Մարդու հետսաղմնային զարգացում

Մարդու հետսաղմնային զարգացումը։

Պտղի արյան շրջանառության փոփոխությունները ծննդից հետո խմբագրել

Ներարգանդային զարգացման շրջանում պտղի թոքերն ու մարսողական համակարգը չեն գործում, քանի որ թթվածին և սննդանյութեր ստանում է մայրական օրգանիզմից՝ ընկերքի միջոցով։ Ծնունդից հետո թոքերի բացումն իջեցնում է արյան հոսքի դիմադրությունը թոքային մազանոթներում, և անյտեղ մղվում է ավելի շատ արյուն, որն իջեցնում է ճնշումը թոքային զարկերակում։ Դրա հետ մեկտեղ պորտալարի կապումը խանգարում է ընկերքից արյան հոսքին, որն էլ մեծացնում է երեխայի մարմնով անցնող արյան քանակը և բերում է հանկարծակի ճնշման մեծացման աորտայում և սրտի ձախ կեսում։ Նախասրտերի միջև առկա ձվաձև անցքը փակվում է մի քանի ամիսների ընթացքում։

Հետծննդյան զարգացման շրջաններ խմբագրել

Կենսաբանական առումով սեռական եղանակով բազմացող օրգանիզմների համար, կարևորագույն իրադարձությունը սեռական բազմացման իրականացումն է։ Այդ տեսակետից, հետսաղմնային զարգացումը կարելի է բաժանել մինչվերարտադրողական, վերարտադրողական և հետվերարտադրողական շրջանների։ Մինչվերարտադրողական շրջանում առանձնյակը բազմացման ընդունակ չէ։ Այս ժամանակահատվածի ընթացքում են կատարվում կառուցվածքային և ֆունկցիոնալ վերափոխումները, իրականացվում է ժառանգական ինֆորմացիայի հիմնական մասը՝ ապահովելով սեռահասուն օրգանիզմին բնորոշ առանձնահատկությունների առաջացումը։Վերարտադրողական շրջանում առանձնյակն իրականացնում է սեռական բազմացում, աչքի է ընկնում օրգանների և համակարգերի առավել կայուն կենսագործունեությամբ, արտաքին պայմանների նկատմամբ առավել դիմացկունությամբ։ Հետվերարտադրողական շրջանը կապվաց է օրգանիզմի ծերացման հետ, որը բնութագրվում է նրանով, որ առանձնյակի մասնակցությունը բազմացմանը լրիվ կամ մասնակի թուլացած է։ Մարդու հետսաղմնային զարգացման ընթացքում առանձնացվում են հետևյալ շրջանները.Կրծքային շրջան, վաղ մանկության շրջան, նախադպրոցական շրջան, դպրոցական շրջան, դեռահասության շրջան, հասունության շրջան։

Կրծքային շրջան խմբագրել

Կրծքային շրջանը համարվում է մինչև կյանքի առաջին տարվա վերջը։ Առաջին ամիսը համարվում է նորածնության շրջան, որի ժամանակ երեխան օրվա մեծ մասը քնած է, արթնանում է միայն քաղցած ժամանակ։ Այս շրջանում անհրաժեշտ է պահպանել կերակրման ռեժիմը, հակառակ դեպքում՝ խանգարվում են նորածնի քունը, մարսողությունը։ Կրծքային շրջանում երեխաների օրգանիզմում տեղի են ունենում կտրուկ փոփոխություններ՝ աստիճանաբար զարգանում են երեխայի շարժումները՝ բարձրացնում ու պահում է գլուխը, նստում է, կանգնում է, իսկ հետո փորձում է քայլել։ Խնամքը և սննդի ճիշտ կազմակերպումը նպաստում են նրա աճին, հենաշարժիչ համակարգի զարգացմանը։ Այդ շրջանում ինտենսիվ զարգանում է նաև երեխայի հոգեկերտվածքը։ Նա սովորում է ճանաչել մարդկանց և առարկաները, հաճելին և վտանգավորը, համը, հոտը, գույնը, սկսում է ժպտալ, ծիծաղել, արտասանել առաջին բառերն։ Ի հայտ են գալիս ինքնուրույնության ձգտում, մեծերին նմանակում։

Վաղ մանկության շրջան խմբագրել

Վաղ մանկության շրջանը համարվում է 1-3 տարեկան հասակը։ Այս տարիքում երեխան արագ աճում է և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես։ Նա արդեն կարողանում է շատ բաներ ինքնուրույն անել, համաձայնեցված շարչումներ է իրականացնում, դրսևորում է բարդ վարք, նկարում է, ձգտում է ինքնահաստատման։ Այս շրջանում չի կարելի սահմանափակել երեխայի ինքնուրույնությունն, ակտիվ խաղերը և հետաքրքրասիրությունը։

Նախադպրոցական շրջան խմբագրել

3-6 տարեկան հասակը համարվում է նախադպրոցական շրջան, երեխայի հետաքրքրություններն այնքան մեծ են, որ այն անվանում են հարցերի շրջան։ Այս շրջանում շարունակվում է գլխուղեղի զարգացումը, մտածողությունը, ձևավորվում է ներքին խոսքը, որն արտահայտվում է ինքն իր հետ խոսելով։ Արտասանում է բազմաբառ նախադասություններ։ Աշխույժ խաղերը նպաստում են վառ երևակայությանը և ֆիզիկական զարգացմանը։

Դպրոցական շրջան խմբագրել

Այս շրջանն ընդգրկում է 6-ից մինչև 17 տարեկան հասակը, որը բաժանվում է կրտսեր և դեռահաս (պատանեկան) տարիքի։ Այս շրջանում երեխայի օրգանիզմի բոլոր համակարգերի գործունեությունը ենթարկվում է վերակառուցման։ Մինչև դպրոցական հասակը երեխայի հիմնական զբաղմունքը խաղն է։ Դպրոցական շրջանը համեմատաբար դժվար փուլ է, քանի որ նա պարտավոր է ենթարկվել դպրոցի կարգապահությանը, սովորել դասերը, շփվել հասակակիցների, չափահասների հետ։ Կրտսեր դպրոցակաանն աստիճանաբար յուրացնում է բանավոր և գրավոր խոսքը։ Դրան զուգընթաց աճում են շրջապատի, միջավայրի մասին ընդհանուր գիտելիքները։

Դեռահասության շրջան խմբագրել

11-15 տարեկան հասակը դեռահասության շրջանն է, որը համարվում է երեխայի զարգացման դժվար ժամանակահատված։ Մակուղեղի և սեռական գեղձերի ուժգին գործունեությամբ սկսվում է սեռական հասունացումը։ Այս շրջանում տղաների սեռական հասունացման առաջին հատկանիշները ներքին և արտաքին օրգանների չափսերի մեծացումն է, սպերմատոզոիդների հասունացումը, երկրորդային սեռական հատկանիշների ձևավորումը՝ անոթափոսերի, դեմքի և ցայլքի մազածածկույթը։ Արագ աճում են հենաշարժիչ համակարգը, մեծանում է կոկորդը, ձայնը դառնում է ցածր։ 13-15 տարեկանում սկսում է արտադրվել սերմ, որը վկայում է սերմնարանների բնականոն ֆունկցիայի մասին։ Այն հաճախ արտադրվում է քնած ժամանակ ինքնաբերաբար, որը կոչվում է երազխաբություն։ Աղջիկների սեռական հասունացումը սկսվում է 11 տարեկանից, երբեմն ավելի վաղ։ Ձվարաններն աճում են և սկսում արտադրել իգական սեռական հորմոններ, որոնց ազդեցությամբ զարգանում են նրանց օրգանիզմին բնորոշ երկրորդային սեռական հատկանիշները. կաթնագեղձերը մեծանում են, զայլքի վրա և անոթափոսերում ի հայտ են գալիս մազեր։ Ուժգին աճում ու զարգանում է կմախքը՝ իգական օրգանիզմին բնորոշ առանձնահատկություններով։ Ձվարաններում հասունանում են ձվաբջիջներ, սկսվում է դաշտանը։ Պատանեկան շրջանում ուժեղանում է նյարդային համակարգի դրդունակությունը. տղաները դառնում են չհավասարակշռված, առավել հուզական, կռվարար, աշխատում են աչքի ընկնել ճարպկությամբ, քաջությամբ։ Աղջիկները ձգտում են աչքի ընկնել կանացիությամբ։ Դեռահասի արյունատար անոթների շրջագծի աճը դանդաղ է կատարվում սրտի աճի համեմատ, որը հանգեցնում է արյան ճնշման ժամանակավոր բարձրացման, սրտի աշխատանքի խանգարման, գլխապտույտի և այլն։ Այսպիսի փոփոխությունները ժամանակավոր են, տարիքի հետ աստիճանաբար վերանում են։ Տարիքի հետ մարդու մարմնի համամասնությունները նույնպես փոխվում են։ Վերջին մի քանի տասնամյակներում նկատվել է երեխաների աճի ու զարգացման արագացում ՝ աքսելերացիա, որն արտահայտվում է ֆիզիկական ու հոգեկան վաղ զարգացմամբ։ Աքսելերացիայի պատճառներից են վիտամիններով հարուստ լիարժեք սնունդը, սպորտով զբաղվելը և այլն։

Հասունություն խմբագրել

Տարբերում են հասունության ֆիզիոլոգիական, հոգեբանական, սոցիալական տեսակներ։ Ֆիզիոլոգիական հասունությունն արտահայտվում է օրգանիզմի սեռական հասունացմամբ։ Դա անհատական է, պայմանավորված է ժառանգական, կլիմայական, սոցիալական և այլ գործոններով։ Հոգեբանական հասունության փուլում տղաներն ու աղջիկները ձեռք են բերում բնավորության կայունություն, պատշաճ ինքնատիրապետում ընտանիքում և հասարակության մեջ։ Սոցիալական հասունությունը գիտակից անհատի, հասարակության լիարժեք անդամի ձևավորումն է։ Դա որոշվում է կրթության ավարտով, աշխատանքային գործունեությամբ, տնտեսական ինքնուրույնությամբ և այլն։

Աղբյուրներ խմբագրել

  • Կենսաբանության դասագիրք, 10-րդ դասարան, Երևան, 2010