէր, ուստի գերմանացիներին և այլ օտարազգիներին ձերբակալում, ապա, ազատ էին արձակում։ Համարվում էր, որ զորահավաքի համար տարիքային առումով հասուն տղամարդիկ անպայմանորեն պետք է տարվեին ճամբարներ, իսկ կանայք և երեխաները պետք է տեղահանվեին երկրից։ 1915 թվականի նոյեմբերին արդեն ճամբար տարվածների թիվը հասնում էր 32 440 հոգու (ներառած նաև ավստրիացիներին)։ 1916 թվականի ամռանը դրանցից 22 000 հոգի ազատ են արձակվում։ Ազատվածներից 10 000 հոգին կանայք էին, մնացածը մեծ տարիքի մարդիկ էին, ովքեր երկար տարիներ բնակվել էին Միացյալ թագավորությունում և պիտանի չէին ծառայության համար։

Մեծ Բրիտանիայում հակագերմանական տրամադրությունների ամենավառ օրինակներից մեկը զանգվածային անկարգություններն էին բրիտանական հասարակության մեջ։ Հատկանշական էին 1914 թվականի հոկտեմբերին, 1915 թվականի մայիսին, 1916 թվականի հունիսին և 1917 թվականի հուլիսին տեղի ունեցած ցույցերը։ 1914 թվականի հոկտեմբերի ցույցերը տարածվեցին մայրաքաղաքի հարավային շրջանները, որտեղ տեղավորվել էին բելգիացի փախստականները։

Գերմանոֆոբիայի ամենավառ օրինակներից մեկը գերմանական հովվաշան վերանվանում էր արևելյան եվրոպական հովվաշան կամ էլզասյան հովվաշան (անգլիացիները Էլզասը համարում էին Ֆրանսիայի մի մասը)[36]։ Շան անվանումը Բրիտանիայում վերականգնվում է միայն 1977 թվականին[37]։

Մեծ Բրիտանիայի զինված ուժեր խմբագրել

Բրիտանական բանակ խմբագրել

 
Օգոստոս, 1914 թվական: Լոնդոնցի կամավորները Սուրբ Մարտին եկեղեցու մոտ ռոճիկին սպասելիս

Եվրոպական մյուս տերությունների համեմատ, առաջին աշխարհամարտի ժամանակ Մեծ Բրիտանիան թվով ամենափոքր բանակն ուներ։ Մինչև 1914 թվականը Բրիտանիան ուներ մոտ 400 000 կամավորական բանակ, իսկ զինվորները հիմնականում քաղաքներից էին[38][39]։ Առավել հայտնի էր բրիտանական էքսպեդիցիոն բանակը[40], որն ուղարկվել էր Ֆրանսիա և որի զինվորները ստացել էին «արհամարհված ծերունիներ» անվանումը։ Համարվում է, որ այդ անվանումը նրանց տվել է Վիլհելմ II 1914 թվականի օգոստոսի 19-ի իր հրամանում.

  ջախջախել...ուխտադրուժ անգլիացիներին և առանց դժվարությունների պարտության մատնել գեներալ Ֆրենչի արհամարհված փոքրիկ բանակը...  

: 1914-1915 թվականների ծառայության մեկնած կամավորները ստացան «Կիտչեների բանակ» անունը։ Նրանց վիճակված էր մարտի մեջ մտնել Սոմի ճակատամարտում[2]։ 1916 թվականի հունվարին զինվորական ծառայությունը դարձավ պարտադիր։ 1918 թվականի վերջին անգլիական բանակը հասել էր մաքսիմալ թվի՝ 4 միլիոն մարդ[2]։

Թագավորական նավատորմ խմբագրել

 
Գրանդ Ֆլիտի լինկորների 2-րդ էսկադրայի նավերը

Պատերազմի սկզբում թագավորական ռազմա-ծովային նավատորմն ամենախոշորն էր աշխարհում, հիմնականում 1889 թվականին ընդունված ծովային պաշտպանության մասին օրենքի և «երկտերության ստանդարտի» սկզբունքների շնորհիվ։ Այդ սկզբունքը նշանակում էր, որ Մեծ Բրիտանիայի ծովային ուժը պետք է հավասար լիներ իրենից հետո աշխարհի ամենախոշոր երկու նավատորմերի ընդհանուր ուժին (19-րդ դարի վերջին այդ երկու նավատորմերը Ֆրանսիայինն ու Ցարական Ռուսաստանինն էին)[41][42]։

Թագավորական նավատորմի հիմնական ուժերը, որոնք հայտնի էին Գրանդ Ֆլիտ անունով, կոնտրոնացված էին մետրոպոլիայում և նրանց գլխավոր խնդիրը գերմանական բաց ծովի նավատորմին դիմակայելն էր։ Բայց ծովային ընդհարումներից և ոչ մեկում, այդ թվում և Յուտլանդյան ծովամարտում որոշիչ առավելություն այդպես էլ ձեռք չբերվեց[43]։ Յուտլանդյան ծովամարտում Գրանդ Ֆլիտը մի կերպ կարողացավ խուսափել ամբողջական ջախջախումից։ Չնայած որ թագավորական նավատորմը մեծ կորուստներ կրեց, սակայն այն պահպանեց Հյուսիսային ծովում իր գերիշխանությունը։ Յուտլանդյան մարտի դասերը հնարավորություն տվեցին Թագավորական նավատորմին բարձրացնել իր մարտունակությունը ապագայի համար[44][45]։

Թագավորական օդային կորպուս խմբագրել

 
Թագավորական օդային կորպուսի հավաքագրման պաստառ

Պատերազմի սկզբում Թագավորական օդային կորպուսը տեղափոխվեց Ֆրանսիա, որտեղ 1914 թվականի սեպտեմբերից զբաղվում էր օդային հետախուզությամբ։ Հետախուզությունը արդյունավետ դարձավ, երբ Արտուայի երկրորդ ճակատամարտից՝ 1915 թվականի մայիսի 5-ից սկսվեցին կիրառվել կապի անլար միջոցներ, որոնք տեղադրվեցին կորպուսի ինքնաթիռների վրա։ Օդալուսանկարչության առաջին փորձերը նախաձեռնվել են դեռևս 1914 թվականից, սակայն այն սկսվեց կիրառվել 1915 թվականից։ 1915 թվականին, երբ օդային կորպուսի գլխավոր հրամանատար նշանակվեց Հյու Տրենչարդը, կորպուսն անցավ ակտիվ գործունեության։ 1918 թվականին արդեն օդային լուսանկարչություն կարելի էր անել 15 000 ֆուտ (4600 մետր) բարձրությունից, իսկ դրանց վերծանմամբ զբաղվում էին 3000 մասնագետներ։

Հավաքագրում և մոբիլիզացիա խմբագրել

Տարբեր պատճառներով պատերազմի առաջին փուլերում բազմաթիվ մարդիկ որոշեցին կամավոր կերպով ընդգրկվել բանակի շարքերում, և 1914 թվականի սեպտեմբերի 5-ին զորքի թիվը հասնում էր 225 000 մարդու[46]։ Զորահավաքի ընթացքը բավականին կայուն էր 1914 թվականին և 1915 թվականի սկզբին, սակայն հաջորդ տարիների ընթացքում ցուցանիշը կտրուկ նվազեց։ Հատկապես Սոմի ճակատամարտից հետո, որտեղ զոհվեցին 500 000 մարդ։ Այս առնչությամբ 1916 թվականի հունվարից զորահավաք հայտարարվեց, որը վերաբերվում էր չամուսնացած տղամարդկանց, իսկ մայիսից հրամանը տարածվեց 18-41 տարեկան բոլոր տղամարդկանց վրա[47]։ Այս հրամանը չէր գործում միայն Իռլանդիայում, չնայած որ այն համարվում էր Միացյալ թագավորության մասը[46]։

Կորուստներ խմբագրել

Ռազմական նախարարության՝ 1922 թվականի մարտին հրատարակված «Statistics of the Military Effort of the British Empire During the Great War 1914-1920» հետպատերազմյան հրապարակման մեջ զոհվածների քանակը պաշտոնապես նշվեց 908 371 զինվոր։ Այս հաշվետվության մեջ ներառված էին բոլոր զոհվածները՝ անկախ նրանց մահվան պատճառներից, ինչպես նաև այդ ցուցակում մտնում էին անհետ կորածները։ Նույն գրքում նաև նշված է, որ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորությունը տվել է 704 121, Բրիտանական Հնդկաստանը՝ 64 449, Կանադան՝ 56 639, Ավստրալիան՝ 59 330, Նոր Զելանդիան՝ 16711 և Հարավաֆրիկյան միությունը՝ 7121 զոհ[9]։ Թագավորական ռազմա-ծովային նավատորմը մինչև 1918 թվականի մարտի 31-ը տվել է 32 287 զոհ։ Առևտրային նավատորմն ունեցել է 14 661 կորուստ։ Թագավորական օդային կորպուսի կորուստները ընդհանրապես բացակայում են հաշվետվության մեջ[9]։ Հաջորդ նշանակալի հրապարակումը, որը լույս է տեսել 1931 թվականին «Casualties and Medical Statistics of the Great War» անվամբ, հանդիսանում էր «Medical History of the War» հատորներից վերջինը։ Գրքում առաջին աշխարհամարտում Մեծ Բրիտանիայի զոհերը բաժանված են մահվան պատճառներով[10]։ Ընդհանուր առմամբ 1914 թվականից 1918 թվականներին կորուստները հաշվվում էին 876 084 մարդ, որոնցից 418 361 հոգին սպանվել էր պատերազմում, 167 172 հոգին մահացել էին ստացած վերքերից, 113 173 մարդ մահացել էր հիվանդությունների կամ վնասվածքների պատճառով, 161 046 հոգի անհետ կորել էին և համարվում էին մահացած, 16 332 մարդ զոհվել էին գերության մեջ[10]։ Քաղաքացիական հասարակության մեջ մահացության թիվը կազմել է 292 000 հոգու, որի մեջ ներառվել են 109 000 հոգին, ովքեր զոհվել են սննդամթերքի պակասից և 183 577 հոգին, ովքեր մահացել են իսպանական համաճարակի պատճառով[9]։ Ծովում թշնամու սուզանավերի գործողությունների պատճառով կրած կորուստների թիվը կազմել է 908 քաղաքացի և 63 ձկնորս[48]։

Հետևանքներ խմբագրել

Պատերազմը ծանր հարված հասցրեց Մեծ Բրիտանիայի տնտեսությանը։ Արտասահմանյան ամենախոշոր ներդրող երկրից այն վերածվեց ամենամեծ պարտապան երկրներից մեկի, ում վճարվելիք տոկոսները կազմում էին պետական ծախսերի 40 տոկոսը։ Ֆունտ ստերլինգի գնողունակությունը նվազեց 61,2 %-ով։ Ֆինանսական ներդրումների ծավալը պատերազմի ընթացքում նվազեց մինչև 300 միլիոն ֆունտի[49]։ Նյութական կորուստները համեմատաբար քիչ էին։ Դրա մեջ զգալի էր առևտրական նավատորմի կորուստը, որը կազմել էր 40%։ Մինչև 1918 թվականը սակայն, նավերի թիվը գրեթե ամբողջությամբ վերականգնվեց, իսկ պատերազմի ավարտից հետո այն վերականգնվեց ամբողջապես[50]։ Ռազմական պատմաբան Կորելի Բարնետը՝ ձևակերպելով եզրակացությունը տնտեսական վնասի մասին նշել է, որ.

  Օբյեկտիվ իրականությունը կայանում է նրանում, որ Մեծ պատերազմը Բրիտանիային չհասցրեց ճգնաժամային տնտեսական վնաս, պատերազմն ընդամենը հոգեբանորեն անդամալուծեց բրիտանացիներին[51]  

:

Պատերազմի արդյունքում պարտության մատնված Գերմանական և Օսմանյան կայսրությունների գաղութներն Ազգերի Լիգայի կազմած մանդատներով անցան Անտանտ միության երկրների ենթակայության տակ։ Վերսալի հաշտության պայմանագրի արդյունքում Միացյալ թագավորությունն իր տարածքը մեծացրեց 4 700 000 կմ2 և ստացավ 13 միլիոն հպատակ[52]։ Արդյունքում Մեծ Բրիտանիային հանձնվեց Պաղեստինի, Միջագետքի, Կամերունի և Տոգոյի մի մասի, ինչպես նաև Տանգանիկայի վերահսկողությունը[53]։ Այդպիսով Բրիտանական կայսրությունը հասավ իր տարածքային զարգացման գագաթնակետին[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Statistics of the Military Effort of the British Empire During the Great War 1914–1920, The War Office, P.674-676(1,260 civilians killed in air and attacks
  2. 2,0 2,1 2,2 Encyclopedia of World War I / S. Tucker; P. Roberts - 2005. - P.504.
  3. Вадим Серов (2003). «Словарь крылатых слов и выражений». М.: «Локид-Пресс». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 5-ին.
  4. 4,0 4,1 4,2 Charles Baker. Government control in UK & US during WWI — 1921. — P. 21.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Chris Trueman. «Total War» (անգլերեն). History Learning Site. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 10-ին.
  6. I. Beckett. The Great War. — 2007. — P. 394—395.
  7. I. Beckett. The Great War. — 2007. — P. 341—343.
  8. I. Beckett. The Great War. — 2007. — P. 455—460.
  9. 9,0 9,1 9,2 9,3 HMSO. Statistics of the Military Effort of the British Empire During the WWI. — 1922. — P. 237—362.
  10. 10,0 10,1 10,2 T. J. Mitchell. Casualties & Medical Statistics of the WWI. — 1997. — P. 12.
  11. 11,0 11,1 I. Beckett. The Great War. — 2007. — P. 564.
  12. 12,0 12,1 I. Beckett. The Great War. — 2007. — P. 38—39
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 I. Beckett. The Great War. — 2007. — P. 499—500.
  14. 14,0 14,1 Hugh Fraser. The Representation of the People Act, 1918 with Explanatory Notes. — London: Sweet and Maxwell Limited, 1918. — 812 p.
  15. David Boothroyd. «General Election Results 1885–1979» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 10-ին.
  16. H. Nicolson. King George V. — 1984. — P. 308.
  17. «The Royal Family name» (անգլերեն). Official web site of the British monarchy. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 10-ին.
  18. H. Nicolson. King George V. — 1984. — P. 301.
  19. K. Rose. King George V. — 1984. — P. 210.
  20. Duke of Windsor. A King's Story. — 1999. — P. 106—107.
  21. P. Ziegler. King Edward VIII. — 1991. — P. 48—50.
  22. Duke of Windsor. A King's Story. — 1999. — P. 109.
  23. Duke of Windsor. A King's Story. — 1999. — P. 140.
  24. P. Ziegler. King Edward VIII. — 1991. — P. 111.
  25. S. Bradford. King George VI. — 1989. — P. 55—76.
  26. «Princess Mary's Gift to the Troops, Christmas 1914» (անգլերեն). Imperial War Museum Collections. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 10-ին.
  27. I. Beckett. The Great War. — 2007. — P. xix.
  28. 28,0 28,1 I. Beckett. The Great War. — 2007. — P. 348
  29. «Первая публикация закона о защите королевства: Основные положения» (PDF) (անգլերեն). London Gazette. 1914 թ․ օգոստոսի 14. էջ A2. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 10-ին.
  30. 30,0 30,1 «Первая публикация закона о защите королевства: Положения о защите портов и коммуникаций» (PDF) (անգլերեն). London Gazette. 1914 թ․ օգոստոսի 14. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 10-ին.
  31. I. Beckett. The Great War. — 2007. — P. 383.
  32. Panikos Panayi. Germans in Britain. — 1996. — P. 73.
  33. Panikos Panayi. «Anti-German Riots in London during the First World War» (անգլերեն). Oxford Journals. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 12-ին.
  34. P. Panayi. Germans in Britain. — 1996. — P. 89—90
  35. P. Panayi. Germans in Britain. — 1996. — P. 115—118.
  36. Liz Palika. German Shepherd Dog: Your Happy Healthy Pet. — Hoboken, NJ: Wiley Publishing, 2008. — P. 22. — 144 p. — ISBN 0-470-19231-3.
  37. «History of the Breed» (անգլերեն). www.germanshepherds.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 12-ին.
  38. I. Beckett. The Great War. — 2007. — P. 289.
  39. Зайончковский А. М. [1 Первая мировая война]. — 2000. — С. 8—11.
  40. The Oxford History of the British Army / D. Chandler. — 2003. — P. 211.
  41. L. Sondhaus. Naval Warfare, 1815—1914. — 2001. — P. 161.
  42. [130 История Первой мировой войны 1914—1918 гг.] / под редакцией И. И. Ростунова. — 1975. — Т. 1. — С. 130.
  43. «The First World War and the Inter-war years 1914–1939» (անգլերեն). www.royalnavy.mod.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 10-ին.
  44. «The Battle of Jutland 1916» (անգլերեն). www.royalnavy.mod.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 10-ին.
  45. Д. Киган. Первая мировая война. — 2004. — С. 345.
  46. 46,0 46,1 I. Beckett. The Great War. — 2007. — P. 291—295.
  47. «U.K. Military Service Act» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 11-ին.
  48. M. Gilbert. Atlas of WWI. — 1994. — P. 78.
  49. A. J. P. Taylor. English History 1914–1945. — 1975. — P. 123.
  50. A. J. P. Taylor. English History 1914–1945. — 1975. — P. 122.
  51. C. Barnett. The Collapse of British Power. — 2002. — P. 424—426.
  52. N. Ferguson. Empire. — 2004. — P. 315.
  53. Historical Dictionary of the British Empire / J. Olson; R. Shadle. — 1996. — Vol. 1. — P. 658.

Աղբյուրներ խմբագրել