Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարան

Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարան (անգլ.՝ Supreme Court of the United Kingdom), Մեծ Բրիտանիայի բարձրագույն դատարաններից մեկը, որը հիմնվել է 2005 թվականի սահմանադրական բարեփոխումների ակտի հիման վրա, Անգլիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի դատարանների վճիռների դեմ բոլոր վերաքննիչ բողոքները քննարկելու և Շոտլանդիայի դատարաններից միայն քաղաքացիական գործերով վերաքննիչ բողոքները քննարկելու համար։ Հանդիսանում է Շոտլանդիայի քրեական գործերով վերջին ատյանը` Բարձրագույն քրեական դատարանն է։ Գերագույն դատարանը նաև իրավասություն ունի լուծելու վեճերը, որոնք կապված են Միացյալ Թագավորության կենտրոնական մարմինների առանձին իրավասությունների՝ տեղական կառավարություններին և Ուելսի, Հյուսիսային Իռլանդիայի և Շոտլանդիայի օրենսդիր մարմիններին փոխանցելու հետ։

Դատարանի նիստերի դահլիճը

Գերագույն դատարանը ստացել է Լորդերի պալատի բոլոր դատական գործառույթները, որոնք իրականացվել են նրա Վերաքննիչ կոմիտեի միջոցով, ինչպես նաև իշխանության պատվիրակման հարցերը Մեծ Բրիտանիայի բաղկացուցիչ մասերին քննելու որոշ լիազորություններ, որոնք նախկինում քննվել են գաղտնի խորհրդի դատական կոմիտեում։

Ստեղծման պատմություն խմբագրել

Գերագույն դատարանը ստեղծվել է սահմանադրական բարեփոխումների ակտին համապատասխան (2005) և սկսել է գործել 2009 թվականի հոկտեմբերի 1-ից[1]։ Նա լիովին փոխարինել է Լորդերի պալատի Վերաքննիչ կոմիտեն, ինչպես նաև ստացել է գաղտնի խորհրդի Դատական կոմիտեի որոշ լիազորություններ։ Երկար ժամանակ (1399 թվականից) ընդհանուր իրավասության դատարանների համար վերջին դատական ատյանի գործառույթներն իրականացնում էր բրիտանական խորհրդարանի վերին պալատը, հետագայում՝ 1876 թվականին հատուկ դրա համար կազմակերպված Լորդերի պալատի Վերաքննիչ կոմիտեն։ Այն բաղկացած էր 12 լորդ դատավորներից և գլխավորում էր լորդ-կանցլերը, որը միաժամանակ զբաղեցնում էր Լորդերի պալատի նախագահի և Անգլիայի և Ուելսի գլխավոր դատավորի պաշտոնը[2][3]։

Դատական բարեփոխումը Լեյբորիստական կուսակցությունը նախաձեռնել էր 2003 թվականին՝ այն ժամանակվա վարչապետ Թոնի Բլեերի գլխավորությամբ[1]։ Փոփոխությունները վաղուց են հասունացել և հիմնականում հիմնավորվել են ամբողջովին անկախ դատական համակարգ ստեղծելու և գործունեության հրապարակայնությունն ու թափանցիկությունն ապահովելու ցանկությամբ։  Օրենսդիր և դատական իշխանությունների միջև սերտ կապի առկայությունը և բարձրագույն դատական ատյանի խորհրդարանի շրջանակներում գոյություն ունենալը խախտել է իշխանությունների տարանջատման սկզբունքը և հակասության մեջ է մտել մարդու իրավունքների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի պահանջների հետ[4]։ Ակնհայտ է, որ զավեշտալի իրավիճակ է ստեղծվել, երբ խորհրդարանը, որն ուներ ամեն ինչից ավելի բարձր դատական գործառույթներ, հնարավորություն ուներ իր իսկ կողմից իր իսկ կողմից ընդունված օրենքի նորմերը մեկնաբանել իր օգտին։

Բարեփոխումներն իրենց հակառակորդներն են ունեցել, օրինակ, Գերագույն դատարանի ներկայիս նախագահ լորդ Դեյվիդ Նոյբերգերը եղել է դրա ստեղծման ամենաթեժ հակառակորդը և դա հիմնավորել է նրանով, որ ավանդական դատական համակարգը ճիշտ էր աշխատում, մեծ ֆինանսական ծախսեր չէր պահանջում և ընդհանուր առմամբ արդյունավետ էր, նաև նա մտահոգված էր, որ նոր դատարանի դատավորները միանգամից չափազանց շատ իշխանական լիազորություններ կստանան[5][6]։

Իրավասություն խմբագրել

Գերագույն դատարանը Բարձրագույն դատական համակարգ է ամբողջ Միացյալ Թագավորության քաղաքացիական գործերի համար։ Քրեական գործերով այն բարձրագույն դատարան է միայն Անգլիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի համար։ Շոտլանդիան ավելի լայն ինքնավարություն է վայելում քրեական օրենսդրության ոլորտում, հետևաբար, այն ունի իր անկախ բարձրագույն քրեական դատարանը, որը քրեական բողոքարկումները համարում է որպես վերջին միջոց[4]։

Բացի այդ, Գերագույն դատարանին փոխանցվել են գաղտնի խորհրդի Դատական կոմիտեի մի շարք գործառույթներ, որոնք կապված են Շոտլանդիայի, Հյուսիսային Իռլանդիայի և Ուելսի տեղական իշխանություններին պետական լիազորությունների մի մասի պատվիրակման հարցերի քննարկման հետ, այդ թվում՝ նրանց և Մեծ Բրիտանիայի կառավարության միջև վեճերի լուծման հետ, ինչպես նաև դատարանը վերահսկում է նրանց տեղական օրենսդրության համապատասխանությունը Միացյալ Թագավորության իրավունքին և մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային։ Ընդ որում, գաղտնի խորհրդի Դատական կոմիտեի գործունեությունը, ի տարբերություն Լորդերի պալատի դատական մարմնի, չի դադարեցվել, այն դեռևս Բարձրագույն վերաքննիչ ատյանն է համագործակցության մի քանի անկախ երկրներում, Մեծ Բրիտանիայի անդրծովյան տարածքներում և Բրիտանական թագային տարածքներում, ինչպես նաև այն դիտարկում է եկեղեցական և ծովային դատարանների վճիռների բողոքարկումները և մի շարք այլ գործեր[4]։

Խորհրդարանական ինքնիշխանության տեսության համաձայն՝ Գերագույն դատարանը, ի տարբերություն այլ երկրների դատարանների, իրավունք չունի խորհրդարանի ընդունած օրենքը ճանաչել որպես հակասահմանադրական[7]։ Դրա հետ մեկտեղ Գերագույն դատարանը կարող է անվավեր ճանաչել ենթաօրենսդրական ակտերը, եթե, օրինակ, դրանք ընդունվել են լիազորությունների գերազանցմամբ և գործող օրենսդրության խախտմամբ։ Բացի այդ, 1998 թվականի Մարդու իրավունքների ակտի համաձայն, նա կարող է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հիմնական դրույթների հետ անհամատեղելիության մասին հայտարարություն ներկայացնել ինչպես խորհրդարանի կողմից ընդունված օրենքի, այնպես էլ Ուելսի, Հյուսիսային Իռլանդիայի և Շոտլանդիայի ցանկացած ենթաօրենսդրական ակտի կամ օրենքների վերաբերյալ։ Այդ դեպքում նորմատիվ իրավական ակտն ընդունած մարմինները պարտավոր են դրանում կատարել փոփոխություններ և վերացնել այդ անհամատեղելիությունը[8]։

Գերագույն դատարանի նիստերը պետք է հեռարձակվեն հեռուստատեսությամբ[9]։

Դատավորներ խմբագրել

Դատարանը բաղկացած է տասներկու դատավորներից։ Նախնական կազմում ընդգրկվել են Լորդերի պալատի լուծարված Վերաքննիչ կոմիտեի անդամները՝ պահպանելով իրենց տեղերը խորհրդարանի վերին պալատում, բայց առանց ձայնի իրավունքի[10][11]։ Այդ պահին գործող Լորդերի կազմից երկու դատավորներ չեն ընդգրկվել Գերագույն դատարանի կազմում. լորդ Քարսվելը պաշտոնաթող Է եղել տտարիքի պատճառով, իսկ լորդ Նյուբերգերը նշանակվել է Անգլիայի և Ուելսի Վերաքննիչ դատարանի քաղաքացիական գործերով գլխավոր դատավոր։

Հաջորդ բոլոր դատավորներին նշանակում է Մեծ Բրիտանիայի թագուհին՝ վարչապետի հանձնարարականով։ Նրան, իր հերթին, թեկնածություններ են առաջարկում լորդ-կանցլերը՝ հատուկ ընտրական հանձնաժողովի հետ համատեղ, որի կազմում ընդգրկված են Գերագույն դատարանի նախագահը, նրա տեղակալը և Անգլիայի և Ուելսի, Շոտլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի դատավորների ընտրության երեք կոմիտեների անդամներից մեկը[12][13][14]։

Գերագույն դատարանի դատավոր կարող է դառնալ ցանկացած անձ, որը առնվազն երկու տարի զբաղեցրել է բարձր դատական պաշտոն (Անգլիայի և Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի Բարձր դատարանի դատավորների, կամ Անգլիայի և Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի Վերաքննիչ դատարանի դատավորների, ինչպես նաև Շոտլանդիայի նիստերի դատարանի դատավորների) և 15 տարվա ընթացքում աշխատել է որպես փաստաբան։ Դատավորները պետք է ընտրվեն այնպես, որ հավասար համամասնությամբ ներկայացնեն Միացյալ Թագավորության բոլոր մասերը։ Նրանք իրենց լիազորություններն իրականացնում են ցմահ, բայց պետք է հրաժարական տան 70 տարին լրանալուց հետո (սկզբնական կազմի դատավորները հրաժարական են տալիս 75 տարին լրանալուց հետո)։ Ի տարբերություն նախորդ ցմահ դատավորների, նոր նշանակված դատավորները չեն դառնում Լորդերի պալատի անդամներ և նրանց Լորդերի տիտղոսը միայն պատվավոր է, ինչպես բարձրագույն դատարանների մյուս դատավորները։

Նիստերին կարող են մասնակցել «դատավորի պաշտոնակատարները»՝ Անգլիայի և Ուելսի բարձրագույն դատարաններից մեկի անդամները, որոնք հատուկ հրավիրված են Գերագույն դատարանի նախագահի կողմից[15]։

Ժամանակակից կազմ խմբագրել

2016 թվականի հուլիսի դրությամբ Գերագույն դատարանի կազմը հետևյալն է[16]

Դատավոր Ծննդյան օր Ժամկետի սկիզբ Ժամկետի ավարտ Ալմա մատեր
Դեյվիդ Նյուբերգեր, լորդ Նյուբերգեր, Աբբոթսբերիից[5]
(նախագահ)
1948 թվականի հունվարի 10 2012 թվականի հոկտեմբերի 1 2018 թվականի հունվարի 10 Արքայական քոլեջ (Քեմբրիջ)
Բրենդա Հեյլ, բարոնուհի Հեյլ (Լեդի Հեյլ), Ռիչմոնդից
(նախագահի տեղակալ)
1945 թվականի հունվարի 31 2009 թվականի հոկտեմբերի 1 2020 թվականի հունվարի 31 Գիրթոն քոլեջ, Քեմբրիջ
Ջոնաթան Մենս, լորդ Մենս 1943 թվականի հունիսի 6 2009 թվականի հոկտեմբերի 1 2018 թվականի հունիսի 6 Համալսարանական քոլեջ (Օքսֆորդ)
Բրայան Քերը, լորդ Քեր, Թամնամորից 1948 թվականի փետրվարի 22 2009 թվականի հոկտեմբերի 1 2023 թվականի փետրվարի 22 Բելֆաստի Թագուհու համալսարան
Էնթոնի Քլարկ, լորդ Քլարկ, Սթոուն-Քամ-Էբոնից 1943 թվականի մայիսի 13 2009 թվականի հոկտեմբերի 1 2018 թվականի մայիսի 13 Արքայական քոլեջ (Քեմբրիջ)
Նիկոլաս Ուիլսոն, լորդ Ուիլսոն, Կալվորտից 1945 թվականի մայիսի 9 2011 թվականի մայիսի 26 2020 թվականի մայիսի 9 Վուսթեր քոլեջ, Օքսֆորդ
Ջոնաթան Սամփշոն, լորդ Սամփշոն 1948 թվականի դեկտեմբերի 9 2012 թվականի հունվարի 11 2018 թվականի դեկտեմբերի 9 Մագդալենա Քոլեջ, Օքսֆորդ
Ռոբերտ Ռիդ, լորդ Ռիդ 1956 թվականի սեպտեմբերի 7 2012 թվականի փետրվարի 6 2026 թվականի սեպտեմբերի 7 Էդինբուրգի համալսարան
Ռոբերտ Քորնվոթ, լորդ Քորնվոթ, Նոթինգ Հիլլից 1945 թվականի մարտի 15 2012 թվականի ապրիլի 17 2020 թվականի մարտի 15 Տրինիտի քոլեջ (Քեմբրիջ)
Էնթոնի Հագիս, լորդ Հագիս, Օմբերսլիից 1948 թվականի օգոստոսի 11 2013 թվականի ապրիլի 9 2018 թվականի օգոստոսի 11 Վան Միլդերտ քոլեջ
Դարհեմի համալսարան
Պատրիկ Հոջ, լորդ Հոջ 1953 թվականի մայիսի 19 2013 թվականի հոկտեմբերի 1 2023 թվականի մայիսի 19 Քրիստի քոլեջ (Քեմբրիջ)
Էդինբուրգի համալսարան

Շենք խմբագրել

Գերագույն դատարանը նիստեր Է գումարում Լոնդոնի կենտրոնի խորհրդարանական հրապարակում գտնվող նախկին Միդլսեքսի քաղաքապետարանի Town Hall (Middlesex Guildhall) շենքում, որտեղ նույնպես գտնվում է գաղտնի խորհրդի դատական կոմիտեն[17]։ Շենքի վերակառուցումն ավարտվել է 2009 թվականի հոկտեմբերին։

Խորհրդանիշ խմբագրել

 
Չորս ծաղկային սիմվոլների ոճավորված պատկերը

Գերագույն դատարանի պաշտոնական խորհրդանշանը 2008 թվականին մշակել է թագավորական հերալդիկ պալատը (College of Arms)[18]։ Այն իրենից ներկայացնում է շրջանակ, որտեղ պատկերված է հունական օմեգա տառը, որն ունի որոշակի նմանություն կապված արդարադատության կշիռների հետ, դրա գագաթին արված է «The Supreme Court» գրությունը, շրջանակի կենտրոնում պատկերված են Միացյալ Թագավորության չորս ծաղկային խորհրդանիշներ՝ Թյուդորների վարդը, որը ներկայացնում է Անգլիան միացված պրասի տերևներով, կտավատի ծաղիկը խորհրդանշում է Հյուսիսային Իռլանդիան և տատասկափշի ծաղիկը՝ Շոտլանդիան։ Շրջանակի գագաթին գտնվում է բրիտանական թագը[19]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Сегодня в Великобритании появился Верховный суд». Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 13-ին.
  2. «Part 3, Constitutional Reform Act 2005». Acts of the Parliament of the United Kingdom. Vol. 4. 2005 թ․ մարտի 24. էջ 3. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 2-ին.
  3. The Constitutional Reform Act 2005 (Commencement No. 11) Order 2009
  4. 4,0 4,1 4,2 Կաղապար:PDFlink(անգլ.)
  5. 5,0 5,1 «Верховый суд Великобритании возглавит лорд Нойбергер». Судебно-юридическая газета: On-line. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 13-ին.
  6. Rozenberg, Joshua (2009 թ․ սեպտեմբերի 8). «Fear over UK Supreme Court impact». BBC News Online.(անգլ.)
  7. «Britain’s new Supreme Court» The Times Literary Supplement, 2 September 2009
  8. Mental Health Act 1983 (Remedial) Order 2001(անգլ.), Naval Discipline Act 1957 (Remedial) Order 2004(անգլ.) and Marriage Act 1949 (Remedial) Order 2007(անգլ.)
  9. «Великобритания: Верховный суд организует видеотрансляцию заседаний» (ռուսերեն). Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 13-ին.
  10. Section 33 of the Constitutional Reform Act 2005 (անգլ.)
  11. Constitutional Reform Act 2005, section 24
  12. «Supreme Court - new appointments process - Ministry of Justice». Ministry of Justice. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 16-ին.
  13. «Warrant under the Royal Sign Manual given on the 10th day of December 2010». London Gazette. 2011 թ․ ապրիլի 1.
  14. «Courtesy titles for Justices of the Supreme Court» (PDF). Supreme Court of the United Kingdom. 2010 թ․ դեկտեմբերի 13. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 14-ին.
  15. Constitutional Reform Act 2005, section 38
  16. «Biographies of the Justices». Վերցված է 2014 թ․ մայիսի 13-ին.
  17. «Minutes of Oral Evidence Taken before the Constitutional Affairs Committee 17 April 2007». Վերցված է 2008 թ․ մայիսի 23-ին.
  18. «The College of Arms Newsletter». College of Arms. December 2008. Վերցված է 2009 թ․ փետրվարի 25-ին.
  19. «Official emblem of the UK Supreme Court announced». Ministry of Justice (HM Government). 2008 թ․ հոկտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 25-ին.

Գրականություն խմբագրել

ռուսերեն լեզվով
  • Иванова И.К. Новый Верховный Суд Соединенного Королевства // Журнал российского права. — 2006. — № 11. — С. 118-127.
  • Митин М.А. Новая высшая инстанция в судебной системе Туманного Альбиона // Закон. — 2010. — № 4. — С. 64-73.
անգլերեն լեզվով

Արտաքին հղումներ խմբագրել