Մարդաբանական սկզբունք, անթրոպոլոգիզմ, փիլիսոփայական ըմբռնում, որը «մարդ» հասկացությունը համարում է հիմնական աշխարհայացքային կատեգորիա և դրանից ելնելով մշակում է պատկերացումների համակարգ բնության, հասարակության և մտածողության մասին։ Մարդաբանական սկզբունքը հակադրվում է մատերիայի և ոգու դուալիստական անջատմանը, մատերիականի և հոգեկանի (իդեալականի) փոխհարաբերության իդեալիստական ըմբռնմանը։ Մարդաբանական սկզբունքն իր դասական դրսնորմամբ, մինչմարքսիստական մատերիալիզմի ձևերից է, որին, սակայն, հատուկ է մարդու ձևավորման պրոցեսում հասարակական պրակտիկայի դերի բացասումը։ Մարդաբանական սկզբունքն առաջին պլան է մղում հասարակական-արտադրական հարաբերությունների ամբողջությունից դուրս վերացական մարդուն, որը դիտվում է միայն բնության մի մաս, մատերիական և հոգեկան հատկանիշներով օժտված անփոփոխ բնական էակ.անտեսվում է մարդու հասարակական էությունը։ Մատերիալիստորեն ըմբռնված մարդաբանական սկզբունքն առավել ամբողջականորեն արտահայտվել է Լ. Ֆոյերբախի և Ն.Չեռնիշևսկու ուսմունքներում։ Նման մոտեցում առկա է նաև XIX դ. հայ իրականության մեջ (Ա.Փափովիչ, Միքայել Նալբանդյան)։ Մարդաբանական սկզբունքի իդեալիստական տարբերակները զարգացրել են Ֆրիդրիխ Նիցշեն, Վ. Դիլթեյը, Գ. Զիմմելը, Մ. Շիլլերը։ Արդի բուրժուական փիլիսոփայությունը մարդաբանական սկզբունքն օգտագործում է իբրև իդեալիզմի հիմնավորում, որքանով օբյեկտիվ իրականությունը դիտվում է մարդկային էությունից ածանցյալ (էկզիստենցիալիզմ, փիլիսոփայական մարդաբանություն, սոցիալ-դարվինիզմ, ֆրոյդիզմ են)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 305