Մելիքություն, 16-րդ—18-րդ դարերի ֆեոդալական մանր իշխանության վարչաձև Արևելյան Հայաստանում։ Նշանավոր են եղել Մելիք-Շահնազարյանների Վարանդայի, Գեղարքունիքի, Մելիք-Բեգլարյանների՝ Գյուլիստանի, Մելիք-Իսրայելյանների՝ Ջրաբերդի, Հասան-Ջալալյանների՝ Խաչենի, Մելիք-Եգանյանների՝ Դիզակի Մելիքությունները։ 17-րդ դարի վերջերից Արցախի Մելիքությունները, Ռուսաստանի օգնությամբ, փորձել են թոթափել իրանական լուծը։ 18-րդ դարի 20-ական թվականներին գործուն մասնակցություն են ունեցել ազատագրական կռիվներին։ 1724—1735 թվականներին Արցախի Մելիքությունները հերոսական պայքար են մղել Անդրկովկաս ներխուժած թուրքական զորքերի դեմ, ինքնաբերաբար դաշնակից դառնալով Իրանին։ Հաշվի առնելով այդ, Իրանի Նադիր շահը ճանաչել է Արցախի Մելիքությունների ինքնիշխան վիճակը և հաստատել նրանց դաշնակցային ինքնավարությունը՝ «մահալ-ե խամսե» (հինգ մահալ) անունով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 393 CC-BY-SA-icon-80x15.png