Մեծապատիվ մուրացկաններ
«Մեծապատիվ մուրացկաններ», Հակոբ Պարոնյանի վեպը, որը գրվել է 1887 թվականին։ Այն հայ գեղարվեստական արձակի դասական երկերից է։ Դեպքերի հանգուցակետում Աբիսողոմ աղան է՝ ամուսնանալու նպատակով Տրապիզոնից Կոստանդնուպոլիս եկած մի մեծահարուստ, որը զուրկ է հոգեկան ու մտավոր հետաքրքրություններից, անտարբեր՝ ազգի և մարդկության ճակատագրի հանդեպ. նրան հետաքրքրում են միայն իր կենսաբանական պետքերը։ Եվ այս սահմանափակ անձնավորությանը սպասարկելու են գալիս «մեծապատիվ մուրացկանները»՝ կյանքի սոցիալ-հասարակական պայմանների բերումով իրենց անհատականությունը կորցրած ու հոգեպես սնանկ, գումար վաստակելու համար ամեն ինչի ընդունակ հայ «մտավորականության» ներկայացուցիչները՝ թերթի խմբագիրը, քահանան, բանաստեղծը, լուսանկարիչը, բժիշկը, ուսուցիչը, փաստաբանը, դերասանը։
Մեծապատիվ մուրացկաններ | |
---|---|
Հեղինակ | Հակոբ Պարոնյան |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Բնօրինակ լեզու | հայերեն |
Հրատարակման տարեթիվ | 1887 |
Թվային տարբերակ | dasaran.am/apps/book/book-info-more/id/32 |
Վիքիդարան | Մեծապատիվ մուրացկաններ |
Վեպի առերևույթ կենցաղային երգիծանքը հասարակական շատ ավելի ընդգրկուն խնդիրներ է արծարծում, հանձին Աբիսողոմ աղայի և մյուս հերոսների՝ Պարոնյանը ներկայացնում է իրականության համապատկերը՝ մասնավոր անձերի ճակատագրում վեր հանելով հայության հիվանդագին կացությունը Թուրքիայի տիրապետության տակ։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |