Իշառվույտ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Trifolieae
Ցեղ Իշառվույտ (Melilotus)
Mill., 1754

Իշառվույտ (լատին․՝ Melilotus), բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա, երկամյա, հազվադեպ՝ բազմամյա խոտաբույսերի ցեղ։

Տարածում խմբագրել

Տարածված է Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի և այլ մարզերում։ Աճում է մարգագետիններում, այգիներում, թփուտներում, ճամփեզրերին, ջրանցքների և առվակների ափերին, հատկապես կրով հարուստ հողերում։ Կայուն է վնասատուների նկատմամբ։ Հիվանդա-, ցրտա-, չորադիմացկուն է։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

Ցողունն ուղղաձիգ է, ճյուղավորվող, հարթ, բարձրությամբ՝ մինչև 3 մ։ Տերևները եռմասնյա են, ատամնաեզր։ Ծաղկաբույլը երկար ողկույզ է, ծաղիկները՝ մանր, սպիտակ կամ դեղին։ Ծաղկում է հունիս-օգոստոսին։ Պտուղը մանր, կնճռոտ, չբացվող ունդ է։

Տեսակներ խմբագրել

Հայտնի է մոտ 20, ՀՀ-ում՝ 5 տեսակ է հայտնի՝

  • նեապոլիտանական (M. neapolitanus),
  • դեղատու (M. officinalis),
  • սպիտակ (M. albus)

Բուժիչ նշանակություն խմբագրել

Պարունակում է ֆենոլկարբոնային թթուներ, կումարիններ, ֆլավոնոիդներ և այլն։ Այլ խառնուրդների հետ օգտագործվում է փորկապության, շնչառական ուղիների հիվանդությունների, անքնության, հոդային ռևմատիզմի, հիպերտոնիկ հիվանդության դեպքերում, նաև որպես ջերմիջեցնող, միզամուղ, վերքերն ապաքինող, խորխաբեր, ցավազրկող միջոց։ Միջատասպան, մեղրատու, կերաբույս է։ Իշառվույի մեղրը սպիտակ գույն ունի, նրա բույրը հիշեցնում է վանիլինի բույրին[1]։

Որպես դեղաբույս օգտագործում են այս բույսի ծաղկող գագաթները։ Բույսի չորանալուց հետո գոյանում է կումարին։ Ցավազրկող, հանգստացնող, հակաջղակծկումային հատկություն շնորհիվ գործածվում է գլխացավերի, դաշտանադադարային նևրոզի, մելամաղձության, նևրասթենիայի, փորացավերի և միզապարկի բորբոքման և ցավերի ժամանակ։

Իշառվույտը օգտագործում են անպտղության, ցավոտ ամսականի դեպքում, նաև որպես ամսականը կարգավորող միջոց։ Բույսը ավելացնում է կերակրող մայրերի կաթը, ունի նաև փքահան ազդեցություն։ Իշառվույտի պատրաստուկները լավացնում են սրտի մկանների և որովայնի օրգանների արյան մատակարարումը, արագացնում լյարդի բջիջների վերականգնումը։

Այս բույսը հաճախ մտցնում են դեղաբույսերից կազմված փնջերի մեջ և գործածում ռևմատիզմի բուժման համար։

Չոր տերևների փոշին, նաև թարմ մանրացրած խոտը կիրառում են թարախակալած վերքերի, հոդերի, ուռուցքների բուժման դեպքում։

Բուսական յուղով եռացրած իշառվույտի խոտը արագացնում է թարախապալարների ձևավորումը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ватолин Д. О мёде и не только о нём // Наука и жизнь. — 2008. — № 11. — С. 124.
  2. Բնությունը՝ հարուստ դեղատուն, 2007
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իշառվույտ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իշառվույտ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 374  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։