Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարտական ակումբ (այլ կիրառումներ)

«Մարտակումբ» (անգլ.՝ Fight Club), ամերիկացի գրող Չակ Պալանիկի վեպն է, որ լույս է տեսել 1996 թվականին ԱՄՆ-ում «W. W. Norton & Company» հրատարակչության կողմից։ Սյուժեի հիմքում ընկած է հերոսը, որը տառապում է անքնությամբ։ Բացի սրանից նրա հիվանդության պատճառներից մեկը նրա դժգոհությունն է, թե ինչպես է հասկացվում տղամարդկություն բառը ամերիկյան մշակույթում։ Հետևելով իր բժշկի խորհրդին, նա սկսում է հաճախել տարբեր հիվանդություններից տառապող հիվանդների աջակցման խմբակ, որից հետո անքնությունը նահանջում է։ Սակայն որոշ ժամանակ անց այս մեթոդը դադարում է գործել։ Այս ամենը հաղթահարելու ընթացքում հերոսը հանդիպում է Թայլեր Դուրդեն անունով մի խարհրդավոր անձնավորության և ստեղծում է գաղտնի մարտական ակումբ որպես հոգեթերապիայի արմատական ձև։ Դևիդ Ֆինչերը 1999 թվականին նկարահանել է համանուն ֆիլմ, որի գլխավոր դերերում խաղացել են Բրեդ Փիթը և Էդվարդ Նորթոնը։ Չնայած նրան, որ ֆիլմի բյուջեն չարդարացրեց սպասելիքները, այն ձեռք է բերել պաշտամունքային կարգավիճակ։ Ֆիլմը դրական արձագանքներ է ստացել ինչպես կինոքննադատների, այնպես էլ սովորական հանդիսականի կողմից։ Հենց սովորական հանդիսականի կողմից էլ բարձրացվեց Պալանիկի համբավը։ Նրանք ամրացրին նրա դիրքերը գրականության ասպարեզում, թույլ տվեցին գրել նոր ստեղծագործություններ, հանդես գալ պրոմոտուրերով։

Մարտակումբ
անգլ.՝ Fight Club
ՀեղինակՉակ Պալանիկ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրտրանսգրեսիվ գրականություն և սև հումոր
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Թայլեր Դուրդեն և The Narrator?
ՀաջորդՄարտական ակումբ 2
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչW. W. Norton & Company
Հրատարակման տարեթիվ1996
OCLC33440073
Պարգև(ներ)

Սյուժե խմբագրել

Գլխավոր հերոսը (Պատմող) աշխատում է ավտոմեքենաների վաճառքով զբաղվող ընկերությունում որպես ապահովագրության գծով խորհրդատու։ Իր աշխատանքի պատճառով նա միշտ ճանապարհորդում է երկրով մեկ։ Հերոսը տառապում է անքնությամբ, որի պատճառով արդեն դժվարությամբ է ընկալում իրականությունը։ Չնայած դրան բժիշկը նրան քնաբերներ դուրս չի գրում և խորհուրդ է տալիս պարզապես հանգստանալ ու այցելել անբուժելի հիվանդների համար նախատեսված փոխօգնության խմբեր՝ տեսնելու համար, թե ինչպիսին է իսկական տառապանքը։ Հերոսը մտածում է, որ փոխօգնության խմբերը որոշ չափով լավացնում են նրա վիճակը, չնայած, որ նա չի հանդիսանում անբուժելի հիվանդ։

Արձակուրդ վերցնելով, գլխավոր հերոսը մեկնում է լողափ, որտեղ էլ ծանոթանում է Թայլեր Դուրդեն անունով տարօրինակ մի երիտասարդի հետ։ Բայց արձակուրդը չի փրկում անքնությունից և հերոսը նորից վերադառնում է միակ փրկությանը՝ այցելել փոխօգնության խմբեր։ Բայց խմբերը օգնում էին մինչև այն պահը, երբ դրանց սկսում է այցելել Մարլա Զինգեր անվամբ մի կին, ով ազատվում էր մահվան վախից նայելով, թե ինչպես են տանջվում անբուժելի հիվանդները։ Մարլայի հայտնվելուց հետո փոխօգնության խմբերը դադարում են օգնել Պատմողին և հերոսը նորից զրկվում է քնից։ Հնարավոր է, որ հենց Մարլան է նրան ստիպում մտածել, որ ինքը խաբեբա է, ով չպիտի գտնվեր այդ խմբերում։ Նա սկսում է ատել Մարլային դրա համար։ ի վերջո, երկուսը որոշում են այցելել տարբեր փոխօգնության խմբեր, որպեսզի էլ չհանդիպեն։

Շուտով հերոսի տանը հրդեհ է բռնկվում, և նրա ողջ ունեցվածքն ամբողջությամբ այրվում է։ Գնալու տեղ չունենալով, Պատմողը որոշում է դիմել իր միակ ծանոթի՝ Թայլերի օգնությանը։ Բարում անցկացրած գիշերվանից հետո Թայլերը խնդրում է հերոսին հարվածել իրեն ամբողջ ուժով։ «Ես ուզում եմ, որ դու խփես ինձ ամբողջ ուժով», և գնալով այդ մեկ հարվածը վերածվում է կռվի[1]։ Հերոսները սկսում են հաճույք ստանալ կռվից՝ խեղդելով դրա մեջ իրենց դժվարությունները։ Այդ կռվին միանում են շատերը և այն տեղափոխվում է բարի նկուղ։ Կռվողների խումբը անվանակոչվում է «Մարտական ակումբ»։ Գլխավոր հերոսը տեղափոխվում է ապրելու Թայլերի լքված ու կիսաքանդ տանը։ Ակումբում կան օրենքներ, որոնք խախտել չի համարձակվում ոչ մեկը՝ նույնիսկ ստեղծողները։

Մարտական ակումբի օրենքներն են՝

 
  • Ոչ մեկին չպատմել Մարտական ակումբի մասին
  • Երբեք ոչ մեկին չպատմել Մարտական ակումբի մասին
  • Եթե հակառակորդը կորցրել է գիտակցությունը կամ ձևացնում է, թե կորցրել է, կամ ասում է՝ հերիք է-մարտն ավարտված է։
  • Մարտին մասնակցում են միայն 2 հոգի։
  • Մեկից ավելի մարտ մի օրում անհնար է։
  • Մարտիկները կռվում են առանց կոշիկների և մինչև գոտկատեղը մերկ։
  • Մարտը շարունակվում է այնքան, ինչքան հարկավոր է։
  • Նորեկը պարտավոր է ընդունել մարտահրավերը։
 

Կամաց-կամաց Թայլերը հերոսին ներքաշում է իր կյանք և շրջապատ։ Նրանք սկսում են զբաղվել մանր խուլիգանությամբ (օրինակ ՝ միզել ուրիշի ապուրի մեջ)։ Այս ընթացքում Մարտական ակումբը ընդլայնվում է և ընդգրկում նորանոր անդամներ։ Ակումբի մասնաճյուղեր են բացվում երկրով մեկ և այն վերածվում է ստորգետնյա կառույցի։

Մի անգամ Մարլան ընդունում է քնաբերի վտանգավոր քանակ և զանգահարում գլխավոր հերոսին։ Լսափողը վերցնում է Թայլերը։ Վերջինս բերում է նրան իր մոտ և մտնում սեռական կապի մեջ։ Թայլերի գլխավորությամբ մարտական ակումբը վերածվում է «Ջախջախում» նախագծի, որն իրագործում էր վանդալության ավելի ու ավելի ավերիչ գործողություններ՝ զոմբիացող հասարակության դեմ մղվող պայքարի կարգախոսների ներքո։

«Ջախջախում» նախագծի օրենքներն են՝

 
  • Չտալ հարցեր Ջախջախում նախագծի մասին
  • Երբեք չտալ հարցեր Ջախջախում նախագծի մասին
  • Արդարացումներ չեն ընդունվում
  • Չխաբել
  • Թայլերը միշտ ճիշտ է
 

Նախագծի ակտիվ զարգացումը և պատճառած վնասները վախեցնում են գլխավոր հերոսին, որը աստիճանաբար հեռանում է դրանից։ Վեճից և ավտովթարից հետո Թայլերը հեռանում է Պատմողի կյանքից։ Երբ Բոբը (նա նույնպես մտել էր այդ ակումբի կազմի մեջ և դարձել էր «Ջախջախում» նախագծի մասնակիցներից մեկը) մահանում է հանձնարարության կատարման ժամանակ, գլխավոր հերոսը փորձում է վերջ տալ այդ քայքայիչ գործունեությանը։ Նա բոլոր խոշոր քաղաքներում հայտնաբերում է մարտական ակումբներ, և դրանց մասնակիցները նրան Թայլեր էին անվանում։ Հերոսը սկսում է ենթադրել, որ Թայլերը հենց ինքն է (ավելի ճիշտ՝ alter ego)։ Նրա աչքերի առաջ հայտնվում է Թայլերը, որը բացատրում է, որ ինքը տիրում է հերոսի մարմնին այն ժամանակ, երբ նա քնած է։ Հերոսը պարզում է, որ Թայլերը որոշել է պայթեցնել ազգային թանգարանը, մեռնել՝ իր հետ սպանելով նաև գլխավոր հերոսին։ Հերոսը որոշ կորցնում է հիշողությունը և ուշքի գալուց հետո տեսնում, որ հայտնվել է իր սաների շրջապատում։ Հայտնվում է Թայլերը և երկարատև զրույցից հետո հասկանում, որ նրան կանգնեցնելու միակ միջոցը սպանելն է։ Նա ատրճանակը մտցնում է իր իսկ բերանը և կրակում, բայց չի մեռնում, այլ ընկնում է հոգեբուժարան։ Չգիտակցելով, որ չի մահացել հերոսը մտածում է, որ դրախտում է։ Նա հանդիպում է Աստծուն (որը ներկայանում է որպես գլխավոր բժիշկ) և զրուցում նրա հետ։ Պարզվում է, որ Թայլերի պլանները ձախողվել են և պայթյունը չի իրականացել։ Մարտական ակումբի որոշ անդամներ հայտնվում են նրան որպես հիվանդանոցի աշխատողներ և նրանցից մեկը գլխավոր հերոսի ականջին փսփսում է, որ իրենք նրան դեռ սպասում են։

Կերպարներ խմբագրել

Պատմող (անգլ.՝ Narrator)

Վեպի գլխավոր հերոսն է։ Աշխատում է ավտոմեքենաների արտադրությամբ զբաղվող կազմակերպությունում՝ որպես ապահովագրական վճարների խորհրդատու։ Տառապում է անքնությամբ, որի դեմ պայքարում է հաճախելով տարբեր հիվանդություններից տառապող հիվանդների աջակցման խմբակներ։ Վեպում ոչ մի տեղ չի նշվում նրա իսկական անունը։ Որոշ ընթերցողներ նրան «Ջո» են անվանում, քանի որ նա անընդհատ օգտագործում է այդ անունը իր որոշ արտահայտություններում, ինչպես օրինակ՝ «Ես Ջոյի եռման կետն եմ» կամ «Ես Ջոյի լիակատար անվրդովությունն եմ»։ Նմանատիպ արտահայտությունները հերոսը կարդացել է «Readerʼs Digest» ամսգրի հին համարներում, որտեղ մարդկային օրգանները իրենց մասին գրում են առաջին դեմքով, օրինակ՝ «Ես Ջոյի երիկամն եմ»։ Ֆիլմում «Ջոն» փոխված է «Ջեկի», ինչի հետևանքով որոշ երկրպագուներ հերոսին «Ջեկ» են կոչում։ Պատմողի ենթագիտակցությունը ազատության կարիք է զգում, նա զգում է, որ փակված է սեփական մարմնում, այդ պատճառով, երբ հայտնվում է Տայլեր Դարդենը, նա, պարզվում է, օժտված է բոլոր այն հատկություններով, որոնց պակասությունն ինքն էր զգում. «Ինձ շատ բան է դուր գալիս Տայլեր Դարդենի մեջ։ Նրա համարձակությունն ու ըմբռնողությունը։ Նրա համբերատարությունը։ Տայլեր.զվարճալի, հմայիչ, ուժեղ և անկախ։ Մարդիկ հավատում են նրան, հավատում են, որ նա կփոխի աշխարը դեպի լավը։ Տայլերը ազատ է և անկախ։ Իսկ ես՝ ոչ»։

Թայլեր Դուրդեն (անգլ.՝ Tyler Durden)

Խարիզմատիկ երիտասարդ, որը մշակել է շատ տարօրինակ նիհիլիստական, նեո-լուդդիստական և անարխո-պրիմիտիվիստական փիլիսոփայական համակարգը։ Աշխատում է որպես մեխանիկ կինոթատրոնում, որտեղ պոռնոգրաֆիական կադրեր է տեղադրում ընտանեկան ֆիլմերի ժապավեննարում, որպես մատուցող ընդունելություններում, ինչպես նաև վաճառում է մարդկային ճարպից պատրաստված բարձրորակ օճառ, որը նա գողանում է լիպոսակցիաների կլինիկաներից։ Տիրապետում է շատ անսովոր գիտելիքների, օրինակ՝ գիտի ինչպես պատրաստել պայթուցիկ, նապալմ կամ նյարդա-պառալիտիկացնող գազ։ Ապրում է 5123 NE Paper street հասցում գտնվող լքված տանը։ Նա մարտական ակումբի համահիմնադիրներից է, քանի որ հենց Պատմողի հետ կռիվը, որն ինքն էր սանձազերծել, հանգեցրեց ակումբ ստեղծելու գաղափարին։ Հատագայում նա ստեղծեց «Ջախջախում» նախագիծը, որի շրջանակներում այլ մասնակիցների հետ ավազակային հարձակումներ և տերորիստական գործողություններ էր իրականացնում։ Տայլերը շիկահեր է («Նա ինչպես միշտ գեղեցիկ է շիկահեր հրեշտակի գեղեցկությամբ»)։ Հետագայում նա դարձավ վեպի գլխավոր հակահերոսը։

Մարլա Զինգեր (անգլ.՝ Marla Singer)

Կին, որը Պատմողի հետ միասին հաճախում էր աջակցման խմբակներ։ Վերջինս դադարում է աջակցման խմբակներից ստանալ անհրաժեշտ բուժական ազդեցությունը, քանի որ պարզում է, որ Մարլան կեղծում է իր առողջական խնդիրները, ինչպես ինքը։ Խմբակներ հաճախումնարը դադարելուց հետո Պատմողը կրկին հանդիպում է նրան, երբ վերջինս դառնում է Տայլերի սիրեցյալը։ Մարլան իրեն դրսևորում է որպես տհաճ և անուշադիր, ինքնասպանության հակում ունեցող անձ, չնայած ժամանակ առ ժամանակ ցուցադրում է նաև իր առավել փափուկ և հոգատար կողմերը։ Ենթադրում է, որ կրծքագեղձի քաղցկեղ ունի։ Գումար է վաստակում լվացքատնից իրեր գողանալով և դրանք գնորդին վաճառելով։ Ապրում է «Ռեգենտ» հյուրանոցում։

Ռոբերտ «Մեծ Բոբ» Պոլսոն (անգլ.՝ Robert «Bob» Paulson)

Պատմողի հետ միասին հաճախում է ամորձիների քաղցկեղով հիվանդների աջակցման խմբակ։ Նախկինում երեք անգամ ամուսնացած բոդիբիլդիստ-միլիոնատեր է, վեպում հորմոնալ դեղահաբերի ընդունման և ամորձիների հեռացման պատճառով վերածվել է գիրացած մարդու։ Նրա կազմվածքը դարձել է կանացի, իսկ ձայնը՝ ավելի բարձր ու փափուկ։ Անդամակցում է Մարտական ակումբին։ Պատմողը աջակցություն էր ցուցաբերում Բոբին, իսկ խմբակներ հաճախելը դադարեցնելուց հետո հանդիպում է նրան մարտական ակումբում։ Բոբը զոհվում է «Ջախջախում» նախագծի գործողություններից մեկի ժամանակ։

Պարոն Անգել (անգլ.՝ Angel Face)

Երիտասարդ, որը անդամակցում է մարտական ակումբին։ Նա առաջինը միացավ «Ջախջախում» նախագծին և շատ լոյալ էր դրա նկատմամբ, վանդալիզմը նրա մոտ ժպիտ էր առաջացնում։ Ուներ, ինչպես ենթադրվում է, գեղեցիկ (հրեշտակային) դեմք, այստեղից էլ նրա մականունը. բնօրինակի լեզվից կարելի է թարգմանել «հրեշտակային դեմք» կամ «հրեշտակի դեմք»։ Սիրունիկ-շիկահերը ծեծվում է Պատմողի կողմից ակումբի մարտերից մեկի ժամանակ, որից հետո Պատմողը հայտարարում է, որ «ուզում էր ինչ-որ գեղեցիկ բան փչացնել»։

Պատմողի տնօրենը

Պատմողի անմիջական ղեկավարը ավտոմեքենաների արտադրությամբ զբաղվող կազմակերպությունում։ Նա անգամ մի քիչ դուր է գալիս Պատմողին, բայց ընդհանրապես դուր չի գալիս Տայլերին։ Այդ պատճառով Տայլերը սպանում է նրան նրա իսկ աշխատասենյակում՝ համակարգչի մոնիտորի մեջ ինքնաշեն նապալ լցնելով, ինչի հետևանքով համակարգիչը պայթում է։

Ստեղծման պատմություն խմբագրել

Այս վեպը գրել Պալանիկին ոգեշնչել է ամառային ճամբարում նրա ունեցած կռիվը։ Չնայած այն փաստին, որ նա ունեցել է վնասվածքներ և կապտուկներ նրա ընկերները գերադասել են չհարցնել, թե ինչ է պատահել։ Հենց նրանց իմանալ չուզենալն էլ ոգեշնչել է հեղինակին գրել «Մարտական ակումբը»։ Պալանիկը սկզբում փորձում է տպագրել «Անտեսանելիները» վեպը, սակայն խմբագրությունում հրաժարվում են այն տպագրել՝ համարելով այն շատ վիրավորական։ Այդ պատճառով հեղինակը կենտրոնանում է «Մարտական ակումբի» ստեղծման գործի վրա և աշխատում այն ավելի վիրավորական դարձնել՝ դեմ գնալով խմբագրությանը։ Սկզբնական տարբերակում «Մարտական ակումբը» 7 էջանոց պատմվածք էր «Pursuit of Happiness» ժողովածույում։ Սակայն հետագայում Պալանիկն ընդարձակեց այն և սկզբնական տարբերակը տեղ գտավ 6-րդ գլխում[2]։ Մարտական ակումբը վերատպագրվել է 1999 և 2004 թվականներին։ Վերջին տարբերակն իր մեջ ընդգրկում է նաև հեղինակի խոսքը գրքի հաջողության և էկրանավորման մասին։ Պալանիկը գրքի հաջողության գաղտնիք է համարել այն, որ այդ շրջանում գրախանութներում վաճառվում էին գրքեր, որոնք ներկայացնում էին կնոջ սոցիալական մոդելը, բայց տղամարդունը չկար և ինքը լրացրել է այդ բացը։

Հայերեն հրատարակություն խմբագրել

Հայերեն հրատարակվել է 2019 թվականին «Զանգակ» հրատարակչությունում, անգլերենից թարգմանել է Արթուր Մեսրոպյանը[3][4]։

Մշակութային ազդեցություն խմբագրել

«Մարտական ակումբը» շատ լավ ընդունվեց քննադատների կողմից, ինչի շնորհիվ գրքով շուտով սկսեցին հետաքրքրվել կինեմատոգրաֆիստները։ 1999 թվականին սցենարիստներ Ջիմ Ուլսը, Օհաստ Օլսենը և համապրոդյուսերներ Քոնոր Ստրեյթը և Ահարոն Կերրին միացան ռեժիսոր Դևիդ Ֆինչերին, որպեսզի նկարեն նույնանուն ֆիլմը[5]։ Տարբեր հարցազրույցների ժամանակ երկրպագուների այն հարցին, թե որտեղ է գտնվում իրական մարտական ակումբը, Պալանիկը պատասխանել է, որ իրականում նմանատիպ կազմակերպություն գոյություն չունի։ Սակայն նա լսել է իրական մարտական ակումբների մասին, որոնք գոյություն են ունեցել վեպի հրատարակումից առաջ։ Stranger Than Fiction վեպի նախաբանում հեղինակը խոսում է այն վնասի մասին, որ «Մարտական ակումբ» ստեղծագործությունը բերում է հասարակությանը։ Պալանիկը գրում է, թե ինչպես է մի երիտասարդ պատմել գրողին, որ իրեն դուր է եկել, որ վեպում մատուցողները փչացնում են հաճախորդների ուտելիքները։ «Մարգարետ Թետչերը համտեսել է իմ սերմնահեղուկը»-ասել է նա Պալանիկին։ Բացի այդ «Ջախջախում» նախագիծը մասնակի հիմնված է Cacophony Society կազմակերպության վրա, որի անդամ է եղել Պլանիկը դեռևս մինչ գրողի կարիերա սկսելը։ Որոշ դեպքեր, որոնք կատարվել են Պալանիկի հետ, երբ նա անդամակցում էր այդ կազմակերպությանը, իրենց արտացոլում են գտել վեպում[6]։

«Մարտական ակումբի» մշակութային ազդեցությունը դրսևորվում է նաև նրանում, որ ամերիկայն դեռահասներ ստեղծել են իրնեց մարտական ակումբները[7]։ Վեպում նկարագրված այնպիսի չար կատակները, ինչպես օրինակ ռեստորանում ուտելիքը փչացնելը Պալանիկի երկրպագուները կրկնել են իրական կյանքում, ինչի մասին Պալանիկը գրել «Կապկային սովորություններ» ակնարկում։ Մյուս երկրպագուները, ընդհակառակը, ոգևորվել են պրոհասարակական գործունեությամբ. նրանք պատմել են Պալանիկին, որ վեպը ընթերցելուց հետո որոշել են վերադառնալ քոլեջ։ Պալանիկի, Ֆինչերի, Տրենտ Ռեզնորի ջանքերով «Մարտական ակումբը» բեմադրվեց որպես մյուզիքլ[8]։ Դրամատիկական տարբերակը գրվեց Դիալն Իետսի կողմից և ներկայացվեց Սիետլում և Շարլոտտում (Հյուսիսային Կարոլինա)[9]։

Մրցանակներ խմբագրել

Վեպն արժանացել է հետևյալ մրցանակներին՝

  • 1997 Pacific Northwest Booksellers Association Award[10]
  • 1997 Oregon Book Award «Լավագույն վեպ» անվանակարգում։

Շարունակություն խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Чак Паланик. Бойцовский клуб. — Москва: АСТ, 2006. — 256 с. — ISBN 978-5-17-016682-4
  2. Sarah Tomlinson. (14 октября 1999). «Is it fistfighting, or just multi-tasking?» (անգլերեն). Salon. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 26–ին-ին.
  3. «Զանգակ» հրատարակչություն. Մարտակումբ
  4. «Մարտակումբ». լուսանցքում մնացած մարդկանց աշխարհը
  5. Линсон, Арт. What Just Happened?: Bitter Hollywood Tales from the Front Line. — Նյու Յորք: Grove Press, 2008. — С. 125-127.
  6. Чак Паланик. Фантастичнее вымысла = Stranger than Fiction: True Stories. — Մոսկվա: АСТ, 2007. — 288 с. — (Альтернатива). — 24 тыс. экз. — ISBN 978-5-17-046099-1
  7. «Fight club draws techies for bloody underground beatdowns» (անգլերեն). USA Today. 29 мая 2006. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 26–ին-ին.
  8. Jade Chang. (2 июля 2004). «This week, Fight Club – The Musical» (անգլերեն). BBC. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 26–ին-ին.
  9. Overcash, Anita. (30 июня 2009). «Theatre: Fight Club». CreativeLoafing.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 26–ին-ին.
  10. «PNBA Book Awards» (անգլերեն). pnba.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 28–ին-ին.

Արտաքին հղումներ խմբագրել