Մատուտակ խոզանավոր

բույսերի տեսակ
Մատուտակ խոզանավոր
Մատուտակ խոզանավոր
Մատուտակ խոզանավոր
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Galegeae
Ցեղ Մատուտակ (Glycyrrhiza)
Տեսակ Մատուտակ խոզանավոր (G. echinata)
Միջազգային անվանում
Glycyrrhiza echinata

Մատուտակ խոզանավոր (լատին․՝ Glycyrrhiza echinata), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

80-100 սմ բարձրությամբ բազմամյա խոտաբույս է։ Ցողունը ճյուղավորված է։ Տերևներն ունեն 5-12 սմ երկարություն։ Տերևիկները 3-6 զույգ են, էլիպսաձև և տակի կողմից բազմաթիվ գեղձերով։ Ծաղկաբույլը խիտ է, գնդաձև կամ օվալ։ 5-7 մմ երկարությամբ պսակը բաց մանուշակագույն է։ Ունդերը վերին մասում խիտ են և երկար խոզանաձև-գեղձային, հիմքի մոտ՝ մերկ, 1-3 սերմերով[1]։

Տարածվածություն խմբագրել

Հանդիպում է միայն Երևանի (Զեյվա, Սիս գյուղերի և Էջմիածին քաղաքի շրջակայք) և Մեղրու (Լեհվազ գյուղի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում։ Ընդհանուր արեալը ընդգրկում է Կովկասը, Միջին Եվրոպան, միջերկրածովյան ավազանի երկրները, Անատոլիան, Իրանը, Արևմտյան Սիբիրի հարավարևմտյան մասը և Միջին Ասիայի հյուսիսարևմտյան մասը[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 800-900 մ բարձրությունների վրա, գետերի և առուների ափերին։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-օգոստոսին[1]։

Պահպանություն խմբագրել

Խոցելի տեսակ է։ Աճում է ինտենսիվ յուրացվող տարածքներում։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Տեսակի շատ մեծ ընդհանուր տարածման պատճառով սպառնալիքի կատեգորիան իջեցվել է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես անհետացած տեսակ։ Հայտնի են մի քանի պոպուլյացիաներ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.