Մարիամ Հարությունյան (ճարտարապետ)
Մարիամ Սուրենի Հարությունյան (հոկտեմբերի 17, 1925, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 5, 2019, Երևան, Հայաստան), հայ ճարտարապետ, ԽՍՀՄ ճարտարապետների միության անդամ (1957, 1991-ից՝ Հայաստանի ճարտարապետների միության)։
Մարիամ Հարությունյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 17, 1925 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 5, 2019 (94 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | ՀԱՊՀ (1949) |
Աշխատավայր | Հայպետնախագիծ |
Պարգևներ | |
Անդամություն | ԽՍՀՄ ճարտարապետների միություն և Հայաստանի ճարտարապետների միություն |
Կենսագրություն
խմբագրելՄարիամ Սուրենի Հարությունյանը ծնվել է 1925 թվականի հոկտեմբերի 17-ին Երևանում, տնտեսագետ, ՀԽՍՀ պետական բանկի աշխատակից Սուրեն Տիգրանի Հարությունյանի (1902-1937, 1937 թվականի ստալինյան բռնաճնշման զոհ) և շինարար, հետագայում ՀԽՍՀ մշակույթի նախարարության շինարարական բաժնի պետ Լուսիկ Հովհաննեսի Կուլօղլյանի (1904-1985) ընտանիքում։ Երկու ծնողներն էլ Արևմտյան Հայաստանի Վան քաղաքից էին, Հայոց ցեղասպանությունից հետո հայտնվել էին Երևանում, որտեղ էլ ծանոթացել էին և ամուսնացել։
1949 թվականին Մարիամ Հարությունյանը ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի ճարտարապետական բաժինը[1]։ Նույն թվականին որպես ճարտարապետ նա մասնակցել է ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Բաբկեն Առաքելյանի ղեկավարությամբ Գառնու ամրոցի տարածքում իրականացվող առաջին հնագիտական հետազոտություններին[2]։
1949 թվականից աշխատել է Ճարտարապետական գործերի վարչության ճարտարապետա-նախագծային արվեստանոցներում որպես ճարտարապետի օգնական։ 1951 թվականին աշխատանքի է անցել Հանրապետական նախագծային ինստիտուտի թիվ 4 ճարտարապետական արվեստանոցում որպես ճարտարապետ, 1959 թվականից՝ ավագ ճարտարապետ, 1965 թվականից՝ շինարարական բաժնի խմբի ղեկավար։ Մասնագիտական առաջին քայլերը Մարիամ Հարությունյանը կատարել է ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի ղեկավարությամբ. Իսրայելյանի հետ համահեղինակությամբ նա մի քանի կառույցներ է նախագծել, որոնցից թերևս ամենանշանավորը Երևանի Բագրատունյաց փողոցում գտնվող հինգ հարկանի բնակելի շենքն է։
1957 թվականին ընտրվել է ԽՍՀՄ ճարտարապետների միության անդամ (1991-ից՝ Հայաստանի ճարտարապետների միություն, 2018-ից՝ Ճարտարապետների պալատ)[1]։
1966-1972 թվականներին աշխատել է Հայպետնախագիծ ինստիտուտում որպես գլխավոր մասնագետ, իսկ 1972-1991 թվականներին՝ «Գիպրոտորգ» պետական միութենական ինստիտուտի հայկական մասնաճյուղում որպես թիվ 2 ճարտարապետա-շինարարական բաժնի խմբի ղեկավար և գլխավոր ճարտարապետ։
Հեղինակ է մի շարք նշանավոր կառույցների, որոնց թվում են՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի լաբորատոր մասնաճյուղը, կինոմեխանիկների դպրոց և հանրակացարան Երևանում, ճաշարան «Զվարթնոց» օդանավակայանում, կոնյակի գործարան Արմավիրում, կինոթատրոն Ապարանում, հասարակական սննդի կոմբինատ Վանաձորում, «Անի», «Փամբակ» և «Շահալի» երկաթուղային կայարանները[1]։
1993 թվականից Վասպուրական հայրենակցական միության անդամ էր։
Մարիամ Հարությունյանը մահացել է 2019 թվականի նոյեմբերի 5-ին Երևանում, 94 տարեկան հասակում։
Նախագծեր
խմբագրելՄարիամ Հարությունյանի նախագծերով Հայաստանի տարբեր բնակավայրերում իրականացվել են հետևյալ կառույցները.
- Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի լաբորատոր մասնաճյուղը Երևանում
- Բնակելի շենք Երևանի Բագրատունյաց փողոցում
- Կինոմեխանիկների դպրոց և հանրակացարան Երևանում
- Ճաշարան «Զվարթնոց» օդանավակայանում
- Տեքստիլտորգի ադմինիստրատիվ-կենցաղային մասնաճյուղ Երևանում
- Տեքստիլտորգի պահեստներ Երևանում
- Հասարակական սննդի կոմբինատ Վանաձորում
- Կոնյակի գործարան Արմավիրում
- Կինոթատրոն Ապարանում
- Ունիվերսամ Մեղրիում
- Կորդոն Ծաղկաձորում
- «Անի», «Փամբակ» և «Շահալի» երկաթուղային կայարաններ[1]։
Անդամակցություն
խմբագրել- ԽՍՀՄ ճարտարապետների միության անդամ (1957)
- Հայաստանի ճարտարապետների միության անդամ (1957)
- Վասպուրական հայրենակցական միության անդամ (1993)
- Հայաստանի ճարտարապետների պալատի անդամ (2018)։
Պարգևներ
խմբագրել- «Կովկասի պաշտպանության համար» մեդալ (1946)
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ (1946)
- «Աշխատանքի վետերան» մեդալ (1981)
- Հոբելյանական մեդալներ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Сафарян Л. Арутюнян Мариам Суреновна // Архитектор: краткий биографический справочник Союза архитекторов Армении. — Ер.: «Зангак-97», 1998. С. 106.
- ↑ Аракелян Б. Гарни I (результаты работ археологической экспедиции Института истории Академии наук Армянской ССР 1949—1950 годов) / Археологические раскопки в Армении, № 3. — Ер.: изд-во АН Армянской ССР, 1951. С. 19.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Անծանոթ Երևան», հաղորդում 43-րդ (հեղինակ՝ Մարկ Գրիգորյան)
- «Арутюнян Мариам Суреновна». ru.hayazg.info. Энциклопедия фонда «Хайазг». Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 8-ին.